«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՀ-ԱՄՆ. ինչու՞ հարաբերությունները չեն կայանում

ՀՀ-ԱՄՆ. ինչու՞ հարաբերությունները չեն կայանում
30.04.2019 | 02:09

Հերթական ապրիլի 24-ին ԱՄՆ հերթական նախագահը «գենոցիդ» բառից խուսափեց: Մենք սովորաբար դա բացատրում ենք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի համար առաջնային են ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները ճշմարտության բարձրաձայնումից: Իրավիճակը կարող էր փոխվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը, փաստը, որ ԱՄՆ նախագահը գերակայություն է տալիս real politik-ին, որի վկայությունն էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Դոնալդ Թրամփը նախընտրեց չսրել հարաբերությունները Անկարայի հետ։ Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ինչու պիտի ԱՄՆ նախագահը ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները կարևորեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից։ Կամ՝ ընդհանրապես ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները ի՞նչ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար։ Հազիվ թե։ Համենայն դեպս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ»-ին ու հայտարարում «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես», հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով: Առավել ևս երբ հավելում է. «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների»: Եվ նույն հարցազրույցում վերստին հայտարարում է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»։ ՈՒ միանգամից հարցեր են առաջանում՝ եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել կամ փոխվել է միայն դրական ուղղությամբ, Հայաստանը շարունակու՞մ է մնալ ՌԴ ֆորպոստ և ընդունու՞մ է իր ֆորպոստ լինելը, այսինքն՝ ռուսական շահերի պաշտպանության գերակայությունը սեփականից: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ներկա Հայաստանին, կա՞ վստահության ու փոխըմբռնումի ռազմավարական համագործակցության մակարդակ: Իրո՞ք հարաբերություններն իրավահավասար են։ Ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանում «ներքին քաղաքական օրակարգը», որ չի համընկնում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ու ԵՄ-ի ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Որքանո՞վ է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանված, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ու հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների կարևորության տասնյակ հավաստիացումներ է տվել, բայց հազվադեպ է անդրադառնում ՀՀ-ԵՄ կամ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Անդրադառնալիս էլ ավելի շատ պահանջներ է ներկայացնում, քան համագործակցության ծրագրեր ու պատրաստակամություն։


Օրերս մամուլը գրել էր, որ իշխանությունը ջանքեր է գործադրում վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր ստանալու ուղղությամբ՝ համարելով կարևոր, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ: Փորձերը դեռ ապարդյուն են: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից հետո Վաշինգտոնը բացահայտ կորցրեց հետաքրքրությունը հեղափոխություն արած Հայաստանի նկատմամբ՝ համոզվելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մնացել է նույնը կամ ավելին՝ իր քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծումը Հայաստանը տեսնում է միմիայն եվրասիական տարածքում։ Անվտանգության ապահովումը՝ նույնպես։


Փորձեք հարցին նայել Վաշինգտոնի տեսանկյունից: Մի կողմից ԱՄՆ-ՌԴ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ԻԻՀ հակասությունները լավագույն պահը չեն, որ Վաշինգտոնը կարևորի ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը, երբ տարածաշրջանում ունի Վրաստան։ Դատելով միջազգային պայմանագրերից ԱՄՆ-ի դուրս գալու քաղաքականությունից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի կարևորում որևէ պետության հետ պայմանագրային հարաբերությունները և փորձում է փոխել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, ձևավորել հարաբերությունների նոր մոդել՝ «նախ և առաջ Ամերիկան» սկզբունքով։ Այսինքն՝ սկսվել է գործընթաց, որտեղ կասկածի տակ է դրվում ՆԱՏՕ-ի արդյունավետությունը, նոր հիմքեր են փորձում ձևավորել ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների համար։

Ի՞նչ գին ունի Հայաստանը այդ կտրվածքով։ Որքան էլ վիրավորական է՝ չնչին: Որովհետև հարաբերությունների առանցքում դրվում է ոչ թե պետությունը, այլ որոշակի խնդրի լուծումը, որտեղ այդ պետությունը դիտարկվում է իբրև այդ խնդրի լուծմանն առնչվող տարածք: Դա նույն քաղաքականությունն է, որ տասնամյակներով վարում է ՌԴ-ն։ Օրինակ՝ որևէ մեկը գիտի՞ հարցի պատասխանը՝ ինչու՞ ստեղծվել ու գործում է ՌԴ-Ադրբեջան-ԻԻՀ նախագահների եռակողմ ձևաչափ՝ տարածաշրջանի խնդիրները լուծելու համար, բայց չի եղել ու չկա ՌԴ-Հայաստան-ԻԻՀ ձևաչափ։ Կամ՝ ինչու՞ Հայաստանն ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով մասնակցեց Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին, որին մեկնել էր Ալիևը ու հանդիպեց Սի Ցզինպինի հետ, որին ներկա էր Պուտինը: Առաջին ջութակ էր փորձում նվագել պաշտոնաթող Նուրսուլթան Նազարբաևը։ Ինչու՞ է Հայաստանը դուրս մնում Մետաքսի ճանապարհի բոլոր նախագծերից։ Միայն Չինաստանի՞ կամքով։ Դա հերթական վկայությունը չէ՞, որ մենք չենք կարողանում ինքնիշխան քաղաքականություն վարել ու պաշտպանել մեր պետական շահերը։ Բնական է, որ աշխարհի աչքում մնում ենք Մոսկվայի սատելիտ պետություն, որտեղ հեղափոխությունից հետո էլ մտածողության ու քաղաքականության փոփոխություն չի եղել։ Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չեն անելու առաջին քայլը՝ Հայաստանը չունի այնպիսի ու այնքան բնական ռեսուրսներ, աշխարհաքաղաքական ու աշխարհագրական դիրք, որ գերտերություններն իրենց շահերից ելնելով՝ խնդիր դնեն ստանալ Հայաստանի բարեկամությունը կամ համագործակցել Հայաստանի հետ։ Նրանք բավարարվելու են Հայաստանը ալիքի վրա պահելով: ԵՄ-ն՝ Արևելյան գործընկերության զարգացման ծրագրերով: ԱՄՆ-ը՝ ժողովրդավարության աջակցության։ Այլ կլիներ իրավիճակը, եթե Հայաստանը նույնականացվեր իբրև անկախ պետություն, որ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կարողանում է անկախ լինել։


Օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ից սպառազինություն գնելու կոնկրետ առաջարկ Հայաստանը չի ստացել՝ պատասխանելով հարցին՝ Ջոն Բոլթոնն առաջարկել էր Հայաստանին ոչ թե ռուսական, այլ ամերիկյան սպառազինություն գնել։ «Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչու՞ ոչ և, եթե դա թույլատրելի լինի ԱՄՆ-ի համար»՝ ասաց Դավիթ Տոնոյանը։ Խնդիրն այն է, որ հայտարարություններին ոչինչ չի հետևում, և դա ասում է մի երկրի նախարար, որ Մոսկվայից ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնման պայմանավորվածությամբ էր վերադարձել։ Իսկ ռուսական կողմը տեղեկություն էր տարածել, որ 2020-ին նախատեսում է արդիականացնել Հայաստանում ավիացիոն ռազմակայանը՝ ՄԻԳ-29 կործանիչները փոխարինելով ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ 4++ սերնդի 18 կործանիչներով: Իբրև մտքի վարժանք, համեմատեք՝ ինչ զինտեխնիկա է Մոսկվան վաճառում Անկարային՝ պայմանագրի մակարդակով խոստանալով զենքի համատեղ արտադրության տեխնոլոգիաների վաճառքը: Կա՞ ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ գեթ մեկ նման պայմանագիր։ Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք որևէ այլ երկրից զենք գնել ու շարունակում ենք համարել, որ ռուսական զենքն ամենաարդյուանվետն ու ամենաէժանն է: Կհամաձայնե՞ր Հայաստանը իր տարածքում ԱՄՆ ռազմաբազա ունենալ՝ դիվերսիֆիկացնելու ազգային անվտանգության համակարգը: Լինելով ՀԱՊԿ անդամ։ Համենայն դեպս՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նման հարցեր քննարկում է։ Ճիշտ է՝ ավելի շատ քարոզչական մակարդակում՝ Պուտինին նվիրվածությունը հավաստելու համար, բայց չի բացառվում, որ ինչ-որ պահի համաձայնի, չէ՞ որ նորից է առաջադրվելու նախագահի թեկնածու։ Կամ՝ կա՞ բացատրություն, եթե Հայաստանն այդքան շահագրգիռ էր Սիրիայի հայերի ու քրիստոնեական արժեքների պաշտպանությամբ, ինչու՞ չմիացավ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերին իր սակրավորներով կամ խաղաղապահ ջոկատով, բայց հարկ համարեց Սիրիա սակրավորներ ուղարկել ռուսների աջակցությամբ։ ՈՒ՝ ի՞նչ հարց լուծեց: Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է: Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, մեր առաքելությունն արդարացրել է իրեն»: Զգայական գնահատակա՞ն չէ իբրև միջպետական հարաբերություններում տարաձայնություններ առաջացրած հարցի պատասխան։ Հայելային պատասխան չէ՞ր Սիրիայի հյուսիսում ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախմբի ստեղծումը, որի մասին տեղեկացրեց «Ամերիկայի ձայնը»։ Զորախմբում 50 զինվոր կա։ «Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան և կպայքարենք այնքան, մինչև էթնիկ բոլոր խմբերը Սիրիայի հյուսիսում և արևելքում կլինեն ազատ և կստեղծեն ապակենտրոնացված Սիրիա,- հայտարարել է հրամանատար Մասիս Մութանյանը։- Ժամանակն է, որ Սիրիայում ստեղծվի իրական հայկական զորախումբ»: Հայկական զորախումբը փաստացի հանդես է գալու Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի հետ: «Մոբիլիզացնելով հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը փոխանցում են Ասադին, որ մտադիր են մնալ այդ տարածքներում, և Սիրիայի ամենաառանցքային համայնքներից մեկը ճանաչում է այդ փաստն ու միանում Սիրիայի դեմոկրատական ուժերին», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի փորձագետ Նիկոլաս Հերասը: Սա՞ էինք ուզում։


Որևէ երկրի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է՝ ելնելով ազգային շահից և այդ երկրի քաղաքականությունից։ Այս կտրվածքով՝ Հայաստանը ԱՄՆ-ից մեկ սպասելիք ունի՝ ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումները: Բայց նրանք էլ պիտի իրենց շահագրգռությունն ունենան։ Անշահախնդիր Քըրք Քըրքորյաններ այլևս չկան։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չբացառեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում կլինի. «Կա 3 համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Կարո՞ղ է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Մենք պատրա՞ստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞»: Հարց է առաջանում՝ իրականում ի՞նչ վերաբերմունք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իրո՞ք համանախագահները տարակարծություններ չունեն։ Կլինի՞, չի՞ լինի կամ ե՞րբ կլինի Վաշինգտոնի հանդիպումը, կպարզվի առաջիկայում: 2020-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, կվերընտրվի՞ Դոնալդ Թրամփը: Համաշխարհային քաղաքականության համար սա վճռորոշ հարց է, թեև փորձը ցույց է տվել, որ նախագահները փոխվում են, ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ հազվադեպ: Հույս ունենանք, որ մեր դեպքում այդպես չի լինի։ Դատարկ հույսերով կերակրվելուց զատ՝ ժամանակն է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում քայլ անել՝ «քննադատելուց» բացի։ Գոնե հիմքում ունենալով՝ «Նախ և առաջ Հայաստանը»։

Դիտվել է՝ 2833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ