«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բրեկզիտի սագան ավարտվեց ու չավարտվեց

Բրեկզիտի սագան ավարտվեց ու չավարտվեց
21.12.2019 | 19:15

Եվրասկեպտիկ տորիները Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջինը քվեարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օրինագծի օգտին՝ հավելելով բրեկզիտն այլևս չհետաձգելու պարտավորություն: Ընդդիմությունը գտնում է, որ դա կհանգեցնի կոշտ բրեկզիտի: Հինգշաբթի Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցումով ընդունեց ԵՄ-ից դուրս գալու օրենքը, կողմ էր 358 պատգամավոր, դեմ՝ 234: Բրեկզիտի ժամկետն ավարտվում է հունվարի 31-ին, Բրիտանիայի կառավարությունն ու խորհրդարանը ծրագրում են ելքի վերջնաժամկետը հաստատել մինչև այդ օրը: Դեկտեմբերի 12-ի ընտրություններում վստահ հաղթանակից հետո պահպանողականները Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ օրինագիծ են ներմուծել բրեկզիտի հետաձգումի արգելք, այսինքն՝ բոլոր դեպքերում Մեծ Բրիտանիան 2020-ի դեկտեմբերի 31-ին այլևս ԵՄ-ում չի լինի: ԵՄ-ի հետ համաձայնագրով հունվարի 31-ին Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա միայն պաշտոնապես՝ կկորցնի ներկայացուցչությունն ու ձայնի իրավունքը ԵՄ իշխանության կառույցներում, բայց կմնա միասնական տնտեսական տարածքի մաս մինչև 2020-ի վերջը: 11 ամսում կողմերը պետք է պայմանավորվեն առևտրի ու համագործակցության նոր պայմանների մասին, բայց և Բրիտանիայի ընդդիմությունը, և ԵՄ ներկայացուցիչները գտնում են, որ այդքան կարճ ժամանակում դա անհնար է:


«Ելքի օրենքը երաշխավորում է, որ մենք հունվարի 31-ին դուրս կգանք: Այդ պահին բրեկզիտի խնդրին վերջ կդրվի: Վերջին 3 տարիների տխուր պատմությունը կավարտվի, և մենք կարող ենք առաջ շարժվել»՝ հայտարարել է Բորիս Ջոնսոնը խորհրդարանում: Բայց ընդդիմությունը վախենում է, որ պրոբլեմին վերջ չի դրվում՝ անցումային շրջանը չերկարացնելու (կողմերը հնարավորություն ունեն երկարացնել) ցանկության պատճառով երկիրը նորից կկանգնի տնտեսության համար կործանարար կոշտ բրեկզիտի հեռանկարի առաջ՝ 2020-ի վերջին: «Այդ դեդլայնի պատճառով բրեկզիտն առանց ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման, որից մենք այդպես վախենում ենք, նորից կհայտնվի սեղանին»՝ քննարկումների ժամանակ ասաց Շոտլանդիայի ազգային կուսակցության խմբակցության ղեկավար Իեն Բլեկֆորդը: Որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ գտնում են, որ Լոնդոնն ու Բրյուսելը կկարողանան խուսափել կոշտ բրեկզիտից ինչ-որ ոչ ստանդարտ քայլերով: Օրինակ՝ նրանք կարող են արագ համաձայնեցնել առևտրի շրջանակային համաձայնագիրը՝ մանրամասները հետոյին թողնելով, կամ՝ արագ պայմանավորվեն առևտրի ու համագործակցության պայմանների մասին ամենակարևոր հատվածներում:
BBC


Հ.Գ. Դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրություններում Տորիները Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ բացարձակ մեծամասնություն ստացան Համայնքների պալատում՝ 650 մանդատից 365-ը: Տորիներին ձայն է տվել ընտրողների 45%-ը, փաստացի Բորիս Ջոնսոնն ունի 55 % ընդդիմադիր բնակչություն: ԵՄ-ն ունի նոր ղեկավարություն, Բրիտանիան՝ նոր խորհրդարան, բանակցությունները շարունակվում են: Սագան չի ավարտվել՝ բրեկզիտը նաև 2020-ին է լինելու Լոնդոնի ու Բրյուսելի բանակցությունների թեման՝ Վաշինգտոնի ակտիվ միջնորդությամբ: Իսկ հետո կսկսվի Էդինբուրգի ու Լոնդոնի սագան ու չի բացառվում, որ Միացյալ թագավորությունը կորցնի Շոտլանդիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ