ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Եթե մեկը գնաց ընտրության, տվեց ձայնը Սերժին, Դուք կարծում եք, ի՞նչ ա, որդեգրեց Սերժի՞ն»

«Եթե մեկը գնաց ընտրության, տվեց ձայնը Սերժին, Դուք կարծում եք, ի՞նչ ա, որդեգրեց Սերժի՞ն»
12.05.2009 | 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻ ՕՐ ԷՆԵ՜ՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՖԸ ԿԿՈՏՐԻ, Ո՜Ր»...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկն էլ Ժողովրդական կուսակցությունն է` ի դեմս նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, որը մեզ հետ հարցազրույցի ավարտին հայտարարեց. «Այնպես որ, համերգդ չստացվեց», իսկ մեր հարցերը համարեց սադրող: Ստորև ներկայացնում ենք չհամերգ-հարցազրույցը` «սադրող» հարցերով:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք մասնակցել եք նախագահական ընտրություններին, իսկ այժմ քաղաքապետ եք ցանկանում դառնալ: Ի՞նչ եք կարծում, այս անգամ հաջողությունը Ձեր կողմը կլինի՞:
-Հարցը կոռեկտ չէ, որովհետև քաղաքական միավորը միշտ պետք է ընտրություններին մասնակցի: Դուք գիտեք, թե ի՛նչ եք ուզում ասել, որ ես անհատ եմ, առաջին անգամ գնացել եմ ընտրության, երկրորդ անգամ ինչի՞. եմ գնում: Քաղաքական միավորի գործը հենց ընտրություններն են: Այն քաղաքական միավորը, որ միշտ ընտրություններին մասնակցում է, գովելի է, այսինքն` ինքն ակտիվ է այդ դաշտում: Եթե չի մասնակցում, ուրեմն քաղաքական առումով մեռնում է: Օրինակ` Վազգեն Մանուկյանը, չգիտեմ, Խդեսն է (հավանաբար, նկատի ուներ Խոսրով Հարությունյանին` ՀՔԴՄ -Ռ. Խ.) եսիմ էն…, որոնք ընդհանրապես չեն մասնակցում, այսինքն` ներուժ չունեն ու չեն հավատում իրենց առաջընթացին: Ես հավատում եմ ու միշտ մասնակցել եմ և մասնակցելու եմ, ի գիտություն Ձեզ:
- Ինչպիսի՞ երաշխիքներ ունեք, որ նախորդ ընտրությունների համեմատ ավելի բարձր տոկոսներ կհավաքեք:
-Դուք, երևում է, չհասկացաք:
-Չէ, հասկացա:
-Ձեզ թվում է, եթե որևէ մեկը մեկին է տվել ձայնը, ուրեմն միշտ կի՞ց ա էդ մարդուն: Ձեզ թվում է, եթե մեկը գնաց ընտրության, տվեց ձայնը Սերժին, Դուք կարծում եք, ի՞նչ ա, որդեգրեց Սերժի՞ն, միշտ իրան ա տալո՞ւ:
-Սա էլ հասկացա: Այդ դեպքում` ի՞նչ եք այս անգամ անելու, որ հասարակության վստահությունն ավելի մեծանա, տոկոսներն էլ ավելանան:
-Այստեղ շատ ու քիչ չկա: Եթե Դուք Հայաստանի լրագրող եք, ուրեմն պիտի հասկանաք, որ ընտրությունները կեղծում են, ու Ձեզանից կախված չի, կախված է բնակչության գիտակցությունից, սկզբունքից, որի վրա էլ մենք աշխատում ենք մշտապես: Եթե մի անգամ չի հասկանում, մյուս անգամ կհասկանա: Դուք ևս, որպես լրագրող, պետք է աշխատեք, որ քաղաքացին չկաշառվի, չճնշվի, ազատ լինի: Բոլորս պետք է դրան նպաստենք, ես համարում եմ, որ և՛ իմ կուսակցական, և՛ անհատական աշխատանքով նպաստում եմ դրան:
-Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք համարում քաղաքապետ դառնալու արժանի:
-Ո՛չ մեկին:
-Ինչո՞ւ:
-Չեմ կասկածում` կարող է իրենք էլ ունեն լավ հատկություններ: Բայց եթե իրենք իշխանավոր են (այն առումով, որ կոալիցիայի անդամ են ու ներկայացված են և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում), կամ ՀԱԿ-ը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն է և նրա կողքին կանգնած շատ շատերը, որոնք ևս եղել են իշխանավորներ (իսկ իշխանավորը` չինովնիկը, միշտ էլ մնում է չինովնիկ` լինի ընդդիմադիր կամ գործող), ապա նրանք չեն արել այն, ինչ որ պետք է արվեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանն անմխիթար վիճակում է շատ ու շատ ասպարեզներում: Եթե ժամանակին իրենք չեն արել, վաղն ի՞նչ երաշխիք, որ կանեն: Այս առումով իրենք արժանի չեն: Իրենք ունեցել են հնարավորություն, չեն օգտագործել իրենց ռեսուրսները, չեն ձևավորել քաղաքական կամք:
-Բոլո՞ր թեկնածուների մասին է խոսքը:
-Գրեթե բոլոր, որոնք եղել են իշխանավոր, որոնց տրվել է հնարավորություն: Հիմա, երբ իրենք ասում են` արժանի քաղաք կլինի, իսկ երեկ չէի՞ք մտածում, որ արժանի քաղաք պետք է լիներ, էդ ո՞նց է էսօր սկսեցիք մտածել: Այդ առումով, կարծում եմ, նրանք արժանի չեն քաղաքապետ լինելու:
-Իսկ ո՞ւմ եք Ձեզ «արժանի» մրցակից տեսնում:
-Ոչ մեկին:
-Ձեզանից ավելի շատ ձայներ չունե՞ն, թե՞…
-Ո՛չ: Ինձանից շատ ազնիվ ձայներ չունեն: Եթե ես չեմ կաշառում, չեմ օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը, ուրեմն ստանում եմ այն մարդկանց ձայները, ովքեր ինձ նախընտրում են: Սա չի կարելի ասել իրենց մասին, քանի որ իրենք օգտագործում են ոչ միայն պետական ռեսուրսը, այլև պետական գումարները: Այսօր օգտագործում են բոլոր նախարարությունների ներուժը: Դպրոցները, մանկապարտեզները շարքով գնալու են ընտրության, ինչպես նաև առողջապահական համակարգում աշխատողները:
-Իսկ Դուք ունե՞ք տեղեկություն` հատկապես ո՞վ է այդ ներուժն օգտագործում:
-Դուք ցանկանում եք վիրահատություն, ես Ձեզ ձևը ասեմ: Ցանկանո՞ւմ եք, օրինակ քթի վիրահատություն, չնայած ձեր քիթը նորմալ է, բայց չեք ուզո՞ւմ:
-Ո՛չ:
-Չե՞ք լսել, որ քաղաքում բժշկական օգնություն են ցույց տալիս, վիրահատում են: Գուցե Դուք ուզում եք ես ազգանուններո՞վ ասեմ կամ դրա ձևը բռնեմ: Եթե այս մասին տեղեկացված եք, պետք է իմանաք, որ այսպիսի մթնոլորտ առկա է քաղաքում: Մենք պետք է խոսենք երևույթի մասին, որը շատ տհաճ է, ինչը շատերն են կիրառում, իսկ ես` ոչ: Սա էլ ինձ հուշում է, որ իմ ձայներն ի սրտե են լինելու:
- Վերջերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենց ձայները «ջիգյարով են» լինելու:
-Ինձ մի՛ համեմատեք:
-Չէ, իհարկե, չեմ համեմատում: «Խնդրո առթիվ» Ձեր գնահատականներն եմ ցանկանում լսել:
-Ջիգյարով ձայներն արդեն իրենք պղծեցին: Սա արդեն ջիգարաշվիլի է, ոչ թե ջիգյարով, եթե, իհարկե, ստանա այդ ձայները:
-Պարոն Կարապետյան, եթե համեմատենք այսօրվա և նախագահական ընտրությունների քարոզարշավը, ապա ընտրությունների հանդեպ ինչպիսի՞ն է հասարակության գիտակցությունը, տրամադրվածությունը. կա՞ տարբերություն:
-Դուք, ի՞նչ է, դասընթա՞ց եք անցնում ինձ մոտ: Ե՞ս պետք է բացատրեմ` ի՞նչ է ժողովուրդը մտածում: Դուք ինձ հարցրեք` ի՞նչ եմ ես մտածում: Իսկ իմ տպավորությունները շատ նորմալ են:
-Այսօրվա Ձեր կարգախոսներից մեկն էլ սերն է, այսինքն` սեր եք քարոզում:
-Սեր քարոզում է Հիսուս Քրիստոսը: Ես ուղղակի հիշեցնում եմ, որ սերը, որպես կարգախոս, մեզ անհրաժեշտ է: Դուք այդպես չե՞ք համարում, Դուք ատելությա՞մբ եք լցված:
-Չէ, ի՞նչ եք ասում, բոլորովին:
-Եթե չէ, ուրեմն մեզ սեր է պետք, և դա էլ ես ասում եմ, ի՞նչ է, Ձեր դուրը չի գալիս:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ եք այդքան բորբոքվում իմ հարցերից:
-Ձեր բոլոր հարցերը սադրիչ էին:
-Օրինա՞կ:
-Ինչո՞ւ եք գնում ընտրության, եթե հաջողություն չեք ունենա…
-Պարզապես հարցնում եմ` ևս մեկ անգամ մասնակցելով ընտրությանը` հաղթելու ինչպիսի՞ երաշխիքներ ունեք:
-Հասկացեք, ոնց որ մարդուն վիրավորեք: Ամոթ չի՞ այդպիսի հարցեր եք տալիս: Դո՛ւք չեք որոշողը, ո՛չ էլ Ձեզ ուղարկողը, ո՛չ էլ իշխանավորը, ժողովուրդն է որոշողը ու մի օր էնենց այդ իշխանության կայֆը կկոտրի, որ Դուք էլ չեք օգնի: Այ, հարցրեք` ի՞նչ նոր բան կարող եք տալ, ի՞նչ եք առաջարկում…
-Լավ, հարցնում եմ` այս անգամ ի՞նչ է առաջարկելու Տիգրան Կարապետյանը երևանցիներին:
-Այստեղ կկարդաք (մատնացույց է անում նախընտրական բուկլետը- Ռ. Խ.):
-Ահա, դժգոհում էիք, որ այդ հարցը չեմ տալիս, տվեցի:
-Կարդացեք, եթե ինչ-որ բան չհասկանաք, ես կբացատրեմ:
-Դպրոց գնացել եմ, կհասկանամ:
…-Դուք տեղյա՞կ եք, որ ես լրագրող եմ եղել…
-Դուք հիշեցրիք, որ լրագրող եք եղել: Տեղյակ կլինեք, որ վերջերս լրագրողներին ծեծում են: Մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեզ հետ նման բան կպատահի:
-Նույն հարցը կարող եմ Ձեզ ուղղել:
- Անշուշտ, մտավախություն ունեմ:
-Ես էլ ունեմ այնքան, որքան Դուք:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ