«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Կիրակոսյան Կիրակոսին սպասելիս

Կիրակոսյան Կիրակոսին սպասելիս
03.07.2015 | 16:38

Հուլիսի 2-ի Բաղրամյան պողոտայում վերջապես հայտնվեց փրկիչը: Դուք Արտաշես Գեղամյանի՞ն էիք սպասում: Ոչ, նա այլևս ոչինչ ու ոչ մեկին չի փրկում՝ ինքն իրենից բացի: Բաղրամյան պողոտա էր ժամանել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ՈՒ բերել էր հայտարարություն՝ ակներևաբար Բաղրամյան պողոտայի անունից հրապարակելու նպատակով, մեկ էլ՝ Հայաստանի ու ԵՄ դրոշները: Հայաստանինը՝ հասկանալի է, ԵՄ դրոշն ի՞նչ գործ ունի Պարույր Հայրիկյանի ձեռքին, երբվանի՞ց և ԵՄ ո՞ր կառույցն է ներկայացնում ԱԻՄ նախագահը: Ընդհանրապես՝ ժամանա՞կը չէ, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև այլ երկրների, միությունների, միջազգային կառույցների դրոշներն ու խորհրդանիշները օգտագործելու մասին օրենք ընդունվի: Հակառակ պարագայում՝ ում մտքով ինչ անցնի՝ անում է՝ առանց մտածելու, որ դրոշը խորհրդանիշ է, իսկ խորհրդանիշը՝ սեփականը, թե ուրիշինը հարգելը ոչ միայն ժողովրդավարության, այլև քաղաքակրթության ցուցիչ է: Պետք չէ քաղաքականությունը շփոթել տարրական պատշաճության հետ: Պարույր Հայրիկյանը ցավ ի սիրտ հայտարարում էր, որ վերջերս որոշ ռուսական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, թե Բաղրամյանի ցուցարարները, իբր, ստիպել են իջեցնել Եվրամիության դրոշները և այդ սուտը մեկ նպատակ ունի` Հայաստանը նախատրամադրել քաղաքակիրթ աշխարհի դեմ, այսինքն՝ մեկուսացնել Հայաստանը. «Մինչդեռ ամեն մարդ այսօր իր վերջին հույսը կապում է եվրոպական քաղաքակրթության, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ի հետ: Հայաստանը պիտի քաղաքակիրթ աշխարհի մաս կազմի: Հայաստանի անկախության գաղափարը շահարկելով` նրա մեկուսացումը զսպողներն ակամա նպաստում են Հայաստանը որպես պետություն ոչնչացնելուն»: Եթե նա նստեր իր տանը ու հայտարարեր, հաստատ շատ ավելի նորմալ կընդունվեր, քան՝ ընդունվեց Բաղրամյան պողոտայում: Որ Հայրիկյանը հերթական ինքնագովազդի հարց էր լուծում, խնդիր չէ՝ միշտ է այդպես եղել, անգամ նախագահական ընտրությունները նա վերածել էր՝ հետաձգում եմ-չեմ հետաձգում խաղի՝ իր նկատմամբ մահափորձից հետո: Խնդիր է, երբ ցուցարարները իրենց թույլ են տալիս անհանդուրժողական վերաբերմունք քաղաքական գործչի ու անհարգալից վերաբերմունք ԵՄ դրոշի նկատմամբ: ԵՄ-ն հաստատ չի կազմալուծվի այդ քայլից հետո, ոչ ոք քաղաքական կամ քաղաքացիական ինքնասպանություն Բրյուսելում կամ Ստրասբուրգում չի գործի, որ Երևանում ցուցարարները պատռել են ԵՄ դրոշը: Պարզապես՝ տգեղ է, անիմաստ ու անհեթեթ: Նույնքան անհեթեթ է Պարույր Հայրիկյանի բացատրությունը, թե ակտիվիստները հոգեպես պատրաստ չեն ազատ մտքին: «Ես հասկանում եմ, որ եթե մարդիկ հոգեպես պատրաստ չեն ազատության, ազատ մտքին և ծառայում են նույն բռնապետությանը, ԿԳԲ-ական խմբին, նույն Սերժ Սարգսյանին, այսպես են վարվում, բայց այս մարդկանց ես չպետք է կոպտեմ, վիրավորեմ: Ես աստիճանաբար պետք է բերեմ ճիշտ ճանապահի»: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան կարող է խորանալ հիվանդությունը, որ ժամանակին ոչ ախտորոշվում է, ոչ բժշկվում: ՈՒ հենց այդ պատճառով սկսվում են հալյուցինացիաներ՝ ճիշտ ճանապարհի բերելու, փրկելու ու հարակից հետևանքներով: Շոգ է: Ազդում է մարդկանց վրա, ի՞նչ անես:

Բաղրամյան պողոտան իրոք մայդան չէ ու չի լինելու: Հայաստանում մայդանի ներդրման փորձերը ձախողվում են՝ նույնիսկ երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աչքին են երևում: Գործնականում այս ընթացքում ով ինչ ցանկացավ՝ Բաղրամյան պողոտայում տեսավ, միայն նրանք, ովքեր Բաղրամյան պողոտայում են, չտեսան իրենց ցանկացածը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փոխարենը ԱԺ-ն արտահերթ նսստաշրջանում վավերացրեց ՌԴ-ից 200 միլիոն դոլարի վարկ վերցնելու պայմանագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ գնելու համար: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ վարկից ոչ մի կոպեկ (թերևս լումա նկատի ուներ) ուրիշ ծախսեր փակելու նպատակներով չի օգտագործվի:
Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վշտից թռավ Փարիզ՝ Ֆրանսիայի վարչապետի հետ հայկական դպրոց բացելու: Նա շարունակում է պնդել, թե «սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին» ու չի բացում այդ «արտաբյուջետայինի» փակագծերը: Վստահ եղեք՝ գտնելու է հասարակության գրպանից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հույս է տալիս՝ «Մենք կարող ենք այդ միջոցները հայթայթել ինչ-որ աղբյուրներից, իսկ այդ աղբյուրները արդեն նշմարվում են, կան, լրացուցիչ բաց տեքստով կխոսենք և լրագրողների, և հանրության հետ»։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ավելի կոնկրետ է՝ «Կարող է Կիրակոսյան Կիրակոսը նվիրատվություն կատարի, տանես, արտաբյուջեում նստցնես»: Ահա և քեզ կախարդական փայտիկ, էլ ի՞նչ աուդիտ, ի՞նչ ՀԷՑ ու ի՞նչ ՀԾԿՀ: Սա Հայաստանն է, ու՝ վերջ:

Դիտվել է՝ 1592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ