ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թեսևսից մինչև մենք

Թեսևսից մինչև մենք
23.10.2015 | 01:08

Հայաստանում քաղաքական մոդա է դառնում Աբրահամյան ազգանունը: Սահմանադրության հանրաքվեի շտաբի պե՞տ՝ Աբրահամյան, նոր կուսակցությո՞ւն՝ Աբրահամյան: Ինչպես մի ժամանակ Սարգսյանն էր. նախագա՞հ՝ Սարգսյան, վարչապե՞տ՝ Սարգսյան: Մոդան՝ մոդա, ուրվագծվում են նաև քաղաքական զուգահեռները՝ Աբրահամյան-Սարգսյան: Չմանրամասնենք անունների մասով՝ ժամանակը ցույց կտա՝ ո՞ր Աբրահամյանն ինչի՞ հասավ, ո՞ր Սարգսյանը ի՞նչ արեց:

Արա Աբրահամյանը եկավ, ասուլիս տվեց ու... գնաց: Մոսկվա: Այս փուլում գլխավորն արված է՝ խարիսխը գցեց, խայծերը նետեց, մնաց մնացածը: Մոսկվայից էլ կարող է հարցազրույցներ տալ: Ասել՝ այսօր ժամանակն է վերադառնալ Հայաստան, երբ Մոսկվայում մեծ հաջողությունների եմ հասել, Հայաստանի անհաջողությունների պատճառով խիղճս ինձ հանգիստ չի տալիս: Ասել՝ կոնկրետ տնտեսական ծրագրեր ունեմ, ծաղկուն բիզնեսներ ու 22 տարում ոչ մի խնդիր չեմ ունեցել: Այո, Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքացի է, բայց փոխվող Սահմանադրությամբ ոչ մի պաշտոն չի կարող ունենալ՝ ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ խորհրդարանի նախագահ, ու ինքն էլ գիտի: Չի ուզում որևէ մեկի հետ համեմատվել, որևէ ուժ նրան չի կարող իր մտադրությունից հետ պահել, վախենալու ոչինչ չունի: Պետք է նրանք վախենան, ովքեր այսօր ավելորդ խոսում են՝ «Կգա ժամանակ, ամեն մեկն իր պատասխանը կստանա»: Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում Արա Աբրահամյանը խիստ վիրավորված էր հայրենակիցներից՝ «Ի՞նչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինչ ասում է՝ ճիշտ չէ: Ոչ թե մամուլն է իմ դեմ ըմբոստացել, այլ մամուլի հետևում կանգնածները, որովհետև գիտեն, որ ունեցածը կարող են կորցնել»: Ինչո՞ւ Երևանում չասաց: Երևի չհարցրին: Ինչո՞ւ է Մոսկվայից ասում: Որ իմանան: Եվ, այնուամենայնիվ, ովքե՞ր են նրանից այդքան վախեցած, ովքե՞ր պիտի ունեցածը իր գալով կորցնեն: ՈՒ ինչո՞ւ: Եթե իշխանափոխության մտադրություն չունի: Ո՞վ է ինքը ընդհանրապես, ի՞նչ կարգավիճակ, չվախենալով՝ վախեցնելու ի՞նչ հիմքեր ունի: Հերթական «փրկի՞չն» է ձևավորվում՝ ապրիորի գաղափարներով, ապրիորի թիմով, ապրիորի արդարություն բերելու մեր անարդար աշխարհը: Թե՞ մարդը սպասում էր, որ գլխաբաց ու գրկաբաց նետվելու են ընդառաջ ու ոտքերի տակ գառ ու ոչխար են մորթելու՝ հպարտ, որ ինքը կա, երջանիկ, որ եկել է, հույսով, որ կյանքը փոխելու է: Գուցե Արա Աբրահամյանի գալ-գնալը ինքնին սոցիալական հարցում էր, որ ակնկալված արդյունքը չտվեց: ՈՒ դա տհաճ անակնկալ էր գործուղումը ստորագրողների համար, ու հիմա մենք պիտի խղճի խայթ ապրենք, որ լավ մարդուն նեղացրինք, եկել էր օգնելու, ասացինք՝ մեզ Իվանիշվիլի պետք չէ՝ ոչ հայկական, ոչ ռուսական: Մինչև 2016-ի գարուն ու հետո էլ: Գուցե հետ գա, գուցե չգա: Որովհետև կարող է Մոսկվայից էլ հասկանալ, որ իշխանությունները, մերձիշխանությունները՝ ամբողջ քաղաքական դաշտը, դեռ Հայաստանը չեն, դեռ ամբողջ ժողովուրդը Ռուսաստանում չէ, իսկ մնացածների համար Ռուսաստանը հայտնի պատճառներով չունի նախկին ձգողականությունն ու անվերապահ հեղինակությունը: Արևմուտքի մատը չէ խառը: Հայերը սկսել են ինքնորոշվել:
Իսկ մինչ այդ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի պետ: Այս անգամ հրաժարական չի տա՝ հանրաքվեի մասին օրենքը նման պահանջ չի դնում, իսկ Հայաստանը, գիտեք, օրենքով ապրող երկիր է: Եթե մի քիչ օրենքի շրջանակներից դուրս գանք, պատկերացնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի վիճակը: Նա ղեկավարում է կառավարման համակարգ փոխող հանրաքվեի շտաբը: «Այո»-ի շտաբը, թեպետ հոգու խորքում առավել եռանդով ու անկեղծ կգլխավորեր «Ոչ»-ի շտաբը, բայց Լևոն Զուրաբյանն առաջ անցավ: Եթե Լևոն Զուրաբյանը դեմ է Սահմանադրություն փոխելուն ու բարձրաձայնում է դեմ լինելը, Հովիկ Աբրահամյանը դեմ է ու բարձրաձայնում է կողմ լինելը: Որ դեմ է՝ կարող է խոստովանել միայն ինքն իրեն: Մխչյանից գալով՝ մարդն ուզում էր վարչապետ դառնալ: Դարձավ:

ՈՒզում էր Բաղրամյան 26 հասնել: Իսկ հիմա բոլոր կապերը, բիզնես ունակությունները, քաղաքական փորձառությունը պիտի դնի վարչական ռեսուրսների վրա, որ նախագահ դառնալն իմաստը կորցնի: Քիչ է, պիտի «Այո» ստանա 70 և ավելի տոկոսով, ոչ օրենքով, օրենքով շատ ավելի քիչն էլ բավական է, բայց թիվ է պետք, տպավորիչ հաղթանակ՝ կոնսոլիդացված ու կոնսոլիդացնող: Այդ տոկոսն անվտանգության բարձիկ է, որ հետագայում, եթե այլևս անմիտ է Բաղրամյան 19 ու Բաղրամյան 26 գնալը, մնա Հանրապետության հրապարակում: Հետո ինչ, որ դեֆակտո Մելիք-Ադամյան կա, դեյուրե խորհրդարանական հանրապետության թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է: Ինչպես «Այո»-ի ճակատում չեն միավորվում սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ ուժերը՝ հերթով հայտարարելով, որ քարոզարշավն առանձին են վարելու, այնպես էլ «Ոչ»-ի ճակատում չեն միավորվում դեմ ուժերը: Քաղաքացիական անհնազանդության կոչող ու իշխանափոխության գնացող «Նոր Հայաստան», քաղաքացիական անհնազանդության գիտակ ՀԱԿ՝ ՀԺԿ-ի հետ, մեկ բարիկադում գտնվող «Չեք անցկացնի» նախաձեռնություն, հանրաքվեն դատի տվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան՝ բոլորն ունեն սեփական խրամատը: «Ոչ»-ի ճակատում «ոչ» են ասում ոչ միայն սահմանադրություն փոխելուն, այլև միմյանց: Հայրիկյանից սկսած, Նարեկ Գալստյանով վերջացրած: Բայց սա մանրամասն է, որ պատկեր չի փոխում: Պատճառների մեջ չխորանալով՝ համարենք առավել ճկուն մարտավարություն, ասենք, պատրաստվում են լրացնել միմյանց: Մի քիչ էլ մտածենք, որ թե հաղթանակի դափնիները կիսելիս, թե պարտության պատճառները պարզելիս միմյանց պահանջներ չեն ներկայացնի ու չեն մեղադրի: Ի վերջո, ԽՍՀՄ-ի հետ ավարտվեց կոլխոզ-սովխոզների ժամանակը նաև քաղաքականության մեջ:
Հովիկ Աբրահամյանին քիչ էին տնտեսության պրոբլեմները, ավելացավ Արա Աբրահամյանը: Չէ, իհարկե, հաջող քայլ է նրան Ռոբերտ Քոչարյանի հետ կապելն ու «չեզոքացնելը», բայց ո՞վ գիտի` ո՞ւմ մտքում ի՞նչ կա: Հաջող քայլ է հանրային կարծիքի համար, բայց ե՞րբ է հանրային կարծիքով իշխանություն ձևավորվել: Ինչո՞ւ միայն Հայաստանում: Ամեն տեղ: Օրինակ՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կա Պուտինի մտքում: Ո՞վ իմացավ, որ Ասադը Մոսկվա եկավ, իմացան, երբ գնացել էր: Ինչո՞ւ միայն Սիրիայի մասով: Ընդհանրապես: Ոչ ոք: Դավադրության տեսությունն ասում է՝ ինչ չես ուզում թշնամիդ իմանա, բարեկամիդ չասես: Ոչ միայն այն պատճառով, որ բարեկամն ու թշնամին հարաբերական հասկացություններ են, ժամանակի մեջ փոխատեղվում են, այլև այն պատճառով, որ եթե չգիտեն, մտքինդ երբ ուզես, կարող ես փոխել: Հետո էլ՝ երբ ոչ ոք չգիտի ինչ կա մտքիդ, բոլորը դառնում են կատարող, իսկ դու մնում ես որոշող, բայց բավական է՝ թեկուզ մի քիչ ծրագրերդ բացահայտես, ով ասես տեղավորվում է քո ծրագրերի մեջ ու սկսում անկախանալ քեզնից: Ռուսաստանը մեծ երկիր է, մեծ պրոբլեմներով ու մեծ ծրագրերով: Ռուսաստանին միշտ ցար է պետք՝ ինչ էլ կոչվի պաշտոնապես, որ տարածքը պահի: Նիկոլայն ինչո՞ւ չպահեց: Այդպես ստացվեց: Հիմա Պուտինը ստիպված է վերադարձնել՝ ինչ Նիկոլայն ու նրանից հետո եկածները կորցրին ու նվիրեցին, ծախեցին ու բաշխեցին: ԽՍՀՄ-ի վերականգնո՞ւմ: Պուտինի ինչի՞ն է պետք ԽՍՀՄ-ը, նա վերականգնում է Ռուսական կայսրությունը: 21-րդ դարում: 21-րդ դարի տեխնոլոգիաներով: 21-րդ դարի հնարավորություններով: Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ կա Սերժ Սարգսյանի մտքին: Ո՞Ւմ է տեսնում իրավահաջորդ: Տեսնելը՝ տեսնում է, բայց կասի՞: Որտե՞ղ է իրեն տեսնում նախագահական ժամկետից հետո: Որտե՞ղ է տեսնում մյուսներին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Ո՞վ կարող է իշխանական ու մերձիշխանական, ոչիշխանական բուրգում ասել՝ ի՞նչ է ինքը վաղն անելու, երբ հինգերորդ գումարման խորհրդարանն ավարտի լիազորությունները: Ոչ ոք: Սահմանադրական փոփոխություններից հետո էլ՝ ոչ ոք: Այդ «չիմացությունն» է նրա ուժը: Ժողովրդավարական երկրում իշխանության կազմավորման գործընթացները որքան անկառավարելի, նույնքան կանխատեսելի են: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ արդյունքներ կունենան ընտրությունները, բայց բոլորը գիտեն՝ պարտված կուսակցության նախագահը հրաժարական կտա, ու նոր նախագահը նորից կսկսի քաղաքական պայքարը՝ նոր ծրագրերով, նոր գործիչներով, նոր մարդկանցով, նոր քաղաքականությամբ: Բոլորը նաև գիտեն, որ ընդդիմությունը ոչ իշխանության, ոչ ժողովրդի թշնամին չէ ու նույնքան պատասխանատու է պետության համար, որքան իշխանությունը, որովհետև երբ իշխանություն չէ, պարտավոր է երկրի մասին մտածելով նոր ու մրցունակ ծրագրեր կազմել, իսկ դա պարտադրում է ճկուն ու խելամիտ գործել: Ընտրություններում իշխանությունը կորցնելն էլ աշխարհի վերջը չէ, ոչ տնտեսական ունեզրկում, ոչ էլ քաղաքական հետապնդում է սկսվելու: Նորմալ, քաղաքական գործընթաց է: Պատկերացնո՞ւմ եք այդ նորմալ, քաղաքական գործընթացը Հայաստանում: Իզուր: Սկսեք: Վերջ-առաջ այդպես է լինելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Առասպելը պատմում է, որ երբ Աթենքում իշխանությունը ժառանգեց Թեսևսը, ձգտում էր լինել նույնքան իմաստուն կառավարիչ, որքան հայրը, բայց նրան չէր բավարարում օրենքների ու ավանդույթների նկատմամբ հարգանքը միայն: Նա ուզում էր վերակառուցել երկիրը: Ատտիկան բաժանված էր 12 համայնքների, որ ապրում էին իրենց կյանքով, հաճախ էլ կռվում էին իրար հետ: Թեսևսը շատ ջանքեր գործադրեց նրանց հաշտեցնելու համար: Զինակիցներ ու դաշնակիցներ գտավ, բոլոր տոհմերը միավորեց մի քաղաք-պետության մեջ: Մի օր Թեսևսի հրամանով բոլոր քաղաքացիները հավաքվեցին գլխավոր հրապարակում, գիտեին, որ երիտասարդ արքան կարևոր նորություն է հաղորդելու: Նրա առաջին բառերը մարդկանց ապշեցրին: Թեսևսը հայտարարեց, որ կամավոր հրաժարվում է գահից: Հուզմունքի պատճառ կար՝ աթենացիները սիրում էին նրան ու հարգում:
-Ո՞վ կփոխարինի քեզ,- աղմկեց ժողովուրդը:
-Ոչ ոք,- հանգիստ ասաց Թեսևսը,- ես ընդմիշտ վերացնում եմ Աթենքում արքայական իշխանությունը և սահմանադրություն եմ մտցնում:
Բոլորին անհայտ «սահմանադրություն» բառը ավելի տագնապեցրեց մարդկանց: Թեսևսը բացատրեց, որ սահմանադրությունն ազատ ու իրավահավասար մարդկանց օրենքների հավաքածու է: Սահմանադրությունը բոլորին հավասար իրավունքներ ու պարտականություններ է տալիս: Աթենքում այլևս կառավարելու է խորհուրդը, որտեղ բոլոր համայնքները կունենան ներկայացուցիչներ:
-Իսկ ես կմնամ գերագույն հրամանատար ու սահմանադրության երաշխավոր,- խոսքն ավարտեց Թեսևսը:
Այդպես մարդկության պատմության մեջ առաջին անգամ միահեծան իշխանությունը փոխարինվեց ժողովրդավարությամբ: Սահմանադրությունը բնակչությանը բաժանեց երեք իրավահավասար խավերի՝ եվպատրիդները (հարգարժանները) զբաղվելու էին պետական գործերով, գեոմորները (հողագործները) մշակելու էին հողը, անասուններ էին պահելու, կերակրելու էին ժողովրդին: Երրորդը դեմիուրգներն էին՝ արհեստավորները, տաճարներ ու տներ կառուցող վարպետները, զինագործները, կյանքին անհրաժեշտ իրեր պատրաստողները: Ինչպես ամեն բարեփոխում, առաջին սահմանադրությունն էլ անմիջապես երկրում կյանքն ավելի լավը չդարձրեց: Բայց Թեսևսը չէր նահանջում իր նախաձեռնությունից, նա համառ ու երկար աշխատում էր, որ հայրենակիցները հնարավորինս արագ զգան փոփոխության արդյունքները: Աթենքում սկսեցին դրամ հատել: Պոսեյդոնի ցուլի պատկերով դրամները փոխարինեցին ծանր ձուլակտորներին: Առևտուրը հարմար ու արագ դարձավ: Իսկ որտեղ ծաղկում է առևտուրը, հարստանում են և պետությունը, և քաղաքացիները: Շուտով ամբողջ Հելլադան էր խոսում Աթենքի մասին, իբրև ամենագեղեցիկ ու ծաղկուն քաղաքի: Կասեք՝ առասպե՞լ է: Այո, պատմությանը հայտնի առաջին սահմանադրության ընդունման պատճառների ու հետևանքների մասին: Իսկ ի՞նչ է փոխվել Թեսևսից մինչև մենք: Ըստ էության: Բովանդակային: Հիմնական: Փաստորեն՝ միայն թեսևսները:

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ