Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մանդատ պետք չէ

Մանդատ պետք չէ
16.12.2014 | 00:31

Դեկտեմբերի 14-ին պարզվեց, որ Արամ Մանուկյանի վրա դեկտեմբերի 11-ին կատարված հարձակման կասկածյալը Արշակ Սվազյանն է, դեկտեմբերի 12-ին ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծելու կասկածյալները Պարգև և Ռոման Մանուկյաններն են: Հետո էլ՝ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ի գրասենյակ՝ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն: Սուրեն Սարգսյանը ևս ոստիկանություն չի դիմել: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն. ծառայողական քննությունը պարզել է, որ ոստիկանության զորքերի հրամանատարը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները։ Հավելենք, որ «ոստիկանության տարբեր ստորաբաժանումների որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից»: Հարցը փակվա՞ծ է:

Ոստիկանություն չդիմած ազատամարտիկները, սակայն, այդպես չեն համարում, նրանք հավաքվեցին Եռաբլուրում: Ոչ բոլորը, իհարկե, հիմնականում նրանք, ովքեր քաղաքականության մեջ են: ՈՒ մինչ Սասուն Միքայելյանը ասում էր. «Գալով այստեղ՝ մենք պետք է գիտակցենք, թե ուր ենք եկել», ու մտադիր էր նահատակված ընկերներին ու երդվյալներին հաշվետվություն տալ, հիշեցնելով, որ «պատերազմն Աստծո երթն է տվյալ տարածաշրջանում: Մենք հրամանատարներ չենք եղել, այլ գյուղացի մի տղա, ով հայրենիքի պատիվն է պահել: Մեր գլխին Աստծո ձեռք է կպել, որ մենք 50 կամ 100 տարի հետո Աստծուն պատասխան տանք: Մենք այսօրվա Եռաբլուրի համար ևս պատասխան ենք տալու: Պարտավոր ենք, որովհետև նրանք հանգիստ չեն կարող քնել: Մենք նրանց լեզուն ու հոգին ենք»։ Սմբատ Հակոբյանն էլ ասաց. «Մենք այստեղ հանրահավաք չենք անում, մենք այսօր փորձել ենք այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել: Մենք` ազատամարտիկներս, ուզում ենք և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա համար: Բայց մեզ ձեր մանդատն է պետք, մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի այո, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների: Մենք այլևս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին` ոչ իշխանական, ոչ էլ ոչիշխանական թևից չենք հանդուրժելու, որ խաբեն ձեզ»: Ռազմիկ Պետրոսյանն էլ չկասկածեց, որ բոլոր բռնությունները շաղկապված են: «Բոլորիս անունից կոչ եմ ուզում անել. մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միասնական ենք այսօր և զորավիգ ենք կանգնելու մեր ազգին»,- ասաց նա: Հակառակ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ բռնարարքների հաջորդ իսկ օրն առաջիններից մեկն էր հրապարակավ դատապարտել ազատամարտիկի արժանապատվությունը վիրավորելու յուրաքանչյուր դրսևորում և վճռաբար մերժում էր «իրավապահ մարմիններին օգնելու փոխարեն ցանկացած միջադեպ քաղաքականացնելով` հասարակության ու ազատամարտիկների շրջանում պառակտում մտցնելու փորձերը», ու ասել էր. «Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը իր խիստ վրդովմունքն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ և իրավապահ մարմիններից պահանջել է իրենց իրավասությունների շրջանակներում գործուն միջոցներ ձեռնարկել նախկին կամավորականների արժանապատվությունը պաշտպանելու համար՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից»:

ՈՒ՝ ի՞նչ: Դեկտեմբերյան քրեաքաղաքական անցուդարձի հնարավոր տարբերակները.

1. Խնդիրը ներիշխանական է: Հրապարակային էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անհամաձայնությունը ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ. վարչապետը կարևորում էր, ոստիկանապետը՝ առարկում: Խնդիրը իրականում կազմակերպական չէ, այլ կադրային՝ ո՞վ է լինելու ներքին գործերի նախարարը: Ակնհայտ է, որ վարչապետի թեկնածուն ոստիկանապետը չէ (չի բացառվում, որ Արմեն Երիցյանն է): Ոչիշխանական ուժերը խոսուն ինքնամեծարումով իրենց վերագրեցին ոստիկանապետի խոսքերը. «Ես, ըստ մասնագիտության, մարդ եմ, որը տիրապետում է շատ ինֆորմացիայի: Ես գիտեմ՝ ով ինչ է մտածում, ինչ է շնչում»: Իսկ եթե հասցեատերն իրենք չէի՞ն, պատահական չէ, որ Վլադիմիր Գասպարյանը եռյակի հանրահավաքներում վտանգ չի տեսնում ու մինչև 2018-ը իշխանափոխություն չի կանխատեսում: Ընտրություններից առաջ ուժային կառույցների հավասարակշռությունը վերականգնելու փորձ է՝ եթե բանակը չի ստացվում, գոնե ներքին զորքերը պետք է լինեն դեռ չանվանված, բայց հավանական թեկնածուի խրամատում: Կրակելը չեն կրակի, բայց քաղաքական առևտրի տարածք են տալիս:

2. Խնդիրը իշխանություն-ոչիշխանություն դաշտում է և հարուցված է իշխանության կողմից: Աշխատում է քանիցս օգտագործված սցենարը՝ «Հանգիստ մնացեք, եթե չեք ուզում…»՝ սխեմայով: Բայց սա սակավ հավանական տարբերակ է, որովհետև որքան էլ իշխանությունը «հոգեվարք է ապրում», այս պահին շատ ավելի գործունակ է, քան ոչիշխանությունը, որ նույնիսկ միասնական օրակարգ չունի: Իշխանափոխության ուրվականը այս ընթացքով միս ու արյուն կառնի միայն հերթական ընտրություններում, միջանկյալ ժամանակում ոչ ՀՀԿ-ին, ոչ ՀՀԿ նախագահին ոչ բողոքի ալիք է պետք, ոչ սեփական թուլության ցուցադրություն:

3. Խնդիրը իշխանություն-ոչիշխանություն դաշտում է, բայց հարուցված է ոչիշխանության կողմից՝ կանխելու իշխանության ոչ հրապարակային քայլերը իր դեմ և իր անգործունակության մեղադրանքից հասարակության ուշադրությունը հմտորեն շեղելու դեպի իշխանություն: Մտածելու տեղիք է տալիս, որ թիրախը ազատամարտիկներն ու ՀԱԿ-ն են, իսկ բարեգործ ԲՀԿ-ն վերստին ստվերում է:

4. Խնդիրը իշխանության և ոչիշխանության ներսում է միաժամանակ, բայց վերաբերում է ազատամարտիկներին: Երկրապահական քանի՞ կազմակերպություն կա և ո՞ր ուժի հովանու տակ: Ներքաղաքական սրացումների պահին երկրապահը գրեթե ինքնաբերաբար գալիս է առաջին գիծ, ու շատ կարևոր է պարզել, թե ովքեր ու որ խրամատում են: Եվ ընդհանրապես, ի՞նչ մանդատ են ուզում, ումի՞ց, ե՞րբ:

5. Խնդիրը արտաքին քաղաքական է՝ չստացվե՞ց քաղաքական առճակատում, քաղաքական դաշտում չեղա՞ն արտահերթ գործընթացներ, կգործադրենք քրեական խաղաքարտը, որ միշտ էլ անխափան աշխատել է անհրաժեշտ տեղում, անհրաժեշտ պահին:

6. Խնդիրը քրեական է, պատճառները հետաքննությունը կամ կպարզի, կամ՝ ինչպես միշտ:

7. Խնդիր չկա, կա հին հայկական ավանդույթ՝ ձմեռները կրակում են, հետո՝ հրաժարական տալիս, գարնանը վերադառնում են իշխանության՝ նոր դեմքով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. - Եռաբլուրում Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք այսօր կանգնել ենք մի տեղ, որտեղ շիրիմներն են մեզ համախմբում: Ինչի՞, մեր մեջ էդքան մարդկություն չկա՞ր, որ ամեն մեկս մեր ուղիով, մեր ճանապարհով գնացինք: Ես այսօր եկել եմ այստեղ, որ թողնենք այդ քաղաքական պոռնիկներին: Հերիք եղավ»: Ասաց, բայց չեն անի: ՈՒ կլինի նոր գարուն, նոր ամառ, նոր աշուն, նոր ձմեռ, ու նույնը կկրկնվի՝ մինչև անեն: Եվ ոչ միայն հանուն շիրիմների, այլ՝ իրենք իրենց: ՈՒ՝ ԵՐԿՐաՊԱՀ առաքելության, որին մանդատ պետք չէր, երբ մահապարտ էին, ու պետք չէ, եթե անելիք չունեն:

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ