Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հալոցքը» իսկական խուճապ է առաջացրել Պարսից ծոցի արաբական միապետությունների շրջանում

«Հալոցքը» իսկական խուճապ է  առաջացրել Պարսից ծոցի արաբական  միապետությունների շրջանում
10.11.2013 | 13:02

Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում։ Արագորեն փոխվում են պետությունների քաղաքական գերակայություններն ու նրանց սովոր կողմնորոշման սխեմաները. երեկվա «երդվյալ թշնամիներն այսօր շփման եզրեր են փնտրում, իսկ նրանք, ում բարեկամությունը դեռ վերջերս թվում էր «հավերժ անսասան», ընդհանուր թշնամիներով ու փողով «անքակտելիորեն զոդված», հանկարծ սկսում են տարբեր կողմ նայել։

Այսպես, Վաշինգտոնն ու Թեհրանը կարծես ջանքեր են գործադրում քաղաքական ծանրաչափի սլաքը «հարատև մրրիկ» նիշից փոխելու, գոնե, «հանդարտության» վրա. Իրանի նախագահ Ռուհանին մտադիր է «ուսումնասիրել Իրանի և ԱՄՆ-ի միջև ավիաչվերթերի վերականգնման հնարավորությունը» (որոշ տվյալներով, օտարերկրյա բանկերում «կալանված» իրանական ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 50 մլրդ-ից մինչև 75 մլրդ դոլար), այդ թվում՝ դեռ նախագահ Քարտերի ժամանակներից ամերիկյան բանկերում սառեցված ավելի քան 5 մլրդ դոլար գումարի իրանական զանազան ներդրումներ՝ ավուարները։ Միևնույն ժամանակ, այդ դեռևս լիովին չգիտակցված «հալոցքը» իսկական խուճապ է առաջացրել Պարսից ծոցի արաբական միապետությունների շրջանում և պատճառ դարձել նրանց տարօրինակ, անգամ փոքր-ինչ անհամարժեք գործողությունների։ Եվ դա զարմանալի չէ։ Նրանք երկար ժամանակ Վաշինգտոնը համարել են իրենց գլխավոր և հավատարիմ դաշնակիցը, իսկ Թեհրանը (արաբական երկրներում բնակվող շիադավանների վրա նրա ազդեցությամբ)՝ իրենց գլխավոր հակառակորդը և Ամերիկայի հավերժական թշնամին։ Եվ ահա հիմա արաբական փորձագիտական ընկերակցությունում ի հայտ է եկել մի գերիշխող կարծիք, թե «հիմա մենք էլ կանտեսենք ԱՄՆ-ի շահերն ու ցանկությունները», ընդ որում, առաջարկվում է այդ բանը սովորել իրանցիներից։ Սակայն, եթե վերլուծաբաններն ու լրատվամիջոցները չեն հասկանում, թե ինչու է Օբամայի վարչակազմը «Թեհրանի առջև բացել մինչ այս ամուր կողպված դռները», ապա Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ոչ այն է՝ հասկանալով պատճառը, ոչ այն է՝ գործելով բնազդորեն, անցել են հարձակման։ Ճիշտ է, այդ կսմիթներն առայժմ բավական անկապ են և ավելի շատ հուզական. հոկտեմբերի սկզբին Էր-Ռիադն անսպասելիորեն հրաժարվեց ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակից, որի համար պայքարել էր մի քանի տարի։ Իր հրաժարումը նա պատճառաբանեց այն բանով, թե ՄԱԿ-ն անընդունակ է լուծելու իսլամական աշխարհում և արաբական երկրներում առկա խնդիրները։ Այնուհետև նա բացատրեց, թե դա «ուղերձ է ԱՄՆ-ին և ոչ թե ՄԱԿ-ին»։ Սաուդյան հետախուզության ղեկավար արքայազն Բանդար բին Սուլթանն էլ հայտարարեց, որ մտադիր է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը սիրիական ընդդիմության ուսուցման գործում։ Եվ իհարկե, սաուդցիներն սկսեցին սպառնալ, թե կարող են վերանայել իրենց համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես, նվազեցնել նավթի արտահանումը և կրճատել ամերիկյան զենքի գնումները, առավել ևս, որ սպառազինությունների ոլորտում Օլանդի օրոք Ֆրանսիայի հետ նկատելիորեն ակտիվացած շփումները թույլ են տալիս խոսել ամերիկացիների դերի նվազեցման ուղղությամբ նկատվող որոշ հաջողությունների մասին։ Արաբական լրատվամիջոցները նշում են նաև, որ Պարսից ծոցի պետություններն ունեն ամերիկյան քաղաքականության վրա ազդեցության այլ լծակներ ևս. խոշոր ֆինանսական կարողությունները նրանց հնարավորություն կտան լոբբիստական գործունեություն ծավալելու Վաշինգտոնում և դիմակայելու Օբամայի ցանկացած նախաձեռնության։ Նրանք նաև կարող են սկսել իրենց ավուարների դուրսբերումը դոլարի գոտուց, ինչը կապակայունացնի այդ արժույթի փոխարժեքը։
Այդ մարտահրավերներն ակտիվ հավանության արժանացան արաբական որոշ երկրներում։ Այսպես, աջակցություն եկավ Եգիպտոսից, որին արաբական միապետները խոստացել են լուրջ ներդրումներ կատարել խարխլված տնտեսության մեջ, իսկ Քաթարի արտգործնախարարն արևելյան պերճախոսությամբ ասաց. «Երբ դուք բարկանում եք, աշխարհն իրարով է անցնում, շնորհակալություն ձեզ»։ Մաքսային միության և եվրասիականության վերաբերյալ թուրքական վերջին նախաձեռնություններն էլ լիովին կարելի է համարել ամերիկացիների գործողությունների հիստերիկ արձագանք։
Սակայն կարծես արժե պարզել, թե ինչն է այս սպառնալիքներում իրագործելի և ինչը՝ դատարկ «հաթաթա»։ Դրանք իրականում որքան կարող են վնասել ամերիկա-իրանական մերձեցմանը, որը, փորձագետների մեծ մասի կարծիքով, համաշխարհային գործընթացների մթնոլորտում ավելի ու ավելի է «դատապարտվածության» բնույթ կրում։ Ինչ վերաբերում է նավթին, ապա ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հարաճուն արդյունահանման և նավթի վաղուց կուտակված ռազմավարական պաշարների բացման հնարավորության պայմաններում նավթն առհասարակ և Պարսից ծոցի նավթը՝ մասնավորապես, այլևս «գլխացավանք» չեն ամերիկացիների համար։ Ի դեպ, նշենք՝ բացառված չէ, որ շուտով ԱՄՆ-ում նոր, այս անգամ «ջրածնային» էներգետիկ հեղափոխություն սկսվի՝ կապված այդ երկրի մտադրության հետ՝ սկսելու էկոլոգիապես մաքուր վառելիքով աշխատող շարժիչներով ավտոմեքենաների զանգվածային արտադրությունը։ Հենց վերջերս են գիտնականները հայտարարել, որ դրան խոչընդոտող սկզբունքային խնդիրներն արդեն հաջողությամբ լուծված են։ Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե «ով իրականում կտուժի էներգետիկ մահակից»։ Սաուդյան բանակի վերազինումն ու հօգուտ ֆրանսիականի ամերիկյան տեխնիկայից հրաժարումը հեշտ բան չեն, և առավել ևս, հազիվ թե հնարավոր լինի իրագործել անգամ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես եթե հաշվի առնենք, որ թագավորության վերնախավն էլ է, փաստորեն, «խրված» ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագրերի մեջ։ Մնացին լոբբին ու փողը։
Եվ այստեղ ուշադրության առնենք իսրայելական լրատվամիջոցների տարածած մի շարք հետաքրքրական հաղորդագրություններ. ըստ շատ ազդեցիկ «Հաարեց» թերթի, վերջին ժամանակներս «արաբական աշխարհի և հրեական պետության միջև պատմական հակամարտության բնույթն արմատական փոփոխություն է կրել», իսկ «արմատական իսլամական առանցքը», իբր, նույնիսկ ռազմավարական դաշինք է ձևավորում Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի միջև։ Ավելին, «պատասխանատվություն կրող ամերիկյան «հովանավորի» բացակայության պայմաններում նրանք աշխատում են հենվել միմյանց վրա»։ Նոր արաբա-իսրայելական «որբացածների դաշինքը», իսրայելական թերթի կարծիքով, համարյա ամենակարևոր ուժն է դառնում Մերձավոր Արևելքում։ Բացի այդ, ինչպես հաղորդել է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքի նորությունների ծրագիրը, մի շարք արաբական երկրների և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները գաղտնի և լարված խորհրդակցություններ են անցկացնում ամերիկա-իրանական մերձեցմանը համատեղ դիմակայելու հարցի շուրջ։ Հասկանալի է, որ «ո՞ւմ դեմ ենք բարեկամություն անում» սկզբունքի կողմնակիցներ կգտնվեն նաև ԱՄՆ-ում, աշխարհաքաղաքական և փորձագիտական դաշտը հեղեղված է «հալոցքի» հակառակորդներով (նկատենք, ի դեպ, որ Պենտագոնը հիմա հատկապես է շահագրգռված Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրների լուծմամբ)։
Այդուամենայնիվ, դժվար է պատկերացնել, թե բավական իրատեսական Իսրայելը երկար ժամանակ չի գիտակցի, որ իր անվտանգությունն ապահովելու համար ավելի լավ է, որ ինքը համագործակցի Իրանի հետ, քան Սաուդյան Արաբիայի վահաբականների, և չի հիշի, որ հենց արաբական միապետություններն են ծնում և ֆինանսավորում իսլամական ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը տարածաշրջանում։ Եվ, ի վերջո, հիշենք պատմությունը, որը թե՛ իրանցիների, թե՛ հրեաների համար լուրջ կռվան է։ Այսպես, թեև իրանա-հրեական հարաբերությունների հաստատման ճշգրիտ տարեթիվն անհնար է ասել, սակայն հայտնի է, որ մ.թ.ա. 538 կամ 539 թվականին Կյուրոս 2-րդ Մեծ պարսից (Աքեմենյան) թագավորը գրավեց Բաբելոնը, բաբելոնյան գերության մեջ հեծող հրեաներին վերադարձրեց խլված հարստությունը և թույլ տվեց վերադառնալ Հին Հրեաստան։ Նա այն ժամանակ հրեաներին նաև միջոցներ տրամադրեց Երուսաղեմի տաճարը վերականգնելու համար։ Եսայի մարգարեն Կյուրոս թագավորին կոչեց Իսրայելի Աստծո պատգամաբեր, իսկ Երուսաղեմի վերականգնված տաճարի արևելյան մուտքին հայտնվեց Պարսից կայսրության Սուզ մայրաքաղաքի խորհրդանշանը։ Սակայն ոչ բոլոր հրեաները վերադարձան պատմական հայրենիք։ Շատերը մնացին պարսից կայսրության տարածքում, այդ թվում՝ ժամանակակից Իրանի հողում, և այստեղ բարձր հարգ էին վայելում։ Նույնիսկ այսօր հրեաներն Իրանում ավելի շատ են, քան ցանկացած այլ մահմեդական երկրում՝ մոտ 30-40 հազար շունչ։ Նրանք ներկայացված են երկրի խորհրդարանում, Իրանում գործում է նաև մոտ 40 սինագոգ։ Իսրայելի պետության հանդեպ էլ Թեհրանում երկար ժամանակ վերաբերմունքը շատ ջերմ է եղել. 1950 թ. նրա ստեղծումից երկու տարի էլ չանցած Իրանը ճանաչեց հրեական պետությունը, երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատվեցին ու, փաստորեն, երիտասարդ հրեական պետությունն ամենաշատ նավթամթերքը, գազն ու պարենը ստանում էր Իրանից։ Այնպես որ, դեռ հույս կա, որ պատմական հիշողությունը, ողջախոհությունն ու, վերջապես, ինքնապահպանման «բնազդը» թույլ չեն տա, որ իսրայելական «ճուռակները» ևս մեկ ճակատագրական քայլ անեն։
Շատ հավանական է, որ «սաուդցիների խռովությունն» էլ «մի բաժակ ջրում փոթորիկ» լինի։ Չէ՞ որ ԱՄՆ-ից խիստ դժգոհությունը, առավել ևս մարտահրավերները, կարող են բումերանգ դառնալ միապետության համար։ Չմոռանանք, որ թագավորությունն ինքը շատ խնդիրներ ունի լուծման կարոտ, ինչպիսիք են՝ թագավորի առաջիկա, բայց շատ մշուշոտ փոփոխման հետ կապված լուրջ երկյուղները (Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, իսկ թագավորության հիմնադիր իբն Սաուդի վերջին որդին՝ 90-ամյա Աբդուլան, տարիքի պատճառով այնքան էլ երկար չի ձգի), «արաբական գարնան» հրահրած դժգոհության աճը, և, ամենագլխավորը, երկրի արևելքի բնակչությունը, որտեղ կենտրոնացած են, փաստորեն, բոլոր նավթարդյունահանման ձեռնարկությունները, հենց շիադավաններ են, որոնք մեծ համակրանք ունեն Իրանի նկատմամբ։ Այնպես որ, «խռովությունը», եթե բորբոքվի էլ, ապա, ամենայն հավանականությամբ, արագ կմարի։ Եվ այդուամենայնիվ, Արևելքը, ինչպես գիտենք, «дело тонкое» ու հազիվ թե որևէ մեկը, անգամ ամենալավ մասնագետները, կարողանան ճշգրիտ կանխատեսել բոլոր իրադարձությունների ապագա զարգացումը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ