Իրավիճակը սահմանում արձանագրում է` պատերազմը հեռու չէ, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Փորձենք հասկանալ մեր վիճակը:
ՀԱՊԿ-ը մի տեսակ շատ լուռ է` անգամ հայտարարությունների մակարդակում: Անգելա Մերկելը սահմանային դեպքերի առիթով մեղադրում է Ռուսաստանին: ՈՒոռլիքը հավասարության նշան է դնում «կողմերի» միջև: Մենք մեկ անգամ ունեցել ենք «թղթե շերեփի» պատմություն, և որևէ լուրջ բան սպասել «միջազգայիններից» ուղղակի անհեթեթ է: Ավելին: Նույն ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը պարտավոր են ոչ միայն կազմակերպության անդամ երկիրը պաշտպանել երրորդ երկրի ռազմական հարձակումից, այլև զբաղվել արտակարգ իրավիճակների վերացման «գործերով»: Եթե անկեղծ, ապա Գյումրիում Պերմյակովի քստմնելի հանցագործությունը կարող էր վերածվել «արտակարգ իրավիճակի», եթե մեր ոստիկանները խոհեմություն չունենային նախ` քառասուն րոպե համբերատար «հասկանալու» «խելագարված ամբոխների» հոգու ճիչը, ապա իրենց վրա վերցնելու ռուսական ռազմաբազայի վրա նետվող քարերը, որոնք, «նշանակետին» հասնելուց հետո, կարելի էր պատկերացնել, ինչ ռեակցիա կարող էին առաջացնել թե՛ բուն բազայի կողմից, թե՛ նրա ռուսաստանյան «բոսերի»: Սրանք, սահմանում տեղի ունեցող «նոն ստոպ» դիվերսիաների ֆոնին, նախ` իրենց ՀԱՊԿ արագ արձագանքման զորքերը կուղարկեին Գյումրու «հեղափոխականներին» տեղը դնելու, այն է` «արտակարգ իրադրության հետևանքները վերացնելու», հետո էլ սահմանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ ոտքները մի քիչ կախ կգցեին ու «տոտիկ-տոտիկ» կհասնեին Հայաստանի ռմբակոծվող սահմանները, ասենք` Գորիսով դեպի Լաչին, Կապանով դեպի Մեղրի և այնտեղ կկանգնեցնեին իրենց խաղաղապահներին, մանավանդ որ ՄԱԿ-ի «օրենսդրությամբ» իրավունք ունեն խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՈՒ մեծ կռիվը կպրծներ: Կամ… նոր կսկսվեր:
Դիտարկե՞լ է որևէ մեկը Գյումրու դեպքերի այս վարկածը: Ո՞չ: Իզո՛ւր: Կարո՛ղ էր մնացած վարկածների կողքին սա ևս «նայել»:
Ի դեպ, ռուս փորձագետները վերջերս իրենց հերթին հարկ են համարում Հայաստանի համար «շշնջալ»` եղբա՛յր հայեր, 102-րդ ռազմաբազան Թուրքիայի և ոչ թե Ադրբեջանի համար է Հայաստանում «զետեղված». հետո էլ նույնքան հստակ մեսիջ են ուղարկում Ադրբեջանին, որ ղարաբաղյան պատերազմի դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք է գրավելու, որովհետև Ադրբեջանի հետ նույնպես ռազմավարական «զուգընկեր» է:
Իսկ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամակցություննե՞րը: Չե՛նք հարցնելու մենք, որովհետև ինքներս էլ տեսնում ենք, թե ինչ զենքեր է վաճառում Ռուսաստանը Ադրբեջանին, ինչպես է համառում Պերմյակովին հայկական կողմին տալու հարցում, նկատում ենք, թե Թուրքիայի հետ ինչ «ռազմավարական» շահեր ունի, և հասկանում, որ շատ իզուր է ասում, թե 102-րդ ռազմաբազան Թուրքիայի դեմ է:
Զի աբսուրդ և դեմագոգիա է այդ ամենը: Այդպես է ասվում, որովհետև Ռուսաստանը մտածում է, թե Թուրքիայի կողմից այս պահին հարձակում չի լինի Հայաստանի վրա, հետևաբար ՀԱՊԿ-որեն միջամտելու անհրաժեշտություն նույնպես չկա:
Չնայած այս պահին Թուրքիայի կողմերից Հայաստանի սահմանի մոտ նույնպես ռազմական ուժի շարժ, կուտակումներ կան:
Իսկ գուցե դա և՞ս փոխպայմանավորված է: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Նաև` Թուրքիայի:
Էական չէ: Վիճակը հեշտերից չէ, բայց և վիճակի ճշգրիտ գնահատումն արդեն գործի կեսն է: Մյուս կեսն էլ սեփական ոգուն ու բազկին ապավինելն է: Աստված Մովսեսին ասել է` քո ոտնատեղը քոնն է լինելու:
Իսկ մենք հաղթական «ոտնատեղ» ունենք Ղարաբաղի «առաջին» պատերազմում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ