Ժամանակին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը, մի բարեփոխիչ, որի անվան հետ են կապված ՉԺՀ-ի վերջին տասնամյակների բոլոր նվաճումներն ու հաղթանակները, բարելավելով հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, առաջնահերթ էր համարում տնտեսական բարեփոխումների անցկացումը երկրում։
Պատմական չափանիշներով քիչ ժամանակ անց Պեկինում սկսեցին խոսել արտքաղաքական նոր մոտեցումների, մասնավորապես, աշխարհի «ապագլոբալացման» մասին, մի գործընթացի, որտեղ արևմտյան արժեքներն աշխարհակարգի միակ սկզբունքը չեն լինի։ Այսպես, անցած տարվա վերջին Չինաստանի նոր առաջնորդ Սի Ցզինպինը ձևակերպեց իր գլխավոր խնդիրը և այն անվանեց «չին ազգի մեծ վերածնունդ», ավելացնելով, որ հենց դա է «չինական երազանքը»։ Եվ շատ արագ «չինական երազանքը» տարածվեց նաև երկրի արտաքին քաղաքականության վրա։
Չին գաղափարախոսների մեկնաբանությամբ, նոր տեսությունը ներառել է ավանդական չինական պատկերացումները համամարդկային արժեքների մասին, շեշտը դնելով այն բանի վրա, որ հենց չինական ավանդության մեջ են այդ արժեքները լիակատար արտահայտվել։ Պետության մակարդակով դա հարստության, հզորության, հարմոնիայի ձգտումն է։ Ընդ որում, նկատենք, հարմոնիա (ներդաշնակություն) հասկացությունն այստեղ գրեթե գլխավոր դերն է կատարում։ Ավելին, այն գերիշխող է դարձել թե՛ չինական հանրության շրջանում, և թե՛, որպես հետևանք, էական ազդեցություն է գործում երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ծայրաստիճան կարևոր է նաև նշել, որ, ինչպես պնդում են չինացիները, «հարմոնիա» բառը անգլերեն կամ ռուսերեն թարգմանելիս տերմինը կորցնում է իր նշանակության որոշ կարևոր երանգներ։ Չինարենում այն առաջին հերթին ունի «հիմնավոր», «փաստարկված» իմաստը, այսինքն՝ «ճշմարտության և օբյեկտիվ օրենքի հիման վրա գործող»։ Արտաքին քաղաքականության առումով դա բոլոր երկրների իրավահավասարություն է, ներքին գործերին միջամտության բացառում, բոլոր մշակույթների ու զարգացման մոդելների հարգում ու արժևորում, քաղաքակրթությունների բազմազանության և մշակութային հարստության թեզի ընդունում։ Միևնույն ժամանակ, «հարմոնիա» հասկացությունը չի ենթադրում ո՛չ բացարձակ խաղաղության հաստատում՝ առանց հակասությունների, ո՛չ պարապ չեզոքություն, չի բովանդակում փոխհամաձայնության, առավել ևս անբարեխիղճ փոխհամաձայնության գալու պատրաստակամություն։ Ընդ որում, Պեկինը հաստատակամորեն ընդգծում է, որ չի պատրաստվում նոր գաղափարախոսական պայքար բորբոքելու, այլ ուզում է միայն նոր մակարդակի բարձրացնել Չինաստանի արտաքին քաղաքականությունը։ Այստեղ չինացիները, հավանաբար, շարունակում են հետևել «հիմնադիր հայր» Դեն Սյաոպինի խորհուրդներին. «Չարժե, որ ինքներդ ձեզ կաշկանդեք գաղափարախոսական և գործնական վերացական վեճերով, թե ինչ անունով է այս ամենը կոչվում՝ սոցիալի՞զմ, թե՞ կապիտալիզմ»։
«Նոր ինտերնացիոնալի» դիվանագիտությունը, ինչպես այդ քաղաքականությունն անվանել է «Ժենմին ժիբաո» թերթը, ըստ էության, «ճշմարիտ բարեգործության քաղաքականության» ձգտման մարմնավորում է, որը «Չինաստանը կդարձնի ամբողջ մարդկության հարգանքը վայելող զարգացած պետություն»։ «Չինական երազանքը», ինչպես պնդում են չինական լրատվամիջոցները, ձևակերպում է այն հիմնական տարիմաստ արժեքը, թե «աշխարհն ամենուր երկնքի տակ է»։ Նկատենք, դա, իր հերթին, լիովին համապատասխանեցվում է ներդաշնակ աշխարհի մասին իրենց հին պատկերացումներին, աշխարհը, որը պարփակված չէ սոսկ երկրի սահմաններով, բայց որտեղ Չինաստանը պատկերացվում է որպես աշխարհի յուրօրինակ կենտրոն։ Եվ այս գաղափարն այսօր արդեն մտահայեցողական ու վերացական չէ։ Միանգամայն բնական է, որ Չինաստանի վերջին տասնամյակների բուռն ու, գլխավորը, կայուն դինամիկ տնտեսական զարգացումը պետք է վաղ թե ուշ վերածվի միջազգային ասպարեզում նրա ազդեցության աճի։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք և ինչի մասին մտադիր ենք պատմել աշխարհում Չինաստանի դերի ու գլխավորը՝ Պեկինի նոր մոտեցումների մասին, մեր առաջիկա հոդվածաշարում։
Այսօրվա դրությամբ, «առաջին մոտարկմամբ», Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը, ընդհանուր առմամբ, պետք է դիտարկել որպես այլընտրանք արևմտյան ընդունված սխեմաներին, ընդ որում, շատ դեպքերում ավելի հրապուրիչ ու անաղմուկ։ Այսպես, Չինաստանը, առաջին հայացքից, ոչ ոքի չի պարտադրում իր ներքին կառուցվածքի մոդելները, հետևողականորեն և ցուցադրաբար չի միջամտում ուրիշների ներքին գործերին, համարում է, որ բազմաբևեռայնության իր առաջարկած հայեցակարգը յուրաքանչյուր ազգի թույլ է տալիս իր յուրօրինակ տեղը գրավել նոր աշխարհակարգում։ Նա, իր հերթին, ձգտում է տնտեսական համագործակցության, և նման համագործակցության արդյունավետության համար պատրաստ է փոխշահավետություն փնտրելու։ Ինչ վերաբերում է չինական ազդեցությանը, որպես այդպիսին, այստեղ հիմնական շեշտը դրվում է մշակութային ազդեցության վրա։ Այդ մոտեցումները, մասնավորապես նախկին խորհրդային տարածությունում, բավական հանգստացուցիչ են Մոսկվայի համար, ուր փորձագիտական ընկերակցության հիմնական հատվածը շարունակում է պնդել, որ Պեկինը դեռ բավական երկար զբաղված կլինի «ձեռք գցելու այն ամենը, ինչը վատ է պահված» ձգտմամբ և աշխարհածավալ խնդիրների մեջ «քիթը չի խոթի»։ Ռուս փորձագետները նույնիսկ տերմին են գտել Չինաստանի համար՝ «հումքային դիվանագիտություն»։ Սակայն վերջին ժամանակներս նրանք առանձնապես ուշադրություն են դարձնում այն բանին, որ «չինական տնտեսական դիվանագիտության նոր գիծ է դարձել ՉԺՀ-ի ակտիվ մասնակցությունը հանքարդյունաբերական երկրներում ներդրումներ կատարելուն, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում», իսկ «հումքային դիվանագիտության» մյուս՝ բավական արդյունավետ ուղին զարգացող երկրներին Չինաստանի ցուցաբերած անմիջական օգնությունն է։
Խիստ հատկանշական է, որ եթե Արևմուտքում շատ փորձագետներ ՉԺՀ-ին արդեն «նոր գերտերության» տիտղոս են շնորհում և խոսում են մոտ ապագայում Վաշինգտոն-Պեկին երկբևեռ աշխարհի ձևավորման մասին, ապա բուն Չինաստանում այդ տիտղոսը հերքում են, նախընտրելով իրենց երկրի մասին խոսել որպես մի պետության, որը փորձարկում է իր հնարավորությունները և ձգտում դրանք իրացնել արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն հարկ է նկատել, որ չինացիներն իրենք, միջազգային ասպարեզում գերիշխանության հասնելու Չինաստանի ձգտման բացակայությունը կապում են փիլիսոփա Լամ-ցզիի գաղափարների հետ, ով ասել է՝ «Նա, ով բարձր է թռչում, քայլում է դանդաղ», քանի որ «բարձր թռիչքը» հակասում է բնական օրենքներին։
Եվ, իրոք, այս պահին Չինաստանը, կարծես, դեռ պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնելու աշխարհի ճակատագրի համար, համենայն դեպս, քանի դեռ ներչինական բարեփոխումներն ավարտված չեն, կայունությունը, ինքնաբավությունն ապահովված չեն։ Դա կարևոր է հատկապես հիմա՝ առավել պատասխանատու փորձությունների շրջանում, երբ համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Սակայն թե՛ աշխարհում, թե՛ Չինաստանում հասկանում են, որ արագություն վերցնող այդ լոկոմոտիվը կանգնեցնելը ոչ միայն դժվար կլինի, այլև պարզապես վտանգավոր ու անհնար։ Բայց Պեկինում նույնքան լավ գիտակցում են դժվարությունները՝ կապված լայնընդգրկուն շահեր հետապնդող տերություն դառնալու իրենց ձգտման հետ։ Այսպես, Չինաստանի արդի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ցույ Լիժուն նշում է, որ «վերջին տասը տարում Չինաստանի դիրքերը հարաբերական թույլից վերածվել են հարաբերական ուժեղի, իսկ Չինաստանի ու մնացած աշխարհի միջև եղած հակասություններն այնքան էլ սուր չեն եղել։ Սակայն առաջիկա տասը տարում Չինաստանի հարաբերական ուժեղ դիրքերն ավելի կամրապնդվեն։ Աշխարհում Չինաստանի ազդեցությունը կաճի, դրան զուգընթաց կաճի նաև աշխարհի անհանգստությունը Չինաստանի առնչությամբ»։ Ելնելով այս հեռանկարից, Չինաստանի ղեկավարությունը միշտ ընդգծում է, որ «Չինաստանն ընտրել է խաղաղ զարգացման ուղին, ձգտելով այդ կերպ ներդաշնակ հասարակություն ձևավորել երկրի ներսում և ներդաշնակ աշխարհ՝ երկրից դուրս»։ Այստեղից հետևություն՝ չինական արտաքին քաղաքականության հիմնասկզբունքներն են. խաղաղ զարգացում և տնտեսական համագործակցություն բոլորի հետ։ Ահա թե ինչու ամենագլխավորը ընդհանուր շահերի որոնումն է, սեփական շահերի պաշտպանության ճկունությունը և գործընկերների հետ փոխհամաձայնության գալու ունակությունը։ Ըստ էության, Չինաստանը հանդես է գալիս հանուն նոր տիպի լայնապարփակ գործընկերության, որի անկյունաքարն այն է, որ բոլոր երկրներն էլ ջանքեր գործադրեն ոչ միայն սեփական, այլև մյուս երկրների զարգացման համար։ Ամբողջ մարդկության համար ընդհանուր արժեքների այդ համակարգի շրջանակներում էլ հենց կձևավորվի մեր օրերի Չինաստանը, որը միավորում է երեք սկզբունք՝ ավանդական Չինաստան, ժամանակակից Չինաստան և, վերջապես, «համաշխարհային Չինաստան»։ Այսպես են, համենայն դեպս, պնդում չին փորձագետները։
Այդուամենայնիվ, չմոռանանք չինական մի հին ասույթ. «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից