Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կասպից ծով, Աստրախան և Աստրախանից հետո. Հայաստանի իշխանությունների գործերը շատանում են

Կասպից ծով, Աստրախան և Աստրախանից հետո. Հայաստանի իշխանությունների գործերը շատանում են
21.10.2014 | 00:01

Վերջին շաբաթների իրադարձությունների առատությունը կարծես «կադրից դուրս» թողեց մի շատ կարևոր տարածաշրջանային միջոցառում, որն անմիջական նշանակություն ունի նաև Հայաստանի ու Արցախի համար։ Սեպտեմբերի վերջին Աստրախանում տեղի ունեցավ մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը, որի որոշումները ոչ միայն տպավորիչ են, այլև հիրավի հեղափոխական. ու ինչ-որ տեղ` հուրախություն, ինչ-որ տեղ` ի ցավ, սակայն Կասպից ծովին նվիրված աստրախանյան գագաթնաժողովի պտուղները արդեն սկսում են երևալ, խոստանալով ամենամոտ ապագայում դառնալ տարածաշրջանային քաղաքականության ու ռազմավարության գերիշխող գործոն։
Նախ` արդյունքների մասին։ Հակիրճ ասած` Աստրախանում գրանցվեց Կասպից ծովի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետների և ընդհանուր առմամբ մերձկասպյան ավազանում ԱՄՆ-ի ռազմավարության պարտությունը։ Կասպյան գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրին մի քաղաքական հայտարարություն, ուր առաջին անգամ մատնանշում են Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ ապագա պայմանավորվածությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ արդյունքն անվանեց «անհրաժեշտ և ընդունելի փոխզիջումներ, որոնք համապատասխանում են «բոլոր կողմերի երկարաժամկետ շահերին»։ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, փաստորեն, պատրաստ է, և Ռուսաստանի ու Իրանի ղեկավարները չէին թաքցնում իրենց գոհունակությունը. նրանք Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի իրենց պաշտոնակիցներին բացահայտորեն մղում էին այդ փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը։ Կասպյան բոլոր հինգ երկրների առաջնորդները պայմանավորվածության եկան ծովային տարածության նկատմամբ կողմերից յուրաքանչյուրի ազգային ինքնիշխանության սկզբունքների շուրջ. առափնյա գծից 15-մղոնանոց գոտու և 10 ձկնորսական մղոնի սահմաններում, որոնց հետևում է ընդհանուր ծովային տարածությունը` այն իմաստով, որ ելման տվյալները սահմանելիս մեթոդների կիրառումը կլինի կողմերի հետագա քննարկումների առարկա։ Ընդգծենք, ծովի և շելֆի պաշարների ընդհանուր օգտագործմամբ։
Աննախադեպ բան է։ Չէ՞ որ դա նշանակում է, որ Ադրբեջանն ընկրկել է իր կոշտ դիրքերից և հիմա ստիպված կլինի «հանձնել» ծովի նավթի ու գազի այն հանքավայրերը, որոնք գտնվում են նրա 15-մղոնանոց ինքնիշխան գոտու սահմաններից դուրս։ Մասնավորապես, Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել «Սերդար» նավթահանքի հանդեպ հավակնություններից, մեծ հարցականի տակ է հայտնվում «Շահ-Դենիզ» գազակոնդեսատի հանքը, որից Բաքուն մտադիր էր «Անդրանատոլիական» (TANAR-TAP) գազամուղով, Թուրքիայի տարածքով գազը հասցնել Արևմուտք։ Ամեն ինչ հարթ չի լինի նաև «Չիրաղ» և «Գյունեշլի» հանքավայրերի հարցում, որոնք վաղուց հանձնվել են ամերիկացիներին, անգլիացիներին ու նորվեգացիներին։ Համենայն դեպս, արևմտյան ֆիրմաներն ստիպված կլինեն հաշվի նստել այն բանի հետ, որ, այսպես կոչված, «ադրբեջանական» հանքավայրերի մեծ մասին հիմնավորված կերպով հավակնում էին Իրանն ու Թուրքմենստանը։ Աստրախանի գագաթնաժողովից առաջ Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները չէին թաքցնում, որ գործելու են միասնական ճակատով։ Հիմա, երևի, Թեհրանում և Մոսկվայում ոչ միայն գոհ են արդյունքներից, այլև գերգոհ։ Եվ հարցը միայն Կասպից ծովի ապագա կարգավիճակը և 15-մղոնանոց ինքնիշխան գոտու սահմանումը չէ։ Չէ՞ որ հինգ երկրները քննության առան նաև տարածաշրջանային անվտանգության ռազմական բաղկացուցչի հարցը։
Այսպես, ուրեմն, մերձկասպյան հինգ պետությունների ղեկավարները պայմանավորվեցին Կասպից ծովում սպառազինությունների կայուն հավասարակշռության և «խելամիտ բավարարության» սահմաններում ռազմական շինարարության սկզբունքների շուրջ, «հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, առաջնորդվելով միմյանց անվտանգությանը վնաս չպատճառելու նկատառումով»։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվեցին նաև «ռազմական գործունեության ասպարեզում վստահության համաձայնեցված միջոցառումների պահպանման սկզբունքների շուրջ, ելնելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման ուղղությամբ ընդհանուր ջանքերի գործադրման անհրաժեշտությունից»։ Վերջապես, ամենագլխավորը. մերձկասպյան պետությունների ղեկավարները հավաստեցին նաև ավելի վաղ համաձայնեցված սկզբունքը` «Կասպից ծովում չեն կարող գտնվել կողմերին չպատկանող զինված ուժեր»։ Այս կետում, փաստորեն, արձանագրված է ոչ միայն Ադրբեջանի պարտությունը, այլև այն երկրների, որոնք 1992-ից ի վեր կանգնած են եղել Բաքվի վարչակազմի թիկունքին։ Խոսքը Թուրքիայի, Իսրայելի ու ԱՄՆ-ի մասին է։ Օրինակ, Աստրախանից առաջ մի երկու ամսվա ընթացքում Միջին Ասիայի փորձագետները մի քանի վերլուծություն հրապարակեցին, որոնցում, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, հաղորդում էին, թե Ադրբեջանը պատրաստվում է, հրապարակայնորեն կամ քողարկված, ՆԱՏՕ-ի զորքեր կամ միայն ամերիկյան զինվորականներ տեղաբաշխելու իր տարածքում։ Հենց նրանք էլ, արդեն կասպյան գագաթնաժողովից հետո, պնդում էին, թե անմիջականորեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմից Մոսկվայում պտտվում են որոշակի անձինք, որոնք մոսկովյան խմբագիրներին հորդորում են խոշոր գումարների դիմաց հանել մերկացուցիչ հոդվածները համացանցային կայքերից։ Ինձ համար դժվար է հասկանալ, թե հիմա դա Բաքվի ինչի՞ն է պետք. բայց չեմ փորփրի մեր վախկոտ հարևանների քայլերի ու արարքների մեջ տրամաբանության բացակայության «ծալքերը»։
Մերձկասպյան տարածաշրջանում և Արևելյան Անդրկովկասում Ադրբեջանի և Վրաստանի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների բազայի վրա «պատրաստի» զորախմբով ռազմաքաղաքական դաշնախումբ կազմելու ԱՄՆ-ի և Թուրքիայի ձգտմանը հասցված հարվածն ավելի քան ակնհայտ է։ Մնում է միայն գուշակել, թե ինչո՞վ կարող էին շանտաժի ենթարկել և ինչպես կարող էին «համոզել» Իլհամ Ալիևին Ռուսաստանի և Իրանի նախագահները, քանի որ հենց նրանք էլ բացահայտորեն տոն էին տալիս Աստրախանի գագաթնաժողովում։ Սակայն այդ պայմանավորվածություններից բխող անուղղակի արդյունքները նույնպես արդեն հայտնի են։ Այսպես, Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը կասպյան գագաթնաժողովի ավարտի հենց հաջորդ օրը հայտարարեց, թե շուտով կանցկացվեն առաջին հնգակողմ համատեղ ծովային զորավարժությունները։ «Ի զարգացումն համաձայնագրի, մենք կկազմենք գործողությունների ու միջոցառումների հստակ համատեղ կոնկրետ պլան, նպատակ ունենալով բարձրացնել արագ արձագանքման ստորաբաժանումների պատրաստականությունը, փոխգործակցությունը` արտակարգ իրավիճակների մոնիթորինգի և կանխատեսման, մասնագետների ուսուցման և նախապատրաստության, նոր տեխնոլոգիաների արմատավորման ասպարեզում»,- նշեց Պուչկովը։ Իսկ Իրանը, որը, ըստ էության, անվտանգության որոշակի երաշխիք է խոստանում «կասպյան թիկունքից», հենց տեղնուտեղը շատ ավելի կոշտ ու վճռական հայտարարեց Իրաքի իրադրության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Ահմեդ-Ռըզա Փուրդաստանը հայտարարեց, որ եթե «Իսլամական պետության» բանդիտները մոտենան Իրանի սահմաններին, իր երկրի զինված ուժերը վահաբական ահաբեկիչներին հարված կհասցնեն հենց Իրաքի տարածքում։ ՈՒ նորից մտորումների սնունդ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի ռազմավարների ու զինվորականների համար, որոնք, ըստ էության, շարունակում են հոգ տանել Իրաքում և Սիրիայում վայրագություններ անող «Իսլամական պետության» մարտական խմբերի չոչնչացման մասին։ Միաժամանակ` գեներալ Փուրդաստանի հայտարարությունները նաև ռեբուս են իրաքյան քրդերի ղեկավարության համար. իրանական զորքերի պաշտոնական ներխուժումն Իրաք կնշանակի, որ Իրաքի Քրդստանի տարածքն ամենակարճ ժամանակում կօկուպացվի Իրանի կողմից, և քրդերը, այնուամենայնիվ, ստիպված են իրենց ռազմավարական ընտրությունը կատարել։
Ինչպես ասում են, Ադրբեջանի և Թուրքիայի ամեն մի անհաջողություն կամ Իրանի ամեն մի հաջողություն առնչվում է նաև մեզ` հայերիս։ Պաշտոնական Թեհրանի դիրքերի ամրապնդումը, իսկ դա տեսնում են նաև Միջին Ասիայում, նույնիսկ, թվում է, թե Իրանից և իրանական նախաձեռնություններից քիչ կախում ունեցող Ղազախստանում, Ադրբեջանին ու Թուրքիային և «նրանց ստվերում» կանգնած ԱՄՆ-ին ու Իսրայելին սպառնում է լիակատար հեռացում ոչ միայն Մերձկասպյան գոտուց և Արևելյան Անդրկովկասից։ Այսպես, Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սանաթ Կուշումբաևը վստահ է, որ Իրանը կդառնա «համար մեկ դերակատարը» թե՛ Աֆղանստանում, թե՛ Միջին Ասիայում, էլ չենք խոսում Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի մասին։ Նա արդարացիորեն նշում է, որ Թեհրանն այժմ ձգտում է ոչ միայն դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ, այլև ուզում է միանալ թե՛ Մաքսային միությանը, թե՛ BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ)։ Հայտերն ավելի քան պատկառազդու են։ Իսկ դրանց իրացումը արմատականորեն կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջը, ինչ տեսակետից էլ նայելիս լինես։ Վերանում է Ադրբեջանի և Թուրքիայի գործոնի ամեն տեսակի նշանակալիություն և արժեքավորություն ոչ միայն ամբողջ Անդրկովկասի, այլև մոլորակի մի շարք այլ կարևոր տարածաշրջանների համար։
Ավաղ, իսկ հիմա կպրատակառների մասին։ Օրերս հաղորդում եղավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մտափոխվել է և, իբր, «անձնական պատճառներով» չի մեկնելու Բաքու և Երևան։ Պետք չէ չարախնդալ կամ չարախոսել, եթե չի ստում պարոն ՈՒոռլիքը, Աստված տա, որ նա հաջողությամբ և առանց կորուստների լուծի իր «հույժ ընտանեկան խնդիրները», ընտանիքը սրբություն է։ Սակայն գոնե միառժամանակ չի լինի մեկը, որ «առաջ մղի» տխրահռչակ «ՈՒոռլիքի սկզբունքները», իսկ դա, անկասկած, դրական է։ Ցավոք, այդ դրականը էապես հարամվեց... Ռուսաստանի քայլերով։ Աստրախանի գագաթնաժողովից երկու շաբաթ անց Բաքու մեկնեց, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Հանդիպումներ ու բանակցություններ ունեցավ ոչ միայն իր ադրբեջանցի պաշտոնակցի, այլև Ի. Ալիևի հետ։ Առաջին հայացքից կարծես հիմնականում խոսքը Կասպից ծովում ռազմածովային համագործակցությանն է վերաբերել` ի զարգացումն Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Պլանավորել ենք 2015 թ. անցկացնել մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ։ Դրանց ընթացքում կփորձարկենք նավագնացության պաշտպանության, ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարության և մարդասիրական օգնության ցուցաբերման գործողություններ,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։- Կզարգացնենք նաև Կասպից ծովում համագործակցության մյուս ուղղությունները։ Մասնավորապես ծովագնացության և վերջրյա իրադրության մասին տեղեկությունների փոխանակման ասպարեզում, նպատակ ունենալով համատեղ դիմակայել հանցավոր խմբավորումների օրինազանց գործողություններին»։ Նրա ասելով, կշարունակվի ռազմանավերի փոխայցելությունների (մուտքերի) պրակտիկան. «Եկող տարի ծրագրում ենք Կասպյան տորմիղի ռազմանավերի մի ջոկատի այցելություն Բաքվի նավահանգիստ»։
Ինչպես ասում են, Աստված ձեզ հետ, զարգացրեք ձեր «փոխգործակցությունը Կասպից ծովում», ինչքան կուզեք։ Բայց, ախր, բանակցություններն առնչվել են նաև այլ մատերիաների, որոնց հանդեպ անտարբեր չենք մենք` Հայաստանում, անտարբեր չէ Արցախը։ Ադրբեջանցիները համառորեն խոսել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին։ Ավելի պարզ ասած` Ռուսաստանից ռազմական մատակարարումների ավելացման մասին։ Եվ, ինչպես երևում է, Շոյգուն համաձայնել է։
Զուր չէ, որ Ռուսաստանի նախարարի այցից հետո Բաքուն անմիջապես հայտարարեց, որ 2015 թ. պաշտպանական ծախսերը 3,1 %-ով ավելի շատ կլինեն, քան 2014 թ. և կկազմեն բյուջեի բոլոր միջոցների 17,9 %-ը։ Եվ արդեն խոսակցություններ կան, որ Ապշերոնը մտադիր է Ռուսաստանից գնել ևս 5 մլրդ դոլարի տեխնիկա և սպառազինություն։ Ավելին, կողմերը կարծես պայմանավորվել են վերսկսել ադրբեջանցի կուրսանտների ընդունելությունը Ռուսաստանի ռազմական բուհերում, և կկատարվեն սովորողների ու պրակտիկանտների փոխանակություններ։ Իսկ Մոսկվայի ինչի՞ն են պետք այդ զինամատակարարումներն Ադրբեջանին։ Ես դժվարությամբ կհավատամ, թե Ռուսաստանի ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, թե Ադրբեջանը երբեք չի փորձի ՌԴ-ից գնված ռազմական տեխնիկան և մյուս զինատեսակներն օգտագործել հենց Հայաստանի և Արցախի դեմ։ Անկեղծ ասած, ես դրան չեմ հավատում, ինչպես որ չեմ հավատում այն բանին, թե նման քայլերով Մոսկվան Ադրբեջանը «կպոկի» Թուրքիայից կամ էլ նույն ԱՄՆ-ից ու Իսրայելից։ Բավական է նայել, թե նավթի ու գազի ոլորտների ներդրումների քանի տոկոսն են ապահովել ԱՄՆ-ը, Իսրայելը, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հրեական համայնքները և այլն, և այլն։
Միգուցե Ռուսաստանը դրանով «վարձահատո՞ւյց» է լինում Ադրբեջանին` Աստրախանի գագաթնաժողովում Կասպից ծովի հարցում կատարած զիջումների համար։ Սա չենք բացառի։ Առավել ևս, որ հոկտեմբերի 16-ին նույն Շոյգուն ԱՄՆ-ի Պենտագոնին ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանի սահմանների մերձակայքում «ռազմական գործողությունների սցենարներ փորձարկելու» մեջ։ Իսկ դա թե՛ Կասպից ծովն է, թե՛ հենց անմիջականորեն Ադրբեջանը։ ՈՒ դժվար էլ է պատկերացնել, թե, իբր, ՌԴ զինված ուժերն ի վիճակի չեն մի քանի ժամում խափանելու Ադրբեջանի տարածքից կատարվող ցանկացած ներխուժում, և հասկանալի չէ, թե ինչու են Մոսկվայում կարծում, թե Ադրբեջանի կողմից ռուսական Հյուսիսային Կովկասի դեմ ռազմական սադրանքներ չկազմակերպելու լրացուցիչ երաշխիքները պետք է «ձեռք բերել» Հայաստանի և Արցախի անվտանգությունը վնասելու հաշվին։ Եվ, ի վերջո, Հայաստանն արդեն ամենայն անմիջականությամբ հաստատ Ռուսաստանի հետ է կապված պաշտպանության և անվտանգության հարցերով` ինչպես երկկողմ «Մեծ պայմանագրի», այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ ՈՒ թվում է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես պարտավոր են, և նույնքան բաց ու ցուցադրաբար, որքան պարոն Շոյգուն Բաքու կատարած այցի ժամանակ, Ռուսաստանից երաշխիքներ պահանջել անշեղորեն կատարելու ռազմական համագործակցության և օգնության այն երաշխիքները, որ վավերագրված են ինչպես «Մեծ պայմանագրում», այնպես էլ ՀԱՊԿ-ի մասին պայմանագրում։ Ի միջի այլոց, թշնամուն կամ հնարավոր ագրեսորին չզինելու պարտավորությունը նույնպես Ռուսաստանի ու Հայաստանի փոխադարձ պարտավորություններից է։ Միգուցե Մոսկվայում, այնուամենայնիվ, «մոռացել են» արդեն, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ամենաուղղակի թշնամին է։ Ի՞նչ արած, ուրեմն Հայաստանի իշխանությունների պարտքն է ամենասեղմ ժամկետներում «հիշեցնել» այդ մասին։
Ավելացնենք նաև` ադրբեջանցիներին ռուսական զինվորական բուհեր ընդունելն է ռիսկ։ Իսկ կկարողանա՞ն, արդյոք, ռուսական զինվորական և այլ իշխանությունները երաշխիքներ տալ ՌԴ բուհերում ուսանող հայ կուրսանտներին, որ ռուսական տարածքում չի լինի մի «ռամիլ-սաֆարով»։ Թե՞ Մոսկվայում ինչ-որ մեկը մտածել է, որ Հայաստանում մոռացել են Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «վրիպումը» և հայ սպա Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանությունը։ Ռուսաստան, մենք ոչինչ, բացարձակապես ոչինչ չենք մոռացել։ Եվ պետք չէ «Եվրասիական տարածություն» խաղի պատճառով հիմա փորձել մեզ համոզել, թե «ադրբեջանցիները լավն են, մեր ու ձեր եղբայրները»։ Չապաշխարած հանցագործը մնում է հանցագործ, թող որ իբրև ոմանց «խնամի-բարեկամ»։ Այնպես որ, այս հարցն էլ է մեր իշխանությունների «վզից կախված», իսկ ավելի կոնկրետ` պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության։ Պետք չէ սպասել 2015-ի հունվարի 1-ին. Ադրբեջանի ռուս բարերարների հետ աշխատանքը սկսել է պետք հենց հիմա։ Ահա այս է Աստրախանում տեղի ունեցած կասպյան գագաթնաժողովի արդյունքների ամբողջ համակազմը. երկիմաստ են դրանք, անգամ «եռատակ»։ Եվ Հայաստանի ու Արցախի համար ժամանակը, հաստատ, չի սպասում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ