Տարօրինակ բաներ են կատարվում դեռ չծնված ԵԱՏՄ օրորոցի մոտ: Բատկան այնքան բարձր է գոռում Պուտինի ու Ռուսաստանի վրա, որ չես հասկանում` «հայր-Բատկան» այդ երեխայի ծնողների՞ց է, թե՞ ոչ:
ՈՒ սա դեռ բոլորը չէ. Բատկան գնում է հարևանի տուն ու ասում է Պորոշենկոյին` ինչ ուզում ես խնդրիր, օրերի ընթացքում կկատարեմ:
Իսկ եթե Պորոշենկոն խնդրի «երեխային» իր օրորոցով հանդե՞րձ:
ՈՒ սա էլ դեռ բոլորը չէ. իր հերթին երեկ Կիև էր մեկնել նաև Ղազախստանի «հայրը»` Նուրսուլթան Նազարբաևը` հանդիպելու, բանակցելու Պորոշենկոյի հետ, եթե ոչ օրերի, ապա հաստատ որոշակի ժամկետում վերջինիս «խնդրանքները» կատարելու համար:
ՈՒ սա էլ դեռ բոլորը չէ: «Օրորոցի» շուրջ այս ողջ անցուդարձը, ոչ ավելի-ոչ պակաս, տեղի էր ունենում Մոսկվայում սպասվելիք Եվրասիական միության բարձրագույն խորհրդի նիստից ժամեր առաջ:
Ի՞նչ է ի վերջո կատարվում: Հասկանալի է, թե Լուկաշենկոն, թե Նազարբաևը անչափ կոշտ մաներայով հասկացնում են Պուտինին, որ վերջինս իրենց «ասող» չի լինելու ոչ մի պարագայում, էլ առավել` ԵԱՏՄ-ում, որին իրենք անդամակցում են տնտեսական և ոչ քաղաքական շահերից ելնելով, և այնտեղ թելադրողի դեր Ռուսաստանը չի ունենալու:
Ըստ ամենայնի, վերջիններս հասկանում են, որ իսկապես կասկածի տակ է այդ միության կայացումը` փլուզվող ռուբլու և նավթի գների գահավիժման ֆոնին, ու ոչ մի կերպ չեն ցանկանում մնալ դրա փլատակների տակ:
Իսկ որ ամենակարևորն է` հասկացնում են Պուտինին, որ իրենք երբեք չեն մասնակցելու Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատժամիջոցների գործընթացին, ինչի մասին վերջերս ակնարկել էր Սերգեյ Լավրովը: Եվ այնքան չեն «մտնելու» այդ գործընթացի մեջ, որ բարեկամանելու են ՈՒկրաինայի հետ` «օրերի» ընթացքում նրա բոլոր խնդրանքները իրականացնելու հաշվին: Ընդ որում` իրականացնելու են այդ խնդրանքները եվրոյով և դոլարով: Այդ թվում` Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ժամանակ, ինչի մասին արդեն իսկ հայտարարել է Լուկաշենկոն:
Փաստացի ևս մեկ կարևոր քայլ անելով, արձանագրելով, որ ԵԱՏՄ-ն նույնիսկ տնտեսական միություն չէ: Սա` մեկ: Եվ ապա` տևական ժամանակ, եթե ոչ ընդմիշտ, անիմաստ է խոսել այդ միությունում ընդհանուր վալյուտայի, այն է` ռուբլու գոտի ստեղծելու մասին:
Իսկ մե՞նք, հարցնում եք դուք: Մեզ մխիթարում է այն հանգամանքը, որ դեռևս այդ միության անդամ չենք (անդամությունն սկսվելու է հունվարի 1-ից): ՈՒ մինչ ԵԱՏՄ-ն կսկսի գործել, հնարավոր է աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես դասավորվի, որ ինչպես ժամանակին Վանոն ասաց. «Ղարաբաղը Հայաստանի կազմում մնաց մեր կամքից անկախ», հիմա էլ ԵԱՏՄ-ն չկայանա` «մեր կամքից անկախ»:
Քանզի դիմակայության այն մակարդակը, որն առկա է ինքնին ԵԱՏՄ-ի ներսում, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերադասավորությունների բալանսում… Ձգենք պաուզան. հասկանալի է, չէ՞, որ Արևմուտքը ոչ մի կերպ ոտքը չի քաշելու Ռուսաստանը թուլացնելու, բաժան-բաժան անելու, պատժամիջոցներով ծնկի բերելու իր իդեա-ֆիքսից: ՈՒստի այդ «առճակատումները» հնարավոր են դարձնում նաև նման հեռանկարը:
Ինչին պետք է պատրաստ լինել ամեն րոպե` որևէ մեկի փլատակների տակ չմնալու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ