«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Գնդակը դարձյալ եռյակի դաշտում է

Գնդակը դարձյալ եռյակի դաշտում է
28.11.2014 | 01:29

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել է, թե ընդունում է ոչիշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ: Սա արձագանքն էր եռյակի այն պահանջի, որ իրենց 12 պահանջների շուրջ կառավարության հետ երկխոսությունը պատրաստ են սկսելու ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո:
Նախ, արձանագրենք, որ այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ հնչում է Հովիկ Աբրահամյանի շուրթերից: Նա մի տեսակ ստվերում էր հայտնվել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո, շատ փորձագետներ նույնիսկ պնդում էին, որ հանրապետության նախագահի ու ԲՀԿ-ի առաջնորդի հնարավոր պայմանավորվածությունների քաղաքական զոհերից մեկը լինելու է հենց Հովիկ Աբրահամյանը: ՈՒ հիմա վարչապետը հրապարակավ բոլորին մեսիջ է հասցեագրում, թե ժամանակավրեպ է իրեն «խաղից դուրս» վիճակում դնելը:
Բայց նկատելի է նաև Հովիկ Աբրահամյանի հայտարարության շեշտադրման ու տոնայնության փոփոխությունը: Եթե նախկինում վարչապետը փորձում էր հանդես գալ ինքնավստահ միջնորդի կարգավիճակով ու ներկայանում էր ընդդիմության և իշխանության հաշտարարի դերում, ապա հիմա նա ամբողջովին ասոցացվում է հանրապետության նախագահի հետ՝ պահելով այն քաղաքական գիծն ու նշաձողը, որն ընդդիմությանը վերաբերող վերջին հարցազրույցում սահմանել է Սերժ Սարգսյանը: Թերևս, Արգամիչն իրատեսորեն համարում է, որ իրավիճակ է փոխվել, ու վարչապետի պաշտոնում իր երկարակեցությունը պայմանավորված է ոչ թե միջնորդի քաղաքական կարգավիճակով, այլ Սարգսյանին անվերապահ հավատարմությամբ:
Հիմա գանք Հովիկ Աբրահամյանի ասածի բովանդակությանը:
Նա չի ասում, թե պատրաստ են կատարելու ընդդիմության պահանջները և անցնելու 100- տոկոսանոց համամասնական համակարգին: Վարչապետն ընդամենն ակնարկում է, որ հարցը կարող են քննարկել, ընդդիմության բարձրացրած պահանջին համաձայնել կամ ոչ: Իսկ քննարկման ձևաչափն ամբողջ աշխարհում հայտնի է՝ դա երկխոսությունն է:
Հիմա գնդակը գտնվում է եռյակի դաշտում:
Եթե ընդդիմությունը չի ընդունում վարչապետի առաջարկն ու գնում է ԸՕ-ն բարեփոխելու հարցով խորհրդարանի արտահերթ նիստի միակողմանի նախաձեռնմանը, ապա դա նմանվում է վերջնագրի, որը քաղաքական հարաբերություններում ընդունված լեզու չէ: Բացի այդ, եթե եռյակը գնում է առճակատման, ապա պետք է դրա համար ունենա ռեսուրսներ, հասարակական ճնշման գործիք, սակայն, դատելով առնվազն ԲՀԿ-ի մարտավարությունից, հանրահավաքային շարժմանը դադար է տրված:
Եթե եռյակն ընդունի վարչապետի առաջարկը, ըստ ամենայնի, իշխանությունը ընդդիմությանն առաջարկելու է ընտրական համակարգի հարցը դիտարկել սահմանադրական փոփոխությունների համատեքստում:
Այնպես որ, եռյակն իր ներքին հակասությունները մի կողմ թողնելու և լուրջ խորհելու առիթ ունի:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ