Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Շարունակում ենք շարժվել օրվա ընթացքով` ժամանակի ընթացքին հակառակ

Շարունակում ենք շարժվել օրվա ընթացքով` ժամանակի ընթացքին հակառակ
25.07.2014 | 01:06

Գիտե՞ք, որ մարդու ուղեղը չունի ցավի զգացում: Չունի ու ցավ չի զգում: Որ մարդու գլխում օրական ծագում է 70000 միտք, և ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը պտտվում է 420 կմ/ժամ արագությամբ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ երթևեկություն է` առանց արագաչափերի, առանց կարմիր գծերի, ու տրանսպորտն էլ` ձրի: Ընդունեք, որ խայտառակություն է, մանավանդ Հայաստանի պես աղքատ ու գործարար երկրի համար, որտեղ փող են աշխատում օդից մինչև ասֆալտ ու ծախսում են` դեռ չստացած: Մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` իրարից պարտք վերցրեք ու ապրեք, ու գնաց` վերցնում են ու վերցնում, մեկ-մեկ էլ նույնիսկ վերադարձնում են: Ամառը իսկապես թեժ է ու արագ հեռանում է. մեզ մնաց կեսարների ամիս օգոստոսը ու մի քանի օր հուլիսից: Ամառը թեժ է եղանակով: Քաղաքական անդորրը ի պաշտոնե մեկ-մեկ խախտում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մեկ-մեկ էլ նախկին նախագահներից մեկնումեկը: Ո՞վ կհավատա, որ Հայաստանի քաղաքական ընդհանրական ուղեղում էլ օրական ծագում է 70000 միտք` բազմապատկած այդ ուղեղների թվով, և նրանց ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը պտտվում է 420 կմ/ժամ արագությամբ: Միակ ընդհանրությունը մնում է ցավ չզգալը թերևս:
Քաղաքական սեզոնի միջանկյալ ամփոփումը ստիպում է արձանագրել.
1. Հայաստանը չանդամակցեց ԵՏՄ-ին ու դեռ լիովին պահպանում է իր քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության պաշտպանության շանսերը: Անգամ եթե, իսկ դա այդպես չէ, փակված է ԵՄ-ի դուռը, ստեղծված պայմաններում ԵՏՄ-ին չանդամակցելն ավելի ձեռնտու է, քան միանալ մի կառույցի, որտեղ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը կենսատարածք մեծացնելու իրենց հարցերն են լուծում գերազանցապես իրենցից թույլերի հաշվին:
2. Անցած ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում արտաքուստ անդորր չէր, համենայն դեպս, ամեն օր վարչապետ չի փոխվում: Վարչապետի պաշտոնը ստանձնելիս Հովիկ Աբրահամյանը միայն ժամանակ էր խնդրում` հորդորելով համբերել` արդյունքներ տեսնելու համար: Ապրիլի 13-ին նշանակված 13-րդ վարչապետը իր աշխատանքից գոհ է. պաշտոնավարման 100-րդ օրը նա գնացել էր Գյումրի և, հարցին, թե իրեն հաջողվե՞լ է արդարացնել ժողովրդի հույսերը, կատարել խոստումները, նախ ասել է, թե ժողովուրդը պետք է պատասխանի, հետո ընդգծել, որ ինքը չունի կախարդական փայտիկ, որ 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տա: «Ակնհայտ երևում է, և ես տեսնում եմ դրական տեղաշարժեր, և մեր մոտեցումը` նոր. հարցը կա, հարցին տալ լուծում: Ոչ թե քննարկել, ևս մեկ անգամ հավաքվել քննարկել: Կոնկրետ հարցին տալիս ենք լուծում: Մենք տեսնում ենք մեր ապագան պայծառ. դա փաստ է»: Օբյեկտիվորեն նրա վարչապետությունը համընկավ ՀՀ-ի համար անորոշության շրջանի հետ, և դա իր կնիքը թողնում է քաղաքական ու տնտեսական գործունեության վրա: Գյումրիում նա վստահեցրել է, թե մինչև հոկտեմբերի վերջ կստորագրվի ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագիրը, և 2015-ի հունվարից Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին: ՈՒ նորից ասել է, որ որևէ խնդիր գոյություն չունի. «Որևէ պատճառ չկա` Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, որևէ այլ խնդիր չկար, և ուղղակի քննարկվում են, կան հարցեր տեխնիկական, որ վերացվում են, որ արդեն վերացվել են»: Բայց դա հերթապահ հավաստիացում է: Ընդհանրապես նրա քայլերը հիմնականում հերթապահ են: Կոնկրետ հարցին կոնկրետ լուծումներ տալու մարտավարությունը տեղավորվում է կարճաժամկետ, օրընթաց քաղաքականության մեջ` հետևանքների վերացման, մինչդեռ հետևանքները այս ու այնտեղ պարբերաբար ծագելու են, քանի դեռ կա պատճառը: Իսկ պատճառների վերացման իր խոստումների մեջ Հովիկ Աբրահամյանը մնում է զրոյական մակարդակում: Նա կարծում է, որ խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել. «Հունիսի 1-10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը` հունիսի 1-հունիսի 10, հուլիսի 1-հուլիսի 10, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները շատ նորմալ աշխատում են, և մենք այդ գործընթացը միշտ շարունակելու ենք»: Եթե նա մտադիր է 24 միլիարդով ապահով Հայաստան ստանալ, հարց չկա, բայց Հովիկ Աբրահամյանը չի կարող չհիշել, որ բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով, իսկ դա շատ ավելի խոսուն ցուցանիշ է, քան 24 միլիարդը:

Ի վերջո, այստեղ, այնտեղ, այլուր և ամենուր լինելու իր մարտավարությունը կարճ ժամանակ անց կսկսի գնահատվել արդյունքի տեսակետից: Որո՞նք են արդյունքները: Կարմիր գծերի ու տուգանքների մասով չնչին չափով նվազեցվել են տուգանքները, երկարաձգվել վճարումների ժամկետը, մինչդեռ ակնկալվում էր արմատական լուծում: Բանկային տոկոսները չեն նվազել: Աղետներից տուժած ֆերմերներին միայն մեկ տարի թույլ են տվել վարկերի տոկոսները չմարել: ԱԺ նախագահ աշխատելու տարիներին Հովիկ Աբրահամյանը հասցրել էր հեղինակել թևավոր բազում ասույթներ, որոնց մեկն էլ ավելացավ, գրեթե աֆորիզմ` պարտադիր, բայց ոչ պարտադրված: Կենսաթոշակայինի պարտադիր կուտակայինին փոխարինեց պարտադիր հարկատեսակը, որ վերաբերում է ոչ միայն 1974-ից հետո ծնվածներին, այլև բոլորին: Գաղջ մթնոլորտի գոյությունը խորացրին շարունակվող դատավարությունները, որ արդեն մեր կյանքի մասն են դարձել: Ամենախոսուն օրինակները` Վոլոդյա Ավետիսյանի ավարտված և Վարդան Պետրոսյանի շարունակվող դատավարությունը, վկայում են, որ Հայաստանում արդարադատությունը կախյալ իշխանություն է, վճիռներն ընդունվում են ոչ թե օրենքի շրջանակներում, այլ քաղաքական նպատակահարմարության: Գաղջ մթնոլորտի խորացման ցուցադրական դաս էր ոչ միայն Աֆրիկյանների տան պատմությունը, այլև ՀԱՊԿ ակադեմիայի կառուցվելիք շենքի տեղում քանդված ու Մարկ Գրիգորյանի կառուցած շենքի: Այս իրադարձությունները եթե նույնիսկ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարության 100 օրվա հետ անմիջական կապված չեն մեկնարկով, քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, միևնույն է, նրանն է: Անգամ քանիցս տարփողված համաձայնագիրը, որ կնքվեց Սոչիում և կոչված է հայ աշխատանքային միգրանտների համար լավագույն պայմաններ ստեղծել, երկսայր սուր է, որովհետև Հայաստանի բուն խնդիրը` ելնելով իր ազգային անվտանգությունից, ժողովրդագրական վիճակից, ոչ թե աշխատուժ արտահանելն է, առավել ևս Ռուսաստան, այլ Հայաստանում աշխատատեղ ստեղծելը, իսկ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս պարզ ասաց, որ աշխատատեղեր ստեղծելը կառավարության խնդիրը չէ, կառավարության խնդիրը պայմաններ ստեղծելն է: Քանի՞ 100 օր պիտի սպասել պայմաններին, որոնց ստեղծման մասին ոչ ոք կարծես չի մտածում: Համենայն դեպս, մտածածը չի հրապարակում: ՈՒ դա արդեն հին հայկական ավանդույթ է` շարժվել օրվա ընթացքով ժամանակի ընթացքին հակառակ: Հայաստանի Հանրապետության կառավարությանը պակասում են իրավիճակ փոխելու ծրագրերն ու հավակնությունները, անձնական ամբիցիաներ ունեն բոլորը, բայց ընդհանրական հնարավորություններ պետության առաջընթացի համար չեն ստեղծվում, որովհետև քաղաքական կամք չկա ու, ըստ 100 օրվա ընթացքի, չի էլ նախատեսվում:
3. Ոչիշխանական ուժերի 12 առաջարկները այսօր միակ իրավական հիմքն են` հաստատելու նրանց գոյությունը: Որքանո՞վ են 12 առաջարկները համապատասխանում Հայաստանի քաղաքական օրակարգին, մնում է իրենց քաղաքական մեկնությանը: Բայց նրանք ևս ակնհայտ են դարձնում, որ 12 կետերում չկան ու չեն նախատեսվում համակարգային փոփոխություններ, կոսմետիկ դիմահարդարումով դեմք չես փրկի: Ավելին` ոչիշխանական քառյակը բացահայտ կտրված է հայոց հողից ու գործում է վիրտուալ տարածքում, որտեղ գլխավորը ռուսական շահերի համադրությունն է իրենց կենսապահովման ու քաղաքական գոյության իմաստավորման հետ: Իսկ դա վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգի կայացման գլխավոր պայմանը` ընդդիմության գոյությունը, չկա ու խանգարում է իշխանության բնականոն աշխատանքին, թեպետ չի գիտակցվում:
4. Հակառակ ռուս-թուրքական ձեռնարկումների` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պահպանվեց ու շարունակում է գործել նույն ձևաչափով, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիք է: Ավելին, համանախագահները փորձում են երկու նախագահների հանդիպումը կազմակերպել Փարիզում, ինչպես առաջարկել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
5. Օգոստոսի 10-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, Էրդողանի հաղթանակը գրեթե կասկածներ չի հարուցում, իսկ դա նշանակում է, որ 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հենց նա է ներկայացնելու Անկարայի տեսակետը: Հայ-թուրքական հարաբերությունների շրջադա՞րձ, թե՞ քաղաքական ու սահմանային շրջափակման տարիներ են լինելու Էրդողանի հերթական պաշտոնավարման տարիները, կախված է նաև մեզնից: 2014-ի անցած ամիսներին մենք այս ուղղությամբ շարունակում էինք վարել պաշտպանական մարտեր, մինչդեռ հայ-թուրքական դիվանագիտությունը 2008-ին սկսվել էր բոլորովին այլ մարտավարությամբ:
6. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած ամիսներին պարբերաբար պատասխանում էր իրեն հետաքրքրող հարցերին` վերահաստատելով, որ իշխանություն վերադարձը իր օրակարգում է, բայց բոլոր հարց ու պատասխաններն ընթացիկ հակադարձումներ էին ու չկար գլխավորը` ի՞նչ է նա առաջարկում իբրև ծրագիր: Հովիկ Աբրահամյանի ու Ռոբերտ Քոչարյանի մարտավարությունը ակնհայտ նմանություններ ունի. երկուսն էլ նախընտրում են կետային լուծումները` լոկալ ու իրավիճակ չփոխող: Ո՞ր պահից նրանք կանցնեն ընդհանրական լուծումների: Թերևս ոչ այս տարի: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրատապ հարցազրույցով փորձեց քննարկել քաղաքական օրակարգի իր համար կարևոր կետերը` սահմանային միջադեպեր, ԵՏՄ-ին անդամակցություն, Մինսկի խմբի գործունեություն, ու կանգ առավ սահմանադրական բարեփոխումների վրա` հայտարարելով, որ այդ նախաձեռնությունը «լավագույնս է բնութագրում Հայաստանի իշխանության կատարյալ անմեղսունակությունը կամ, ավելի ճիշտ, հանցավոր անպատասխանատվությունը»: Նրա կարծիքով` գործընթացը «հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործ է», ծառայում է «Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին»: ՈՒ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր լինի Լևոն Տեր-Պետրոսյան, եթե «չպաշտպաներ» ԲՀԿ-ին` զգուշացնելով, որ իշխանությունը մտադիր է «գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն»: Նա շարունակում է պնդել, որ սահմանադրական հանրաքվեն լինելու է «կոնսոլիդացնող զենք» իրենց համար: Իսկ գուցե Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում ուզում էր ասել, որ այս աշնանը ՀԱԿ-ը չի խաղալու ռուսական խաղերն ու իրավիճակի ապակայունացմանը չի՞ մասնակցելու: Գոնե առայսօր առաջարկված պայմաններով: Որևէ այլ հրատապ խնդիր առաջին նախագահի հարցազրույցում, համենայն դեպս, չկար:
7. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է վարել քաղաքական դադարի քաղաքականություն, նա սպասում է թե ներիշխանական զարգացումներին, թե արտաքին քաղաքական, իրականում, Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ասպարեզում թելադրող մնալու իր ապագա կարգավիճակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Իսկ ամենահետաքրքիրը ՀՀ հեռակա նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում: Նա ակնհայտ գոհունակությամբ արձանագրեց, որ ՌԴ-ն ոչ մի դաշինքում չկա, և դա ազատության երաշխիք է: Համարե՞նք ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը անվավեր, իսկ ՄՄ-ն ու ԵՏՄ-ն միայն ու միայն ռուսական կայսրության տարածք: Թե՞ լեզվի սայթաքում էր, որ բացահայտում է իրական քաղաքական վիճակը: Մարդու գլխում օրական ծագում է 70000 միտք, և պարտադիր չէ, որ բոլորը խելացի լինեն: ՈՒղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը պտտվում է 420 կմ/ժամ արագությամբ, բայց մեկ-մեկ արգելակվում է: ՈՒ թեպետ մարդու ուղեղը չունի ցավի զգացում, բայց ունի ցավ պատճառելու ունակություն, որից օգտվում է միշտ:

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ