Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչից պիտի Ռուսաստանը փրկի ԱՄՆ-ին

Ինչից պիտի Ռուսաստանը փրկի ԱՄՆ-ին
24.02.2015 | 00:12

Հիմա հետաքրքիր իրավիճակ է նկատվում ԱՄՆ-ում Ռուսաստանի մասին և ամերիկա-ռուսական հարաբերությունների ապագայի մասին կարծիքների փոփոխման առնչությամբ։ Թվում է, թե աշխարհը վկա է երկու գերտերությունների հարաբերությունների ամենացածր մակարդակի։ Բայց 2015 թ. փետրվարին ամերիկացի շատ ազդեցիկ քաղաքական գործիչ և հրապարակախոս, ազգությամբ շոտլանդացի Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենը ամբողջ ամերիկյան հասարակությանը անսպասելի մի խնդիր առաջադրեց. մտածել Ռուսաստանի հետ դաշինք կնքելու մասին։ Այս մասին Բյուքենենը գրում է իր պաշտոնական կայքէջում։
Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենը ԱՄՆ-ի պահանջարկված քաղաքական էլիտայի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ամերիկյան քաղաքական դաշտի «շոտլանդական կլանի» ամենաունևոր ընտանիքներից մեկի անդամ։ Ավարտել է ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանը։ 1969-74 թթ. եղել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի ռեֆերենտն ու օգնականը, 1974-ին` նախագահ Ջերալդ Ֆորդի խորհրդականը, 1985-87 թթ.` նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը։ Հեռուստառադիոհաղորդավար է, լրագրող, գրող։ 1983-ից «Ամերիկյան գործ» հիմնադրամի նախագահն է։ 1992 և 1996 թթ. հանրապետական կուսակցության կողմից և 2000 թ. ռեֆորմիստական կուսակցության կողմից առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու։ Հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ խմբակցության գաղափարախոսն է։ Ասել է` թող ոչ ոք չփորձի նսեմացնել Պ. Բյուքենենի հայտարարությունների նշանակությունը և նրա դերն ու նշանակությունը ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի բարձրագույն էշելոններում։
Բյուքենենը հույս ունի, որ Անգելա Մերկելի միջնորդությամբ Մինսկում Վ. Պուտինի և Պ. Պորոշենկոյի միջև ձեռք բերված թույլ հրադադարը կկենսագործվի։ Եթե չլիներ ձեռք բերված հրադադարը, ապա «Դեբալցևոյի կաթսայում» պաշարված 8 հազար ուկրաինական զինվորները ստիպված կլինեին հանձնվել կամ էլ ոչնչացվել, ինչի պատճառով Կիևի վարչակազմը ճգնաժամի մեջ կհայտնվեր։ Կարող էին սկսվել ամերիկյան զինամատակարարումները, հող նախապատրաստելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման համար։ Հասկանալի է Ռուսաստանի կենսական շահագրգռությունը Ղրիմի սևծովյան ռազմածովային բազայի պահպանման գործում, հասկանալի է նաև նրա ցանկությունը ՈՒկրաինան հեռու պահելու ՆԱՏՕ-ից, շարունակում է Բյուքենենը։ Բայց այստեղ ո՞ւր են ԱՄՆ-ի կենսական շահերը։ Մերկելն ասում է, թե կասկածի տակ է առնված սահմանների անձեռնմխելիության մեծ սկզբունքը։ Դա գաղափարախոսական հենք ունի, բայց իրատեսակա՞ն է արդյոք։ Սառը պատերազմի վերջում Հարավսլավիան բաժանվեց յոթ երկրի, ԽՍՀՄ-ը` տասնհինգ։ Հորվաթիան, Բոսնիան, Կոսովոն, մի կարճ ժամանակ նույնիսկ Սլովենիան ստիպված եղան պայքարել հանուն ազատության։ Նույն բանն արեցին փոքր պետություններ Հարավային Օսիան և Աբխազիան, պոկվելով Վրաստանից, և Մերձդնեստրը` Մոլդովայից։ Բայց ՈՒկրաինայում էլ կան ռուսներ, ովքեր «ուզում են վերադառնալ տուն» իրենց պատմական հողերով։ Իրականում անջատականության ոգին համակել է ամբողջ եվրոպական աշխարհամասը։
Լոնդոնը շոտլանդացի անջատականներին թույլ է տալիս քվեարկել, բայց Մադրիդը չի ուզում ընդունել, որ նույնպիսի իրավունք ունեն բասկերն ու կատալոնցիները։ Եվ այդ ազգային փոքրամասնությունները մի գեղեցիկ օր կարող են դուրս պրծնել, ինչպես արեցին իռլանդացիները մեկ դար առաջ։ Այդուամենայնիվ, անջատական շարժումներից և ոչ մեկը սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի կենսականորեն կարևոր շահերի համար։ Դա, իրոք, մեր գործը չէ։ Եվ ոչ ոք չի կարող արդարացնել պատերազմը Ռուսաստանի հետ, պնդում է Պ. Բյուքենենը։ «Իսկ ի՞նչ է պատահել ամերիկացիների ներկա սերնդին, որ մենք անընդհատ փորձում ենք քթներս խոթել այնպիսի ժողովուրդների գործերի մեջ, որոնց քարտեզի վրա նույնիսկ գտնել չենք կարողանում։ Այստեղ առանձին տողով հրամցվում է Վ. Պուտինի մասին խելացնորությունը... Գրեթե ամեն օր Կապիտոլիումի բլրից լսում ենք. «Ռուսները գալիս են, ռուսները գալիս են»։ Այն, որ լարվածություն կա Ամերիկայի և Պուտինի միջև, կասկած չկա։ Եվ իրոք, Պուտինը դժգոհություն ունի մեզնից։ Նրա աչքում մենք օգտվում ենք ԽՍՀՄ-ի փլուզումից և ուզում ենք ՆԱՏՕ-ն տեղակայել Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում։ Մենք մեր «գունավոր հեղափոխություններն» օգտագործեցինք Սերբիայի, ՈՒկրաինայի, Վրաստանի և Ղրղզստանի ավելի ռուսամետ վարչակազմերը տապալելու համար։ Այդուամենայնիվ, մեր փոխադարձ անվստահության, անգամ ատելության հետևում որևէ ընդհանուր բան կա՞, արդյոք, մեր միջև»։
Կա ընդամենը երկու հստակ վտանգ, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ռազմավարական շահերին. «անհագ Չինաստանի հարաճուն ուժը» և իսլամական ահաբեկչության տարածումը։ «Երկուսի հետ էլ բախման հարցում Ռուսաստանը բնական դաշնակից է։ Չինաստանն աչքը տնկել է Սիբիրին և պաշարների այդ գանձարանի կարիքն ունի։ Աֆղանստանում թալիբների դեմ, Իրաքում և Սիրիայում` ԻՊ-ի դեմ, Ալ-Քաիդայի դեմ պայքարում էլ է Ռուսաստանը մեր կողմում։ Սառը պատերազմի ժամանակներում Ռուսաստանը գաղափարախոսության գերին էր, որի թշնամականությանը մենք բոլորս էինք հավատում։ Նրա ղեկի մոտ մարդիկ էին, ովքեր կառավարում էին մի համաշխարհային կայսրություն։ Այդուամենայնիվ, մենք ունեցել ենք նախագահներ, որոնք կարողանում էին գործ ունենալ Մոսկվայի հետ»։ Եվ հրապարակախոսը եզրակացնում է. «Եթե ԱՄՆ-ը կարող էր շատ ավելի վատ ժամանակներում բանակցություններ վարել Բեռլինի պատի կամ Կուբայում սովետական հրթիռների հարցերի շուրջ, ապա ի՞նչն է խանգարում Վլադիմիր Պուտինի հետ նստել և քննության առնել ավելի պակաս գլոբալ խնդիրները, օրինակ, ում դրոշակը պետք է պարզված լինի Լուգանսկում և Դոնեցկում»։
Հույսերը, թե Բյուքենենի ձայնը կլսեն «կաղ բադերը»` ԱՄՆ-ի դեմոկրատները` Բարաք Օբամայի գլխավորությամբ, կամ տխրահռչակ նեոպահպանողականները, անկեղծ ասած, բավական մշուշոտ են` մոդայիկ են Ջեն Փսակին, Մաքքեյնին։ Բացի այդ, Բյուքենենից բացահայտորեն վախենում են թե՛ Սպիտակ տան, թե՛ ՈՒոլ-Սթրիթի, թե՛ Կոնգրեսի տխրահռչակ «հայտնի շրջանակները»։ Հլա մի։ 1990 թ. նա ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սենատը անվանել էր «Իսրայելի զավթած տարածք»։ Նա 2000 թվականից նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին խիստ քննադատում էր Իրաքի դեմ պատերազմի, Ռուսաստանի հետ առճակատման, սպիտակ մեծամասնության համեմատ աֆրոամերիկյան փոքրամասնությանը նախապատվություն տալու, ներգաղթի ազատական քաղաքականության համար։ 2002 թ. լույս ընծայեց «Արևմուտքի վախճանը» գիրքը, որտեղ, մի կողմից, շարունակում էր Շպենգլերի և Ֆուկույամայի գաղափարները եվրոպական քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին, որի պատճառները Բյուքենենը համարում է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների քրիստոնեաթափումը, ծննդի նվազումը, հասարակության տրոհումը հակամարտող ազգային, կրոնական և այլ հոսանքների ու խմբերի։ Եվ ահա այստեղ էլ մենք տեսնում ենք Բյուքենենի երկյուղների հիմնական պատճառները, և ինչո՞ւ միայն նրա. Արևմուտքի հեռատես քաղգործիչներից շատ շատերը, այն կապակցությամբ, որ ՈՒկրաինայի և, ի դեպ, նաև մեր Հայաստանի հանդեպ Արևմուտքի բթամիտ քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ 24 տարվա փոխադարձ կասկածներից ու անվստահությունից հետո Ռուսաստանն ու Չինաստանը, այնուամենայնիվ, որոշում ընդունեցին, փաստորեն, լռելյայն դաշինքի մեջ մտնել ընդդեմ մոլորակում ԱՄՆ-ի նվաճողական գերիշխանության։
Օրինակ, իր գրքում Բյուքենենը տալիս է արևմտյան գաղափարախոսության, մշակույթի և քաղաքականության ասպարեզում տեղի ունեցող գործընթացների հետաքրքիր վերլուծություն, որոնք տանում են դեպի Արևմուտքի ժողովուրդների համար սպանիչ լուծումների։ ՈՒշադրության կենտրոնում է մի շարք նեոմարքսիստական տեսությունների զարգացումը. խոսքը Լուկաչի, Գրամշիի ֆրանկֆուրտյան դպրոցի մասին է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում մարքսիստական հեղափոխությունների ձախողումից և Ռուսաստանում մարքսիստական վերափոխումների անմիարժեք արդյունքներից հետո մի շարք ձախ տեսաբաններ վերաիմաստավորեցին իրենց պարտության պատճառները, առաջադրելով մշակույթի մեջ հեղափոխության, «մշակութային հեղափոխության» գաղափարը։ Եվրոպայի` քրիստոնեության վրա հիմնված մշակույթը Արևմուտքի երկրների հասարակական գիտակցությունը անընկալունակ է դարձնում մարքսիզմի հարցում։ Քաղաքական իշխանության զավթումը և բացահայտ բռնապետությունը քիչ բան են տալիս` քրիստոնեական իդեալների շուրջ համախմբված հասարակության դիմադրության պատճառով։ Հետևաբար, մարքսիզմի հաղթանակն անհնար է առանց հեղափոխության միջոցով մշակութային հեգեմոնիայի նվաճման և Եվրոպայի քրիստոնեաթափման, առանց նրա ավանդական մշակույթի ավերման։ Ադոռնոյի, Մարկուզեի և նրանց հետևորդների աշխատանքներում զարգացում ստացած այդ գաղափարը սկիզբ դրեց կամ արմատական հնչողություն հաղորդեց այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են արմատական ֆեմինիզմը, սեքսուալ հեղափոխությունը, «քննադատական պատմությունը», ԼԳԲՏ շարժումը, մուլտիկուլտուրալիզմը։ Ֆրանկֆուրտյան դպրոցի նեոմարքսիզմը 1960-ականներից դարձել է ամերիկյան մշակութային և քաղաքական վերնախավի գերիշխող գաղափարախոսությունը։ Նեոմարքսիզմի գաղափարախոսությունը (ձախ ազատականությունը) ներդաշնակում էր Երկրորդ աշխարհամարտից հետո զարգացած երկրներում առաջացած տնտեսական իրավիճակին։ Տնտեսական վերելքն ու բարեկեցության բուռն բարձրացումը նպաստել են գեդոնիստական տրամադրությունների աճին։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում, այսպես կոչված, «բեյբիբումերների» հետպատերազմյան սերունդը աչքի էր ընկնում սոցիալական անպատասխանատվությամբ և վերացական արմատական քաղաքական կարգախոսների ընկալման հակումով, ինչի պսակը դարձավ 1968 թ. «երիտասարդական հեղափոխությունը»։
Մշակութային նոր հեգեմոնիայի սերմանման քաղաքական մեխանիզմներ դարձան դատական իշխանության որոշումները։ 1960-ական թվականներից սկսած ԱՄՆ-ի գերագույն դատարանը «դավանանքի ազատության հարգման» պատրվակով կայացրեց տասնյակ որոշումներ, որոնք օրենքից դուրս էին դնում քրիստոնեական ավանդույթները, կազմակերպություններն ու խորհրդանիշները։ Սերմանվում էր քաղկոռեկտություն և երկակի ստանդարտների պրակտիկան. թույլատրելի ու ցանկալի է քրիստոնյաների զգացումների վիրավորումը, բայց կոշտ կերպով դատապարտվում և արգելվում են ձախ ազատական հակումների հանդեպ կասկածանքի դրսևորումները (օրինակ, հոմոսեքսուալիզմի բնույթի, ռասաների ու մշակույթների հավասարության (ֆիզիկական), պատմական անցյալի գնահատումների, կենսաբանական տեսակների էվոլյուցիոն ծագման և այլն)։ Ընտրազանգվածի համակրանքն իր կողմը գրավելու համար նեոմարքսիստական քաղաքական վերնախավը լայնորեն օգտագործում էր լեգալ և անլեգալ ներգաղթը «երրորդ աշխարհի» երկրներից։ Ներգաղթյալներին քաղաքական իրավունքներ ընձեռելը, սոցիալական ծրագրերով նրանց կաշառելը ձախերին անհրաժեշտ գերակշռություն են տալիս համազգային ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համանման դեր է խաղում հասարակության գիտակցական (Գրամշիի գաղափարն է) պառակտումը տարբեր փոքրամասնությունների և նրանց համախմբումը ձախ վերնախավերի շուրջ` «ճնշման» դեմ և տարբեր իրավունքների համար պայքարի կարգախոսներով։
Վերլուծելով արդի աշխարհում տիրող ժողովրդագրական իրավիճակը, Բյուքենենը հոռետեսորեն է նայում ԱՄՆ-ի ու եվրոպական ժողովուրդների հեռանկարներին։ Ընտանիքների քայքայման պատճառով աճի բացակայությունը հանգեցնում է բնիկ եվրոպացիների և ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության մահացման։ Անվերահսկելի ներգաղթը հնարավոր է դարձնում, որ նրանց արագորեն փոխարինեն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներից սերվածները։ «Ամերիկայի քրիստոնեաթափությունը վտանգավոր խաղ է, որի գինը մեր քաղաքակրթությունն է։ Ամերիկան ծովն է նետել այն «ազգային կողմնացույցը», որը հանրապետությանը հնարավորություն էր տվել կողմնորոշվելու 200 տարի, իսկ հիմա լողում է դեպի անհայտություն»,- դառնությամբ արձանագրում է Բյուքենենը։
Անցած տարի մենք նշել էինք, որ հնարավորություն կա «մայդանացնելու» նաև ԱՄՆ-ը` սևամորթ բնակչության զանգվածային բողոքների և նրա մահմեդական խմբավորումների վերաակտիվացման օրինակով։ Բայց հիմա, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքներում տեղի ունեցած «մայդաններից» հետո, Ատլանտիկայի այն ափի տասնյակ պայծառատեսներ իրենք էլ, նաև վկայակոչելով աստվածաշնչային մարգարեներին, նորից սկսեցին խոսել ԱՄՆ-ի ապագա վախճանի մասին։ Բայց Ամերիկայի ժամանակակից մարգարեների անունները քիչ բան կասեն ընթերցողին։ Իսկ ահա ամերիկացի կանխատեսող դոկտոր Լինդսին դեռ 1960-ականներին գուշակել էր հսկայական մի «ջղաձգություն», որն անցնելու է ԱՄՆ-ի ամբողջ տարածքով, և իբր ԱՄՆ-ից մնալու է ընդամենը մի քանի կղզի։ Այդ երկրաշարժի պատճառով, իբր, առաջանալու է 50 մետր բարձրությամբ ալիքներով ցունամի, որը սրբելու է առափնյա քաղաքները։ Հատկանշական է, որ երբ նա սկսեց հրապարակել իր ահասարսուռ պատկերները, հատուկ ծառայություններն անմիջապես փակեցին բերանը և տեսիլքը գաղտնիացրին` «բնակչության շրջանում խուճապից խուսափելու համար»։ Լինդսիին երկրորդում է ԱՄՆ-ում և աշխարհում հանրահայտ մեկ այլ ամերիկացի պայծառատես` Էդգար Քեյսին։ Եթե հավատալու լինենք նրան, ապա երկրի երեսից պետք է վերանան ամերիկյան այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, նույն բանը կկատարվի Ջորջիայի, Կարոլինայի և ուրիշ շատ նահանգների հետ։ «Ես տեսնում եմ Նյու Յորքը կուլ տվող և երկնաքերները ծղոտի նման փշրող հսկայական ալիքներ»,- խոստովանել է ամերիկացի մեկ այլ պայծառատես` Ջոն Շմիդտը։ 1993 թ. ամերիկացի ֆուտուրոլոգ Օլվին Թոֆլերը, պնդելով, որ ԱՄՆ-ի «ձուլման վառարանի» սկզբունքը լուրջ խափանում է տվել, և նորեկներն այլևս չեն ինտեգրվում ավանդական ամերիկանիզմի շրջանակներում, կանխատեսել է, թե իբր 2050 թ. ԱՄՆ-ի տեղում կարող են հայտնվել 2-3 առանձին պետություններ` ըստ կրոնական-ռասայական և ենթազգային սկզբունքների։
Հայաստանում «ԱՄՆ-ի վճարվող ու չվճարվող փաստաբանները» կարող են ասել. «Է, սրանք էլ մահկանացու են և կարող են ասել ինչ խելքները փչի»։ Լա՜վ, ահա ձեզ ուրիշ, ավելի հեղինակավոր կանխատեսումներ։ Այսպես, Սուրբ Հովհաննես Ավետարանիչը իր «Հայտնությունում» խոսել է աշխարհի ամենահզոր, հարուստ ու ազդեցիկ երկրի կործանման մասին, որն ամենուրեք մեղքի ու պատերազմի գաղափարներ է տարածում։ Նա կանխատեսում է, որ այդ երկիրը պետք է տրոհվի երեք կղզու։ 900 տարի առաջ ապրած և սրբերի կարգին դասված աբբայուհի և մայրապետ Հիլդեգարդա Բինգենացու կանխատեսումները ևս խոսում են «հեռավոր ազգի» աննախանձելի ճակատագրի մասին։ Դեռ ամերիկյան մայր ցամաքը չէր հայտնաբերվել, իսկ նա արդեն օվկիանոսի մյուս ափին ապրող մեր ժողովրդի և մաշկի տարբեր գույնի տարբեր ցեղերով բնակեցված հողի համար կանխատեսել էր ահեղ երկրաշարժ, կործանարար ալիքներ ու փոթորիկներ, որոնք կսրբեն ամեն ինչ։ «Այդ ժողովրդին,- պնդում է Եկեղեցու դպիրը (այսպիսի պատվավոր կոչում է շնորհված Հիլդեգարդային),- մեծ դժբախտություններ են սպասում ծովում»։ «Ամերիկյան ազգը վաղուց արդեն պարզապես հիմարից վերածվել է ժանտահոտության` Աստծո ռունգերում, և նողկալի ճիվաղի։ Տերն ինձ հայտնել է, որ Ամերիկային վիճակված է ծնկի գալ. դա մի ահավոր տեսարան է լինելու` ընկած գերտերություն,- կանխատեսում է ամերիկացի Թոմաս Դեկարտը։- Ամերիկայի փողոցները ողողված կլինեն արյամբ ու անկարգություններով։ Իսկ իրենք` ԱՄՆ-ի բնակիչները կնայեն, թե ինչպես են սովամահ լինում իրենց երեխաներն ու հարազատները»։ Ահավոր անկարգությունների մասին է խոսում նաև ամերիկացի գուշակ Դեննիոն Բրիքլին. «Յանկիները կդառնան իսկական գազաններ և կսկսեն ապրել գայլերի ոհմակի օրենքներով, կորցնելով հավատն իրենց երկրի և ամերիկյան իդեալների նկատմամբ։ Կսկսվեն անվերջանալի ռասայական բախումներ ու քաղաքացիական պատերազմներ` բոլորը բոլորի դեմ։ Խռովությունները սովորական երևույթ կդառնան։ Ամերիկայի հողը կթաղվի քաոսի մեջ»։ Ահասարսուռ տեսիլք է ունեցել նաև ամերիկացի պայծառատես Վալդես Կրտսերը, որը պատմել է հարյուրավոր «թռչող մարդկանց երամի» մասին, որոնց փոթորկահողմը մորեխների նման օդ էր բարձրացել, ջարդուխուրդ արել ու ծեփել երկնաքերները։ Նա պատմել է նաև դիակների կույտերի և պարզապես անգլուխ, անոտք, անձեռք մարմինների կտորների մասին։
Բայց չէ՞ որ Բյուքենենը և ամերիկացի մի շարք այլ ազդեցիկ քաղաքական ու հասարակական գործիչներ այսօրվա այն սակավաթիվ իրազեկներն են, որոնք դեռևս ապրում են ԱՄՆ-ում և ի վիճակի են էապես փոխելու քաղաքականությունն աշխարհում։ Նրանք գիտեն, թե իրականում ինչից պիտի իրենք վախենան։ Թող ամեն ընթերցող ինքը մտորի ապագայի համար Բյուքենենի և նրա նման ամերիկացիների երկյուղների ու վախի և Ռուսաստանի հետ դաշինքի այլ պատճառների մասին։ Իսկ Հայաստանին` մոտ ապագայի դաս. է՛լ ավելի խորամուխ լինել այն խնդրում, թե իրականում ինչ փոխհարաբերությունների մեջ են գերտերությունները, ինչի են նրանք պատրաստվում, և նրանց փոխհարաբերություններում ինչ տեղ են զբաղեցնում փոքր երկրներն ու սակավաթիվ ժողովուրդները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ