Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՄՆ-ի նեգրական «մայդանացումը» սևամորթ մահմեդականների կատարմամբ

ԱՄՆ-ի նեգրական «մայդանացումը» սևամորթ մահմեդականների կատարմամբ
12.12.2014 | 11:15

Երբ մենք Հայաստանում երբեմն սկսում ենք դատողություններ անել, թե ինչ է այս կամ այն երկրին սպասում, ինչպես և երբ, չգիտես ինչու, մոռանում ենք, որ «մայդաններ», թող որ ոչ հաճախ, տեղի են ունենում նաև տխրահռչակ «համաշխարհային ժողովրդավարության օազիսներում»։ «Ժողովրդավարություն սերմանող» երկրների «գլխանց վարձատրված» գործակալները տեղնուտեղը, ասենք, ֆրանսիական քաղաքների փողոցները ճարակած «հրեղեն խռովությունների» մասին (որոնք, ի դեպ, շատ դաժանորեն, բնավ էլ ոչ ժողովրդավարորեն, ճնշվեցին) խոսելիս սկսում են մեզ համոզել, թե, իբր, «փոխարենը իրենց մոտ չկա կոռուպցիա, և համակարգն աշխատում է»։ Ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել. այդ ո՞նց է «կոռուպցիան բացակայում», եթե, օրինակ, Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի ընթացքում կարելի է «դրամական նվերներ ընդունել»։ Նույնիսկ Լիբիայի նախագահ Քադաֆիի կլանից։ Ո՞նց է «համակարգն աշխատում», եթե Փարիզում բավական է մի փոքր հեռանաս Ռյու դե Ռիվոլլիից, կընկնես մի միջավայր, ուր անգամ ֆրանսիական ոստիկանությունը առանց հույժ անհրաժեշտության մտնել չի ուզում։ Ո՞նց է «համակարգն աշխատում», եթե Լոնդոնի փողոցներում կարելի է հանգիստ մսագործի կացնով սպանել տարաբախտ թմբկահար զինծառայողին, քանի որ վաղուց ի վեր Լոնդոնում էլ կան թաղամասեր, ուր առանց հույժ անհրաժեշտության բրիտանացի ոստիկանները չեն ուզում մտնել։
«Արևմտյան համակարգն աշխատում է» արտահայտությունը միամիտների համար է կամ բացարձակ տխմարների։ Այո, աշխատում է, բայց միայն այն ժամանակ, որ մուրացիկներն ու պարզապես ընչազուրկները, կամ էլ սևամորթները, մահմեդականները, կամ էլ սևամորթ մահմեդականները հանկարծ ոտքի չելնեն ու չփորձեն պայքար սկսել իրենց իրավունքների համար։ Իրական իրավունքների և ոչ թե «սահմանադրության մեջ գրված» և այլն։ Ահա այդ ժամանակ համակարգը սկսում է աշխատել։ Եվ ուղղակի վերցնում ու սպանում է բողոքողներին, լավագույն դեպքում՝ բանտերն ու հոգեբուժարաններն է նետում։ Սա է «համակարգի աշխատանքը» ըստ արևմտյան ժողովրդավարության։ Ժողովրդավարության հենց այսպիսի «համակարգի աշխատանք» է հիմա պատվաստվում ՈՒկրաինայում։ Ահա 2014 թ. դեկտեմբերի 8-ի երեկոյան սրտակեղեք կադրերը. Օդեսայի մի բնակիչ մանկահասակ որդու հետ այցի է եկել այս տարվա մայիսի 2-ի ողբերգության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ դնելու իր ավագ որդու գերեզմանին։ ՈՒկրաինական քաջարի «կարգի» պահապաններն անմիջապես ոլորում են տղամարդու ձեռքերն այն բանի համար, որ նա համարձակվել էր կրծքին գեորգիևյան ժապավեն ամրացնել։ Ֆաշիստաբարո ջարդարարներին չեն զսպում անգամ փոքրիկի աղեկտուր ճիչերը։ Եվ ըստ էության մեղադրելու էլ չեն ուկրաինացի «կարգի պահապանները». չէ՞ որ ՈՒկրաինայում այսպիսի «նոր ժողովրդավարական կարգ» են հաստատել ԱՄՆ-ի խամաճիկները, որ նստած են Կիևի իշխանական աթոռներին։ Բա ի՞նչ եք կարծում։ «Համակարգն աշխատում է»։ Ո՞Ւմ է պետք որդեկորույս հոր հոգու ցավը։ Իրական ժողովրդավարական հասարակությունում այլ կերպ մտածելը խստագույնս արգելված է, և ով խախտի արգելքը, նա «համակարգից դուրս է»։ Եվ ժողովրդավարության կամ պարզապես մարդկային բարոյականության ոչ մի նորմ (օրինակ, գերեզմանոցում չձերբակալել, չէ՞ որ մայիսի 2-ին Օդեսայում սպանվածների հուշակոթողը հենց գերեզմանոց է) ուղղակի նախատեսված չէ։
Մեկ ամսից ավելի է, ինչ «արևմտյան ժողովրդավարության պատվար» ԱՄՆ-ի փողոցներում չի հանդարտվում երկրի սևամորթ կամ այլ «գունամորթ» բնակչության խռովությունը։ Անօգուտ է վիճել, թե ինչից է սկսվել դա և որն է պատճառը։ Մեկը կարող է հաշվարկը սկսել Ֆլորիդայից և «Ցիմերմանի գործից» (2012 թվականի), երբ պարեկախմբի ամերիկացի կամավոր անդամը գնդակահարեց անզեն անչափահաս նեգր Թրեյվոն Մարտինին։ ՈՒրիշները` Ֆերգյուսոնում ¥Միսսուրիի նահանգ¤ ոստիկան Դարեն ՈՒիլսոնի կողմից դարձյալ անզեն անչափահաս նեգր Մայքլ Բրաունի սպանությունից։ Մեկ ուրիշն էլ կսկսի խաղալիք ատրճանակ կրող նեգր երեխայի սպանությունից, որին ամերիկյան ոստիկանները «ահաբեկիչ» էին կարծել։ Բայց արդեն կան նեգրերի մի ամբողջ շարք սպանություններ։ Բարոյապես սպանում է ոչ թե այն, որ սպանությունների բոլոր դեպքերը տեսագրված են և ներկայացված ի տես հանրության։ Բարոյապես սպանում է ԱՄՆ-ի դատական մարմինների ու հենց ոստիկանների կեղծարարությունը, որոնք «կարգի պահապանների» գործողություններում վառ արտահայտված դիտավորյալ սպանության հանցակազմ չեն տեսնում։ Եվ իհարկե, այս պատկերը. տարաբախտ բարձրահասակ Էրիկ Գառները, այն բանից հետո, երբ նրան գետնին են տապալում և խեղդող հնարքով «չեզոքացնում», հազիվ է կարողանում խռխռոցով արտաբերել վերջին խոսքերը. «Ես չեմ կարողանում շնչել»։
Հիմա հենց այս խոսքերն են դարձել ԱՄՆ-ի բողոքող զանգվածների կարգախոսը։ Եվ առաջին հայացքից, կարծես, բողոքողները խոսում են միայն նեգր Գառների ողբերգության մասին, կարծես «հիշողությունից ջնջված լինի» Մարտին Բրաունի ողբերգությունը։ Կամ էլ այն նույն դեռատի աղջկա, որը հոգեկան խանգարում և ասթմա ունի, և որին ոստիկանը դեկտեմբերի 8-ին քիչ էր մնացել խեղդամահ աներ Արիզոնայի նահանգում։ Փախչող աղջկան բռնելու համար կարգի պահապանը, չգիտես ինչու, երկու հարված հասցրեց նրա գլխին, գետին գլորեց, հետո սկսեց խեղդել։ Աղջկա ճիչերին, թե ինքը չի կարողանում շնչել, նա որոշ ժամանակ առհասարակ ուշադրություն չէր դարձնում։ Երեխան փրկվեց միայն ժամանակին օգնության հասած մոր շնորհիվ, որը ոստիկանին համոզեց բաց թողնել դստերը։ Ոստիկանի արարքը տեսահանվել է բջջային հեռախոսով և զետեղվել համացանցում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել։ Նույնիսկ վեց երեխայի հայր Գառներն է անզեն եղել, էլ չենք խոսում ասթմայով տառապող աղջնակի մասին։ Մի տարի առաջ նույն ամերիկյան լրատվամիջոցները տագնապով գրեցին, թե, իբր, սևամորթ դեռահասների շրջանում արագորեն տարածում է գտնում «Նոկաուտ» անվանումով նոր «խաղը»` վազելով հասնել որևէ սպիտակամորթի և անսպասելիորեն հարվածել և նայել` «շունչը կփչի՞ մեկ հարվածից, թե՞ ոչ»։ Ամերիկյան լրատվամիջոցները այդ մահացու «զվարճանքի» տարածման պատճառ են համարում «նեգրերի նկատմամբ ռասայական հանդուրժողականությունը», թե, իբր, տեսնո՞ւմ եք, «սևերը լկտիացել են»։ Բայց ի՞նչ կասեիք «կամավոր» Ցիմերմանի լիակատար արդարացման մասին, պարոնայք։ Այդ դեպքը չէ՞ր, արդյոք, որ սևամորթներին ապացուցեց, որ իրենց «երկրային աստված» Մարտին Լյութեր Քինգը ժամանակին իզուր զոհեց իրեն. Ամերիկան ամենևին չի փոխվել ոչ միայն Կու-կլուքս-կլանի խարույկների, այլև XIX դարի քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր։ Բայց եթե մարդիկ տեսնում են, որ նեգրերի սպանություններն անպատիժ են, ապա պետք չէ զարմանալ, որ որոշ նեգրեր էլ կցանկանան անպատիժ սպանել սպիտակներին։
«Հուզիչ» է մարդասպանների ինքնավստահությունը ԱՄՆ-ում։ Նույն Ցիմերմանը «ներողություն խնդրեց» սպանվածի հարազատներից։ Սպա Պանտալեոն ևս «ներողություն խնդրեց» Գառների ընտանիքից։ Ճիշտ է, մինչ օրս «ներողություն չի խնդրել» Բրաունին սպանողը։ Ասենք, ինչո՞ւ խնդրի որ։ Ամերիկյան դատարաններն առանց այն էլ ի վերջո ազատ են արձակում։ Այստեղ գլխավորը «աշխատող համակարգի» օրենքն է. մարդասպան ոստիկանը անպայման պետք է սպիտակ լինի, իսկ նրա մահացած զոհը` ցանկացած տարիքի նեգր կամ նեգրուհի։
Իմաստ չունի նկարագրելու ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի բոլոր ակտերն ու նույնիսկ այս տարի տեղի ունեցած ջարդերը։ Նույն Ֆերգյուսոնը հիմա մասամբ հիշեցնում է Կիևի կենտրոնը «մայդանի» օրերին, այնպես որ, եթե մեկն ուզում է իր աչքով տեսնել, ապա պարտադիր չէ համացանցում փնտրել հատկապես Ֆերգյուսոնի և ամերիկյան այլ քաղաքների կադրերը։ Նայեք Կիևը` սկսած 2013 թ. դեկտեմբերից մինչև այն պահը, երբ հաղթանակած «աշխատող ժողովրդավարության համակարգը» որոշեց, որ «ժամանակն է փակելու մայդանը»։ Բայց հետաքրքրական է ԱՄՆ-ում տեղի ունեցող ներկա բողոքների, այսպես ասած, բուն ձևաբանական վերլուծությունը։ Անկախ այն բանից, թե երբ և ինչ է տեղի ունեցել (նկատի ունեմ նեգրերի սպանություններն ու մահափորձերը), ելույթների ծայրահեղ լարվածությունը, ինչպես կարելի է նկատել անզեն աչքով, սկսվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում զրկվեց իր կուսակիցների մեծ մասից։ Ահա թե ինչն է ստիպում լրջորեն խորամուխ լինել. իսկ, արդյո՞ք, նեգրերի սպանություններն ու սպիտակամորթ ոստիկանների հետագա արդարացումներն են Ամերիկայում ներկայումս տեղի ունեցող բողոքների շարժիչ ուժը։
ՈՒշադրություն դարձնենք, հենց որ դատավորները, ըստ էության, արդարացրին պոլիցայ ՈՒիլսոնին, բուռն բողոքները ճարակեցին ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգների 150-ից ավելի քաղաքներ, և համատեղ բողոքներ էին տեղի ունենում նույնիսկ Կանադայում։ Այն պատրվակով, թե ոստիկանությունն ի վիճակի չէ վերահսկելու նման զանգվածային գործողությունները, մի շարք քաղաքներում ոտքի հանվեցին տխրահռչակ «ազգային գվարդիայի», ըստ էության` բանակային պահեստայինների ուժեղացված կարգախմբեր։ Եվ նրանք զինված էին` ասես պատերազմ գնալիս լինեին, և ոչ թե հասարակական կարգ պահպանելու։ Երբ դեկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ Մեծ ժյուրին որոշեց մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկան Պանտալեոյի նկատմամբ, Նյու Յորքում շատերը փողոց դուրս եկան իրենց վրդովմունքը հայտնելու և վանկարկում էին Գառների խոսքերը մահվանից առաջ. «Ես չեմ կարողանում շնչել», ազգային գվարդիան չհանեցին։ Թեև հազարավոր մարդիկ էին դուրս եկել, և բողոքի գործողությունն ընդգրկել էր նաև Վաշինգտոնն ու այլ քաղաքներ։
Ակամա հիշողությանդ մեջ արթնանում է... Միխայիլ Գորբաչովի հետ կապված մի վարկած. այդ նա էր, որ վերջին ընտրություններում ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության կրած պարտությունից հետո աշխարհում առաջինը հայտարարեց. Օբաման վերածվեց «կաղ բադի»։ Ամերիկյան քաղաքական բառապաշարի այս հատկանշական արտահայտությունը նշանակում է, որ նախագահը փաստորեն պիտի նստած սպասի իր ժամկետը լրանալուն և ոչ թե կառավարի։ Եվ վերհիշենք, թե ինչպես էին ցնծում հանրապետականներն ու նրանց կողմնակիցները. նրանք չէին թաքցնում, որ հիմա արդեն կզբաղվեն Օբամայի պաշտոնանկությամբ։ Բայց քանի որ Օբամային պաշտոնանկության առաջ կանգնեցնելու լուրջ պատճառ մեծ հաշվով առանձնապես չկա, ապա կա հնարավորություն` «մայդաններ» ԱՄՆ-ի քաղաքներում և հենց Օբամայի բացահայտ շվարածություն։ Չէ՞ որ նա աչքի առաջ զրկվում է իր հիմնական ընտրազանգվածի` սևամորթ ու «գունամորթ» քաղաքացիների համակրանքից ու աջակցությունից։ Եվ նա, պարզվում է, մատը մատին չի խփում. ոստիկանությունը շարունակում է բռնություն գործադրել, դատավորները շարունակում են արդարացնել ոստիկաններին, նեգրերն ու «գունամորթները» շարունակում են բողոքել անզեն մարդկանց սպանությունների դեմ։ Եվ հատկանշական է, որ «կաղ բադ» Օբամայի մասին առաջինը խոսեց ԽՍՀՄ-Ռուսաստանում ԱՄՆ-ի ազդեցության գործակալը հենց... Էլ ով, եթե ոչ նա պիտի իմանար այդ մասին. և հենց նա էլ 1990-91 թթ. «կաղ բադի» դերում էր, երբ նրան կառավարում էին իր ամերիկացի տերերը։
Բայց կա այլ վարկած ևս։ Երևի քչերը կհիշեն նեգրական «Սև հովազներ» կազմակերպությունը։ Նեգրական մի ձախ արմատական կազմակերպություն, որը նպատակ ուներ առաջ տանելու սևամորթ բնակչության քաղաքացիական իրավունքները։ Ակտիվ է եղել ԱՄՆ-ում 1960-ականների կեսերից։ Կազմակերպության պարագլուխները համոզված մաոյական հեղափոխական սոցիալիստներ էին և Չե Գևարայի հետևորդներ։ 1969 թվականին ԱՄՆ-ի ոստիկանությունն անցկացրեց կազմակերպության ոչնչացման մի խոշոր գործողություն, ինչի հետևանքով ոչնչացվեց կազմակերպության 28 ղեկավար, և հարյուրավոր շարքային անդամներ ձերբակալվեցին։ Սակայն հետո պարզվեց, որ «Սև հովազների» ոչ բոլոր անդամներն են ոչնչացվել։ Փրկվածները մտել են այլ խմբավորումների մեջ։ Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա) ստացավ «ինքն իրեն պայթեցրած քաղաք» մականունը։ 1985 թ. մայիսի 13-ին տեղի ոստիկանությունը փորձեց ձերբակալել «անարխա-պրիմիտիվիստական» «MOVE» խմբավորման անդամներին` աղմուկի ու կեղտի պատճառով հարևանների բողոքների կապակցությամբ։ Փոխհրաձգությունից հետո այն տան վրա, որտեղ պատսպարվել էին շարժման մասնակիցները, ոստիկանական ուղղաթիռից նետվեց երկու ռումբ, հրդեհի ճարակ դարձավ հարևան 60 տուն, զոհվեց 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Դատաքննության արդյունքներով, ոստիկանության ոչ մի ներկայացուցչի մեղադրանք չի առաջադրվել։ Հենց «MOVE» խումբն էլ «Սև հովազների» ժառանգորդն էր։
Դեռ այն ժամանակ, երբ դատավորներն արդարացնում էին Ցիմերմանին, հանկարծ իր մասին հայտարարեց «Նոր սև հովազների» կուսակցությունը, որը սպանված սպիտակամորթի համար առաջարկեց 10 հազար դոլար գլխագին։ Այն հարցին, թե արդյոք այդ քայլը բռնություն չի՞ հրահրում, կազմակերպության պարագլուխ Մայքլ Մուհամմադը պատասխանեց. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Ցիմերմանի ընտանիքը սկսեց սպառնալիքներ ստանալ, իսկ ինքը ստիպված էր թաքնվել։ Եվ ահա 2014 թ. դեկտեմբերի հաղորդագրությունը. Ֆերգյուսոնում, Օքլենդում, Սենտ Լուիսում և Բերքլիում նորից իր մասին հիշեցնում է «Նոր սև հովազներ» կուսակցությունը։ ՈՒ նորից հնչում են խոսքեր սպիտակամորթ ոստիկանների գլխագների մասին։ Ավելին, ի տարբերություն Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դեթրոյթում, Վաշինգտոնում և այլուր տեղի ունեցած բավական խաղաղ բողոքների, Ֆերգյուսոնում (օգոստոսին) և Բերքլիում (նոյեմբեր-դեկտեմբերին) ամեն ինչ շատ կիևյան էր։ Օրինակ, Ֆերգյուսոնում բողոքողները կրակ բացեցին ոստիկանական ուղղաթիռի վրա։ Անկարգությունների ընթացքում կալանավորվեց 30 մարդ։ Ոստիկանները ամբոխի դեմ գործադրեցին լուսաաղմկային ռումբեր և արտասվաբեր գազ, ցուցարարները պատասխանեցին Մոլոտովի կոկտեյլներով և հրազենով։ Օգոստոսի 20-ին Ֆերգյուսոնում ոստիկանները գնդակահարեցին ևս մեկ սևամորթի։ Այդ գիշեր անկարգություններից հետո կալանավորեցին 50 մարդու։ ՈՒշադրություն դարձնենք, «Նոր սև հովազների» պարագլուխը հաստատ մահմեդական է, և դա մեզ հիշեցնում է նեգրական «Իսլամի ազգ» կազմակերպությունը և նրա առաջնորդ Լուիս Ֆարրախանին։ Եվ արդեն գաղտնիք չէ, որ Օբաման ինքը «խաղ է անում» «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ կապերով։ Եվ այսպես, ի՞նչ է սա, միջռասայական պատերա՞զմ, համաձայն հենց ամերիկացի ֆուտուրոլոգ Օլվին Թոֆլերի, բայց խիստ դավանականացվա՞ծ։
Կտեսնենք...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ