Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երբ գալիս է հոկտեմբերը

Երբ գալիս է հոկտեմբերը
04.07.2014 | 00:27

Վերջին օրերին իրադարձությունների բավականին հետաքրքիր շղթա է ուրվագծվում: Է՛լ ավելի հետաքրքիր է շղթայի օղակների շաղկապումը:
Ամենաէականը, թերևս, սահմանում տեղի ունեցողն է: Նախիջևանի կողմերում տևական ժամանակ է, ինչ բավականին անհանգիստ է: Մերոնք, ճիշտ է, զոհերի գնով դիրքերը դանդաղորեն առաջ են տանում, սակայն թե՛ այդ, թե՛ Մովսես ու Այգեպար գյուղերի կրակոցների նկատմամբ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի «գառնուկային լռությունը» և, հակառակ դրան, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խոսուն հայտարարությունները գալիս են հավաստելու` խմորումներ Ղարաբաղի շուրջ, իսկապես, տեղի են ունենում: Ինչպիսի՞ք՝ առայժմ դեռ պարզ չէ:
Է՛լ ավելի պարզ չէ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու ընթացքը: Մեզանում որևէ մեկը չի կարողանում ասել` երբ այն տեղի կունենա: Եվ ընդհանրապես, տեղի կունենա՞, թե՞ ոչ: Իր հերթին ՌԴ նախագահ Վ. Պուտինն ասում է` մոտակա ժամկետներում տեղի կունենա: Իսկ ահա «նամակ կարդացող» Ղազախստանից մեսիջ է ուղարկվում Հայաստան, թե հոկտեմբերին տեղի կունենա:
Իհարկե, անմիջապես հանդիպակաց հարց է առաջանում. Ղազախստա՞նն է որոշում` երբ: Բայց քանի որ գիտենք՝ Եվրասիականի հիմնադիր անդամը նաև վետոյի լիազորությամբ է օժտված, կարելի է կարծել` այո, Ղազախստանն էլ է «որոշում»:
Բայց ինչո՞ւ հատկապես հոկտեմբերին: Կա՞ արդյոք տրամաբանական կապ Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումների և հոկտեմբերի միջև:
Ի դեպ, հայոց մեջ «Քառյակ» անվանումն ստացած կոնգլոմերատը, որը, ըստ լրատվամիջոցների, կենսակերպվում և գոյատևում է հավասարների միջև` է՛լ ավելի հավասար (ասենք, ԲՀԿ առաջնորդը կարող է իրեն թույլ տալ չմասնակցել ԱԺ-ի աշխատանքներին, ԱԱԽ-ի նիստերին և չհրաժարվել իր դատարկ աթոռը մեր քթի տակ պահելուց) ԲՀԿ-ի ֆինանսական միջոցներով: ՈՒ հիմա չգիտես` դրա համար լա՞ս, թե՞ խնդաս, զի Արա Աբրահամյանից «կենսակերպվելուց», կրկին փող ուզելուց ու մերժվելուց հետո, քառյակի անդամներից «Ժառանգությունը», որի առաջնորդը նախագահական ընտրություններում, ոչ ավելի, ոչ պակաս, երկրորդ տեղն էր զբաղեցրել, սկսել է «մեծապատիվ մուրացկանություն» անել Առինջի կողմերում` հանգրվանելով ՀԱԿ-ի, մնացյալների կողքին... մինչև կգա սեպտեմբերը, իսկ առավել ստույգ` հոկտեմբերը, որպեսզի «իշխանափոխություն» իրականացնի: «Անցնցում»:
Ստացվում է՝ ճիշտ էին այն փորձագետները, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ երկիմաստ պնդում էին, թե աշնանը՝ հոկտեմբերին, Հայաստանում բուռն գործընթացներ են տեղի ունենալու:
Չտարվենք դավադրության տեսությամբ, այլ արձանագրենք՝ աշխարհը փոխվում է ժամերի ընթացքում, խաղն այս պահին բաց է բոլոր ուղղություններում։ Բաց է Մերձավոր Արևելքում, ուր ձևավորվում է քրդական պետությունը, ինչի համար արդեն պետք է ցավի նախագահական ընտրությունների գնացող Թուրքիայի գլուխը: Բաց է խաղը ՈՒկրաինա-Ռուսաստան «տանդեմում», ինչի համար արդեն իսկ ցավում է Արևմուտքի գլուխը: Բաց է Եվրասիական միության հարցում, ուր դեռևս միմյանց հետ լեզու չեն գտնում անգամ հիմնադիր անդամները, ասենք, նույն ՈՒկրաինայի նկատմամբ պատժամիջոցների հարցում, ինչի համար էլ պիտի ցավի ու, կարծես, շատ է ցավում Ռուսաստանի գլուխը:
Բաց է Ղարաբաղի հարցը: Իսկ մենք, կարծես, գլխացավի խնդիր չունենք:
Մի կողմից, որ ունենք քառյակի նման ընդդիմություն, բայց դե, մյուս կողմից էլ, մեզ «մոտ» միշտ է այն ցավում:
Որպես «օրգանիզմի»… ինքնապաշտպանական ռեակցիա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ