Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պատմության մեջ ամենամեծ գազային պայմանագիրը վճարվելու է ոչ դոլարով

Պատմության մեջ ամենամեծ գազային պայմանագիրը վճարվելու է ոչ դոլարով
11.07.2014 | 00:23

(սկիզբը` այստեղ)
Որ դոլարի առաջատար դիրքերի թուլացումը երկարատև գործընթաց է, համաձայն է և Դմիտրի Աբզալովը: Իբրև սկիզբ` Ռուսաստանի ու Չինաստանի տարադրամները պետք է պայքարեն տարածաշրջանայինի կարգավիճակի համար: «Չինաստանը պետք է անցնի լողացող կուրսի, որ տարիների ջանքեր է պահանջում: Իսկ ռուսական ռուբլին պետք է ապահովի անկախությունը, այսինքն` մեծացնի ՀՆԱ-ի արդյունաբերական բաղկացուցիչը: Ռուբլու ուժեղացման մեջ լուրջ դեր կունենա տարադրամային գոտու ստեղծումը Մաքսային միության տարածքում, ուստի դա ևս մոտ ժամանակների հարց չէ: Առավել հավանական է անցումը տարածաշրջանային ֆինանսական համակարգերի ստեղծման մոդելին եվրոյի սկզբունքով, իսկ հետագայում` անցում պահուստային կարգավիճակի: Փաստ չէ, որ պահուստային կարգավիճակ կստանա կոնկրետ տարադրամը: Պետք է հասկանալ, որ առաջիկա երկու-երեք տարում դոլարին ոչինչ չի սպառնում, այդ գործընթացը կտևի հինգ-յոթ տարի: Այդքան ժամանակ է պետք` ապահովելու հետևողական փոխանակելիությունն առանց լրացուցիչ ռիսկերի»,- կարծում է տնտեսագետը:
Այնուհանդերձ, ազգային տարադրամների ուժեղացման միտումը, խոշորագույն գազային պայմանագիրը ազգային տարադրամներով հաշվարկելը լուրջ հարված է դոլարին, նկատում է Աբզալովը: Սկզբում այդ տատանումը նշանակալից չի լինի, և ԱՄՆ կառավարությունը կարող է վերահսկել իրավիճակը: Այս տեսակետի հետ համաձայն է և ՌԴ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը: «Անկասկած, դա վատ նորություն է դոլարի համար, որովհետև երկկողմանի հարաբերություններում ազգային տարադրամի օգտագործման գաղափարը վաղուց է հայտնվել: Ռուսաստանն ու Չինաստանը այդ թեմայով բազում համաձայնագրեր ունեն, բայց լոկալ ճյուղային ոլորտներում, ուստի չեն կարող դիտարկվել ռեալ այլընտրանք դոլարով հաշվարկներին: Շարժվելով այդ ուղղությամբ, անկասկած, Չինաստանն ու Ռուսաստանը ինչ-որ չափով գրգռում են ԱՄՆ-ին, որը ծայրաստիճան զգայուն է վերաբերվում ցանկացած տեղեկության, որ կասկածի տակ է դնում դոլարի դիրքը»,- նկատում է քաղաքագետը: Աբզալովի կարծիքով` Չինաստանի հետ բանակցությունները ոչ միայն լարման մեջ են պահում ԱՄՆ-ին, այլև Մոսկվայի արևմտյան գործընկերների համար ռեալ խոչընդոտներ են: «ԵՄ-ի համար մուտքը ռուսական շուկա խիստ կարևոր է: Չինաստանի հետ պայմանավորվածությունների բուն փաստը կարող է լուրջ գործիք դառնալ Եվրոպայի հետ բանակցություններում: Հաշվի առնելով, որ հիմնական խնդիրը պայմանավորված է Չինաստանի բավականաչափ մեծ ֆինանսական աղբյուրների` կապիտալի միջազգային շուկա մուտքի սահմանափակումներով, հաշվարկների համար այլընտրանքային տարադրամային միավորի օգտագործումը նորություն է, որ կարող է որոշ ճնշում դառնալ Բրյուսելի հետ բանակցություններում»,- բացատրեց Աբզալովը: Այդ հնարավորությունը դիտարկում է և Մուխինը. «Կան երկրներ, որ լիովին կողմնորոշված են դեպի դոլարը, բայց ավելի շատ երկրներ օգտագործում են երկտարադրամային զամբյուղ: Իսկ Ռուսաստանի ու Չինաստանի որոշումը ապրիորի օգտակար ու ձեռնտու է նրանց համար, ովքեր հաշվարկում են եվրոյով, որովհետև եվրոն ևս ազգային տարադրամ է և դոլարի մրցակիցը: Մրցակցի ցանկացած թուլացում բարիք է եվրոյի համար»:
Թեպետ առաջիկայում դոլարից հրաժարումը տեխնիկապես հնարավոր չէ, մենք դիտարկում ենք ԱՄՆ-ի կայսերական ամբիցիաների զսպման փորձ, ըստ ամենայնի, ռուսական ու չինական ղեկավարությունը վճռական է տրամադրված: Ռուս տնտեսագետ Օլեգ Սուխարևը հիշեցնում է «դոլարի ու սվինի» դոկտրինը, որ հռչակել էր ԱՄՆ-ը XX դարասկզբին, որի համապատասխան իր առաջ խնդիր էր դրել հասնել համաշխարհային տիրապետության: Արդեն մեկ դարից ավելի երկրի ղեկավարությունը չի հեռանում այդ քաղաքականությունից: Տարադրամը մնում է աշխարհում տնտեսական ու քաղաքական ազդեցության ամրապնդման գլխավոր միջոցը, երբ ազգային տարադրամը համաշխարհային պահուստ է, մնացած աշխարհը վարկավորում է տարադրամի տեր երկրին: «Երբ ձեր տարադրամի դիրքերը թուլանում են աշխարհում, դուք ունեք ոչ այնքան դրական ազդեցություն ձեր տնտեսական համակարգի զարգացման վրա և հնարավորինս կխոչընդոտեք այդ գործընթացին: Այսինքն` ԱՄՆ-ին ձեռնտու չէ ուրիշ պահուստային տարադրամի ի հայտ գալը, որը դոլարի հետ կապված չէ և կարող է դոլարից ուժեղ լինել: Իսկ եթե այդպես է, այստեղից հետևում է և միջազգային, և ռազմական, և տնտեսական, և տարադրամային քաղաքականությունը: Բնականաբար, Ռուսաստանի ու Չինաստանի պայմանավորվածությունները զգետնող են, նյարդայնացնում են Արևմուտքին: Ինչո՞ւ կատաղություն ու հիստերիա բռնկվեց Ղրիմի պատճառով: Հանրաքվեի պատճառով: Իրենց գործողությունների, իրենց գաղափարախոսության ձախողման: Մարդիկ հավատում էին իրենց անխոցելիությանը, անպատժելիությանը, վեհությանը, գերազանցությանը»,- նկատում է Սուխարևը:
Իրականում ամեն ինչ այդքան հարթ չէ: Սիրիական կոնֆլիկտի լուծումը, Սոչիի օլիմպիադան, Ղրիմի հանրաքվեն և նրա վերադարձը ՌԴ կազմ, հիմա էլ ռուս-չինական առևտրային հարաբերությունների ամրապնդումը ազգային տարադրամի դիրքերի ուժեղացմամբ հանգիստ չեն տալիս Սպիտակ տանը: «Գլխավոր գործոնը` բուն ԱՄՆ-ում Վլադիմիր Պուտինը որոշ հարցումներով ու վարկանիշներով իրենից շատ հեռու է թողել Բարաք Օբամային»,- նկատում է քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը:
Իհարկե, թվարկված գիտնականների ու փորձագետների տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների էությունը: Սակայն ուկրաինական ողբերգության հետ զուգահեռները պարզ երևում են, եթե հիշենք, որ Մոսկվայի ու Պեկինի պայմանագիրը ստորագրվել է մայիսի 21-ին: Մայիսի 25-ին տեղի ունեցան ՈՒկրաինայի նախագահական ընտրությունները: Ռուս-չինական համաձայնագրերի կնքմանը նախորդել են տևական բանակցություններ 2013-ի մայիսից, սակայն առավել նպատակասլաց ու առարկայական կողմերը սկսեցին խոսել հոկտեմբեր-նոյեմբերից: Փետրվարից հետո Չինաստանը մի քանի անգամ սպառնաց ՈՒկրաինայից պարտքը պահանջել, իսկ այդ պարտքը փոքր չէ: Ամփոփելով` անխուսափելի է եզրակացությունը, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ամբիցիաները հանգեցրին նրան, որ համաշխարհային երկու տերությունները (Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը Եվրասիայով չի սահմանափակվում) առավել ու առավել սերտ են գործում: 2014-ի մայիսի 21-ի Մոսկվայի ու Պեկինի գազային համաձայնագիրը փաստական հաստատումն է Չինաստանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական սերտացող մերձեցման:
Հավարտ դիմում Հայաստանի իշխանություններին ու ընթերցողներին` հոդվածում մեջբերված են տարբեր գիտնականների ու փորձագետների տեսակետներ, ճիշտ է` միայն ռուս: Այս տեսակետները կողմնորոշվելու համար քիչ են: Սակայն ռուս-չինական հարաբերությունների դինամիկան ուսումնասիրել անհրաժեշտ է ոչ միայն մեր երկիրը ապագայում գազային վառելիքով ապահովելու տեսակետից, և համապատասխանաբար` մեր երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության: Առաջին պարբերությունում թվարկված ու շարունակվող բացասական գործընթացները վերաբերում են և հայ ժողովրդին, թեպետ, հնարավոր է, ինչ-որ մեկին իմ տեսակետը տարօրինակ թվա: Բայց զուգահեռների ու ասոցիատիվ մտածողության սկզբունքը դեռ ոչ ոք չի բեկանել: Նշանակում է` Ռուսաստանի ու Չինաստանի փոխգործակցությունը էներգետիկայի ու էներգակիրների ոլորտում, որ թվում է` ուղղված է միայն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, վաղ թե ուշ կուղղվի և Եվրոպա ու Առաջավոր Ասիա, հետո էլ Մերձավոր Արևելք: Առաջավոր Ասիան մենք ենք` Անդրկովկասը և Իրանը: Մերձավոր Արևելքը նաև Սիրիան ու Իրաքն են: Սպասելու շատ ժամանակ չի մնացել: Այդ պատճառով Հայաստանի ու հայերի համար «իքս ժամը» մոտենում է, երբ հարկ կլինի երկրի ու ազգի համար ընդունելու ճակատագրական որոշում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ