Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնին նվիրված ուղերձում կոչ է արել վերջ դնել անհեթեթ բռնություններին և ողջունել է առաջընթացը Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում։ Ապրիլի 2-ին Լոզանում Իրանը և բանակցող վեցյակը եկան նախնական համաձայնության և հայտարարեցին համաձայնագրի ստորագրման ժամկետ՝ հունիսի 30-ը: Քրիստոնյա ու մուսուլման աշխարհները միանշանակ չընդունեցին լուրը: Թեհրանում ուրախ էին ու տոնում էին: Իսրայելում դժգոհ էին ու մերժում էին: Մոսկվայից բացի՝ վեցյակի մայրաքաղաքներից դրական արձագանքներ հնչեցին: Մոսկվայում գումարվեց Անվտանգության խորհրդի նիստ: Անցած շաբաթ հաճախ էին հիշում, որ սատանան մանրամասների մեջ է՝ սատանայի գոյությունը ժխտում էին երկրները, որ ուզում են համաձայնագիրը ստորագրվի, սատանայի գոյությունը հաստատում էին երկրները, որ բացահայտ կամ ոչ բացահայտ դեմ են համաձայնագրի ստորագրմանը:
Ի՞նչ վտանգներ են փորձագետներն ու քաղաքական գործիչները տեսնում համաձայնագրից: Նախատեսվում է, որ Իրանը երկար տարիներ ատոմային զենք չի ունենա (առնվազն 10-15 տարի), բայց ատոմային ծրագրերը չեն փակվելու, վերահսկվելու են, որ խաղաղ ատոմից ատոմային ռումբի չհանգեցնեն: Ոմանք պնդում են, որ աշխարհը համաձայնում է Իրանի ատոմային պետություն դառնալուն, բայց եթե չլինի համաձայնագիր՝ Իրանը ավելի արագ է ռումբ ստանալու: Համարվում է, որ Իրանի ատոմային տերություն դառնալը սպառազինությունների նոր մրցավազքի պատճառ կդառնա տարածաշրջանում: Իսրայելը չի հանդուրժի, որ, իր կարծիքով, «աշխարհի ամենաահաբեկչական պետությունը» միջուկային զենք ունենա: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը գնահատել է կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն և պնդել, որ համաձայնությունը կանխում է միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագրերի զարգացումը և անվտանգություն բերում Մերձավոր Արևելք, որ դիվանագիտական լուծումը նոր փուլ կբացի ԱՄՆ-Իրան հարաբերություններում, ժամանակի մեջ՝ նոր էջ Իրանի և հարևանների հետ հարաբերություններում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հարցի լուծումը որակել է Իրանի ազգային շահերին համապատասխան, համաձայնությունները՝ պրագմատիկ և իր վարչակազմի հաղթանակ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, այնուամենայնիվ, հետո հայտարարեց, որ Թեհրանը կարող է վերսկսել միջուկային ծրագիրը, եթե Արևմուտքը հրաժարվի ապրիլի 2-ի համաձայնությունից։ Սա՝ ի դեպ, բայց պարզ է, որ հետագա զարգացումներում բախվելու են Թուրքիայի և Իրանի շահերը՝ էներգակիրներից մինչև հաղորդակցուղիներ: Նույն խնդիրն ունի Սաուդյան Արաբիան: Հավելեք ռազմական ու քաղաքական կոնֆլիկտները Սիրիայում, Իրաքում, Եմենում, Եգիպտոսում, ԻՊ-ի գործոնը, որոնց Իրանը այս կամ այն կերպ մասնակից է: Կանխատեսումներ են արվում, թե միջազգային շուկայի վրա ինչ ազդեցություն կունենա Իրանի պատժամիջոցների վերացումը: Առաջինը էներգետիկ շուկայում նավթի գնանկումն է: Լուրը, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել, նավթի գինը կարճ ժամանակով գցեց 4 տոկոսով: «Բլումբերգ»-ի հաշվարկով, իրանական նավթի արտահանման դեպքում մեկ բարելի գինը կընկնի 10 դոլարով. բարելի միջին գինը կանխատեսվում է 50 դոլարից ցածր:
Համաձայնագրի կնքումով ձերբազատվելով պատժամիջոցներից՝ Իրանը դառնում է մրցակից Ռուսաստանին: Կրեմլը հնարավորն անելու է էներգակիրների առանց այդ էլ իր համար նեղացող շուկայից Իրանին դուրս մղելու համար: Այս կետում Իրանի և Ռուսաստանի շահերը բախվում են Հայաստանում: Իրանը կարող է Թուրքիայով անցկացնել գազատարը, բայց կենսական կարևորություն ունեցող ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող ծրագիրը իրականացնել մի երկրի հետ, որը քաղաքական հուսալի դաշնակից չէ, չափազանց ռիսկային է:
Իրան-Թուրքիա-Սև ծով-Եվրոպա գազատարը նաև անվտանգության խնդիրներ է ունենալու, որոնք Թուրքիայի համար ներքաղաքական են և այսօրվա-վաղվա լուծում չունեն՝ քրդերի հարցի պատճառով: Գազատարը Հայաստանով անցկացնելուն դեմ է Ռուսաստանը: Ռուսաստանը ընդհանրապես դեմ է, որ իրանական գազը հասնի Եվրոպա: Եթե, այնուամենայնիվ, Իրանի գազը հասնելու է Եվրոպա, Ռուսաստանի համար ավելի շահավետ է ոչ թե խանգարել, այլ սեփական շահը գտնել այդ ծրագրի մեջ: Գազպրոմի տարեկան 4 մլրդ դոլարի ենթադրյալ կորուստը այն գինը չէ, որի համար Մոսկվան կարող է փլուզել ռուս-իրանական բազմաճյուղ հարաբերությունները: Հայաստանը դեռ դիտորդի կարգավիճակով սպասում է՝ ինչ կվճռեն գերտերությունները: Իրանական գազի տարանցիկ երկիր դառնալը Հայաստանի համար և քաղաքական, և տնտեսական, և ազգային անվտանգության խնդիր է: Ռուսաստանը, որ փակում է Իրանի հետ համագործակցության ճանապարհը, փոխարենը այլընտրանք չի դառնում: Ռազմավարական համագործակցությունից մնում է միայն ձևակերպումը:
2013-ի սեպտեմբերի 3-ից կառուցվող առասպելը փլվում է՝ ԵԱՏՄ-ն, որ ներկա ձևաչափով գործում է 2015-ի հունվարի 2-ից, այն կառույցը չէ, որ նախատեսվում էր 2013-ին: ՈՒկրաինան ոչ միայն փոխեց ԵԱՏՄ-ի աշխարհագրությունը, այլև քաղաքական ու տնտեսական խնդիրներ հարուցեց Ռուսաստանում: Փոխեցին իրենց քաղաքականությունը և Բելառուսն ու Ղազախստանը. նրանք հույսները չեն դնում միայն ԵԱՏՄ-ի վրա և առևտրատնտեսական համագործակցության ճանապարհներ են հարթում Արևմուտքի հետ: Երկու երկրների նախագահներն էլ իրենց հարցազրույցներում շեշտում են քաղաքական անկախության կարևորությունը: ՌԴ նախագահն առաջարկում է մշակել միասնական արժույթի անցման ծրագիր, նրանք համարյա միաժամանակ պատասխանում են, որ դա հեռավոր ապագայի հեռանկար է ու անլուրջ է այսօր այդ մասին խոսել: Երկու տարի առաջ դա անհնար էր: Հայաստանը մտնելով ԵԱՏՄ՝ միայն տեսականորեն ստացավ 170-միլիոնանոց շուկա, իրականում կրճատվեց արտահանումը: Նույնքան անիրական էր աշխատանքային միգրանտների արտոնությունների առասպելը: Նախ՝ հազարավոր միգրանտների առաջ ՌԴ սահմանը փակ է՝ առանց բացատրության, երկրորդ՝ գնան, ի՞նչ անեն, եթե աշխատանք չեն գտնելու, երրորդ՝ կրճատվեց ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը: Հայաստանը անդամ է, թե անդամ չէ ԵԱՏՄ-ին, իր խնդիրները ինքը պիտի լուծի: Բայց՝ արդեն ԵԱՏՄ-ի հարուցած արգելքների պարագայում: Միաժամանակ՝ Հայաստանը քաղաքական պատճառներով չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գալ: Բիզնեսի ձախողումը, քաղաքական պատճառներից բացի, ունի տասնյակ այլ պատճառներ: Այս իրավիճակում համագործակցությունը Չինաստանի հետ կարող է իրավիճակ փոխել, բայց մինչև Պեկինում կնքված համաձայնագրերը սկսեն գործել, տնտեսությունը պահել է պետք: Իրանը այդ հնարավորությունները Հայաստանին տվել է ու տալիս է: Իրան-Հայաստան գազամուղը գործում է հնարավորության 35 տոկոսով միայն։ Իրանական գազով էլեկտրաէներգիա է արտադրվում և փոխանցվում Իրանին, գազը սպառողին չի հասնում «Գազպրոմի» հետ պայմանագրի պատճառով: Ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, թե որևէ պայմանագրի պայմանները ցանկացած պահի կարող է փոխել, եթե Հայաստանի շահերից չեն բխում: Պահը հասունանում է, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը պայմանագիր փոխել: Իրան-Հայաստան երկաթգիծը տարիներով չի կառուցվում: Նույնքան երկար խոսվում է փոքր նավթամուղի մասին, որը հնարավորություն կտա նավթավերամշակման գործարան կառուցել Հայաստանի հյուսիսում։ Չի արվում: 10 տարի խոսում ենք Արաքսի վրա հիդրոկայանների կառուցման մասին, հարցը լուծված չէ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ գազը կարող է ծախել Հայաստանին շատ մատչելի գներով։ Իշխանության ներկայացուցիչները միաձայն ժխտում են, որ Իրանը Հայաստանին ռուսականից էժան գազ կտա, հասկանալի է, ի՞նչ ասեն: Ասեն՝ Հասան Ռուհանին ուզում է Երևան գալ՝ համաձայնագիր կնքելու, Պուտինը դե՞մ է: Իրանական գազի ու նավթի տարանցումը Հայաստանի տարածքով Հայաստանին դուրս կբերի տարածաշրջանի տնտեսական ծրագրերից մեկուսացումից: Եթե իրանական գազամուղը Հայաստանով հասնի Վրաստան, Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ տնտեսական պրեֆերենցիաներով: Քաղաքական խիզախություն է պետք և տնտեսական հստակ հաշվարկ՝ ի՞նչ կստանան Հայաստանն ու Ռուսաստանը, եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր և ի՞նչ կկորցնեն Հայաստանն ու Ռուսաստանը, եթե Իրանի էներգակիրները Եվրոպա հասնեն Ադրբեջանով ու Թուրքիայով: Եվրոպան պատրաստ է աջակցել, սա նաև ԵՄ-ի համար է կենսական հարց: Իրանի տնտեսական զարգացման հեռանկարները աշխարհաքաղաքական պատճառներով հարցականի տակ դնողները արձանագրում են, որ Իրանն իր գազը վաճառելու հարցում բախվելու է Կատարի և Սաուդյան Արաբիայի հետ, որ էներգակիրների արտահանման շուկայում իրենց դիրքերը պահպանելու համար կարող են քաղաքական ու ռազմական միջոցներ գործադրել: Հարցականի տակ է դրվում, թե պատժամիջոցներից ազատվելուց հետո ի՞նչ երկիր կլինի Իրանը, ի՞նչ զարգացումներ կլինեն 80-միլիոնանոց Իրանում: Չեն բացառվում մուսուլմանական էքսպանսիան Հայաստան, աշխարհաքաղաքական տեսակետների վերանայումները, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում: Դժվար է կանխատեսել նաև, թե ներքաղաքական ու արտաքին քաղաքական ինչ փոփոխություններ են լինելու Իրանում, որ քաղաքականությունը փոխեն 180 աստիճանով, ադրբեջանաբնակ տարա՞ծքն է անջատվելու, ներքաշվելու է պատերազմի մեջ ու պարտվելո՞ւ է, թե՞ հաղթելու է ու դա իրավիճակ է փոխելու տարածաշրջանում: Իրանը խորացնելու է Արևմուտքի հետ հարաբերություննե՞րը, թե՞ Ռուսաստանին հաջողվելու է կասեցնել Արևմուտք-Իրան մերձեցումը՝ իր տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Բոլոր դեպքերում հատկապես տարածաշրջանում ու ընդհանրապես աշխարհում Իրանի դերի մեծացումը նվազեցնելու է Ռուսաստանի ներգործությունը: Ինչպե՞ս կարձագանքի Պեկինը Թեհրանի հավակնություններին, գործընկե՞ր, թե՞ մրցակից կտեսնի աշխարհաքաղաքական փոփոխություններում: Որքա՞ն ամուր են Հասան Ռուհանիի դիրքերը, ի՞նչ քայլեր կձեռնարկեն նրանք, ովքեր ժամանակին պաշտպանում էին Մահմուդ Ահմադինեժադի կոշտ քաղաքականությունը՝ թեկուզ պատժամիջոցներով, բայց՝ առանց զիջումների: Սատանան ոչ միայն մանրամասների մեջ է, սատանան հայտնվում է այնտեղ, որտեղ մեռնում են վստահությունն ու հավատը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Արդեն հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Էրդողանը պատրաստ է ավելի շատ իրանական գազ գնել, եթե գինն էժանացվի: Թուրքիան, որ Իրանից 1000 խմ գազը գնում է 490 ԱՄՆ դոլարով, պնդում է, թե Ռուսաստանից ու Ադրբեջանից գազ է գնում 335 և 425 ԱՄՆ դոլարով` 1000 խմ-ի դիմաց: Ռուհանին առաջարկել է ջանքեր գործադրել, որ Թուրքիայի և Իրանի միջև առևտրի ծավալը հասցվի 30 մլրդ դոլարի` անցած տարվա 14 մլրդ-ի փոխարեն: Երկու նախագահները 8 համաձայնագիր են ստորագրել և ընդգծել տնտեսական կապերն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք գնահատում ենք ու կանխատեսում ենք, թե ինչ են ծրագրում ու ցանկանում գերտերությունները, մեր հարևանները, մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրները: Բայց՝ անհրաժեշտ պահին մենք երբեք անբեկանելի որոշում չենք ունենում, թե ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ ենք մենք ծրագրում, ի՞նչ է պետք մեզ ու ի՞նչ մեզ պետք չէ: Այս մնացորդային քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում միակ երկիրը և միակ երկիրը, որ Իրանի հետ որևէ տնտեսական ծրագիր չի իրականացնում: ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ասում էր՝ «Եկեք չբանակցենք վախից, բայց չվախենանք բանակցելուց»: Քանի դեռ գործում է մեր վախը, բանակցությունները մեր շուրջ են, բայց՝ առանց մեզ: