ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ի հեճուկս

Ի հեճուկս
30.09.2015 | 18:24

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որ արդեն հատել է հասարակածն ու անցել նաև հետաքրքրության պիկը՝ առաջին օրը ելույթ ունեցան ԱՄՆ ու ՌԴ նախագահները, հանդիպեցին ու արձանագրեցին տարաձայնությունների անանցանելիություն: Նման դեպքերում վիրաբույժները վիրահատում են, քաղաքականության մեջ որոնում են կոմպրոմիսներ, եթե չեն գտնում, պատերազմում են, եթե պատերազմում են, հետո վերադառնում են բանակցային սեղան, ու՝ այդպես:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորք չգնաց: Համենայն դեպս՝ առայժմ: Գուցե հասցնի վերջին ելույթներից մեկն ունենալ ու այնպես գնա Նյու Յորք, որ ոչ մեկին չհանդիպի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնաց: Երեկ նա ելույթ է ունեցել ասամբլեայում՝ հայկական ու միջազգային օրակարգի կետերով: Նա արժևորեց կառույցի գոյությունն ու հիմնավորեց կարևորությունը, թեպետ հենց ՄԱԿ-ի ընդունած չարաբաստիկ բանաձևերն են Ադրբեջանի հակահայկական դիվանագիտության գլխավոր զենքերը, և արագ անցավ համահայկական օրակարգին՝ սկսելով ցեղասպանությունից. «Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել»: Նա շնորհակալություն հայտնեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ պատմական պատարագի համար, Եվրոպայի խորհրդարանին՝ բանաձևի, Գերմանիայի նախագահին՝ հայտնի ելույթի, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին: Շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին և բազմաթիվ երկրների պատվիրակություններին՝ ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար: «Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամությունն են վկայում Մարդու իրավունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»,- ասաց ՀՀ նախագահը: Երկրորդ հարցը Արցախն էր: Սերժ Սարգսյանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը տարածաշրջանում, և անմիջապես անցավ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով ոչ միայն էական առաջընթաց չկա բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճ. «Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից»: Նա բարձրաձայնեց, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը. «Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»:
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից թվարկեց հրադադարի խախտումների մի քանի փաստեր. «Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը: Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը: Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով»:
Սերժ Սարգսյանը նորից կոչ է արել միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ, շեշտելով, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ:
Օրակարգի երրորդ հարցը Մերձավոր Արևելքն էր, որտեղ նրա գնահատմամբ կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ վայրագությունների հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող հայերը: «Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածի չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում: Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե իրավական, թե մարդասիրական տեսանկյունից»,- ասել է ՀՀ նախագահը՝ բնականաբար չարձագանքելով հարցի քաղաքական կողմին ու ԻՊ-ի գոյության սպառնալիքներին: Եթե փորձեր արձագանքել, անմիջապես ծագելու էր՝ ԱՄՆ, թե Ռուսաստան բացահայտ ու հրապարակային կողմնորոշման խնդիրը, որը ՌԴ նախագահը իր ելույթում հայտարարեց արհեստական ու սխալ: Հետաքրքիր է՝ իսկ մտադի՞ր է սխալն ուղղել, թե՞ այդ «սխալը» միայն Արևմուտքինն է:
Օրակարգի չորրորդ կետով ՀՀ նախագահն անդրադարձել է տարածաշրջանին ու մասնավորապես՝ Իրանին. «Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։ Զարմանալի չէ՞, որ այդ գնահատականը բարձրաձայնելով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում չհանդիպեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ օգտագործելու «պատմական նշանակության համաձայնությունը» և ամրապնդելու հարևանի հետ քաղաքական, տնտեսական ու առևտրական հարաբերությունները: Հատկապես, երբ վարչապետը գնում է Պեկին՝ ֆինանսավորում բերելու Իրան-Հայաստան երկաթգծի համար:
Համարյա թե հինգերորդ կետ էլ կա՝ ՀՀ նախագահը կարևորել է դեպի ծով ելք չունեցող ու զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը և պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնելու այս գործում, նաև՝ թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում:
Հավարտ նա միացել է այն ելույթ ունեցողներին, «ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության»: Հայտարարություն, որ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև ինչպես վկայեցին երկրների ղեկավարների ելույթները՝ այսօրվա աշխարհում շատ տարբեր, երբեմն տրամագծորեն հակառակ պատկերացումներ կան խավարի, վանդալիզմի ու ատելության վերաբերյալ: Իհարկե, Սերժ Սարգսյանը ճիշտ է, որ այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը, բայց գրեթե վիրտուալ է, որ «Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել ընդհանուր պայքարին»: Չկա ընդհանուր պայքար, ու չկան ընդհանուր շահեր, կան ընդհանուր շահերի ու ընդհանուր պայքարի ներհակ ըմբռնումներ: Այնպես որ՝ համարյա անհայտ է մնում, թե ինչի՞ն է ի վերջո Հայաստանը միանում, կամ՝ ո՞ւմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Սերժ Սարգսյանը կարճ զրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է «համահայկական նշանակության հարցեր»: Տարողունակ է, չէ՞, ձևակերպումը: ՈՒ ի՞նչ են պայմանավորվել:

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ