«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Բաղրամյան պողոտա, ժամը՝ 21, սպասեք

Բաղրամյան պողոտա, ժամը՝ 21, սպասեք
04.07.2015 | 20:45

Հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անող ակտիվիստները այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 21-ին պատրաստվում են հետագա գործողությունների վերաբերյալ լուրջ հայտարարության:
Արդեն 12-րդ օրն է՝ նրանք փողոցում են, այդ ընթացքում հասցրեց փլուզվել «Ո՜չ թալանին» նախաձեռնությունը, ԱԺ-ն արտահերթ նստաշրջան արեց ու հավանություն տվեց ՀՀ-ՌԴ համաձայնագրին, որով Հայաստանը, եթե լուրերը ճիշտ են, «Իսկանդեր» հրթիռային համակարգ է գնելու, ՀԷՑ-երը դատի տվեցին «Նաիրիտին» ու էլի մի քանի ձեռնարկությունների՝ պահանջելով սնանկ ճանաչել ու պարտքերը վերադարձնել, Մոսկվայից եկան ու գնացին լրագրողների մի քանի խմբեր՝ մինչև մնացին նրանք, ում աչքին այլևս Մայդան չի երևում՝ հանձնարարված տեղում, հանձնարարված ժամին: Այնուհանդերձ, նրանց աչքին չի երևում, ՌԴ արտաքին գործերի նախարարի աչքին է երևում: Լավ, ինչքա՞ն կարելի է համոզել, չենք ուզում, ու՝ վերջ: Անգամ Պարույր Հայրիկյանին իր ծննդյան օրից առաջ, պատկառելի տարիքն ու փրկչական հավակնությունները հաշվի չառած՝ տուն ուղարկեցինք, որ էլ չգա: ԵՄ դրոշն էլ ոտքի տակ տվինք՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Բայց ոստիկանները չեն հասկանում՝ գնում-գալիս են՝ տուն գնացեք, հա՝ տուն գնացեք, աղբամանները ապամոնտաժեք, փողոցը բացեք: Աուդիտ կանեն՝ գնացեք, մասնակցեք: ՈՒ որովհետև ուրիշ անելիք չկար՝ ոչ ոք չեկավ ու ոչ մի դրոշ հետը չբերեց, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»: Կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` ժամը 21:00-ին: «ՈՒնենք բազմավեկտոր պլաններ, սկսելու ենք պլան Ա-ից»,- ասաց Սանասարյանը: Ժամը 21-ին լինելու են ելույթներ, ներկայացնելու են ծրագրերը և ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու են վճռական քայլերի: «Կարևոր փուլ ենք սկսում այսօր։ Ասեմ, որ քայլերը խաղաղ են լինելու»՝ ասաց Դավիթ Սանասարյանը, որ Վալերի Օսիպյանը չհանգստանա, թե կարող է տուն գնալ վերջապես:
Բայց մինչ այդ ոստիկանության Հանրային կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանն էր ասել, որ ոստիկանությունը հստակ տեղեկություններ ունի, որ «իրենց կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահերի հետապնդող հավաքի»։ «Հստակ տեղեկատվությունն» այն էր, որ «որոշ անձինք, ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, որոշում են կայացրել վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել, սրել իրավիճակը, փակել փողոցները։ Ձեռնպահ եմ մնում անուններ ասել, շատ կարճ ժամանակ անց ինքներդ կլսեք, մի քանի անձինք առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկանությանը, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է իրականացնում ծառայությունը, հրահրելու են մարդկանց կոնֆլիկտներ ստեղծել»՝ ասել էր Աշոտ Ահարոնյանը և ճշտել, որ ոստիկանները ուժ կկիրառեն «միայն անկառավարելի իրավիճակում»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առավոտյան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր՝ «Եկել եք 100 հոգով փակել եք Երևանի կենտրոնական փողոցներից մեկը: Դա ճիշտ չէ, դուք ինքներդ հեռացրեք աղբամանները և բացեք պողոտան», ու ի պատասխան ստացել էր՝ «Մեր 100 հոգին կարող է 10 հազար դառնալ»: Նույնիսկ չէր ընդունվել, որ Օսիպյանն ասել էր՝ «Դուք արդեն որոշակի հաղթանակ գրանցել եք»: Ցուցարարները Բաղրամյան պողոտան կլքեն, երբ իրենց երեք պահանջները կատարվեն:
ՈՒրեմն՝ ի՞նչ են ասելու այսօր երեկոյան: Եվ ո՞րն է լինելու «պլան Բ»-ն:

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ