2015-ի ապրիլ։ Հարյուր տարի է մեր նախնիների հիշատակը հանգիստ չունի։ Հանգիստ չունի նաև մեր սրբազան հողը` մեր Էրգիրը։ Հայոց ցեղասպանության հետևանքները չափազանց շատ են եղել։ Եվ դա միայն այն չէ, որ, մնալով անպատիժ, թուրքերն այնուհետև հետևողականորեն ցեղասպանեցին հույներին, ասորիներին, եզդիներին, ապա զազաներին և, վերջապես, նաև սուննիադավան քրդերին։ Ամեն ինչ շատ ավելի լայն է ու խոր։ Ասենք, Հյուսիսային Կիպրոսի զավթման մասին (դարձյալ հույների և հայերի ցեղասպանությամբ) աշխարհը գիտի, ինչ-ինչ առանձնակի միջոցներով ու մեթոդներով զբաղվում է կիպրական հարցի «կարգավորմամբ»։ Ո՞Ւմ կամ ինչի՞ է սպասում աշխարհը, որպեսզի գոնե սկսի «փորփրել» մյուս ցեղասպանությունների հետևանքները։ Հարց, որին ոչ մի «ժողովրդավար» ո՛չ Արևմուտքից, ո՛չ Արևելքից, ո՛չ Հյուսիսից, ո՛չ Հարավից համառորեն չի ուզում հստակ պատասխան տալ։ Եվ ո՞ւր են նրանց իդեալներն ու համոզմունքը, միայն Աստծուն է հայտնի։
Բայց չէ՞ որ կան թեմաներ ու հարցեր, որոնց համաշխարհային հանրությունը շատ հեշտ կարող է պատասխան տալ, առանց սպասելու, թե երբ է այս կամ այն երկիրը, վերջապես, ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը։ Համոզված եմ, որ Հայաստանում շատերը հիշում են, որ կար մի ժամանակաշրջան, երբ մենք բոլորս, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցները, ոգևորվում էին ԱՄՆ-ից ստացվող լուրերով։ Խոսքը ամերիկյան դատարաններ ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների հայցերի ամբողջ շարքի մասին է, որոնցով պահանջվում էր զոհերին կամ նրանց ժառանգներին վճարել այն ապահովագրական գումարները, որ Օսմանյան Թուրքիայի հայերը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը զետեղել էին ամերիկյան բանկերում։ 1999 թ. հոկտեմբերի 24-ին Կալիֆոռնիայի նահանգի հայկական լոբբիի ազդեցիկ ներկայացուցիչները փաստաբան Մարկ Գերագոսի աջակցությամբ պատրաստեցին մի օրինագիծ, որը նահանգին օժտում էր 1875-1923 թթ. հայերի վաճառած ապահովագրական վկայականների դիմաց փոխհատուցումների վճարման հարցերը քննության առնելու լիազորությամբ։ Այն ժամանակվա նահանգապետ Գրեյ Դևիսը անձամբ ինքն էր նամակ ուղղել նահանգի վեհաժողով, որտեղ խոսվում էր «այդ օրինագիծն ընդունելու անհրաժեշտության» մասին։ 2000 թ. մայիսի 19-ին Կալիֆոռնիայի նահանգի սենատը միաձայն ընդունեց այդ օրենքը` առանց ուղղումներ մտցնելու։ Այդ օրենքի ընդունման պահից հայերը հնարավորություն ստացան հասնելու կոնկրետ արդյունքների։
Արդեն 2001 թ. փաստաբաններ Մարկ Գերագոսը, Վարդգես Եղյանը, Վիլյամ Շերնոֆֆը և Բռայն Քաթաբեկը ձեռնարկեցին «Մարտին Մարտունյանն ընդդեմ New York Life Insurance Co-ի» գործը, որը քննության էր առնում Կալիֆոռնիայի նահանգի կենտրոնական դատարանը։ Բանն այն է, որ այդ ընկերությունում կար թուրքական որոշակի կապիտալ` մասնավոր ներդրումների ձևով։ Դատական քննությունը շարունակվեց երեք տարի, որից հետո ընկերությունը համաձայնեց վճարելու ավելի քան 20 մլն դոլար, ներառյալ դատական ծախսերի գումարը։ Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սի Շտեռնբերգը հայտարարեց. «Մեզ ներկայացրին բոլոր անհրաժեշտ ապացույցները, որ 1915 թ. ողբերգական իրադարձությունների զոհերի սերունդները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, որն ապօրինաբար խլվել է։ Փոխհատուցում վճարելու մեր վճիռը խոսում է այն մասին, որ մեր ընկերությունը առաջին հերթին հավատարիմ է մարդասիրության և մարդու իրավունքների սկզբունքներին»։ Արդյունքում հայկական կողմը Կալիֆոռնիայի նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Գարամենդիի միջնորդությամբ հասավ այն բանին, որ Ամերիկայի հայկական կազմակերպություններին լրացուցիչ վճարվի 3 մլն դոլար։ «Մարտին Մարտունյանի» գործը դարձավ առաջին նշանակալի հաջողությունը սփյուռքի կոնկրետ պահանջների հարցում։ Բացի այդ, նախաձեռնությունը ակնբախորեն ցույց տվեց, որ դաշնային իշխանության կողմից ցեղասպանության փաստի «պաշտոնական ճանաչումը» գերակա անհրաժեշտություն է։ 2003 թ. Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը 354.4 օրենքի գործողության ժամկետը երկարացրեց մինչև 2016 թ.։ Նույն տարում մի շարք ամերիկահայեր փաստաբան Իգոր Տիմոֆեևի օգնությամբ հայց ներկայացրին արդեն ԱՄՆ-ի դաշնային դատարան` ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, այս անգամ Օսմանյան կայսրությունում հայցվորների նախնիների ձեռք բերած ապահովագրական տոմսերի դիմաց փոխհատուցում վճարելու հարցով։ Թուրքիայի կառավարության աջակցությունը վայելող գերմանական ընկերությունները առարկություններ ներկայացրին ի պատասխան հայցադիմումի և փորձեցին փակել գործը։
2009 թ. օգոստոսի 20-ին դատավորները 2 «կողմ» և 1 «դեմ» ձայներով որոշում ընդունեցին, թե Կալիֆոռնիայի նահանգի օրենքը հակասում է «արտաքին քաղաքականության ասպարեզում գործադիր մարմնի մենաշնորհ իրավասությանը»։ Հայկական լոբբիի ներկայացուցիչները, ի դեմս Ադամ Շիֆֆի, հասան այն բանին, որ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դիմի խնդրանքով այն մասին, որ դատարանը դատավորների նույն կազմով վերաքննի գործը։ 2010 թ. դեկտեմբերի 10-ին դատավորների մեծ մասն ընդունեց որոշում այն մասին, որ Կալիֆոռնիայի օրենքը չի խախտում «արտաքին քաղաքականության սկզբունքը»։ Թուրքիայի շահերը պաշտպանող խոշոր գործարար ընկերությունների ներկայացուցիչները վճիռը բողոքարկեցին 9-րդ օկրուգային դատարանում, որը որոշեց, որ 354.4 օրենքը հակասահմանադրական է և «հակասում է արտաքին քաղաքականության վարման առումով դաշնային կառավարության բացարձակ իրավասությանը»։ Տիմոֆեևը որոշումն ուղարկեց ԱՄՆ-ի Գերագույն դատարան, խնդրելով քննության առնել 9-րդ օկրուգային դատարանի որոշումը, սակայն գործը անսպասելի շրջադարձ ընդունեց։ Թեև դեռ 2012 թ. ԱՄՆ-ի 9-րդ օկրուգային դատարանը որոշում էր ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցումների գործի առնչությամբ։ Նույնիսկ ցեղասպանության զոհերի ժառանգորդ ՀՀ որոշ քաղաքացիներ 2013 թ. հոկտեմբերի կեսերից նորից սկսեցին փոխհատուցման բանկային չեկեր ստանալ ամերիկյան AXA ապահովագրական ընկերությունից։
Սակայն 2013 թ. մայիսի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անձամբ դիմեց ԱՄՆ-ի Գերագույն դատարան, խնդրելով քննության չառնել 9-րդ օկրուգային դատարանի ընդունած որոշումը։ Սպիտակ տան աշխատակազմը դատավոր Ռոբերտսին ուղարկեց 27-էջանոց մի ամփոփագիր, պնդելով, որ Կալիֆոռնիայի օրենքը ոչ ճիշտ կերպով դատարաններին թույլ է տալիս «կայացնելու քաղաքական առումով վիճելի իրադարձությունների վրա հիմնված վճիռներ, որոնք տեղի են ունեցել Օսմանյան Թուրքիայում գրեթե հարյուր տարի առաջ, առանց էական հիմքեր ունենալու այն հավակնության համար, որ այն կարգավորում է նրանց ավանդական լիազորությունների ոլորտը»։ Բոլոր 9 դատավորները անսացին Սպիտակ տան ղեկավարի խնդրանքին։ Օբամայի վարչակազմի` հայկական սփյուռքի դեմ ուղղված քայլը իրականում ուղղված էր Հայաստանի և ամբողջ հայ ազգի դեմ։ Բարաք Օբաման ուզում է մեկընդմիշտ «փակել ցեղասպանության գործը»։ Այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ի նախագահը որոշել է անտեսել սեփական օրենսդրությունը, ինչը խոսում է այդ գործի լրջության մասին։ Հայցվորների փաստաբանները միաբերան պնդում էին, որ «հայցվորների պահանջներն ուղղված են ոչ թե օտար երկրի ինքնիշխանության, այլ գերմանական ապահովագրական ընկերության դեմ»։ Սակայն... 2013 թ. հունիսի 11-ին ԱՄՆ-ի գերագույն դատարանը հայտարարեց, որ քննության չի առնի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցում վճարելու օրենքի վերաբերյալ Կալիֆոռնիայի 9-րդ օկրուգային դատարանի որոշումը, որը նահանգի օրենսդիր մարմինը հայտարարել է անվավեր։ Այդ որոշման օգտին քվեարկեցին, ինչպես արդեն վերն ասացինք, բոլոր ինը դատավորները` դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի գլխավորությամբ, որն այդ պաշտոնին նշանակվել էր Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք։ Հայկական հարցին հասցված հարվածի մեծությունը հասկանալու համար անհրաժեշտ է քննարկել այդ գործի բոլոր կողմերը։
Փորձագետ Արեգ Գալստյանը 2013 թվականի իրավիճակը մեկնաբանել է կոշտ ու անվրեպ. «Այդ պահանջները Միացյալ Նահանգների և օտարերկրյա պետության միջև «արտքաղաքական լուրջ բանավեճերի» հիմնական մաս չեն։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ոչ մի օրինական հիմք չուներ մերժելու հայցը, սակայն նախագահի աշխատակազմի ճնշմամբ նախագահ Ռոբերտսը որոշում ընդունեց քննության չառնել այն։ Հայկական լոբբիստական կազմակերպությունների ղեկավարները հայտարարեցին, որ կշարունակեն պայքարը մինչև անհրաժեշտ արդյունքների հասնելը։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահի և նրա աշխատակազմի սկզբունքային դիրքորոշումը, այդ ուղղությամբ ցանկալի արդյունքի հասնելը գործնականում անհնար կլինի։ Այս կապակցությամբ հայկական կազմակերպությունները պետք է վերանայեն լոբբիստական գործունեության ձևաչափը և անհրաժեշտ պայմաններ ստեղծեն հայկական ծագում ունեցող ամերիկացիներին դաշնային իշխանության մարմիններ, դատարաններ և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջ քաշելու համար։ Վերջին տասը տարիների փորձը, ինչպես նաև սույն գործը ցույց են տալիս, որ ամերիկահայերի հարցերը կոնգրեսականների և պաշտոնյաների մեծամասնությանը «հուզում են» միայն ընտրարշավների ժամանակ»։
Ավելի հստակ դժվար է ասել։ Պարզապես Ա. Գալստյանի խոսքերին պետք է ավելացնել այն, որ Օբաման այդպես էլ հրապարակայնորեն չի արտասանում «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում» բառակապակցությունը։ 2015-ի ապրիլի 24-ին կասի, թե ոչ, ներեցեք, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում, թեև բարոյական առումով դա էլ օգտակար կլինի ազգին։ Եվ որ չցանկացավ երաշխավորել Սիրիայի հայերի կյանքն ու անվտանգությունը, երբ 2014-ի փետրվարին Դամասկոսի եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը այդ մասին անձամբ խնդրեց ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին։ Մինչդեռ ամերիկամետ հայերը անարգանքի սյունին են գամում ցանկացած երկրի, բացի ԱՄՆ-ից։ Ահա տեսեք, թե իրականում ինչ վերաբերմունք ունի Բարաք Օբաման Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Սրանք ԱՄՆ-ի գերագույն դատարանին նրա դիմումի խոսքերն են. «Քաղաքական առումով վիճելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում գրեթե 100 տարի առաջ»։ Այսպիսով, Բ. Օբաման իր իշխանության տարիներին երբեք հրապարակայնորեն չի ճանաչի Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը, որովհետև նրա և իր վարչակազմի համար դա «քաղաքական առումով վիճելի իրադարձություն է»։ Էլի ապացույցներ պե՞տք են, որ Սպիտակ տան ցանկացած աշխատակազմի պարագայում ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի և չի դատապարտի 1915-1923 թթ. Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը։ Որ ԱՄՆ-ը միշտ կշարունակի կանգնած մնալ թուրք ֆաշիստների շահերի պաշտպանության դիրքերում։ Եվ չէ՞ որ ԱՄՆ-ի գերագույն դատարանը ընկրկել է դրա առջև. արհամարհել է իր իսկ ամերիկյան օրենսդրությունը, արհամարհել է Կալիֆոռնիայի նահանգի և նրա 9-րդ օկրուգային դատարանի իրավունքները։ Այն, որ ԱՄՆ-ում իրական ժողովրդավարություն չկա, որ չկա նաև հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, աշխարհին վաղուց է հայտնի։ Եվ իր իսկ դատական մարմինների նկատմամբ Բ. Օբամայի գործադրած ճնշումը զարմանալի չէ։
Բայց եթե նույնիսկ, օ՜, հրաշք, Օբաման ինչ-որ պատճառով 2015-ի ապրիլի 24-ին հրապարակայնորեն արտասանի էլ «Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանություն» բառերը, կարող ենք կասկած չունենալ, անպայման կլինի կիսատ-պռատ մի բան։ Բայց հնարավոր է, որ դա դառնա յուրօրինակ ազդանշան, և դրանից հետո նույն Ռուսաստանն ու Ֆրանսիան գործն ավարտի հասցնեն` օրենքի ուժ տան իրենց խորհրդարանների որոշումներին, ինչպես նաև օրենք ընդունեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, ինչպես Շվեյցարիան, Սլովակիան և Կիպրոսը։ Եվ, ո՞վ գիտե, միգուցե տեղից շարժվի Չինաստանը, Իրանն էլ, վերջապես, կրկնի իր բարեկամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի որոշումը, որը հենց վերջերս նախաձեռնեց Հայոց ցեղասպանության ճանաչումը Դամասկոսի կողմից։ Այնուամենայնիվ, կարևոր է նաև Ցեղասպանության` վերը նկարագրված հետևանքը, այսինքն, Ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների դրամական և գույքային իրավունքների վերականգնման համար պայքարը։ Չէ՞ որ ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի։ Սակայն, ինչպես երևում է 2013-2014 թթ. ԱՄՆ-ի վարչակազմի վարքագծից, Սպիտակ տունը մտադիր չէ հրաժարվելու Թուրքիայի հետ դաշինքից։ Թե ինչու` էլի հասկանալի է. Մերձավոր Արևելքում «հարթ չեն ընթանում» ԱՄՆ-ի ու Թուրքիայի խամաճիկ «Իսլամական պետություն» խմբավորման գործերը և վաղ թե ուշ հարկ կլինի համամերձավորարևելյան խոշոր պատերազմի մեջ խցկել հենց Թուրքիային։
Զարմանալ միայն կարելի է, որ հայերի մեջ դեռևս կան մարդիկ, ովքեր շարունակում են մոլորության մեջ գցել իրենց ազգին, և դեռ կան այնպիսիք, ովքեր տարեցտարի, ասես երկնային մանանայի, սպասում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Զուր հույսեր։ Մեկ անգամ ևս ուշադրությամբ կարդացեք ԱՄՆ-ի գերագույն դատարանին Բ. Օբամայի 2013 թ. մայիսի 11-ի դիմումի տողերը։ Այնտեղ ամեն ինչ ասված է հայերի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության նկատմամբ ամերիկյան իշխանությունների քամահրական վերաբերմունքի մասին։ Եվ ստացվում է, որ ամերիկյան բանկերում (նաև արևմտյան այլ բանկերում) սառեցված հայկական փողերը... շարունակում են աշխատել նաև ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության իրականացման օգտին։ Եվ ստացվում է, որ երբ ԱՄՆ-ը Սիրիայում և Իրաքում ֆինանսավորում է մարդասպաններին, բռնաբարողներին ու կողոպտիչներին, ապա այդ «գործում» մասնակցում են նաև ցեղասպանության զոհ հայերի փողերը։ Որ ԱՄՆ-ում Աստծուց չեն վախենում, հայտնի է վաղուց, բայց որ ամերիկացիները թքած ունեն սատանայի վրա, սա նորություն է, անհասկանալի... Այն աշխարհը, ուր կառավարում են «ամերիկյան սկզբունքները», սրբապղծություն է ամբողջ մարդկության նկատմամբ, ոչ թե միայն հայ ազգի։ Սակայն, միևնույն է, ամերիկացիներն ամեն դեպքում ստիպված են լինելու վերադարձնել հայերի փողերը. ո՛չ Աստված, ո՛չ սատանան չեն ների ԱՄՆ-ին իր ագահության և «բաժանիր ու տիրիր» հնարավորության յուրացման համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ