Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒշացած գործընթաց

ՈՒշացած գործընթաց
27.09.2013 | 00:19

Ինքնին հասկանալի էր` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո ազատվելու էին իշխանության ձեռքերը` կադրային (և ոչ միայն) բավականին հետաքրքիր լուծումների համար, ինչից էլ երևալու էր, թե ուր են ուզում գնալ իշխանություններն այս փուլում` գրեթե հստակված աշխարհաքաղաքական դաշտի պայմաններում:
Առաջին «ծիծեռնակները» չուշացան: Անկեղծ լինենք ու ասենք. մինչև վերջին վայրկյանը, քանի դեռ Աղվան Հովսեփյանը չէր համբուրել «դուռը» և անգամ դրանից հետո, բոլորը մտածում էին` չի գնա, զի հավերժ է նա: Գնաց:
Պակաս կարևոր չէր «ով է գալու»-ի հանգամանքը: ՈՒ եթե օգտվենք նշանների լեզվից, ապա պետք արձանագրել, որ այո, Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի առնչությամբ հայրենի իրավապահների դրսևորած հոգատարության մեջ իր մասն ու բաժինն ունի նաև «սպասվելիք» գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Եվ այնուհանդերձ, կադրը երիտասարդ է, ինչը նշանակում է, որ սերնդափոխության անչափ ուշացած գործընթաց է տեղի ունենում: Եվ ապա` Կոստանյանը, ըստ քաղաքական դաշտի բնորոշումների, առանձնապես մխրճված չէ կլանային խաղերի, կոռուպցիոն սկանդալների մեջ, ինչն էլ իր հերթին կարող է նշանակել, որ փորձ է արվելու հնարավորինս մաքրել նախորդ տարիներին տեղացած «անձրևների» բոլոր հետքերը` առանցքային պաշտոնների տանելով առանձնապես «չփչացած» ու չվարկաբեկված կադրերին:
Որքան հետևողական, դեռ կերևա, սակայն այդ ֆոնին «մնացորդային» երևույթները նույնպես ծանրորեն նստեցին մեր «սրտին»` չթողնելով արձանագրել, որ պաշտոնավարման երկրորդ շրջանում Սերժ Սարգսյանն իրականացնելու է այն բարեփոխումները, որ ինքն է խոստացել, որոնց ակնկալիքը հասարակությունն ու նրա պրագմատիկ հատվածն ունեն:
Այո, խոսքը Աղվան Գառնիկիչի երկրորդ «երևմանն» է վերաբերում: Որպես «տեսուչ»՝ միասնական տեսչության սպասվելիք համակարգում: Ինչպես ասում են՝ նշանակվում է, որ ի՞նչ անի:
Ի դեպ, հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ, այսպես կոչված, կադրային-համակարգային բարեփոխումների գործընթացը մեկնարկում է ոչ թե հումանիտար-սոցիալական ոլորտներից, այլ իրավական: Առաջիկայում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փոփոխություններ տեղի կունենան նաև դատական համակարգում: Ոչ, նկատի չունենք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին կփոխարինի Դավիթ Հարությունյանը: Նկատի ունենք, որ առաջիկայում սպասվում է եռաստիճան դատական համակարգի «վերաձևավորում». դատարանները, ըստ ամենայնի, կմիավորվեն:
ՈՒ թե այս ամենին էլ հավելենք, որ խոսակցություններ կան նաև ԱԱԾ ղեկավարի փոփոխության մասին, ապա ստացվում է` կադրային ցնցումների պակաս, Մաքսային միությանն անդամակցելու ֆոնին, չենք ունենալու:
Իսկ եթե փոքր-ինչ էլ հեռու նայենք ու հիշենք, որ Հայաստանում շուտով փոփոխվելու է նաև իրավական հիմնարար փաստաթուղթը` Սահմանադրությունը, կարծես թե ամեն ինչ տեղն է ընկնում:
Ընդ որում, Մաքսայինին անդամակցելու հայտարարությանը զուգահեռ, նաև գործառնական «իրավականությունն» է հետաքրքիր դառնում. պարզվեց` մեղադրող դատախազը 12 տարվա ազատազրկում է պահանջել ոչ անհայտ էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար, իսկ նրան ահա դատապարտեցին 14 տարվա ազատազրկման: Զուգահեռ էլ սկսվեց 2000-ին Հայաստանը մեկ օրում «փոխած» «միակ տղամարդու»՝ Արկադի Վարդանյանի դատավարությունը, որի «հետևանքները» նույնպես «հետաքրքիր» կարող են լինել:
Բայց սա արդեն ուրիշ «կինոյից» է, որին կանդրադառնանք ավելի ուշ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ