Թոռանս համար ժամանցի ամենասիրած վայրը Շանհայի գիտատեխնոլոգիական թանգարանն է, որն իրոք ամեն երևակայությունից վեր է. քառահարկ գերժամանակակից հսկայական շենքում դուք կտեսնեք և՛ այն, թե ինչ կառուցվածք ունի Երկիրը, և՛ ռելսավոր սայլակով «կշրջեք մարդու ներսում», և՛ կտեսնեք մոլորակի բոլոր աշխարհամասերի բուսական ու կենդանական աշխարհի խիստ բնական մոդելը, և՛ կզվարճանաք շախմատ խաղացող ու դաշնամուր նվագող, պարող ու խոսող ռոբոտներով։ Սակայն այստեղ ինձ ամենից շատ դուր է գալիս էլեկտրամեքենաների սրահը։ Նրբագեղ, մի տեսակ «անկշիռ», բաց կանաչավուն երանգներով ներկված այդ մեքենաներն ասես նյութականություն ստացած լինեն ապագայից։ Դրանք կարծես ասելու լինեն. նայեք, ահա այսպիսին կլիներ Երկիրը, եթե 20-րդ դարի սկզբին չհաղթեր նավթի լոբբին, և էլեկտրամեքենաների մշակումներն այն տարիներին արդեն զանգվածային կդառնային։ Կարելի է շատ գուշակություններ անել, թե այդ դեպքում ինչպես կզարգանար մարդկությունը, քանի-քանի պատերազմներից հնարավոր կլիներ խույս տալ։ Մինչդեռ, ավաղ, այսօրվա իրողությունն արտազատված գազերն են քաղաքների փողոցներում և նավթի հետ կապված անվերջանալի ինտրիգները։ Իսկ էլեկտրամեքենան առայժմ ցուցահանդեսների ու միջազգային ավտոսրահների զարդ է միայն։ Ի դեպ, Շանհայում կանոնավորապես անցկացվող համաշխարհային ավտոարդյունաբերության ցուցահանդեսներում էլեկտրամեքենաները լայն ժողովրդականություն են վայելում, սակայն, ցավոք, չգնվող ցուցանմուշներ են։ Եվ, կարծես, դրանք այդպես էլ կմնան որպես գրավիչ, բայց ֆանտաստիկ էկզոտիկա։
Սակայն օրերս չինական լրատվամիջոցներում երևաց խիստ հետաքրքրական մի հաղորդագրություն։ Ըստ նոր հրահանգի՝ չինական պետական մարմինները պարտավոր են իրենց ավտոշարժակազմը նորացնել՝ 30 տոկոսը համալրելով էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներով։ Հենց միայն Պեկինում ենթադրվում է մինչև 2017 թ. ստեղծել էլեկտրամեքենաների լիցքավորման մոտ 10000 կայան։ Այսինքն, ծավալը, իհարկե, հասկանալի է ձեզ։ Նոր ծրագիրը գնահատվում է որպես կարևոր քայլ օդի աղտոտվածության դեմ մղվող պայքարում և միտված է տրանսպորտի նոր, էկոլոգիապես մաքուր տեսակների տարածմանը։ Այն հաստատվել է ՉԺՀ-ի պետական հիմնարկների ազգային վարչության, զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովի, ֆինանսների նախարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարարության և արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Չինաստանում որքան պետական կառույց կա, և որքան պաշտոնյա է այնտեղ աշխատում։ Այնպես որ, ակնհայտորեն այդ որոշմամբ «կանաչ լույս» է վառվել «կանաչ տեխնոլոգիաների» ճանապարհին։ Սակայն պետք է նկատել, որ առանց այդ որոշման էլ Պեկինի, Տյանցզինի տարածաշրջանում, Խեբեյի նահանգում, ինչպես նաև Յանցզի և Չժունցզյան գետերի գետաբերաններում (դրանք Չինաստանի առավել աղտոտված շրջաններն են) գտնվող պետական հիմնարկների ավտոշարժակազմերում էլեկտրամեքենաների բաժինը կկազմի վերջերս ձեռք բերված ավտոմեքենաների առնվազն 15 %-ը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ այդ տոկոսը տարեցտարի կմեծանա։
Այդ ծրագրի շուտափույթ և արդյունավետ իրականացման համար ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությունը պետհիմնարկներին խոստացել է սուբսիդիաներ տրամադրել էլեկտրամեքենաներ ձեռք բերելու համար։ Ընդսմին, փոխադրամիջոցների արժեքը չպետք է գերազանցի 180 հազար յուանից (մոտ 29 հազար դոլար)։ Իշխանության տեղական մարմինները նույնպես պետք է հոգ տանեն էլեկտրամեքենաների լիցքավորման բավարար քանակությամբ կայաններ կառուցելու մասին։ Նոր էլեկտրամեքենաների պետհամարանիշեր ստանալու առումով ևս արտոնություններ կսահմանվեն, քանի որ Չինաստանում բավական թանկ հաճույք է դա։
Հարկ է նկատել, որ Չինաստանում էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվում են տասնյակ մասնավոր բաժնետիրական գործարաններ, որովհետև կառավարությունը խնդիր է դրել ստեղծելու գրավիչ և հարմար մեքենաներ։ Գործը խթանելու համար մինչև 2020 թվականը բոլորը պետք է անցնեն էլեկտրամեքենայի, իսկ 2020-ից հետո Չինաստանում սովորական ներքին այրման շարժիչներով մարդատար ավտոմեքենաների շահագործումը հարկվելու է մի քանի անգամ բարձր։ Բացի այդ, անցած տարվա օգոստոսից մինչև 2017-ի վերջը վերացվել է էլեկտրամեքենաների վաճառքի հարկը, ինչի շնորհիվ դրանք մատչելի են դարձել գնորդների համար։ Սովորական ավտոմեքենաների համար այդ հարկի դրույքաչափը էական է՝ 10 %, այնպես որ, հիմա Չինաստանում էկոավտոմեքենաների ձեռքբերումը ոչ միայն հայրենասիրական ու հանրօգուտ է, այլև շահավետ։ Այդ հարկի վերացումն առնչվում է նաև հիբրիդային ավտոմեքենաներին, իսկ հետագայում սպասվում է էլեկտրամեքենաների գնորդների համար է՛լ ավելի ընդլայնել արտոնություններն ու տարբեր առավելությունները։ Ի դեպ, թեև չինական կառավարությունը հայեցակարգային մեքենաների մշակումն ու թողարկումը խրախուսում ու խթանում է, սակայն դրանց ստեղծման նպատակային միջոցներ չի տրամադրում և ազգային նախագիծ, ի տարբերություն մոռացության գիրկն անցած ռուսական «Դ-ՎՏոՌսՖ»-ի, չի համարում։ Նրանք լուռումունջ, միանգամայն չինական ոճով, առաջ են տանում այդ գործը, և, ամենայն հավանականությամբ, այստեղ տպավորիչ արդյունքներ կլինեն։
Հարկ է նկատել նաև, որ իր նոր «հրապուրանքում» ՉԺՀ-ն շեշտը դնում է առաջին հերթին սեփական ավտոարդյունաբերության վրա։ «Ապագայի ավտոմեքենաների» արտադրության առաջատարներից մեկը «Chery Automobile»-ն է, համեմատաբար նորաստեղծ, բայց հաջողակ մի ընկերություն, որն արդեն այսօր պատրաստ է սպառողներին ժամանակակից ավտոմեքենաներ առաջարկելու։ Դեռ 2008 թ. Պեկինի օլիմպիադայի նախօրեին այն պատրաստել էր 50 հիբրիդային ավտոմեքենա, իսկ 2009-ին սկսեց դրանց զանգվածային արտադրությունը։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցավ չինական «Chery Riich M1-EV» ավտոմեքենայի նորամուտը։
«Chery Riich M1-EV»-ի հայեցակարգը փոքր-ինչ տարբերվում է համաշխարհային մյուս մշակումներից։ Այդ ավտոմեքենան տարողունակ է, ներկայանալի և ավելի ապահով։ Այստեղ կան անվտանգության բարձեր ու ABS համակարգ։ Քաղաքային ավտոմեքենան ունի զորեղ շարժիչ և իոնային ակումուլյատոր։ Մարտկոցը կարող է լիցքավորվել երկու եղանակով. 6-8 ժամում՝ տնային 220-վատտանոց ցանցից և լիցքավորման հատուկ հարմարանքի միջոցով։ Այդ դեպքում էներգիայի 80 %-ը վերականգնվում է ընդամենը 60 րոպեում։ Էլեկտրաէներգիայի խնայողությանը նպաստում է հատուկ համակարգը, որն ապահովում է էներգիայի մի մասի վերադարձը կրկնական օգտագործման։ Մասնագետներն ընդգծում են, որ այստեղ ամեն ինչ պարզ է ու որակով։ Առավելագույն արագությունը հասնում է 120 կմ/ժամի, մեկ լիցքավորման ընթացապաշարը մինչև 150 կիլոմետր է։ Նրանց, ում համար 150 կմ-ն քիչ կլինի, չինական արտադրողն առաջարկում է «M1-EV5» հիբրիդային տարբերակը։ ՉԺՀ-ի շուկայում այդ ավտոմեքենան կվաճառվի 150 հազար յուանով (մոտ 25 հազար դոլար)։ Կա նաև «Chery QQ»-ի հիմքի վրա ստեղծված ավելի մատչելի մոդել, որի արժեքը սկսվում է ընդամենը 40 հազար յուանից (մոտ 6600 դոլար)։ Ճիշտ է, այդքան փողով գնորդն ստանում է շատ ավելի քիչ ընթացապաշար, քան «Chery Riich M1-EV»-ի տերը (ընթացապաշարն ընդամենը 100 կմ է, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժամ, իսկ լիակատար լիցքավորումը կպահանջի ավելի քան 8 ժամ), սակայն, կանխատեսումների համաձայն, հենց այս էկոմեքենան է հավակնում դառնալու ամենամատչելի և ընդունելի մոդելն ու ներկա քաղաքային տրանսպորտի այլընտրանքը։
Չինական էլեկտրամեքենաներն առայժմ հիմնականում վաճառվում են ներքին շուկայում, սակայն պլաններ կան դուրս գալու համաշխարհային շուկաներ, առաջին հերթին նախկին խորհրդային տարածության շուկաներ։ Պետք է նկատել, որ թեև Չինաստանում կարծում են, որ էլեկտրամեքենան կօգնի ավելի անկախ լինելու սովորական վառելիքատեսակներից, ինչպես նաև բարելավելու բնապահպանական վիճակը, միաժամանակ նաև արտահանության մեծ ապագա են տեսնում։ Չէ՞ որ ներքին այրման շարժիչներով աշխատող ավանդական ավտոմեքենաների շուկաներ թափանցելու համար հարկ կլինի շատ ժամանակ ծախսել ու ջանքեր գործադրել, իսկ ավտոմեքենաների թույլ զարգացած տեսակների արտադրության ասպարեզում նրանք հնարավորություն ունեն արագորեն մեծացնելու իրենց բաժինը շուկայում։ Սպառողներն առայժմ այնքան էլ պահանջկոտ չեն էլեկտրամեքենաների նկատմամբ և որակի ու երթի գնահատման մեծ չափանիշների չեն ձգտում։ ՈՒստի չինական ավտոարտադրողները լիովին կարող են աշխարհին առաջարկել ամենօրյա շահագործման ոչ թանկ ու մատչելի ավտոմեքենաներ։ Չինաստանի կառավարությունը կարծում է, որ էկոլոգիական ավտոմեքենաների արտադրության համաշխարհային առաջատար տերություն դառնալու համար Չինաստանին պետք կլինի 100 մլրդ յուան՝ 15 մլրդ դոլար, իսկ դրանց տարեկան արտադրությունը հնարավոր կլինի հասցնել 3 մլն-ի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից