Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հոգենյութի 28 գրամը

Հոգենյութի 28 գրամը
24.09.2013 | 00:48

Անկախության օրվա ծնծղաները լռեցին, հրավառությունը մարեց: Անկեղծ ասած` առանձնապես ոչ ծնծղաներն էին հնչեղ, ոչ հրավառությունն էր գունեղ: ՈՒղղակի կային, ու` վերջ: Հավուր պատշաճի բառեր էլ ասվեցին, վստահաբար` կենացներ էլ եղան: Անկեղծ ու կեղծավոր: Ինչպես միշտ: Ինչպես հարկ է: Ինչպես ընդունված է: Որևէ մեկը մտածե՞ց, որ երբ բառերը բովանդակազրկվում են, կորչում է ազատությունը: Այլևս անիմաստ բառերի դիմաց հատուցում ենք դատարկությամբ, որ դավադրաբար լցնում է այն ամենը, ինչ կոչված էր դառնալու ուրախություն: Երեք օր անց արդեն հիշողությունը խցանված է այլ իրադարձություններով ու դեպքերով, դեմքերով ու փաստերով: ՈՒ մենք ասեկոսեն գերադասում ենք փաստից, որովհետև այդպես ավելի հեշտ է խելացի թվալ:
Գիտնականները միայն իրենց հայտնի փորձերով ու հնարքներով կշռել են հոգին և միասնաբար ասում են` 28 գրամ: Անկախ սեռից, տարիքից, քաշից, ռասայից ու պաշտոնից: 28 գրամ: ՈՒ եթե երկրագնդի բնակչությունն արդեն հասել ու մի քիչ էլ անցել է յոթ միլիարդը, հաշվեք` ինչքան հոգենյութ կա աշխարհում:
Աշխարհում ամեն ինչ կատարվում է հանուն և ընդդեմ այդ 28 գրամի: Որովհետև մնացած ամեն ինչը, առանց հոգու ներկայության, վերածվում է այն նավահանգստին, որտեղից հեռացել են ոչ միայն նավերը, այլև ծովը: Իսկ ի՞նչ է մնում: Չգիտեմ` ինչ կարծիքի են գիտնականները, բայց ես խորապես համոզված եմ, որ տիեզերքում պտտվող մոլորակներից այս մեկի բուն հարստությունը այդ հոգենյութն է, որ խնամքով ու զգուշորեն պահպանվում ու փոխանցվում է սերնդից սերունդ, դարից դար, անգամ մեկ գրամի կորուստը կորուստն է խտացած քաղաքակրթության ու պատմության, աստվածային էության ու ենթակա չէ վերականգնումի: Ամեն ինչ արվում է մարմնի համար, բայց հոգու ուժերով:
Իսկ հիմա` օրերի պրոզան: Ի՞նչ կատարվեց անցած 21 օրում: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը, մի կարճ ժամանակ իսկապես շոկ էր, որովհետև ամառն անցել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջագծում` կհրապարակվի՞, չի՞ հրապարակվի, ե՞րբ կհրապարակվի, ի՞նչ է բովանդակում: Եվ ինչո՞ւ միայն ամառը: 2006-ից սկսած` անցած յոթ տարիները, երբ եվրաինտեգրման ոչ այնքան մեկնաբանվող ու ոչ այնքան հստակ գործընթացը 2010-ից հետո միայն ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր Եվրասիական միության մասին անորոշ ու նույնքան անհստակ խոսակցություններով: Բնականաբար, որովհետև թե՛ Մաքսային միությունը, թե՛ Եվրասիական միությունը առայժմ միայն ապրիորի գոյություններ են: Մաքսային միությունն իր ներկա ձևաչափով բոլորովին էլ այն կառույցը չէ, որի ստեղծման նպատակը հայտարարվել է որպես Եվրամիությանը հակակշռող տնտեսական տարածք: ՈՒկրաինայի անգլիական հեռանալը հրատապ դարձրեց ևս մեկ միություն` Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը կար 2001-ից իբրև տարածաշրջանային միջազգային կազմակերպություն` հիմնադիրներ ունենալով Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և ՈՒզբեկստանը: Իսկ մինչ այդ 1996-ից գործում էր Շանհայի հնգյակը: Շանհայյան տարածքը 30 միլիոն քառակուսի կիլոմետր է, Եվրասիայի 60 տոկոսը, բնակչությունը` 1 միլիարդ 455 միլիոն: Ի սկզբանե հայտարարվել է, որ այս կազմակերպությունը ռազմական բլոկ չէ, գլխավոր խնդիրը կայունության ու անվտանգության ապահովումն է իր տարածքում, պայքարը ահաբեկչության, անջատողականության, էքստրեմիզմի, թմրամոլության դեմ, տնտեսական համագործակցության, էներգետիկ գործընկերության, գիտական ու մշակութային կապերի զարգացումը: Մինչև 2013 թվականը Ռուսաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը համարում էր հեռահար նպատակ, հիմնավորելով, որ գործունակ են միայն առանձին տարածաշրջանային ծրագրերը երկու-երեք պետությունների միջև, եթե լինի տնտեսական համատեղելիություն: Չինաստանը պնդում էր միասնական տնտեսական տարածքի ստեղծման անհրաժեշտությունը, համոզված, որ կազմակերպության անդամ երկրների միջև առևտրական արգելքների վերացումը բարենպաստ հնարավորություններ կստեղծի իր ապրանքների սպառման համար և Կենտրոնական Ասիայի առաջ կբացի չինական տնտեսության հետ ինտեգրվելու հնարավորություն:

ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ Կենտրոնական Ասիան էական դեր չուներ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և տարածաշրջանի մյուս պետությունների համար: 1991 թվականից հետո այդ տարածքը հայտնվեց ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում, և այսօր արդեն նրանք բավականին հիմնավոր ներկայություն ունեն տարածաշրջանում: Սկզբում մտահոգությունը հետխորհրդային տարածքում կոմունիստական վարչակարգի վերածնունդը կանխելն էր: 1997-ին Վաշինգտոնը Կենտրոնական Ասիան հայտարարեց իր երկարաժամկետ ռազմավարական շահերի տարածք: 1999-ի մարտին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց Մետաքսի ճանապարհի ռազմավարության ակտը, որը նշանակում էր Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքական ու տնտեսական անկախության աջակցություն: ԱՄՆ-ի վերաբերմունքը Շանհայի համագործակցության կազմակերպությանը պասիվ դիտարկումից ակտիվ հետաքրքրության փուլերով է անցել: Արևմտյան քաղաքագետները համարում են, որ Շանհայյան կազմակերպությունն ունի հակաամերիկյան ուղղվածություն և ստեղծվել է իբրև հակակշիռ ԱՄՆ-ի ու Արևմուտքի ներգործության: Եթե նրանք ճիշտ են, Մաքսային միության ուկրաինական ֆիասկոյից հետո օրինաչափորեն պիտի շեշտադրվեր Շանհայյան կազմակերպությունը` անկախ իր նպատակներից, ձևաչափից ու նույնիսկ հնարավորություններից, ինչը և արվեց անհապաղ: Բիշքեկում գումարվեց Շանհայի կազմակերպության հերթական գագաթնաժողովը: Ճիշտ է, հայտարարվեց, որ հիմնական թեման Սիրիայի իրավիճակն է, բայց Սիրիան` Սիրիա, կազմակերպությունն ուներ իր խնդիրները: Առավել ևս, որ Բիշքեկում էին և Իրանի նախագահը, և Աֆղանստանի: Առաջինը նոր է ընտրվել, երկրորդը պատրաստվում է պաշտոնին հրաժեշտ տալ: Նրանցից բացի` Մոնղոլիայի, Հնդկաստանի ու Պակիստանի նախագահները, երկրների այս հնգյակը համարվում է դիտորդ Շանհայյան կազմակերպությունում: Գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է կազմակերպության զարգացման հիմնադրամի ստեղծումը ռուսական առաջարկով և զարգացման բանկի ստեղծումը չինական առաջարկով: Հեռանկարային համարվեցին կոոպերացիան տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, միջազգային բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը: 2013-ին Բիշքեկում ուղենշվեցին կազմակերպության աշխատանքները մինչև 2017 թվականը, փորձագիտական ուսումնասիրությունների սկիզբ դրվեց մինչև 2025 թ. ռազմավարության մշակման համար: Արձանագրվեց, որ կազմակերպությունը դառնում է քաղաքական ուժի այլընտրանքային կենտրոն: Սեպտեմբերի 3-ից հետո հաջորդ քաղաքական ցնցումը ¥շատ ավելի թեթև, բայց նույնքան չգիտակցված¤ դարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանն ուզում է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Ի դեպ, հայտարարությունն այնքան էլ անակնկալ չէր, որովհետև դեռ 2012-ին դիտորդի կարգավիճակ ստանալու համար կազմակերպությանը դիմել են Ադրբեջանը, Բանգլադեշը, Բելառուսը, Շրի Լանկան և Հայաստանը: Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն Բելառուսը, Շրի Լանկան և Թուրքիան: Իսկ հիմա համադրեք, թե ՈՒկրաինայի ու Մոլդովայի բացակայությունը ինչ հիանալի ներկայությամբ է փոխարինում Շանհայյան կազմակերպությունը Եվրասիական տնտեսական տարածքում: Այնպես որ, Հայաստանի դիտորդությունը կամավոր-պարտադիր քայլ է: Մենք առավել ու առավել հիմնավորվում ենք ասիական տարածքում, Եվրոպան առավել ու առավել հեռանում է մեզնից: Այս ընթացքով: Համոզվելու համար ևս մեկ անգամ կարդացեք այն պետությունների անունները, որ մեր նախընտրած կազմակերպությունների անդամներ ու դիտորդներ են: Անկախության օրվա ծնծղաները այս դեպքում լռում են: Շատ հիմնավոր ու իմաստավորված:
Քաղաքական, թե տնտեսական շահավետ գործարք է Մաքսային միության անդամակցության մտադրությունը, երկրորդ հարցն է, առաջինը արժեքային համակարգի ընտրությունն է: Իրականում մեզ առաջարկվեց իրեն սպառած, տևական օգտագործումից քրքրված ու կարկատանված մի պաստառ ստորագրել, որտեղ դեռ ոչինչ գրված չէր: Ոչ այն պատճառով, որ քննարկվում էր ու պատրաստ չէր, այլ ամեն ինչ լավ հայտնի է: Սա այն դեպքն է, որ ինչ էլ գրված լինի, գործելու է մեկ օրենք` ինչ թելադրվի Կենտրոնից: Իսկ Կենտրոնում Կրեմլն է, որ բոլորովին էլ չի ուզում ԽՍՀՄ-ի վերականգնումը: Ավելին է ուզում: ԽՍՀՄ-ի տիպի պետությունների ժամանակն անցել է, ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի դյուրաշարժ ու ճկուն քաղաքական ու տնտեսական կառույցներ են պետք, որոնք նաև հեշտ կառավարվում են: Բայց սկզբունքը մնում է նույնը` բոլորը մեկի համար, մեկը` ինքն իր: ՈՒ բոլորը հրաշալի գիտեն դա: Մենք ընտրեցինք այն արժեքային համակարգը, որտեղ հնարավոր է ապրել միայն օրը օրին: Հայաստանը դիտվում է ընդամենը որպես մի միավոր, որ այլևս ոչինչ չունի վաճառելու և վաճառում է իրեն` աշխատուժի տեսքով: Գնորդին շահավետ պայմաններով: Մեզ առաջարկում են բարձրացնել որակավորումը` Ռուսաստանում նորմալ աշխատանք ունենալու համար, բայց և ոչ մի խոսք Հայաստանում աշխատատեղերի ստեղծման մասին: Որովհետև բալը թանկ է. արդյունաբերության վերագործարկումը մեծ կապիտալ է պահանջում, սպառման շուկաներ չեն գտնվի, որովհետև հին տեխնոլոգիաներով արտադրված ապրանքները չեն կարող մրցունակ լինել: Ո՞նց եք գնահատում հայոց երազանքի իրականացման այս տարբերակը:
Եվրաինտեգրումը բնավ դրախտ չի խոստանում: Հենց այսօր ու այստեղ: Վերականգնումի ու վերարժևորումի տևական ժամանակ է պետք, դանդաղ ընթացք` ձևը բովանդակությամբ իմաստավորելու համար: Ինչպես պարզվեց` մեզ համար դա բացարձակապես նոր ընթացք է, որի համար պետք է փոխվենք նախ մենք: Պարզվեց նաև, որ մենք պատրաստ չենք փոփոխության, որովհետև մեզ պարտադրում են «Որտեղ հաց` էնտեղ կաց»-ի ապրելակերպ, ու մենք դրան համաձայն ենք, նույնիսկ եթե այդ հացը օրապահիկի ռեժիմով է տրվելու, ոչ մի գրամ ավելի, ոչ մի գրամ պակաս: Անկախության ծնծղաները նորից լռում են, որովհետև ծնծղայի նպատակը ուրախություն ստեղծելն է, իսկ ուրախանալը մեր խնդիրն է, որը մենք լուծել չենք ուզում: Ծիծաղը բնավ ուրախության վկայություն չէ: Հայոց երազանքը այն բումերանգն է, որ վերադարձին նետողին կարող է չգտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վարչապետի փոփոխության մասին խոսակցությունները ասեկոսեից փաստ դառնալու դեպքում ունենալու են ընդամենը անձի փոփոխության դեր, որովհետև իրական փոփոխությունը համակարգի փոփոխությունն է, իսկ թե ով է գլխավորում բուրգը, որ կառուցված է կավահողի վրա, ընթացիկ նշանակություն ունի: 28 գրամը մեզ համար ծանրություն է, որ չենք կարողանում բարձրացնել: Երբ բառերը բովանդակազրկվում են, ազատությունը կորցնում է իմաստը, բայց չի անհետանում: Ընդամենը մի քիչ ավելի երկարում է ճանապարհը, որովհետև հոգենյութի 1 գրամն էլ բավական է 1 միլիոն բառի համար: Արժեհամակարգի ընտրության մեր այս փորձը դեռ չի ավարտվել: Ոչինչ որոշված չէ. Աստծուն ուզում ես ծիծաղեցնել, պատմիր ծրագրերդ, իրավիճակի փոփոխություն հնարավոր է միշտ և ոչ միշտ ի վնաս մեզ: Իսկ որոշումները պիտի ընդունվեն ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ նպատակի: Համենայն դեպս, եթե վերաբերում են ազգային երազանքին, այլ ոչ թե ազգային երազանքի ժամանակավոր մեկնաբանությանը:

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ