Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Բարիկադների» երկու երեսը

«Բարիկադների» երկու երեսը
04.04.2014 | 00:42

Պետք չէ «բայղուշություն» անել, բայց և այնպես, ապրիլի 28-ին կազմակերպվող շուրջօրյա հանրահավաքները կգրանցեն թվով երրորդ, բայց և վերջին խոշոր ֆիասկոն Ռոբերտ Քոչարյանի համար:
Հարկ չենք համարում կիրառել դիվանագիտական եզրույթներ և անձերն ու երևույթները կոչում ենք իրենց անուններով: Այո, շուրջօրյայի հետևում ակնհայտորեն թաքնված է Քոչարյանի անսահման անհանգստությունը` կայարանը լքած իր գնացքի համար: ՈՒ նա մի անգամ ևս փորձում է հետ բերել այն` ի հեճուկս տիեզերակարգում գրված օրենքի` գնացքները հետ չեն շարժվում: Ի դեպ, այն հետ շարժելու համար ընտրվել է ամենաանպատեհ ու ամենասխալ ժամը: Եվ դա ոչ այն պատճառով, որ օրվա իշխողներն իրենից լավն են, այլ որ գոյություն ունի դիալեկտիկա, որով ոչ միայն աշխարհն է շարժվում, այլև, նույն այդ դիալեկտիկայի համաձայն, աշխարհակարգն է փոփոխվում:
Եվ ունենալ սեփական «Մայդանը» առանձին վերցրած, թեկուզ երրորդ աշխարհի համարում ունեցող Հայաստանում, ոչ միայն նոնսենս է մեր երկրի առումով, այլև աշխարհում ոչ մեկը Քոչարյանին թույլ չի տա դա: Հասկանալի է, չէ՞ որ Քոչարյանը «շուրջօրյա» անելու համար չունի գերխաղացողների բարեհաճությունը։ Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին այս պահին անկայուն, ցնցումներով հագեցած, բարիկադների վրա կանգնած Հայաստան պետք չէ: Երկու գերխաղացողներին` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, փոքրիկ մահակ է պետք հայաստանյան իշխանությունների գլխին` «անկանոն շարժումների» չտրվելու համար, բայց ոչ ավելին, մանավանդ որ Սարգսյաններ տանդեմն առանց այն էլ շատ զգուշավոր է խաղում, և լրացուցիչ մահակը նրանց համար ընդամենը լրացուցիչ զգուշավորություն է, ուրիշ ոչինչ:
Այլ հարց է, որ բարիկադները կդառնան Քոչարյանի ու յուր սատելիտների համար գերեզմանոց, ուր կհանգչի ոչ միայն իրենց վերջին, այլև ժողովրդի վերջին հույսը` ընդդիմադիր պայքարին առնչվող: Եթե դեռ այդ հույսը կա:
Բացի այդ, Հայաստանն ունի մի առանձնահատկություն. այն անձերի ու անհատների երկիր է և հանրայնանում է բացառապես այն ժամանակ, երբ կա ճշգրիտ կամ խարիզմատիկ առաջնորդ, որը նաև հռետոր է և ունի մասնակի գաղափարական առկայծումներ:
Ո՞վ է այս շարժման լիդերը: ԲՀԿ-ն ու յուր առաջնորդ Ծառուկյա՞նը: Չարժե ծիծաղել. Ծառուկյանը նախ և առաջ պետք է համոզված լինի, որ ինքը շա՜տ ընդդիմադիրն է։
Եթե լիդեր է դառնում Քոչարյա՞նը: Կա մի հստակ բանաձևում. Քոչարյանը երբեք չի նույնացվել Հայաստանի հետ, նա մնաց օտար, չընկալվեց հայ էթնոսի կողմից: ՈՒ պետք չէ նրա վերադարձի «էֆեկտը» բաղդատել Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի էֆեկտի հետ: Բոլորովին այլ կատեգորիաներ են, այլ ինտելեկտ, այլ ներքին զարգացումներ:
Կա անչափ մեծ մի նրբություն ևս. «կուտակայինի» մասին որոշմամբ Սերժ Սարգսյանն արթուն պահեց քաղաքացիական շարժումը Հայաստանում, որն անչափ անհրաժեշտ է կարծրատիպերը քանդելու համար: Գաղտնիք չէ, որ այս նոր շարժումն ու երիտասարդները հենց ամենամեծ վտանգն են Քոչարյանի ու յուր սատելիտների համար:
Ընդ որում, սույն երիտշարժումը, ինչ-որ պահից սկսած, նույնքան վտանգավոր կարող է լինել իշխանությունների համար:
Եթե իշխանությունները չգնան ինքնակամ փոփոխության, որովհետև լճացումը նույնպես պատմական երկարատև կատեգորիա չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ