Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Չինաստանը պատրաստվում է խոշոր խաղի՝ աշխարհի տնտեսական վերաձևման

Չինաստանը պատրաստվում է խոշոր  խաղի՝ աշխարհի տնտեսական վերաձևման
30.05.2014 | 00:24

Թեև աշխարհը մուտք է գործել աշխարհաքաղաքական վերաձևման հերթական փուլ, Չինաստանը շարունակում է հետևողականորեն իրականացնել նոր աշխարհակարգի իր տեսլականը, որի կարևորագույն գործիք է համարում «Մետաքսի ճանապարհ» կոչվող գլոբալ ռազմավարությունը։ Ընդ որում, չինացիները որոշել են չսահմանափակվել սոսկ մայրցամաքային «Մետաքսի ճանապարհով» և ուզում են այն վերականգնել նաև ծովում։ Երթուղին կանցնի ԱՍԵԱՆ-ի երկրներով (Բրունեյ, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ), ապա ճանապարհը կձգվի դեպի Մերձավոր Արևելք ու Եվրոպա։ Ծովային «Մետաքսի ճանապարհը» գոյություն է ունեցել առնվազն երկու հազարամյակ առաջ և, ինչպես նշվում է, ավելի հին է, քան ցամաքայինը։ Հնում այն Չինաստանի նավահանգիստները կապում էր Պարսկաստանի և Արաբական թերակղզու հետ։ Մետաքսը, թեյը, ճենապակին, նեֆրիտը տեղափոխվում էին մի քանի երթուղով՝ այժմյան Վիետնամի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Պակիստանի, Իրանի, Պարսից ծոցի մյուս երկրների ափերի երկայնքով։ Չինական Գուանչժոու քաղաքում կա նույնիսկ ծովային «Մետաքսի ճանապարհի» առանձին թանգարան, որտեղ պահպանվում են չինական «Նանհայ N 1» նավի մնացորդներ, որը խորտակվել է ճենապակու և մետաքսի բեռով։ Այսպիսով, հիմա արդեն 21-րդ դարի նոր ծովային «Մետաքսի ճանապարհը», Չինաստանի հղացմամբ, պիտի դառնա այն հնի վերածնումն ու զարգացումը։ Ի դեպ, չինական քաղաքական նախաձեռնությունները զորացվել են տնտեսական ծրագրերով։ Սի Ցզինպինը նոր նպատակ է առաջադրել՝ 2020 թ. Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև երկկողմ առևտրի ծավալը հասցնել մեկ տրիլիոն դոլարի։ Բացի այդ, տրանսպորտային փոխադրումների հնարավորությունների ընդլայնման համար Պեկինն առաջարկում է ստեղծել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ։ Այնպես որ, Հարավարևելյան Ասիայի առնչությամբ, ուր ծրագրվում է գցել «21-րդ դարի ծովային «Մետաքսի ճանապարհը», ինչպես և, ի դեպ, Կենտրոնական Ասիայի առնչությամբ Պեկինի նախաձեռնությունները, որին ուղղված է գլխավոր «Մետաքսի ռազմավարությունը», փորձագետներն արդեն անվանել են «սենսացիոն»։
Հիշեցնենք, 2013-ի սեպտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հանդես եկավ Եվրասիայի պետությունների հետ համատեղ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնությամբ։ Մտահղացումն անմիջապես ուշադրության արժանացավ թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Չինաստանում այդ նախաձեռնությունը գնահատվեց ոչ միայն իբրև տնտեսական նախագիծ, այլև ՉԺՀ-ի կարևոր քայլ բարեփոխումների և անկեղծության խորացման ուղղությամբ։ Հայտնի են ցամաքային ընդհանուր ուրվագծերը։ Մասնավորապես պարզ է, որ Չինաստանը պատրաստ է, օգտագործելով իր ֆինանսական ռեսուրսները, ստեղծելու Խաղաղ օվկիանոսից մինչև Եվրոպա ձգվող «տնտեսական գոտի», ներառելով նախ և առաջ Կենտրոնական, Հարավային Ասիայի, Հարավային Կովկասի պետությունները, որոնք կդառնան չինական առևտրական, ներդրումային ու ենթակառուցվածքային ծառայությունների և ապրանքահոսքերի սպառողներ։ Այս ամենը հնարավորություն կտա, ինչպես պնդում են ՉԺՀ-ի պաշտոնական լրատվամիջոցները, «հասնելու փոխշահավետության և համատեղ օգուտ քաղելու»։
Իսկ, ըստ էության, այդ երկու նախագծերը մի երկրի համար, որը ձգտում է իր համար նոր համաշխարհային գործառույթների, այն է՝ անցում «համաշխարհային ֆաբրիկայի» կարևոր, բայց ոչ ամենապատվավոր դերին, համաշխարհային գործընթացների ավելի գրավիչ կառավարչական կարգավիճակի, դարձել են հեռանկարի ինչ-որ կողմնորոշիչներ։ Դրանք արագորեն ներառվեցին դիվանագիտական տնտեսական աշխատանքի վերաբերյալ մի շարք պետական խորհրդակցութունների օրակարգում, երկրի ներսում և արտասահմանում արժանացան առանձնահատուկ ընդհանուր ուշադրության։ Ընդ որում, չինական լրատվամիջոցները ոչ միայն կանոնավորապես լուսաբանում են նախագծերի իրացման փուլերը, այլև չեն հոգնում դրանք ներկայացնելուց որպես 21-րդ դարի գլոբալ աշխարհի ձևավորման նոր բաղադիրիչներ։ Այսպես, «Ժենմին ժիբաո» թերթը «Մետաքսի ճանապարհի» ոգին. հինն ու արդիականն ընդգրկող նոր գլուխ» խմբագրական հոդվածում գրում է. «Նոր դարը, երբ ժամանակի լեյտմոտիվ են դարձել խաղաղությունը, զարգացումն ու համագործակցությունը, և երբ միջազգային ու տարածաշրջանային իրադրությունը զգալիորեն բարդացել է, «Մետաքսի ճանապարհի» ոգին՝ խաղաղությունն ու համագործակցությունը, անկեղծությունն ու հանդուրժողականությունը, փոխընդօրինակումն ու փոխառնումը, դժվարություններից չվախենալը, առանձնապես կարևոր ու արժեքավոր են դառնում։ Եթե մեր նախնիներն ավելի քան 2000 տարի առաջ կարողացել են նման փոխհարաբերություններ հաստատել՝ միմյանց հանդեպ հարգանք, իրավահավասարություն ու փոխադարձ շահավետություն, պատերազմը վերածել են խաղաղության, ապա մենք՝ ժամանակակից սերունդը, առավել ևս պետք է փոխառենք մարդկային քաղաքակրթության այդ արժեքավոր հատկանիշները։ Միջազգային հանրության համար ծայրաստիճան անհրաժեշտ է «Մետաքսի ճանապարհի» ոգին փոխանցել սերնդեսերունդ, միևնույն ժամանակ այն հարստացնելով ժամանակակից բովանդակությամբ, ժամանակակից կենսական ուժով ու ժամանակակից արժեքներով, մարդկային հասարակության համար ստեղծել նյութական և հոգևոր նոր հարստություններ»։ Այնուհետև նրանք առանձնապես ընդգծում են, որ քանի դեռ «Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ընթացող տարածաշրջանային համագործակցության և Ասիայում ընթացող տարածաշրջանային համագործակցության միջև դարձյալ բավական մեծ խզում կա (դա հատկապես վերաբերում է ասիական ենթաշրջանների անհավասարակշիռ զարգացմանը)», «Մետաքսի ճանապարհի» նախագծերը կնպաստեն ասիական արտադրական շղթայի և գների շղթայի ստեղծմանը, և դրանով Ասիայի ու Եվրոպայի տարածաշրջանային համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա։
Խիստ կարևոր է նաև այն, որ չինական գաղափարն ավելի ու ավելի է համակում քաղաքական գործիչների մտքերն ու պաշտպանության արժանանում։ Այսպես, վերջերս պաշտոնական մակարդակով հայտնի դարձավ, որ Ղազախստանը մտադիր է մասնակցելու «Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտի» նախագծին։ «Ղազախական կողմը պատրաստ է ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերելու այդ խոշոր նախագծի իրականացման ուղիների քննարկմանը, որը կընդգրկի համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էկոնոմիկան, առևտուրը, ներդրումները, մշակույթը և նպատակամղված կլինի միջտարածաշրջանային համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն»,- նշում է երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Ավելին, ղազախ դիվանագետներն ընդգծում են, որ այդ նախագծի գաղափարն ընդհանուր առմամբ համահունչ է Նազարբաևի կողմից ավելի վաղ ազդարարված «Ղազախստանը նոր Մետաքսի ճանապարհ է» նախաձեռնությանը, որը կոչված է նպաստելու Ղազախստանի կայացմանը որպես Կենտրոնական Ասիայում առևտրի, ապրանքահոսքի և գործարար հանգույցի, ինչպես նաև միջազգային համագործակցության ասիական վեկտորն ամրացնելու Աստանայի մտադրությանը։
Չինացիներն ասում են. «Հարստանալու համար նախ պետք է ճանապարհներ կառուցել»։ Նրանք միշտ ընդգծում են, որ «Մետաքսի ճանապարհը» ամբողջ մարդկության պատմական սեփականությունն է, որ այն բազում դարեր կապել է տարբեր ժողովուրդների, քաղաքակրթություններ, միավորել է մարդկանց, և, ըստ երևույթին, այդ գործառույթներն այսօր էլ կորսված չեն, առավել ևս, որ տնտեսությունը տեղում չի դոփում, իսկ գլոբալացման և աշխատաշուկայի համաշխարհային բաժանման նոր պայմանները պահանջում են ապրանքահոսքի հետ կապված խնդիրների արդյունավետ ու հուսալի լուծում։ ՈՒ միանգամայն բնական է, որ Չինաստանը մտադիր է ոչ միայն սոսկ վերականգնելու առևտրի ուղիների հին ավանդույթը, այլև դրա հիմքի վրա ստեղծելու մարդկության զարգացման նոր հայեցակարգ։ Ընդ որում, «մետաքսի նախագծերը» զարգացման բոլոր գլոբալ հայեցակարգերից տարբերվում են նրանով, որ դրանք իրագործվելու են ոչ թե միասնականացված մոտեցմամբ, այլ փոխլրացնող սկզբունքով։ Նախագահ Սին նշել է, որ գաղափարի իրագործումը կհենվի տարբեր երկրների հետ Չինաստանի փոխգործակցության երկկողմ և բազմակողմ մեխանիզմների, համագործակցության արդեն ստեղծված արդյունավետ հարթակի վրա, և, իհարկե, նախագծերը չեն կրկնի, առավել ևս չեն մրցակցի համագործակցության մյուս մեխանիզմների հետ։ Ընդհակառակը, դրանց «իրագործումն ընդունակ է այդ մեխանիզմները լրացնելու նոր բովանդակությամբ ու լրացուցիչ ազդակ հաղորդելու դրանց»։
Ի դեպ, չինացի առաջատար փորձագետ, պրոֆեսոր Ֆեն Յույցզյունը, «Ժենմին ժիբաո» թերթի կայքում վերլուծելով չինական նախագծի առանձնահատկությունը, ընդգծում է, որ խոսքը ինտեգրման գոտի ստեղծելու մասին չէ. «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին արհեստականորեն առաջ մղվող ինտեգրման նախագիծ չէ, այլ բնականորեն առաջացող համագործակցության գաղափար»։ Այս ակնարկը, կարծես, բավական թափանցիկ է. «արհեստական ինտեգրման նախագիծ» ասելով հեղինակը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Մաքսային միությունն ու Եվրասիական միության վերածվելու նրա հեռանկարը։ Չինացի մյուս փորձագետներին այսքան նրբանկատ չեն, նրանք բացահայտորեն գրում են, որ ցամաքային «Մետաքսի ճանապարհի» նախագծի ի հայտ գալն անմիջականորեն կապված է այն բանի հետ, որ ՉԺՀ-ի ղեկավարությունը դժգոհ է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անարդյունավետությունից ու դանդաղկոտությունից, և որ նոր նախագիծը ՇՀԿ-ի, փաստորեն, նոր վարկած է, բայց այլ, զուտ չինական խմբագրմամբ։ Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն առաջ տարվող Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության նախագիծը նույնպես անհանգստություն է առաջացնում Պեկինում, իսկ «Մետաքսի ռազմավարությունը», հաջող իրականացման դեպքում, կարող էր դառնալ ևս մեկ ուղղությամբ «զսպման» արդյունավետ միջոց։ Այնպես որ, ավելի ու ավելի պարզ է դառնում՝ Չինաստանը, ինչպես մյուս «ուժի կենտրոնները», պատրաստվում է խոշոր խաղի՝ աշխարհի տնտեսական վերաձևման՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Եվրոպա։ Բայց, ինչպես հայտնի է, գեղեցիկ կարգախոսից մինչև դրա իրագործում մեծ ճանապարհ կա անցնելու։ ՈՒ հիմա Պեկինն առաջադրել է հետևյալ գլխավոր խնդիրը՝ բոլորին համոզել, որ «փոխադարձ շահը» գաղափարախոսությունից կարևոր է, որ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ստեղծումով 21-րդ դարում նոր իրողություն կառաջանա, որը Չինաստանում բնութագրվում է այսպես. «Բարեկամներ կունենանք նաև հեռավոր երկրներում»։ Նրանց այս կարծիքին, թերևս, համամիտ են աշխարհի շատ երկրներ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ