Հերթական իրադարձությունը եղավ, որ չպիտի լիներ: Հունվարի 31-ին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան մասնակիցներին ծեծել են, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: Առաջին արձագանքը՝ խայտառակություն: Երկրորդ արձագանքը՝ ևս, որևէ իրավիճակում ծեծուջարդը հարցի լուծում չէ, բռնությունը ոչ միայն ֆիզիկական ներգործության միջոց է, այլև բարոյահոգեբանական, որ միանշանակ ունենում է հակառակ հետևանքներ: Իսկապես, անհնար է պատկերացնել, որ Արցախի համար կռված մարդկանց արցախցիները ծեծում են Արցախի ճանապարհին: ՈՒրեմն՝ ինչ-որ պատճառ կա, որ չի բարձրաձայնվում կամ չի բացահայտվում: Մի քանի օր սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում, ասուլիսներում ու խորհրդարանում, այս ու այնտեղ քննարկման թեմա դարձած հարցը միանշանակ գնահատական չի ստանում: Բոլորը, հարկավ, համաձայն են, որ ծեծուջարդը ոչ իրավաչափ արձագանք էր, բայց կա մեդալի հակառակ կողմը՝ իսկ ինչո՞ւ են ծեծվել: Ի՞նչ են արել, որ ծեծվել են: ՈՒ ընդհանրապես՝ ինչո՞ւ էին մեկնում Ղարաբաղ: Ավտոշարասյունով: Կանանցով ու երեխաներով՝ նախապես իմանալով հանդերձ, որ իրենց մեկնումին դեմ են: Դրոշներով: Ի՞նչ անելու ու ի՞նչ ասելու: Որ հարյուրամյակը պետք է առանց վարչակարգի՞ դիմավորել: Ո՞ր վարչակարգի: ԼՂՀ նախագահի-ԼՂՀ ԱԺ նախագահի-ԼՂՀ վարչապետի՞: Ինչո՞ւ էր Ժիրայր Սէֆիլյանը ընկերակիցների հետ խնդիր դրել անպայման Արցախ մեկնելը: Առավել ևս, որ պարզ ասվել էր՝ իրավիճակը բարդ է, չգաս: Վերջերս նաև հաճախակիացել է բոլոր անհասկանալի քայլերի հետևում պատվիրատու տեսնելը: Գուցե այս պարագայում տարատեսակ դրամաշնորհների ու պատվիրատուների ստվերները շատ տեղին են ու բուն պատճառն են, բայց որևէ, անգամ շատ բարձր վճարված կամ քաղաքական պատվեր կարող ես կատարել, կարող ես չկատարել, եթե համաձայնել ես, ուրեմն դա արդեն քո ընտրությունն է, ու դու ես պատասխանատուն:
«Հիմնադիր խորհրդարանը» չի պարզաբանում, թե ինչ քարոզչության համար էր Արցախ մեկնում: Բերձորի ճանապարհին կատարվածը ակնհայտ է դարձնում, որ սադրանքներ սարքելն ու սադրանքներին տրվելը համընդհանուր հոբբի է դառնում: Իսկ այդ հոբբիին հագուրդ տալու պատճառով ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել՝ սա է ամենավտանգավորը: Երեկ «Հիմնադիր խորհրդարանը», վաղը մեկ ուրիշը, իսկ որ ոստիկանները դագանակի լեզվին ամենալավն են տիրապետում, ապացույցներ պետք չեն: Կա մեդալի երրորդ կողմն էլ՝ բոլորը ընկած պատվիրատու են որոնում՝ իսպառ մոռանալով, որ ով էլ լինի պատվիրատուն, գործելու է հայի դեմ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ամենատարօրինակը՝ որ չգիտես ինչու այստեղ ու այնտեղ պարբերաբար հայտնվում են մարդկանց խմբեր, որոնք հրամանով համաձայնում են կամ հրամանով դեմ են՝ իրենք էլ չգիտեն ինչին: Եթե ռուսներն ուզում են խաղաղապահներ մտցնել Արցախ, ինչպես հայտարարում են Բերձորի ճանապարհին մնացածները, ինչո՞ւ են իրենք ջուր լցնում նրանց ջրաղացին: Եվ վերջապես՝ որևէ պարագայում երկրիդ դրոշը ոտքի տակ գցելը հանցանք է, որ պետք է քրեորեն պատժվի: