ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հռոմի պապի հանճարեղ այցն Արաբական թերակղզի

Հռոմի պապի հանճարեղ այցն Արաբական թերակղզի
06.02.2019 | 11:28

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը պատարագ մատուցեց ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտում: Պոնտիֆիկոսը ԱՄԷ է ժամանել կիրակի օրը: Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը ոտք է դնում Արաբական թերակղզի, իսլամի հայրենիք, և առաջին անգամ պատարագ է մատուցում Պարսից ծոցի երկրում:

Պատարագը բացօթյա էր` «Զայեդ սպորտ սիթի» մարզադաշտում, դա նույնպես աննախադեպ էր` մինչև այժմ ԱՄԷ-ի իշխանությունները քրիստոնյաներին թույլ էին տալիս պատարագ մատուցել միայն եկեղեցիներում: Ֆրանցիսկոս պապը մարզադաշտ եկավ իր փամփուշտների համար անթափանց ապակիով հայտնի պապամոբիլով: ԱՄԷ-ն սահմանակից է Սաուդյան Արաբիային, որտեղ արգելված է եկեղեցիներ կառուցել և քրիստոնյաները ենթարկվում են կոշտ սահմանափակումների: Ի տարբերություն Էր Ռիադի` ԱՄԷ-ի իշխանությունները չեն խոչընդոտում եկեղեցիների կառուցմանը: Մինչև հիմա արգելված էր միայն բացօթյա պատարագը: ԱՄԷ-ի բնակչության 13% քրիստոնյաներ են, հիմնականում` կաթոլիկներ:

Երկրում արգելված է իսլամից այլ կրոնի անցնել, չի թույլատրվում նաև միսիոներական աշխատանքը: Իտալերենով պատարագին ներկա էր 135 000 մարդ: Պապի խոսքերը թարգմանվում էին արաբերեն ու անգլերեն: Ֆրանցիսկոս պապը միջկրոնական ֆորումի շրջանակներում հանդիպեց իսլամի ամենահեղինակավոր համալսարանի` Ալ Ազխարի շեյխ Ահմադ ատ Թայիբի հետ: Շեյխը Մերձավոր Արևելքի մուսուլմաններին կոչ արեց ընդունել տեղական քրիստոնյաներին` նրանց անվանելով «մեր ուղեկիցներ»: Ֆրանցիսկոս պապը կոչ արեց դադարեցնել բոլոր ռազմական կոնֆլիկտները Մերձավոր Արևելքում:

Պապը հիշեցրեց Եմենի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի զինված կոնֆլիկտների սարսափազդու հետևանքները: Որոշ կոնֆլիկտներում իր մասն է ունեցել և ԱՄԷ-ն: Երկրի զինված ուժերը զինել են սիրիական ընդդիմությանը: Շեյխ Ահմադն ու Ֆրանցիսկոս պապը միջկրոնական ֆորումի պատվիրակների համար ելույթ ունեցան, ֆորումի ավարտին ընդունվեց «Ամբողջ աշխարհում խաղաղության ու համակեցության համար մարդկային եղբայրության մասին» կոչը: Շեյխ Ահմադը իր ելույթում ասաց. «Սիրեք ձեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին: Նրանք մեր համերկրացիներն են: Նրանք մեզ մոտ են: Մեր միջև սերտ կապեր կան»: «Դուք փոքրամասնություն չեք: Դուք լիիրավ քաղաքացիներ եք: Մոռացեք «փոքրամասնություն» բառը: Մեզ սերտ կապեր են կապում` դա նման է ժայռի, որին բախվելով փշրվում են մեզ բաժանելու բոլոր փորձերը»` հայտարարել է շեյխ Ահմադը` դիմելով Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին:
ВВС


Հ.Գ. Շեյխ Ահմադի ելույթը, մեղմ ասած, հեղափոխություն է մուսուլմանական աշխարհում, եթե նրա խոսքը Մերձավոր Արևելքին է ուղղված: Տարածք, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը և տարածք, որտեղից քրիստոնեությունն այսօր դուրս է մղվում: Հռոմի պապը իր ամենապատմական այցն է կատարել, եթե կարողացել է իր ներկայությամբ մուսուլամանական աշխարհում ամենահարգված համալսարանի` Ալ Ազխարի շեյխ Ահմադ ատ Թայիբին մղել նման հայտարարության և հայտարարությունն ուղղել այն երկրներին, որտեղ պայթեցվում են քրիստոնեական եկեղեցիներն ու սպանվում քրիստոնյաները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ