Չինաստանը, իհարկե, բոլորովին էլ հյուսիսային երկիր չէ, այնտեղ նույնիսկ կենտրոնական ջեռուցման համակարգը քաղաքներում աշխատում է դեռ Մաոյի առաջարկած ծրագրով` «Յանցզի գետից ներքև, և տները այնտեղ տաքացնելը պետության գործը չէ»: Այնուհանդերձ, «բևեռային նավատորմի» ստեղծումը գերակա խնդիրներից մեկն է դարձել, և բևեռախույզի մասնագիտությունը, ինչպես նշանավոր չին բևեռախույզ գիտնական Վեյ Վենլյանը, որ մասնակցել է Անտարկտիդայում տասնյակ արշավների, հատկապես վայելում են երիտասարդների համակրանքը: Շատ վերլուծաբանների կարծիքով, համաշխարհային տիրապետության համար վերջին մարտը բևեռների համար պայքարն է դառնալու: Անտարկտիդան, ուր ժամանակին իրենց հայացքն էին ուղղել թե Հիտլերը, թե Ստալինը, թե ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հետպատերազմյան ղեկավարները, շատ երկրների է գրավում իր ձեռք չտված բնական պաշարներով: Արկտիկայում, որի համար արդեն սկսվել է պայքարը ամենաբարձր մակարդակի վրա, վիթխարի հանքային ու ձկնային պաշարներ կան, նաև մերձավոր ապագայում տնտեսապես շատ շահավետ ծովային ճանապարհներ: Արդեն հիմա շատ երկրներ ակտիվ ներգրավվել են մոլորակի բևեռային հատվածներում իրենց հավակնությունները պաշտպանելու պայքարում: Այդ պայքարում հետ չի մնում և Չինաստանը, բևեռային հետազոտությունների չինական ծրագիրը համարվում է աշխարհում ամենահզորներից մեկը:
Անտարկտիդայում չինական առաջին ուսումնասիրությունները 1980-ականներին են սկսվել: Չինական արկտիկական ու անտարկտիկական գիտական ծրագրերի կազմման ու բևեռային արշավախմբերի նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու է Արկտիկայի ու Անտարկտիկայի հարցով չինական վարչությունը: 1983 թ. Պեկինը միացել է Անտարկտիկայի պայմանագրին, երկու տարի անց ստացել է Անտարկտիկայի հարցով համակարգային պայմանագրի խորհրդակցական մասնակցի կարգավիճակ, 2009-ին բացեց երրորդ գիտական կայանը Անտարկտիդայում: ՈՒշադրությունից դուրս չի մնացել և Արկտիկան: 2004-ին բացվեց Արկտիկայում առաջին գիտական կայանը, իսկ անցյալ տարվա մայիսին կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ. Արկտիկական խորհուրդը համաձայնեց Չինաստանն ու Հնդկաստանը ճանաչել իբր դիտորդ արկտիկական տարածաշրջանում: Այդ միջպետական կազմակերպությունը, որ զբաղվում է Արկտիկայի բնապահպանության, զարգացման ու սոցիալական ոլորտներով, աշխատանքները սկսել է 1998-ին և իր կազմում ունի բոլոր բևեռամերձ պետությունները, նաև Հյուսիսի ժողովուրդների կազմակերպության ներկայացուցիչների` ալեուտների, սաամների, էսկիմոսների և այլոց: Չինաստանը, սկզբունքորեն չլինելով բևեռամերձ պետություն, այնուամենայնիվ, երկար ժամանակ համառորեն ջանում էր այդ կարգավիճակը ստանալ: Չինաստանն ակտիվորեն ստեղծում էր արկտիկական նավատորմ: Տարբեր ժամանակներ գիտահետազոտական ու տրանսպորտային խնդիրներ Անտարկտիկայում լուծում էին չորս, այժմ արդեն հնացած նավեր, հիմա նրանց է միացել «Սյուելուն» (Ձնե վիշապ) սառցահատը, որ ՉԺՀ-ի պատվերով կառուցվել է ՈՒկրաինայում: Ֆինլանդիայի և Շանհայի նավաշինարաններում արդեն կառուցվում են նոր սառցահատներ, որ կարող են հաղթահարել չորս մետր հաստությամբ սառույցը («Սյուելունը» կտրում է մինչև 1,5 մետրը): Ստեղծվել է բևեռային ավիացիա, գիտական ուսումնասիրությունների համար կառուցվել են «Սյուեյան» (Ձնե ծիծեռնակներ) անօդաչու սարքերը: Չինաստանն աստիճանաբար դառնում է Գրենլանդիայի հանքարդյունահանման խոշորագույն ներդրողներից մեկը, Պեկինը մտադիր է Իսլանդիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել: Վերջերս Չինաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները զեկույց հրապարակեցին, որի համաձայն Արկտիկական տարածաշրջանի նավթագազային ռեսուրսները կարևոր գործոն են Չինաստանի տնտեսության կայուն աճի համար: Նրանց կարծիքով` ՉԺՀ-ն պետք է ակտիվորեն միջոցներ որոնի այդ ոլորտը զարգացնելու համար: «Արկտիկական տարածաշրջանը հարուստ է նավթային ու գազային ռեսուրսներով, որոնք կարելի է արագ և հարմար միջոցներով տեղափոխել», ասված է զեկույցում: «Դա կարևոր նշանակություն ունի Չինաստանի տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար»,- ընդգծում են չին մասնագետները:
Վերջերս Չինաստանը սկսեց Հյուսիսային ծովային ճանապարհի առևտրական շահագործումը` Բերինգի նեղուցով երթուղի դուրս բերելով «Յուն Շեն» բեռնանավը (19,5 հազար տոննա ջրատարողությամբ): Նավը, դուրս գալով Դալյան նավահանգստից, ուղևորվեց Ռոտերդամ և 35 օրում հասավ հոլանդական ափ: Ավանդական երթուղին Սուեզի ջրանցքով 48 օր է տևում, առևտրական շահավետությունն ակնհայտ է: «Ծովային նոր երթուղու բացումով մենք մոդիֆիկացնում ենք նավագնացության համաշխարհային ինդուստրիայի շուկայական սկզբունքները, նոր երթուղին նշանակալից կրճատում է տարածությունը չին արտադրողների ու Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում սպառման շուկաների միջև»,- ասաց Ցի Շաոբինը` Դալյանի ծովային համալսարանի պրոֆեսորը, գրում է China Daily-ն: Նրա կարծիքով` հաշվի առնելով Չինաստանի կարգավիճակը իբրև աշխարհում խոշոր արտահանողի, նրա շատ նավահանգիստներ շահում են նոր երթուղուց: Չին փորձագետները կարծում են, որ 2020-ին Արկտիկայով համաշխարհային առևտուրը կաճի մինչև 15 %: Չինաստանն արդեն իրեն հռչակել է ծովային մեծ տերություն, և նոր ծովային ճանապարհների յուրացման ծրագրերում, այդ թվում` դեպի հյուսիս, մեծ փողեր են ներդրված: ԽՍՀՄ-ը վերահսկում էր Հյուսիսային ծովային ճանապարհով օտարերկրյա նավերի նավարկությունը, և ճանապարհը վճարովի էր: Հիմա իրերի վիճակը լիովին փոխվել է, 80-ականների համեմատությամբ Հյուսիսային ծովային ճանապարհով ռուսական բեռների փոխադրումը 5-6 անգամ նվազել է. 6-8 միլիոն տոննա տարեկան բեռնափոխադրումից մինչև անցած տարվա մեկ միլիոն տոննան:
Միջազգային օրենսդրությամբ ոչ մի երկիր չի տիրում Հյուսիսային ու Հարավային բևեռներին ու նրանց մերձակա հողերին: ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի 76-րդ հոդվածով` հինգ պետությունների իրավունքները, որոնց տարածքները գտնվում են բևեռային շրջանի ներսում` Ռուսաստան, Կանադա, Նորվեգիա, ԱՄՆ, Դանիա, սահմանափակված են նրանց տնտեսական գոտիներով` ափեզրից 200 մղոն: Քաղաքական մեծ կշիռ ունենալով` Պեկինը ջանում է ստանալ որոշակի քաղաքական իրավունքներ և իրավական հիմքեր Արկտիկայում հետագա գործողությունների համար: Առաջին տպավորիչ քայլերն այդ ուղղությամբ արդեն արվում են: Այս ամբողջ ակտիվությունը, ինչպես գրում են ԶԼՄ-ները, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, որի համար Արկտիկան ռեսուրսների գծով գլխավոր հույսերից մեկն է: Սակայն, շատ փորձագետների կանխատեսած առճակատումը Չինաստանի ու Ռուսաստանի միջև այդ ուղղությամբ, հավանաբար, հետաձգվում է: «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը առաջարկել է Չինաստանի խոշորագույն նավթագազային կոնցեռններին ռուսական արկտիկական շելֆի արդյունահանման ծրագրերում մասնաբաժին ունենալ: Նրանք կարող են հավակնել մասնակցելու հինգ նախագծերի 1,7 միլիարդ տոննա նավթի և 2 տրիլիոն խորանարդ մետր գազի արդյունահանման ծրագրերում: «Ռոսնեֆտը» չին գործընկերներին առաջարկել է մասնակցել Պեչորայի ծովախորշի ու Բարենցի ծովի նախագծերին: Արդեն ավանդույթ է դարձել այս պետությունների փոխհարաբերություններում, որ բոլոր հարցերն ու պրոբլեմները, ի վերջո լուծվում են «հնչուն մետաղով»: Այս դեպքում, Reuters-ի տվյալներով, հարցի գինը 30 միլիարդ դոլարի վարկն է: Միշտ պրագմատիկ, հիմա արդեն նաև Ձնե վիշապը բևեռային տարածքներում նախ և առաջ տեսնում է իր տնտեսական շահերի ու հումքային անվտանգության գոտի: Այդ պատճառով Չինաստանի էքսպանսիան դեպի բևեռներ շարունակվելու է և շարունակվելու է շատ ակտիվ:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից