Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

300 սպարտացիների սպասումով

300 սպարտացիների  սպասումով
27.10.2013 | 13:01

Զայրացած արձագանք կարող է թվալ այս հրապարակումը, գուցե նաև` ավելորդ, որովհետև նույն թեմայով էր նախորդը: Բայց համոզված եմ` ոչ ապարդյուն, որովհետև թեման իրականում ինչ-որ մեկի նամակը չէ ինչ-որ մեկին, այլ Հայաստանի ինտելեկտուալ վիճակը: ՌԴ նախագահին ուղղված Զորի Բալայանի նամակից հետո տարատեսակ տեսակետներ բարձրաձայնվեցին, ոմանք նույնիսկ շնորհակալություն հայտնեցին նրան, որ կարողացավ շարժել հայկական ընդարմացած գիտակցությունը: Հուսամ` այդ շնորհակալությունը ավելի շատ հեգնական էր, քան երախտագետ: Որովհետև այդկերպ տարտղնել ընդարմացումը վայել չէ ոչ տարտղնողի, ոչ տարտղնվողի համար: Ոչ անկախության ընդամենը երկու տասնամյակի, այլ անկախության ազգային երազի ու ձգտումների, հարյուրամյակներում ցրված ձախողված փորձերի ու այդ ձախողումներից չսովորած դասերի հենքով պետք է գնահատել իրավիճակը: Հեռանկարով, որ կստեղծվի կամ կկորսվի: Զորի Բալայանի նամակն ընդամենը կիսաբացեց Պանդորայի արկղը: Կիսաբացեց, թե կիսափակեց` կախված է մեր ընկալումից: Իրականությունը այնքան դառն է, պարզվեց, որ բաց թե փակ` արկղը պետք է շպրտել: Պետք է շպրտել, որ չպայթի: 21-րդ դարում քաղաքակրթությանն անհարիր է քարանձավային հետամնացության ու ֆանտաստիկ ինքնամեկուսացվածության որևէ դրսևորում, նույնիսկ հին հայկական ու բուռն ռուսասիրական: Չի կարելի նաև այդ նամակը համարել տարիքն առած հայրենասերի մտահոգությունների պոռթկում: Նույնքան անընդունելի է մտածել, որ Զորի Բալայանն իրականում արտահայտել է Հայաստանի իշխանության տեսակետները, որ այլ արտահայտությամբ ընկալում չէին ունենա: Հայաստանի իշխանությունն ունի իր քննադատները, պաշտոնական ու պաշտոնամոլ դատապաշտպանները: Չհավակնելով նրանցից որևէ մեկի դերին, չեմ կարող չասել, որ որևէ երկրի իշխանություն չի կարող, թեկուզ ինքնապահպանման բնազդով, ունեցվածքը չկորցնելու, չկիսելու ազնիվ մղումներով ուղղակի չի կարող մեկ այլ երկրի առաջարկել գալ ու իր փոխարեն իշխել: Նույնիսկ սեփական փայաբաժնի պահպանման պայմանով: Այս օրերին հիշեցին նաև Հայաստան-Բելառուս միությանը միանալու ստորագրահավաքը, որի նպատակը նույնքան աբսուրդ էր, որքան աբսուրդային էր ստորագրությունների ներկայացվող թիվը: Զորի Բալայանը այն ժամանակ ստորագրել էր և այդ նամակը: Ի թիվս տասնյակ այլ մտավորականների: Հենց այդ պատճառով խնդիր եղել ու մնում է Հայաստանի ինտելեկտուալ վիճակը: Պարբերաբար առաջադրվում են հույժ հայրենասիրական փաթեթավորում ունեցող հակահայկական գաղափարներ, որոնց առաջմղման և կասեցման վրա ծախսվում են ոչ միայն միջոցներ ու ժամանակ, այլև հասարակության ներուժը, որ ամենաիսկական կողոպուտ է ազգային հարստության: Հարստություն, որ չի չափակշռվում բնական պաշարներով, տարածքի քառակուսի կիլոմետրերով, ոսկու ու տարադրամի առկայությամբ, ՀՆԱ-ի ու տնտեսական աճի տոկոսներով, պետական պարտքով, բյուջեի դեֆիցիտով, թե պրոֆիցիտով: Հարստություն, որ մարդն է` մոռացված հասկացություն մեր օրերում, երբ անհատն ընկալվում է իբրև ընտրող, հարկատու, աշխատուժ, աշակերտ, ուսանող, զինվոր, կուսակցական, բայց ոչ երբեք անհատ: Մտածող, դատողությունների անկախությունը պահպանող մարդը շքեղություն է դարձել: Շքեղություն, որ դատապարտվում է: Ոչ այն պատճառով, որ աղքատությունը կամ ժուժկալությունը գերադասելի են, այլ մտածող մարդը հավասարեցված է մեղավորին: Մեղադրյալին, որ համաներմամբ ազատ է արձակվել, որովհետև քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա բոլոր դատապարտյալների համար: Իսկ կատարողները խրախճանում են իրենց երևակայության գագաթնակետին` հերթով ձեռք բերելով այնքան, որ մի քանի սերնդի կբավարարի: Նորմալ կյանքի համար:

Զորի Բալայանը իր նամակով միանգամից դարձավ Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր հետադիմականների ու հակահայկականի փաստական առաջնորդը: Հիմա պարզ է, թե ինչ ու ինչու է լռում հայ մտավորականի այն տեսակը, որ կյանքը չի պատկերացնում սեփական վաստակի շրջագծում ու ուզում է ավելին ունենալ, բայց ոչինչ չանել: Ճանաչում, հեղինակություն, փող` նրանց ամեն ինչից շատ է պետք: Նրանք գիտեն ստանալու ձևը: Բոլորովին պարզ չէ, սակայն, թե ինչու է լռում հայ մտավորականի այն տեսակը, որ ապրում է բոլորովին այլ, գրեթե հակադիր չափանիշներով: Լռում է, որովհետև իներտ է, ծույլ, բարձունքներից իջնելու անհրաժեշտություն չի տեսնում: Ասպարեզը մնում է դատարկամիտներին ու դատարկախոսներին, որ նաև լավ տիրապետում են ինքնահրամցման արվեստին, ինքնապարտադրման կատարելագործված ձևերին: Իսկ հասարակությունն ապրում է առաջիններից զզված, երկրորդներից` անտեղյակ: Համազգային վախկոտության վկայություն է այդ տոլերանտությունը, որ հանդուրժում է ամեն ինչ ու ամենքին, որ խուսափում է իրերին ու առարկաներին իրենց անունները տալ, առավել ևս` մարդկանց: Այդօրինակ տոլերանտությունը սեփական անզորության ինքնագիրն է, որ գոյության անցագիր է տալիս ստորությանն ու ստրկամտությանը, այդ տոլերանտությունը եզր չունի հանդուրժողականության հետ, այդ տոլերանտությունը հոմանիշն է հանցավոր անփութության, որ քրեորեն պատժելի է:
Մեզ ընտելացրել են օրապահիկով կյանքին, 24 ժամից ավելին մեզ համար ոչ միայն հավերժություն է, այլև անթափանց անհայտություն: Մեկից ավելի անհայտով հավասարումը լուծում չունի մեզ համար` ոչ մաթեմատիկական պատճառներով: Մեզ լավ ընտելացրել են մի քանի «ճշմարտության».
1. Դուք թույլ եք, փոքր եք` տարածքով, թվով, ունակ չեք ձեր հարցերը ինքնուրույն լուծել, ձեզ միշտ տեր է պետք` Աստծո տեղապահը երկրի վրա, որի գահը Մոսկվայում և միմիայն Մոսկվայում է` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, ԽՍՀՄ, թե ՌԴ նախագահ, նախկինում, հիմա, թե հետո:
2. Ռուսաստանից բացի, բոլոր երկրները Հայաստանի համար վտանգ են ներկայացնում ու թաքնված սպառնալիք են` «Արտաքին թշնամին մոբիլիզացնում է ներքին ուժերը» բանաձևով: Ռուսաստանը միակ վահանն է, որ պաշտպանում է մեր երկիրը անթիվ-անհամար թշնամիներից: Մենք ի զորու չենք մեզ պաշտպանել: Մեզ մնում է անվերջ վախենալ մեր սահմանների ներսում, եթե, նույնիսկ, մեր շուրջբոլորը ոչ մի պետություն չլինի:
3. Չի կարելի վստահել, հավատալ որևէ այլ երկրի, առավել ևս անպատիժ չի մնա փոխհարաբերությունը որևէ այլ երկրի կամ այլ քաղաքական միավորի հետ: Պետք չէ քնած արջին արթնացնել` վտանգավոր է գույքի ու կյանքի համար:
Իսկ ի՞նչ կլինի Ռուսաստանում Վլադիմիր Պուտինից հետո, եթե նա գնա նախագահության հինգերորդ շրջանի` ընդմիջում ունենալով ևս մեկ Մեդվեդև: Հավատարմության երդում ենք տալու նոր տիրակալի՞ն ու աստիճանաբար փորձելու ենք հարմարվել կառավարման նրա ոճին ու ժամանակաշրջանի քմահաճույքներին: Ո՞վ է մեզ պաշտպանելու Ռուսաստանից, որ փափուկ ուժի, բիրտ ուժի, խելոք ուժի, անխելք ուժի համադրումներով երկիրը վերցնում է տրոյական ձիու պես` պարիսպները անցնում է իբրև նվեր, հետո հայտնվում են զինվորները: Մեր օրերում նախ դատարկում է երկիրը, ներգաղթյալներին դարձնում էժան ու որակյալ աշխատուժ իր համար, պատանդ` արտահանող երկրի: Հավատալու ենք արդա՞ր ուժի առկայությանը, որի գոյության վկայությունները միայն գրական են ու միֆական: Շարունակելու ենք ազգային գաղափարախոսություն համարել ստրկամտությո՞ւնը` պայթուցիկ իրականում, շքեղ գովազդվող ներսում ու դրսից:
Մեզ ընտելացրել են ոչ միայն գործողությունների, այլև մտածողության կախյալության: Մխիթարություն չէ այն փաստը, որ որքան Ռուսաստանից, նույնքան Արևմուտքից ենք կենսական էներգիա ու կապիտալ ակնկալում և ով ավելին տա, կլինենք նրա ուղեծրում: Մեր բաժակը միշտ կիսով չափ դատարկ է, մեր գործընկերներինը` կիսով չափ լիքը: Նրանք խմում են, մենք մտածում ենք գինը վճարելու մասին, կամ վճարից խուսափելու, սեփական բաժակ ստեղծելը մեր ուժերից վեր է: Դուրս է մեր մտածողության ունակություններից: ՈՒ այդպես էլ մնալու է, քանի դեռ մեր ինտելեկտուալ հարստությունը բնորոշվում է զորիբալայաններով, իսկ ինտելեկտուալ դիմադրունակությունը` իներտությամբ կամ տոլերանտությամբ: Իմունիտետ մեր պատմությունը մեզ չի ապահովել, վեստսարգիսականությունը հերթով վաճառքի է հանում ոչ միայն մայրաքաղաքները, այլև բնակիչներին, որ ինքնուրույն քայլերի ունակությունը կորցրել են` համարելով ատավիզմ զարգացման ճանապարհին. այդպես ավելի հեշտ է վտանգներին դիմակայելը: Քաղաքական այս քամելեոնությունը գուցե պահպանում է տեսակը, բայց պահպանված տեսակը որակական այնպիսի փոփոխություններ է ապրում, որ որոշ ժամանակից կարող է կորցնել կապը բնօրինակի հետ:
Մենք հեշտությամբ հրաժարվեցինք Եվրամիության ինտեգրման քաղաքականությունից, բայց ուժ չունեցանք ընդունելու, որ կամ մի քանի տարի սխալ ճանապարհով ենք գնացել, կամ հիմա ենք սխալ ընտրություն արել: Մենք ընտրում ենք եվրասիական ուղին, որը գայթակղում է ձևավորման գործընթացին մասնակցության հնարավորությամբ, թեև հրաշալի գիտենք, որ այդ մասնակցությունը ձևական է լինելու, և մեր շահերը պաշտպանված են լինելու ճիշտ այնքան, որքան մեր պաշտպանունակությունն է հիմա: Հիմա էլ հայտարարում ենք, որ պատրաստ ենք ստորագրել ինչ-որ փաստաթղթեր` կանխավ իմանալով, որ բովանդակազուրկ ձևի մեջ գտնելու ենք առավելագույնը քաղաքակրթական մխիթարություն: Բայց բարձրաձայնելու ենք, որ ժողովրդավարությունը մեր իդեալն է, առաջընթացը` նպատակը, պետության շահը պաշտպանելն էլ` մանկության երազանքը: Երեսպաշտությո՞ւն, թուլությո՞ւն, խելամտությո՞ւն, ո՞րն է առավել դիպուկ ախտորոշումը հայկական հիվանդության: Սերնդափոխության անհրաժեշտություն կա, և ամբողջ խնդիրը նոր ժամանակների մտածողության մեջ ստրկամտության սերմեր չցանելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Չարժի ամբողջ կյանքը վախեցած ապրել: Սպարտան Պելոպոնես կղզու հարավում փոքրիկ պետություն էր մ.թ.ա. 8-7-րդ դարերում: Հազարավոր սպարտացիներից ամենաշատ պատմությունը հիշում է 300-ին` Լեոնիդաս թագավորի գլխավորությամբ, որ զոհվեցին Թերմոպիլեսի կիրճում` փակելով պարսից Քսերքսես արքայի զորքի ճանապարհը և փրկելով իրենց դաշնակիցներին: Նրանք փակեցին Քսերքսեսի բանակի ճանապարհը ընդամենը 300 հոգով` առանց մտածելու իրենց և իրենց հակառակորդի թվի մասին: Նրանք սիրում էին կյանքը և ինքնասպանների ջոկատ չէին, նրանց առաջնորդում էր ոչ պրագմատիզմը, ոչ էլ ռոմանտիզմը: Նրանց խիզախ վճռականությունը պետք է որքան պատերազմի, ավելին խաղաղության օրերին: 300 սպարտացիների կարիք այսօր ունենք հայերս:

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ