Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Ո՞րն է, բաբո,  մեր հայրենիք
30.05.2014 | 00:49

Քաղաքական թոփ-թեմաների պակաս թե՛ հայաստանյան, թե՛ գլոբալ-քաղաքական օրակարգերում չկա:
Զուգահեռաբար ընթացող երկու էական զարգացումներ` Թուրքիայի ապագա նախագահի հրավեր` 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստան, մյուսը` էլ ավելի պրագմատիկ, իրենց վրա բևեռեցին ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ուշադրությունը` ուկրաինական զարգացումներից հետո:
Շատ կարճ անդրադառնալով Սերժ Սարգսյանի` թուրք նախագահին ուղղված հրավերին (անկախ նրանից` կգա՞ վերջինս, թե՞ ոչ), արձանագրենք` դիպուկ քայլ էր` քարոզչական առումով: Եվ ոչ միայն: Նաև ղարաբաղյան զարգացումների: Էլ առավել` Լավրով-Դավութօղլու հանդիպման «հարթակային» ֆոնին: Այս մասին` այլ անգամ, դառնանք ավելի կարևորին:
Այո, խոսքն Աստանայում տեղի ունեցողի մասին է: Չինաստանի հետ կնքած երեսուն տարվա «դարի» պայմանագրից հետո Ռուսաստանը երեկ ձեռնամուխ եղավ «դարի» հաջորդ նախագծի իրականացմանը` Եվրասիական միության ստեղծմանը: Հանուն արդարության պետք է արձանագրել. թե Չինաստանի հետ կնքած պայմանագրի, թե ստեղծվելիք Եվրասիական միության ապագան մշուշոտ են ոչ միայն ծավալապաշտության, այլև չոր հաշվարկի տեսանկյունից, որովհետև այս պահին Եվրասիական միության անդամներ Բելառուսն ու Ղազախստանը խիստ մեծ վերապահումներով են մտնում այդ կառույցի մեջ, իսկ թե ինչ կլինի ապագայում, անորոշ է ոչ միայն այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն նոր սանկցիաներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանը պատրաստվում է Եվրասիական միության մեջ ներառելու նաև «անկախ» Դոնեցկը, որ ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոն ռմբակոծում է Դոնեցկի մարզը` օդանավակայանով հանդերձ, այլ որ Պորոշենկոն պատրաստվում է Լիտվայի, Լեհաստանի, ասել է ` ՆԱՏՕ-ի անդամների հետ համատեղ զորամիավորում ստեղծելու, հետն էլ ԱՄՆ-ից ռազմական օգնություն է խնդրում-սպասում` Դոնեցկի ու «մնացածի» հարցում:
Ահա այս ֆոնին երեկ տեղի ունեցավ ԵՏՄ պայմանագրի ստորագրումը` անկանխատեսելի Բատկայի ու իր շահերը լավագույնս գնահատող Նազարբաևի միջև: Պայմանագրի ստորագրմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր Հայաստանը ու մինչև վերջին պահը որևէ մեկը չգիտեր` ինչ է լինելու մեր դեպքում:
Ինչն էլ ցուցիչն է, որ առաջին հերթին Ռուսաստանը չգիտեր` ինչ է լինելու, որովհետև, ինչպես ասացինք, գործ ունի անկանխատեսելի Բատկայի ու Նազարբաևի հետ, իսկ որ ամենակարևորն է` աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ հետո, կա Ադրբեջանի խնդիր, իսկ առավել ստույգ` Ղարաբաղի խնդիր:
Թույլ տանք մեզ կարծել. հայկական կողմը մինչև վերջ պնդելու է Ղարաբաղի հարցում իր մոտեցումները` թե Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ դնելուն առնչվող, թե մնացյալ: Չենք բացառում, որ Հայաստանն իր մտքում թաքուն համաձայն լինի չճանաչված միավորների (Դոնեցկ, Աբխազիա, Ղարաբաղ)` Եվրասիական միության անդամակցության սեգմենտի հետ:
Բաց է մնում, սակայն, հարցը՝ ի՞նչ կհետևի դրան:
Ռուսաստանը, որն այսօր միջազգային մեկուսացման մեջ է, որի տնտեսությունը, լավատեղյակների գնահատմամբ, ահավոր վիճակում է ու առաջիկայում էլ ավելի կվատանա, կկարողանա՞ նման «բեռ» վերցնել իր վրա:
Եվ հետո, ի՞նչ «կասի» Ռուսաստանն Ադրբեջանին, բացի միլիարդանոց զենք վաճառելուց:
Հարցեր, որոնց պատասխանները ոչ միայն մենք, այլև ու հաստատ ոչ ոք չգիտի:
Ռուսաստանը` նույնպես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ