Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մենք մոռացել ենք իրական Հայաստանը

Մենք մոռացել ենք իրական Հայաստանը
07.10.2014 | 00:51

Գուցե մենք ապրում ենք Հայաստանի վերջին անկախ հոկտեմբերը: Իրենց պատմությունից դասեր չառնողների համար պատմությունը ցուցադրական դասեր է կազմակերպում՝ կրկնելով այնքան, մինչև քանակը որակ տա: Նշանակություն չունի, թե քանի սերունդ է այդ ընթացքում քանակ ծառայում: Մենք անցյալը հասկանում ենք երեկվա օրը, ամենաշատը՝ մի շաբաթ առաջ: Մի ամիս առաջն արդեն մեզ հետ կապ չունի: 100 տարին ընդհանրապես նախնադար է, որտեղ մենք մենք չենք: Եթե հիմա պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100 տարին նշել, պիտի պատրաստ լինենք նաև 100 տարի առաջ ու 100 տարում տեղի ունեցածի իմաստն ընկալել: Մինչդեռ պատմությունը մեզ համար դիպաշար է, որտեղ ով ասես կարևոր է, մենք՝ ոչ: 1915-ի ցեղասպանության հնարավոր դառնալու պատճառները հասկանալու համար մենք չպիտի՞ հասկանանք, թե մենք ի՞նչ էինք անում, ինչո՞ւ ու ինչպե՞ս: Հետո անդրադառնանք ամբողջ աշխարհին: Մենք նույնիսկ վերջնական եզրակացության չենք եկել՝ ցեղասպանությունը վերաբերում է միայն 1915-ի՞ն, թե՞ 1909-ից սկսվեց, Ադանայի կոտորածներո՞վ, թե՞ ավելի վաղ՝ 1898-ին սուլթան Աբդուլ Համիդի օրոք, կոտորածով ու աքսորով ավարտվեց 1915-ի՞ն, թե՞ շարունակվեց 1918-ին Վանի անկումով, հետո Կարսի, 1920-ին էլ ու մինչև 1923-ը: 1914-ը հայ ժողովրդի պատմության մեջ ի՞նչ տարի էր, կա՞ր աղետի կանխազգացում, թե՞ ուղտի ականջում էինք, իսկ սամումն անապատում սկսվել էր: Ինչո՞ւ 1912-ին ձախողվեցին արևմտյան բարենորոգումները Արևմտյան Հայաստանում: Դա ազդանշա՞ն չէր, որ երիտթուրքերը հայկական հարցի լուծման իրենց տարբերակն ունեն, իսկ Եվրոպան՝ իր: Գոնե 2014-ը չէ՞ այն ժամանակը, երբ պիտի հասկանանք՝ ի՞նչ էր գրում Հովհաննես Թումանյանը, ի՞նչ էր գրում Վահան Տերյանը: Լևոն Շանթն ի՞նչ էր ուզում: Նիկոլ Աղբալյանը ինչո՞ւ էր գրաքննադատությունը թողել՝ քաղաքականություն մտել: Եթե 2015-ին էլ ապրենք նույն իրավագիտակցությամբ, 2088-ին մեր ժառանգները սկսելու են հայաստանյան շարժում, բայց հարց է՝ 2091-ին կհասնե՞ն անկախության: Եթե հասնեն՝ քանի՞ քառակուսի կիլոմետրի վրա: Քաղաքական բայղուշությունն ու աղետի կանխատեսումների մենաշնորհը թողնում եմ նրանց, ովքեր այսօրը տեսնում են միայն այսօրվա մեջ ու ցանկություն չունեն երեկվա ու վաղվա աչքերին նայելու: Նրանք զբաղված են ինքնախաբեությամբ, որ հաջողությամբ վերածում են հասարակության խաբեության: Եվ հասնում են առավելագույն հաջողության, որովհետև հասարակության ընդհանրական միտքը չի արթնանում լեթարգիական քնից, եթե արթնանում է՝ Ստիքսի ափերին էլ դեգերում է՝ առավելագույն խիզախություն համարելով քննարկելը՝ մեզ Եվրամիությո՞ւնն էր պետք, թե՞ Եվրասիական միությունը: Հասարակության ընդհանրական միտքը այնքան է լեթարգիական քնի մեջ ու այնքան է ապավինում հասարակական ամնեզիային, որ այս հունիսի իրադարձությունները այս հոկտեմբերին հերքվում են, ու՝ ոչինչ: Ոչ ոք չի ասում՝ դուք ստում եք: Նույնիսկ նրանք, ովքեր ոչ թե գործով վկա, այլ գործող անձ էին: Երբ հունիսի 19-ին արտահերթ նիստով ԱԺ-ն քննարկում էր կառավարության ներկայացրած շրջանառության հարկի մասին օրինագիծը, թե՛ Միքայել Մելքումյանը, թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ Լևոն Զուրաբյանը, թե՛ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը ներկայացրել են օրինագծի ընդունման հնարավոր վտանգներն ու հետևանքները: Ասել են ավելին, քան ասվում է այսօր: Իսկ հետո օրինագիծն ընդունվել է 95 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով: Իրավունք ունի՞ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր կառուցած դահլիճում հոխորտալ պատգամավորների վրա, «արա»-ով դիմել նրանց, որ հիմա իրենից են պատասխան պահանջում իրենց ընդունած օրենքի համար: Փաստորեն ունի, եթե առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, այլ քաղաքական կոնյունկտուրայով: Ի վերջո, դեռ չորրորդ գումարման խորհրդարանից ԲՀԿ-ի սուրբ առաքելությունը վարչապետի հրաժարականն էր: Լավ, հեռացավ Տիգրան Սարգսյանը, արդեն քառյակով բարեհաջող վարչապետ դարձրին Հովիկ Աբրահամյանին, նրանից ի՞նչ են ուզում: Ո՞վ է ո՞ւմ խաբել, քաղաքական պայմանավորվածությունները առաջինն ո՞վ է խախտել:

Եթե չեն խախտել, եթե միայն ՀՅԴ-ն չի շարժվում քաղաքական խաղի կանոններով, ինչո՞ւ են մարզից մարզ ընկել եռյակի ուժերը ու երկուսը իշխանափոխություն են պահանջում, երրորդը համառորեն չի առարկում: Նրանցից ո՞վ ի՞նչ է հասկանում իշխանափոխություն ասելով: Վարչապետի՞ հրաժարական, խորհրդարա՞ն ցրել, նախագահի՞ հրաժարական: Երեք օղակներից ամենաթույլը վարչապետն է՝ բյուջեն չի կատարվում՝ նախատեսվածից 7-8 մլրդ դրամով պակաս է հավաքագրվել, սոցիալական բողոքներին ավելանում են քաղաքականները: 100 օրն անցել է, կառավարության ցուցանիշները չեն մոտենում այն պահանջներին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրեց՝ գործողությունների մեծ ազատություն տալով նոր կառավարությանը: Իսկ մեղավո՞ր է Հովիկ Աբրահամյանը: Բնականաբար՝ ոչ: Նրա խնդիրը քաղաքական ստատուսը պահելն էր, ո՛չ տնտեսությունը: Ի վերջո, մարդն առաջին իսկ օրից ասաց, որ նոր կառավարության խնդիրը աշխատատեղ ստեղծելը չէ: Պայմաններ ստեղծելն է: Իսկ պայմանները, ով էլ լինի վարչապետ, այս պայմաններում չեն ստեղծվի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամեն ինչ ճիշտ է անում, նա մեղավոր չէ, որ իրեն սխալ են հասկանում: Որ, չգիտես ինչու, իրենից իրավիճակ փոխել են սպասում, տնտեսական աճ, տնտեսության նորմալ գործառնություն ապահովող օրենքներ: ¥Ի վերջո, օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովինը պիտի լինի, ոչ թե նաև կառավարությանը, որ իրեն ինչ ու ինչպես պետք է՝ գրի-բերի թե՝ ընդունեք, չընդունեք՝ երկիրը վարի կգնա¤: ՈՒ նույնիսկ սպասում են՝ քաղաքակիրթ վերաբերմունք: Ո՞Ւմ: Նրա՞նց, որ օրումեջ խոսք ու տեսակետ են փոխում: Որ դահլիճում ու դահլիճից դուրս տարբեր խնդիրնե՞ր ունեն, ինչն էլ Հովիկ Աբրահամյանին նրանց «անձնական կյանքում օպոնենտ լինելու» հնարավորություն է տալիս: Որ Հովիկ Աբրահամյանը սպառնում է երկրորդ մարտի 1-ով, որ նույնն է, թե հանձն է առնում առաջինը, իսկ հետո սկսում է տեղնուտեղն արդարանալ, թե իրեն ճիշտ չեն հասկացել: Լուրջ չէ: Եվ արդար չէ, որ Հովիկ Աբրահամյանին ոմանք չեն սիրում: Հայաստանում, Եվրոպայում, Ռուսաստանում: Եվրոպայում չեն էլ տեսնում, որ սիրեն կամ չսիրեն: Ռուսաստանում Հայաստանի ո՞ր վարչապետին են սիրել: Նրանք իրենց բոլոր ողջ ու հանգուցյալ վարչապետերից էլ միայն մեկին են ընդունում: Կռահեցիք՝ նրան, որ այսօր նախագահ է: Ռուսներն այդպիսին են՝ ամեն ինչի մեջ նախորդ հանցավոր ռեժիմն է մեղավոր: Ռուսական քարոզչամեքենան ակտիվորեն սկսել է «բացահայտել» ու «դատապարտել» Բորիս Ելցինի սխալները, մասնավորապես՝ Բելովեժյան թավուտում ԽՍՀՄ-ը փլուզելը: Եթե այս տեմպերով շարունակվի, Կրեմլը պարզելու է, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվել, որովհետև թավուտում եղել են երեքով, իսկ ԽՍՀՄ-ը, եթե հիշում եք, 15 եղբայրների անխախտ միություն էր: Չեն հարցրել մյուսներին, ուրեմն՝ սխալ են եղել, սխալը ուղղելու հնարավորությունը Բելովեժյան թավուտը չեղյալ հայտարարելն է, ձևը՝ Մինսկում Եվրասիական միությանը նոր կյանք հաղորդելը: Բայց… «Բայց»-երը Կրեմլին չեն պակասում: Չէ, Հայաստանը չի առարկում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի Մինսկում՝ կազմ-պատրաստ: Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը ձևավորված է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցել է վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը: Բայց խնդիրը հենց Լուկաշենկոն է: ՌԴ նախագահը ստորագրել է ԵՏՄ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Բելառուսը պետք է վավերացներ այսօր, բայց բելառուս փորձագետներն ասում էին, որ Մինսկը, ելնելով կանոնակարգից, պարզապես չի հասցնի: Իսկ խորհրդարանի խոսնակն էլ ասել է, որ եթե Մոսկվան չլուծի «հարկային մանևրի» հարցը, որից Բելառուսը տարեկան 1 միլիարդ դոլարի վնաս է կրում, վավերացումը հարցականի տակ է: ՌԴ-ն Բելառուսին 10 միլիարդ դոլար վարկ տվեց ատոմակայան կառուցելու համար, բայց Լուկաշենկոյի համար դա քիչ է: Հոկտեմբերի 9-ին Մինսկ է ժամանելու Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ բանակցություններ վարելու հարկերի վերաբերյալ: Իսկ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր պաշտոնական այցով, պատվիրակությամբ մեկնել Բելառուս՝ խորացնելու ադրբեջանաբելառուսական համագործակցությունը՝ հանդիպելով Բելառուսի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է համաձայնագիրը, Պուտինը պատահաբար չէր մեկնել Աստանա: Ստորին պալատը վավերացրել է, բայց կա վերին պալատը, կա նախագահը, որ պետք է ստորագրի համաձայնագիրը: Իսկ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 9-ին մեկնելու է Բրյուսել՝ արագացնելու Եվրամիության հետ առևտրի ու ներդրումների ազատականացման համաձայնագրի ստորագրումը: Ղազախստանը խաղում է երկու կողմի վրա էլ, և հույսը միայն ԵՏՄ-ն չէ: Ինչպես և Ալեքսանդր Լուկաշենկոն, որ, հանուն Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման, հայտարարեց, թե Բելառուսը կողմ է ՈՒկրաինայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը և սխալ է ընկալումը, թե Ղրիմը եղել է ռուսական տարածք: Հոկտեմբերի 10-ին «փառահեղ հաղթանակ» տոնելուն փաստորեն կողմ են միայն Ռուսաստանն ու Հայաստանը: Ռուսաստանը՝ հասկանալի է, ինչու: Հայաստանն ինչո՞ւ է ձգտում հայտնվել նույն թակարդում, որ կար անցյալ դարասկզբին: Ակնհայտ է, որ տարածաշրջանում ձևավորվել է ռուս-թուրք-ադրբեջանական կենսական շահերի նույն պատկերը, և Հայաստանը նույն իրավիճակում է լինելու, ինչ դարասկզբին՝ իր տարածքով է հատուցելու «ռազմավարական» գործընկերոջ մեկուսացումը հաղթահարելու ջանքերի դիմաց: ԵՏՄ-ում Ադրբեջանի հայտնվելու գինը Ղարաբաղի հարցի լուծումն է դառնալու, այն լուծումը, որին ձգտում է Թուրքիան՝ պատրաստակամություն հայտնելով բացել Հայաստանի հետ փակ սահմանը: Որին ձգտում է Ռուսաստանը՝ սեպարատ բանակցություններով: Կարողանալո՞ւ է ԵՏՄ անդամ Հայաստանը դիմագրավել ԵՏՄ մյուս անդամների քաղաքական ու տնտեսական արդեն ոչ թե շահերին, այլ պարտադրանքին: Մինչև հունվարի 1-ը այս մասին խոսել դեռ կարող ենք, իսկ հետո՝ ոչ, որովհետև ԵՏՄ տարածքում ԵՏՄ շահերին դեմ գնալը ոչ թե խոսքի ազատություն է, այլ քրեորեն պատժելի հանցանք: ՈՒ՝ ի՞նչ: Կրկնում եմ՝ 2088-ին մեր ժառանգները սկսելու են հայաստանյան շարժո՞ւմ ու կարողանալո՞ւ են 2091-ին հասնել անկախության, եթե մինչ այդ կայսրությունը չփլուզվի: Իսկ ոչիշխանական եռյակը, որ հանրահավաքներ է անում ու մի կեսով իշխանափոխություն պահանջում, մյուս՝ առավել ազդեցիկ մասով՝ կոնկրետ ոչինչ, նույն ԵՏՄ-ում չի՞ տեսնում Հայաստանի ապագան, ինչպես Հայաստանի իշխանությունը: ՈՒրեմն՝ ի՞նչ տարբերություն իշխանության ու ոչիշխանության միջև, եթե նրանք սկզբունքային առարկություններ չունեն ո՛չ արտաքին քաղաքական հարցերում, ո՛չ էլ ներքին քաղաքական հարցերում են գործելակերպով տարբերվում: Պարզապես Ռուսաստանը, որ եռյակի իրական չորրորդ կողմն է, իր ապահովության համար Հայաստանի առանց այդ էլ հնազանդ իշխանության վրա դագանակ է պահում, որ Բելառուսի ու Ղազախստանի պես արևմտյան խաղեր չտան, ու՝ վերջ: Տխուր ու տարօրինակ է, որ հինգերորդ շարասյուն դառնում ենք բոլորս, երբ հավատում ենք, թե չենք հավատում, միևնույն է, չենք կանխում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ոչ իշխանության «հայրենասիրությունը»: Մենք բոլորս մոռացել ենք մեր իրական հայրենիքը՝ կուլ գնալով մասնատված շահերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Որ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունվեց «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևը և Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլտերն էլ զեկուցող նշանակվեց, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մեղքը չէ: Փոխեք ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչության ու պատվիրակության կազմը, կախեք նրանց, ոչինչ չի փոխվի: Եվրոպան, այո, հավերժահարս է եղել նախքան մայր ցամաք դառնալը, հավերժահարսը պառավ վհուկ չի դարձել, բայց Եվրոպան ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման քաղաքականությունը դարեր շարունակ հղկել ու կատարելագործել է և այսօր կարողանում է գործածել իբրև ոչասիմետրիկ պատասխան: Իսկ ի՞նչ էիք ուզում ձեր եվրասիական ընտրությամբ: Համակ հումանի՞զմ ու միակողմանի փոխըմբռնո՞ւմ: Չկա աշխարհում միակողմանի ոչինչ: ՈՒ նավթադոլարաբույր խավիարն այստեղ 64-րդական դեր ունի:

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ