Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ի՞նչ լուծում կգտնվի և կգտնվի՞ արդյոք

Ի՞նչ լուծում կգտնվի  և կգտնվի՞ արդյոք
26.06.2015 | 00:39

Բավականին հետաքրքիր հիբրիդ ստացվեց Բաղրամյան փողոցում: Ընդ որում, ամենահմուտ փորձագետներն իսկ չեն կարողանում հասկանալ, թե խաղի տերը վերջին հաշվով ով է: Մեկ բան ակնհայտ է բոլորի համար` 51 տոկոս, այն է՝ «հսկիչ փաթեթ», ոչ մեկը չունի:
Չնայած, միտինգի ահավոր խաղաղվող, ջերմ մթնոլորտից, երիտասարդների առինքնող պահվածքից կրկին սկսում է «կասկածվել», որ «հսկիչ փաթեթն» իշխանությունների ձեռքում է, և ինչ-որ պահի իշխանություններն առաջ կգան «բակենբարդներով, բաբչկաներով, սպիտակ ձեռնոցներով» և սկուտեղի վրա կմատուցեն հարկավոր լուծումը, ինչպես եղավ Մաշտոցի պուրակի ժամանակ, «մարտի ելքը» հաղթանակ կվավերագրի պայքարողների և իշխանությունների օգտին: Հաղթանակն էլ, ըստ ամենայնի, ձեռք կբերվի փոխադարձ զիջումներով, իսկ թե ինչպիսի, այս պահին չի ասվում:
Կլինի՞ այդպես, փոքր-ինչ դժվար է պնդել, որովհետև կողմերն այս խաղում բավականին շատ են, և բոլորն էլ փորձում են իրենց խնդիրը հնարավորինս շահեկան դիրքերից լուծել:
Սկսենք Արևմուտքից։ Վերջինս հաստատ խաղի մեջ է խիստ նրբագեղ, ճիշտ է, տիկին Նուլանդը չեկավ, բլիթներ չբաժանեց, սակայն տեխնոլոգիաները՝ պարը, երգը, աղբամաններից բարիկադներ սարքելը, «ավլեմ-թափեմ փոշին», դրական աուրան, բոլորն Արևմուտքի ձեռքի գործն են: Այնուհանդերձ, ավելի առաջ գնալ Արևմուտքը դժվար թե ցանկանա, այլապես հնարավոր է բախումների արդյունքում ռուսական փաթեթն ավելի ուժեղանա, և նրանց ձեռքբերումները ջուրը լցվեն, իսկ այսպես` հայի մենթալ պլանում նոր ոգի է թևածում, ինչն այս փուլում ամենակարևորն է Արևմուտքի համար:
ՈՒ թե փոքրիկ համեմատություն անցկացնենք 2008-ի և այսօրվա միջև, ապա խիստ ակնառու կլինի ռուսական և արևմտյան տեխնոլոգիաների խոր տարբերությունը: 2008-ի ժողովուրդն ահավոր ագրեսիվ էր, ահավոր քաղաքականացված ու անհանդուրժող: Ընդ որում, այս «կետում» (ու էլի շատ կետերում) նկատառենք, որ հնարավոր է հաճելին համընկնի օգտակարի հետ, այն է` Արևմուտքի ու Հայաստանի շահերը համընկնեն սերնդափոխության, Հայաստանում տիրող մթնոլորտի հարցերում, ինչը, ի վերջո, եղել է Սերժ Սարգսյանի իդեա-ֆիքսը` դեռ 2008-ից, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ, ինչպես նաև իր ոչ հետևողական, ոչ կամային դրսևորումների պատճառով այդպես էլ իրականության չի վերածվել:
Ռուսաստան: Այ, ամենաբարդը հենց մեր թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է։ Ռուսաստանը, ինչպես միշտ, տառապում է մասնակի ամնեզիայով, մոռացել է, որ սույն ՀԷՑ-ը, ինչպես և Հայաստանում ամեն կարևոր բան, իրենցն են, և որ իրենք են նաև պատասխանատու այսօր Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար: Հասկանալի է, Ռուսաստանն այս վիճակից փորձում է ամենաշահածը դուրս գալ, սակայն մնացած մոդերատորները բավականին խելացի են գործում ու հնարավորություն չեն տալիս վերջինիս դրսևորվելու: Մանավանդ ամենակարևոր հարցում՝ ցույցը խաղաղ է կարծածից առավել, և Ռուսաստանը չի կարող «արբիտրի» դեր ստանձնել:
Այլ խաղացողներ: Ի դեպ, հանուն արդարության ասենք, որ ակնհայտորեն նորացված խաղ է «ցուցադրում» նաև «կոնկուրենտ ֆիրման». վերջինս այնքան եփվեց անպտուղ պայքարների ժամանակ, այնքան շատ լիդերներ կորցրեց, որ հիմա խաղացողների մեջ գրեթե ամենաառաջանցիկն է և, հաճույքով հարմարվելով խաղին, ունենալով իր «փաթեթը» այս խաղում, բավականին լավ դիրքեր է ապահովում իր համար, չնայած ունեցած ոչ մեծ փաթեթին, որը կմեծանա, եթե միտինգներում ֆորս-մաժոր տեղի ունենա:
Ընդ որում, ֆորս-մաժորի դեպքում էլ անհնար է ասել, թե ով «առաջ կգա»: Քանզի հիբրիդային և «գարուն-ամառ» անլիդեր պայքարների ընթացքում լիդերի հարցը բոլորովին այլ կերպ է լուծվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ