ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ադրբեջանի իշխանությունն ազատվում է հին գվարդիայից

Ադրբեջանի իշխանությունն ազատվում է հին գվարդիայից
09.05.2020 | 10:29

Ադրբեջանում շարունակվում են «հին գվարդիայի» զտումները: Դեռ 2019-ի աշնանը սկսված միջին մակարդակի պաշտոնյաների պաշտոնանկություններն ու ձերբակալությունները չեն դադարում և 2020-ի պանդեմիայի ու կոշտ կարանտինի պայմաններում: Աշխատանքից ազատված պաշտոնյաների ու պետական ծառայողների անուններն ու պաշտոնները վկայում են լայնամասշտաբ արշավ, որ չի սահմանափակվում շրջանային իշխանությամբ:

Պաշտոնանկվել է նույնիսկ գլխավոր դատախազը: Վերջին պաշտոնանկվածը Իմիշլիի շրջանի ղեկավարն է, Վիլյամ Հաջիևի հրամանը նախագահը ստորագրել է մայիսի 6-ին: Մյուս շրջանների համեմատ Իմիշլիում ամեն ինչ հանդարտ է: Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդել է մի քանի պաշտոնյաների ձերբակալության մասին 6 շրջաններում՝ Լենքորանի, Եվլախի, Սատլինի, Սալյանի, Դաշքեսանի, Հաջիքաբուլի: Նրանց մեղադրում են կարիքավոր ընտանիքներին հատկացված հումանիտար օգնությունը յուրացնելու և իրենց ազգականներին բաժանելու, կարանտինի շրջանում ազատ տեղաշարժի թույլտվությունների անօրինական բաժանման մեջ: Վերջին մեղադրանքը միջին մակարդակի պաշտոնյաներին է վերաբերում: Բայց կարանտինի սկզբից պաշտոնազրկվել են 5 շրջանների ղեկավարներ: Ձերբակալությունների մի մասը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, մի մասը չի հրապարակայնացվել: Ապրիլի կեսին գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարեցին Իսմայիլիի քաղաքապետի ձերբակալության մասին: Ապրիլի 29-ին հղում անելով տեղի բնակիչներին՝ գործակալությունները հաղորդեցին Բիլյասուվարի (Իրանի հետ սահմանին) շրջանի ղեկավար Մահիր Գուլիևի, նրա տեղակալի, կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկի ու այլ պաշտոնյաների ձերբակալման մասին: Լրագրողները տեղեկացրին, որ ձերբակալության պատճառը կարանտինի պայմաններում պետության կողմից բնակչությանը հատկացված ֆինանսական օգնության յուրացումն է: Ձերբակալությունը Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն էին իրականացնում, որ ոչ մի մեկնաբանություն չեն տվել: Առողջապահության նախարարությունում ոչինչ չգիտեին հիվանդանոցի գլխավոր բժշկի ձերբակալման մասին:


Ադրբեջանի իշխանությունը ավանդաբար ժլատ է մեկնաբանություններում, հատկապես որոշումների ընդունման մեխանիկայի վերաբերյալ: Բայց նախագահի կայքում հայտնվեց տեղեկություն շրջանի ղեկավարի պաշտոնանկության մասին, ձերբակալման մասին չէր հիշատակվում: Երբ ձերբակալություններ էին Բիլյասուվարի շրջանում, նախագահ Ալիևն առաջարկեց խորհրդարանին պաշտոնանկել գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին, որ 20 տարի աշխատում էր: Մի քանի օրից Գարալովի տեղակալ Քյամրան Ալիևը նշանակվեց գլխավոր դատախազ:


Պաշտոնյաների զտումները սկսվել են 2019-ի աշնանը: Այն ժամանակ հարվածի տակ հայտնվեց նախագահի աշխատակազմի «ծերակույտը», որ քաղաքական կարիերան սկսել էր սովետական տարիներին: Նրանցից մեկը Հեյդար Ալիևի զինակից Ռեմիզ Մեհտիևն էր՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նրան շատերն անվանում էին գորշ կարդինալ: 82-ամյա Մեհտիևը հիմա ղեկավարում է Գիտությունների ակադեմիան: Տարեվերջին սկսեցին պաշտոնանկել ու ձերբակալել շրջանների ղեկավարներին, կադրային փոփոխությունները մամուլն անվանում է բարեփոխումներ: Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի խոսքով՝ կատարվողը դժվար է բարեփոխում անվանելը, ավելի շուտ նման է իշխանության ուղղահայացի ամրապնդմանն ու օպտիմալացմանը: «Գուցե նոր նախարարները կլինեն հնազանդ պտուտակներ, բայց հներն էլ կատարում էին վերևների հրահանգները, փոփոխությունները կարող էին լինել և առանց նորերի, հրամանները գալիս են նախագահի աշխատակազմից,-գտնում է Հաջիզադեն: -Ի՞նչ իմաստ ուներ հանել Գարալովին, որ անում էր՝ ինչ ուզում էիք, նստացնում էր՝ ում ասում էիք»:
Ադրբեջանի տնտեսությունը կախված է նավթի արտահանումից: Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին գտնում է, որ պաշտոնյաների զտումները կապված են կորոնավարակի պատճառով մեծ կորուստների ու նավթի գնանկման հետ: Մարդկանց կենսամակարդակը անկում է ապրում, իրավիճակը խորացնում է կոշտ կարանտինը, որ սահմանվել է կորոնավարակի տարածումը կանխելու համար: «Լարումը խորանում է բնակչության դժգոհությամբ ու սոցիալական պրոբլեմներով, բարեկեցությունը ընկնում է կարանտինի ժամանակ, իսկ փոքր ու միջին բիզնեսը տուժում, մարդկանց պետք է ցույց տալ, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղվում»՝ գտնում է Ջաֆարլին: Նրա գնահատականով՝ տարբեր պաշտոնյաների փոփոխությունը հազիվ թե կառուցվածքային բարեփոխում է, որի կարիքն ունի հիմա Ադրբեջանը: Նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը BBC-ին ասել է, որ լիազորված չէ խոսել պաշտոնանկությունների ու բարեփոխումների մասին:
BBC


Հ.Գ. Ոչ մի բարեփոխում էլ Ադրբեջանում չի եղել ու չկա՝ կա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ՝ սոցիալական բունտի կանխում: Ինքնին հասկանալի է, որ պաշտոնանկվող ու կալանավորվող անձինք չեն մեղավոր ոչ նավթի գնանկման ու մանաթի արժեզրկման, ոչ կորոնավարակի տարածման մեջ և չի բացառվում, որ մի քանի ամսից բոլորը բարեհաջող վերադառնան տուն կամ սկսվեն աղմկոտ դատավարություններ՝ նայած ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե Ալիևին հաջողվի սոցիալական բունտը կանխել, նախկին պաշտոնյաներն ազատ կարձակվեն, եթե վտանգը երկարի՝ կդատեն: Բայց տեսարանները հաց չեն դառնում, Ադրբեջանի նախագահը շատ ավելի գործուն քայլեր պետք է ձեռնարկի կառավարման համակարգի փոփոխության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ