ՈՒկրաինական իրադարձությունները կամա-ակամա ստվերում են աշխարհում տեղի ունեցող այլ իրողությունները: Իբրև օրինակ նշեմ, թեկուզ, նոր մարտավարական «խաղացողի» հայտնությունը Մերձավոր Արևելքում. արդեն քանիցս հիշատակված իսլամական ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) խմբավորումը, որը կարճ ժամանակում ոչ միայն հասցրեց գրավել Իրաքի և հարևան Սիրիայի մի մասը, այլև վերահսկողության տակ վերցրեց Մոսուլի շրջակա նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը, Սիրիայի խոշորագույն նավթագազային հանքավայրերը, ի հավելումն հայտարարեց նոր խալիֆաթի ստեղծման մասին: Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները (Սաուդյան Արաբիան և Կատարը) վիթխարի քանակությամբ «բենզին» ավելացրին Մերձավոր Արևելքի պատերազմին: Երկրորդ օրինակը. Ճապոնիայի կառավարությունը փաստորեն ոտնահարում է իր իսկ Սահմանադրությունը և ինքնապաշտպանության ազգային ուժերը վերակազմավորում է բանակի, որը պատրաստ է գործել Ճապոնիայի սահմաններից դուրս` «փոխգործակցել դաշնակիցների հետ», որոնց թվում ճապոնացիները առաջին հերթին նշում են ԱՄՆ-ը:
Բայց եղել է մեկ գերկարևոր ռազմավարական իրադարձություն, որն առաջիկայում կանդրադառնա Անդրկովկասի, ուրեմն և Հայաստանի, ճակատագրի վրա: Ռուսաստանի ու Չինաստանի միջև` ռուսական բնական գազը ՉԺՀ մատակարարելու պայմանագիրը, որ ստորագրվեց մայիսի 21-ին: Պայմանագիրն անմիջապես առանցքային որակեցին ոչ միայն Ռուսաստանում, Արևմուտքում ու Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը 30 տարվա համաձայնագիր ստորագրեցին Չինաստանին մինչև 38 միլիարդ խորանարդ մետր խողովակաշարային գազ մատակարարելու մասին: Պայմանագրի ընդհանուր գումարն է 400 միլիարդ դոլար: «Գազպրոմը» 25 միլիարդ դոլար կանխավճար կստանա գազատարի շինարարության համար: Փորձագետները համաձայնագիրն անվանեցին խոշորագույնը գազային պատմության մեջ: ՌԴ նախագահի` գազ արտահանող երկրների ֆորումի հետ համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Զուբկովը «Գազպրոմի» մամլո ասուլիսում նշեց, որ գազամատակարարման ընդհանուր ծավալը կգերազանցի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի տարեկան օգտագործվող գազի ընդհանուր ծավալը: Չինաստանի հետ պայմանագիրը Ռուսաստանի համար ստեղծում է լրացուցիչ մրցակցային առավելություններ եվրոպական ու ասիական շուկաների գազամատակարարման մեջ, որոնք 2030-ին կդառնան բնական գազի մատակարարման հիմնական մրցակիցներ: Սակայն Չինաստանի համար գազի ամփոփիչ գինն այդպես էլ չասվեց, և փորձագետները չբացառեցին, որ գինը հաշվարկված է ոչ դոլարով, ու հենց այդ պատճառով չի հրապարակվում: Պայմանագրի մասին տեղեկությունների հրապարակման և իրադարձությունների զարգացման ընթացքը դա հաստատում է:
Պատմության մեջ ամենամեծ գազային համաձայնագրի կնքումից հետո փորձագետները խոսեցին ֆինանսական համակարգում հեղաշրջման մասին. «դոլարի ոչնչացման» գործողություններին նոր ազդակ տրվեց: Ռուսական միջոցների աստիճանական դուրսբերումը ամերիկյան պետական փոխառություններից, առաջին տրանսսահմանային գործարքը չինական տարադրամով, որ ռուսական ВТБ բանկը կնքեց Շանհայում, միայն զգուշավոր կանխատեսումների հիմք տվեցին: Բայց Ռուսաստանի բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի փոխադարձ հաշվարկներում դոլարի փոխարեն ազգային տարադրամն օգտագործելու պայմանավորվածությունը և համատեղ անկախ վարկանիշային գործակալության ստեղծումը պետք է լրջորեն անհանգստացնեն Վաշինգտոնի ֆինանսական շրջանակներին:
Ռուսական ու չինական բանկերի ներկայացուցիչների հունիսի 25-26-ին Շանհայում հանդիպման գլխավոր թեման փոխադարձ հաշվարկներում ԱՄՆ դոլարի փոխարեն ազգային տարադրամների օգտագործման խթանումն էր նաև ռուս-չինական անկախ վարկանիշային գործակալության ստեղծումը: «Ռուս և չին ֆինանսական ընկերակցության ներկայացուցիչները նշեցին բանկային սեկտորում փոխադարձ ներկայության առաջընթաց զարգացումը, երկու բանկերի միջև ուղիղ թղթակցային կապերի ցանցի ընդլայնումը, յուան-ռուբլի տարադրամային զույգով առևտրի աճը, ֆինանսական համագործակցության նոր ձևերի ներդրումը, մասնավորապես ապահովագրության ոլորտում, նաև ուրվագծեցին ֆինանսական ոլորտում փոխգործակցության կատարելագործման հետագա ճանապարհները», ասվում է ՌԴ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Ազգային տարադրամով գործարքներ կատարելու Ռուսաստանի ու Չինաստանի ձգտումը համապատասխանում է երկու երկրների կնքած համաձայնագրին, վստահ է ՌԴ ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Սուխարևը: «Երկրի բարձրագույն ղեկավարների ստորագրած` երկու բանկերի համաձայնագրում առանձին կետով նշվում է, որ հաշվարկները կատարվելու են յուանով ու ռուբլով: Պայմանավորվածության նպատակն է հետագայում գազային համաձայնագրից բացառել դոլարային բաղադրիչը և հաշվարկներն անել Ռուսաստանի ու Չինաստանի տարադրամային փոխանակման շրջանակներում», համոզված է պրոֆեսորը: Դա բնական գործընթաց է, չի հակասում ոչ ֆինանսական նորմերին, ոչ միջազգային իրավունքին, և անկասկած, քայլ է ճիշտ ուղղությամբ, ասում է Սուխարևը: Բանկերից է կախված, թե որքան արագ է հնարավոր անցնել ազգային տարադրամներին, բացառված չեն տեխնիկական դժվարությունները: «Ռուս-չինական համաձայնագրերով չկան խոչընդոտներ, որպեսզի հենց այդ գծակարգով աշխատեն: Միջպետական համաձայնագրով կատարվում է ազգային տարադրամների փոխանակում: Չինացի արտահանողները ռուբլի կգնեն և կվճարեն ռուբլով, ռուսները յուան կգնեն և կվճարեն յուանով: Այդպիսով կձևավորվի ռուբլու և յուանի տարադրամային շուկա, որտեղ ռուբլին կփոխանակվի յուանով: Իհարկե, շուկան կկարգավորեն բանկերը` ըստ ռուբլու ու յուանի պահանջարկի, որը կախված է ապրանքաշրջանառությունից, առևտրի ծավալից ու զարգացումից: Դա ստանդարտ դասական գործարք է: Այդպիսի պայմանավորվածությունները պետք է խրախուսել, որովհետև դիվերսիֆիկացնում են ռիսկերը և տարադրամային պահուստները, ազգային տարադրամի ամրապնդման լավ հիմք են, հեռանկարում կարող են մրցակցել դոլարի հետ»,- կարծում է փորձագետը:
ՌԴ ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովն ընդունում է գազային համաձայնագիրը ռուբլով ու յուանով վճարելու հնարավորությունը, բայց չի տեսնում դրա անհրաժեշտությունը: «Առայժմ հարցը մանրամասն քննարկված չէ, բայց միանգամայն հնարավոր է: Սկզբունքորեն դա առաջ էլ հնարավոր էր սվոպների (գործարքի տեսակ, որ հնարավորություն է տալիս տարբեր տարադրամներով հաշվարկ) համակարգի հաշվին: Չինաստանը կիրառում է մոդել, որը փաստացի օգտագործում է ամերիկյան տարադրամը բացառապես իբրև հիմնական ուղենիշ: Այդ պատճառով անմիջական տարադրամն օգտագործելու անհրաժեշտություն Չինաստանը չունի»,- կարծում է Աբզալովը: Եթե մշակվի ռուբլով ու յուանով հաշվարկի սխեմա, բացառելով տարադրամային ռիսկերը, վճարման այդ համակարգը կարելի է օգտագործել ոչ մեծ գործարքներում: Աբզալովի կարծիքով` մեխանիզմը կներառի առևտրական բանկերում տարադրամային պահուստների ձևավորում և հետագա փոխանակություն ըստ փոխարժեքի: «Գործնականում այդ գծակարգով երկրներն արդեն աշխատել են մի քանի անգամ ու զարմանալի ոչինչ չկա: Բայց որպեսզի հիմնարար դառնա, որ օգտագործվի հումքային բաղադրիչի մեջ, նախ պետք է տարադրամի նշանակալի պահուստ, որով հաշվարկները արվելու են, երկրորդ` համաձայնագիրը պիտի սկսի գործել: Հիշեցնեմ, որ «Սիբիրի ուժը» գազամուղը դեռ կառուցված չէ: Ոչ մեծ գործարքներում այդ գծակարգը կարող է կիրառվել արդեն այս տարի, գուցե եկող տարի: Իսկ արմատականորեն կսկսի աշխատել միայն «Սիբիրի ուժը» գազամուղի գործարկումից հետո», կարծում է փորձագետը:
Ազգային տարադրամին անցնելուն հոռետեսորեն է վերաբերվում և ՌԴ «Ինվեստկաֆ» վերլուծական կենտրոնի համատնօրեն Գրիգորի Բիրգը: Նրա կարծիքով` ռուբլով ու յուանով հաշվարկները ձևական են լինելու և հազիվ թե կարողանան «կսմթել» դոլարին: «Գազամատակարարման պայմանագրի ռուբլով հաշվարկները նպատակահարմար են, հաշվի առնելով, որ ընկերության ծախսերի էական մասը արտահայտված է ազգային տարադրամով, սակայն բարդ է յուանով, որ ազատ փոխարկելի արժեք չէ: Գազպրոմը պետք է յուանը փոխարկի տարադրամի, որով հնարավոր է գործարքներ կնքել ապրանքներ ու ծառայություններ մատուցողների հետ: Հասկանալի չէ յուանով հաշվարկի ծավալը, համապատասխանաբար` տրանզակցիոն ծախսերը: Ես կարծում եմ, որ անցումը ռուբլի-յուանով վճարումներին դեռ շատ հեռու է իրականությունից: Երկրները, ստանալով հարևան երկրի տարադրամը, հարկադրված են լինելու նորից փոխարկելի արժեք դարձնել, հնարավոր է, հենց դոլարով»,- կարծում է Գրիգորի Բիրգը: Այնուհանդերձ, տնտեսագետը հնարավոր է համարում, որ յուանը դառնա լիարժեք պահուստային տարադրամ: Չինական տարադրամը այդ նպատակով պետք է դառնա ազատ փոխարկելի` մեծացնի ազդեցությունը կապիտալի շուկայում և միջազգային առևտրում: Ի տարբերություն յուանի` ռուսական ռուբլին, որին հիմա մեծ նշանակություն չեն տալիս միջազգային տարադրամային համակարգում, շատ ավելի ազատ փոխարկելի է: Այդ պատճառով ռուբլին, հակառակ սպասումների, բոլոր շանսերն ունի տարածաշրջանային տարադրամ դառնալու: Ճիշտ է, ՌԴ կառավարությունը այդ ուղղությամբ պետք է աշխատի: «Պահուստային տարադրամի կարգավիճակ ստանալու համար ՌԴ կառավարությունը և ՌԴ Կենտրոնական բանկը պետք է շարունակեն ինֆլյացիայի կրճատման կուրսը: Այս ասպարեզում հաջողությունները համեստ են: 2012-ին ինֆլյացիան 6,6 % էր, 2013-ին` 6,5 %: Հիմնական պատճառը ռուբլու շարունակվող թուլացումն է և սննդամթերքի գների աճը վատ բերքատվության պատճառով: Այնուամենայնիվ, եթե շարունակվի ՌԴ ԿԲ-ի ինֆլյացիայի զսպման քաղաքականությունը, 2016-ին ԿԲ-ն կարող է իր ծրագրերը իրականացնել, և ինֆլյացիայի մակարդակը կհասնի տարադրամային պահուստի ստեղծմանն անհրաժեշտ նվազագույն 4 %-ին»,- բացատրում է Բիրգը: Նա չի կարծում, որ ռուս-չինական պայմանավորվածությունները կազդեն դոլարային համակարգի վրա և կփոխեն Արևմուտքի քաղաքական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, թեպետ Չինաստանի հետ համաձայնագիրը, անկասկած, ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում:
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ