Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդեն հրաժարվել է մասնակցել ընդդիմությունը: Իշխանափոխություն Ադրբեջանում չի կարող լինել: Նույն վստահությունն ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ընտրությունների նախօրեին նախաձեռնել են տարածաշրջանային այց: Վստահ է և Իլհամ Ալիևը, որ համաձայնել է բանակցել ընտրությունների նախօրեին: Դիվանագիտության չգրված օրենք է, որ ընտրություններից առաջ կարևոր բանակցություններ չեն լինում՝ հաշվի առնելով ընտրություններում հնարավոր իշխանափոխության, ուրեմն և բանակցությունների արդյունքները վտանգելու հնարավորությունը: Բացահայտորեն սա այդ դեպքը չէ: Բոլոր կողմերը դա գիտեն ու դիվանագիտական պատշաճությունները պահելու իմաստը չեն տեսնում: Դիվանագիտական պատշաճությունները պահելու իմաստը Մինսկի խմբում չեն տեսնում նաև համանախագահների ակտիվության մասով՝ լրատվամիջոցների հետ շփումներում: Այս կտրվածքով՝ Մինսկի խումբն ունի մեկ համանախագահ՝ Ջեյմս ՈՒոռլիքը: Նրա գործընկերների անունները հայտարարություններում ու տեղեկատվության մեջ նշվում են՝ հիշեցնելու, որ Ֆրանսիան ու Ռուսաստանը Մինսկի խմբում ներկայացուցիչ ունեն՝ Պիեռ Անդրիոն և Իգոր Պոպովը: Թեպետ գործունեության ակտիվության առումով նրանք համահավասար են, պարզապես գործերն են տարբեր ուղղություններով:
Այս անգամ նրանց տարածաշրջանային այցը սկսվեց Երևանից՝ հանդիպեցին ՀՀ նախագահին ու արտգործնախարարին: Իսկ Ջեյմս ՈՒոռլիքը ԱՄՆ դեսպանատանը մամլո ասուլիս տվեց: Երբ նրան հարցրին, թե ԱՄՆ-ը գերտերություն է, որն ունի շփման գիծը դիտարկելու մեծ հնարավորություններ, նաև՝ տիեզերական տեխնոլոգիաներ, կեղծ չի՞ հնչում հայտարարությունը, թե հնարավոր չէ վերահսկել՝ ո՞վ է հրադադարի խախտման մեղավորը կամ պատասխանատուն, Ջեյմս ՈՒոռլիքը տվեց կանխատեսելի, բայց ոչ դիվանագիտական պատասխան՝ ասելով, թե խնդիրը ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հնարավորությունը, տեղեկատվություն հավաքելը չէ, այլ հակամարտող կողմերի որոշումների կայացումը. եթե կողմերը գան բանակցային համակարգված գործընթացի և քննարկեն կարևոր խնդիրները, լարվածությունը կթուլանա: Փաստորեն՝ ՈՒոռլիքը բաց տեքստով ասել է, որ բոլորն էլ լավ գիտեն՝ ով է առաջինը կրակում, բայց ոչ բոլորն են համաձայն, որ չկրակեն: Երբ նա նշում է, որ նույն հնարավորությունն ունի Ռուսաստանը, մնում է՝ բաց տեքստով հարցնի՝ ինչո՞ւ նույն հարցը Իգոր Պոպովին չեք տալիս: Ինչո՞ւ Ռուսաստանին հրադադարի խախտումները կանխելու համար չեք դիմում, որովհետև Ադրբեջանը կրակում է ռուսական զենքո՞վ: Իսկ հրացանը, դեռ Չեխովն է ասել, եթե կախված է պատից, մի օր կրակելու է: Դա 19-րդ դարում էր, 21-րդ դարում կրակում է ամեն օր՝ իբրև հրանոթ: Այսինքն՝ մենք հաշտվել ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ուրեմն շահագրգիռ չէ, որ հրադադարը չխախտվի, այլապես զենք չի գնի՝ տարեցտարի մեծացնելով սպառազինության խմբաքանակն ու բարելավելով որակը: Հայաստանը այդ հարցը բարձրացրե՞լ է երբևէ: Պարբերաբար: Անարդյունք: ՈՒրեմն՝ ի՞նչ ենք ՈՒոռլիքից ուզում: Թե նա, թե մյուս համանախագահները գիտեն՝ ո՞վ է առաջին կրակողը և ինչո՞ւ: Դա իրենց հարցը չէ: ՈՒոռլիքն ասել է ավելին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն մեկ սկզբունքը իրենց դիրքորոշումների առանցքում դնելուց և գիտակցեն, որ կարգավորում հնարավոր է միայն բոլոր սկզբունքների դիտարկմամբ: Պատասխանը հնչել է հարցից հետո՝ թե շանտաժ չէ՞ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը, որ լարվածությունը կթուլանա, եթե հայկական ուժերը դուրս բերվեն ԼՂ ամբողջ տարածքից: ՈՒոռլիքն ասել է, որ անհնար է կարգավորման հասնել մեկ սկզբունք դիտարկելով, կարգավորումը կարող է լինել բազմաթիվ գործոնների դիտարկմամբ, և իր կարծիքով՝ երկու նախագահները հստակ գիտակցում են դա:
Եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը սրբորեն հավատում է մադրիդյան սկզբունքներին, իսկ Ադրբեջանը քանիցս բարձրաձայնել է, որ քննարկումների ելակետը «օկուպացված տարածքներից» հայկական զինուժի դուրսբերումը պետք է լինի, ԱՄՆ համանախագահի կոչը հասցեագրված է Իլհամ Ալիևին:
Իհարկե, ասուլիսում քննարկվել է նաև փախստականների հարցը: ՈՒոռլիքն ասել է, որ անցյալ այցի ժամանակ Երևանում հանդիպել է փախստականներին, լսել նրանց խնդիրները, կարգավորումը անպայման ենթադրելու է այդ մարդկանց համար իրենց տները վերադառնալու հնարավորություն: Այս անգամ Բաքվում ևս համանախագահները հանդիպել են փախստականներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումում հանդիպման է մասնակցել՝ հաղորդել է APA գործակալությունը: «Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա ու հավելել, որ երիտասարդ սերունդը հնարավորություն չի ունեցել ճանաչելու հակառակ կողմին: «Մեր նպատակներից մեկը տեղեկատվության փոխանակումն է կողմերի միջև։ Մենք երկու կողմերում ծանոթացել ենք խաղաղություն ցանկացող մարդկանց հետ։ Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, որոնք Ադրբեջանն իրենց թշնամին չեն համարում: Խաղաղ կարգավորման ճանապարհ գտնելը մեր ընդհանուր աշխատանքից է կախված»: Իսկ հիմա համեմատեք. APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող միավորումում հանդիպման ժամանակ նշել է. «Բոլոր համանախագահները հակվում են նրան, որ փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր»: Նկատեցի՞ք տարբերությունը: Այսինքն՝ ԱՄՆ համանախագահն արձանագրում է՝ այն օրերին, երբ ադրբեջանցիները «ապրել են հայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղում», ՌԴ համանախագահը համարում է, որ նրանք պիտի վերադառնան «իրենց հայրենի հողեր»: Նաև հավելում է, որ համանախագահները զբաղվում են Լեռնային Ղարաբաղում ցմահ ու 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցով: Ո՞ր «հայրենի հողերն» են ադրբեջանցիները վերադառնալու, ըստ Պոպովի, մնում է ենթադրել: Առավել ևս, որ հակամարտության հաղթահարման մեկ սկզբունքից հրաժարվելը Բաքվի դեպքում նշանակելու է ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը նույն հարթության մեջ դնել, որի հաջորդ քայլը հանրաքվեն է: Ահա թե ինչի են պետք «հայրենի հողեր» վերադարձող փախստականները: Եթե գտնվեն Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվածներ, որ համաձայնեն վերադառնալ Ադրբեջան, հանրաքվեի չեն կարող մասնակցել՝ հանրաքվեն վերաբերելու է ոչ թե Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին:
Երևանում Ջեյմս ՈՒոռլիքի սիրտը վկայում էր, որ շփման գիծը հատելիս իրենց վրա կրակելու են, ու նշել է, որ երկու տարի առաջ շփման գծում խնդիրը դիպուկահարներն էին, այժմ` ծանր հրետանին: Իսկ երբ Մարտակերտ-Թարթառ հատվածում շփման գիծն անցնելիս ադրբեջանական կողմից գնդակոծությունը ստիպել է թաքնվել, ՈՒոռլիքը Թվիթերում գրել է. «Շփման գիծն անցնելիս պարբերաբար գնդակոծությունը ստիպեց ԵԱՀԿ դիտորդներին թաքստոց գտնել: Սա անընդունելի է»: Այսինքն՝ դիտորդներին գնդակոծելն անընդունելի է, խաղաղ բնակչությանն ու ռազմական դիրքերը՝ ընդունելի՞: Ի՞նչ կլիներ, եթե ադրբեջանցիները սովորած լինեին դիպուկ կրակել:
Պատկերն ամբողջացնելու համար մի քանի հավելում.
1. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ընդգծել, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և խախտումների պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին:
2. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են կոնգրեսմեններ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգլի նամակին, որը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմաններին ագրեսիայի նվազման կոնկրետ խաղաղարար միջոցառումների իրականացմանը. «Բռնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում դրամատիկորեն աճել է, իսկ բռնությունների անհասցե դատապարտման՝ վարչակազմի քաղաքականությունը չի աշխատում և պետք է փոխվի»: Կոնգրեսմեն Էդ Ռոյսն ընդգծել է, որ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը պետք է սատարի իրենց առաջարկներին և հետամուտ լինի մյուս համանախագահների կողմից ընդունմանը:
3. Ադրբեջանի հանդեպ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումը կանխակալ է՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Նա գլխավորելու է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում։ Սլուցկին հայտարարել է. «Ադրբեջանը զարգացող երկիր է, և այդ երկրի զարգացմանն աջակցելու փոխարեն փորձում են խանգարել։ ԺՀՄԻԳ-ը միայն փորձում է գտնել բացասականը։ Կառույցն այդ դիրքորոշմամբ աշխատում է իր դեմ, կատարում է պատվեր»։ Սլուցկին հայտարարել է. «Ադրբեջանն ու ընտրությունները վարկաբեկելու բոլոր փորձերը դատապարտված են ֆիասկոյի»։
4. Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան Բաքվում ռուս լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք հնարավոր ենք համարում այն միություններին մասնակցելը, որոնք շահավետ են։ Պետք է մանրակրկիտ գնահատել ԵԱՏՄ-ին կամ մյուս միություններին Ադրբեջանի մասնակցությունը»։
5. Eureporter-ը հրապարակել է Աննա Վան Դենսկիի հոդվածը: Նա նշում է, որ ԵՄ-ն հնարավորություն ունի ԵԱՀԿ-ի ջանքերին հավասար ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «ԵՄ-ն ավանդաբար ԵԱՀԿ Մինսկի խմբին նշում է որպես հարցի համար պատասխանատու ինստիտուտ, սակայն այդ մոտեցումն անկասկած հնացել է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդությունը պահանջում է հարցի լուծման համալիր մոտեցում»:
6. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի զեկույցում Ղարաբաղը նշվել է Ռուսաստանի քաղաքականության պատճառով առաջացած հակամարտությունների թվում:
7. Պետք է պարզել՝ շփման գոտում արձանագրող մեխանիզմների ստեղծումը կօգնի ստատուս քվոյի պահպանմա՞նը, թե՞ տարածաշրջան երրորդ ուժի մուտքին:
Իսկ Բաքվում Իլհամ Ալիևը, ընդունելով ՄԽ համանախագահներին, ամեն ինչի մեջ մեղադրել է Հայաստանին՝ հրադադարի խախտումներից մինչև Նոյի ջրհեղեղ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Համանախագահները Երևանում ու Բաքվում քննարկել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո՝ մինչև տարեվերջ, նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպման հարցը: Եթե նրանք, այնուամենայնիվ, հանդիպեն, հայկական կողմն ունի երեք խնդիր. բանակցությունները շարունակել, եթե.
ա) Կողմերն ընդունեն, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում կիրառվելու են պատժամիջոցներ:
բ) Բանակցության գլխավոր հարցը ԼՂՀ կարգավիճակն է՝ առանց նախապայմանների:
գ) ԼՂՀ-ն վերադառնում է բանակցային սեղան:
Երբ Բաքուն իրեն կարծր ու անփոփոխ դիրքորոշման իրավունք է վերապահում, Երևանը չի կարող նախապայմաններ ընդունել՝ անհայտ երաշխիքների հիման վրա: Միջնորդների խաղերը՝ խաղեր, մենք գործ ունենք հայրենիքի հետ: