ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրթիռնե՞ր, թե՞ կարագ

Հրթիռնե՞ր, թե՞ կարագ
05.02.2019 | 08:43

Коммерсант-ը գրում է, որ Ռուսաստանի դուրս գալը փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից հայելային պատասխանն է ԱՄՆ-ի հայտարարության` ինչպես ասաց նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ և ԱԳ նախարարների հետ հանդիպմանը: Коммерсант-ը նշում է, որ Պուտինն արդեն հրամայել է Սերգեյ Շոյգուին սկսել նախկինում արգելված հրթիռների մշակումը: «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը հուղարկավորեցին ոչ միայն պայմանագիրը, այլև սպառազինությունների վերահսկողության ամբողջ համակարգը, որ ձևավորվել էր սառը պատերազմի հետևանքով,- գրում է Коммерсант-ը: -Պայմանագիրը դադարեցնում է իր գոյությունը ինչպես հնանալու, այնպես էլ այն պատճառով, որ Վաշինգտոնն այլևս ոչ մի օգուտ չի տեսնում պայմանագրից»:

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով` սպառազինությունների նոր մրցավազքից Եվրոպայում թերևս կհաջողվի խուսափել` թույլ չեն տա եվրոպացիները, որ համաձայն չեն իրենց տարածքում միջուկային զենք տեղակայել և ԱՄՆ Կոնգրեսը, որ չի ցանկանում ֆինանսավորել: Ռուս փորձագետները Կրեմլի արձագանքը «բավականին չափավոր» համարեցին: «Գլխավորը` Եվրոպային խոստացվել է չտեղակայել փոքր ու միջին հեռահարության հրթիռներ, քանի դեռ չի տեղակայել ԱՄՆ-ը: Եվրոպացիները դա էլ ցանկանում էին»` ընդգծում է Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն: «Կրեմլի հայտարարությունը նշանակում է, որ ռազմավարական կայունությունը իր համար ոչ միայն ակտուալ է, այլև սուպերակտուալ»` գտնում է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը: «Հարաբերությունների գոյություն ունեցող մոդելն ավարտվեց: Պայմանագրի կասեցումը նշանակում է, որ Ռուսաստանը, ինչպես և ենթադրվում էր, չի պատրաստվում ԱՄՆ-ի ոչ մի պահանջ կատարել»: Ведомости-ն գրում է, որ Ռուսաստանը համարյա պատրաստ է պայմանագրից դուրս գալուն` բավական է ծովում տեղակայված հրթիռները տեղափոխել ցամաք: ԱՄՆ-ի, հետո նաև ՌԴ-ի հրաժարվելը պայմանագիրը վերակենդանացնելուց աշխարհը վերադարձնում է այն ժամանակներին, որտեղ մենք հազիվ թե ցանկանայինք հայտնվել` միջուկային պատերազմի վախի, միջուկային պատերազմի հնարավորության, սպառազինությունների մրցավազքի հեռանկարի պատճառով: Ведомости-ն ընդունում է, որ Մոսկվան լոկալ դիվանագիտական հաղթանակ է տարել` սպասելով, թե երբ Վաշինգտոնը կհայտարարի պայմանագրից դուրս գալու մասին: «Մեղքը Ռուսաստանի վրա գցել հիմա դժվար կլինի: Բայց դա լոկալ հաղթանակ է գլոբալ պարտության համապատկերում, որ կդառնա պայմանագիրը փրկելու փորձից հրաժարվելը այն պայմաններում, երբ ագրեսիայի աստիճանը աշխարհում միայն բարձրանում է ու նորմա է դառնում»` գրում է թերթը: Ведомости-ն գտնում է, որ սպառազինությունների մրցավազքի նոր ալիքը, որ անխուսափելի է միջուկային անվտանգության ոլորտում միջազգային պայմանագրերի դադարեցման դեպքում, կհանգեցնի առանցքային ֆինանսական ու նյութական ռեսուրսները պաշտպանության ոլորտում կենտրոնացնելուն ու ծայրաստիճան կդժվարացնի տեխնոլոգիական թռիչքը տնտեսության մյուս ճյուղերում: Միջազգային անվտանգության համակարգի կազմաքանդումը Կրեմլին թույլ կտա հերթական անգամ խաղարկել «պաշարված ամրոցի» խաղաքարտը, արտաքին վտանգի սպառնալիքի առաջ համախմբվելոը համար և վերջապես` հիմնավորելու մարդկային կապիտալի ծախսերի կրճատումը «հրթիռներ կարագի փոխարեն» թեզով:


1987-ին կնքված պայմանագրի կասեցումը հնարավոր է միայն հայտարարությունից հետո` 6 ամսում: Արդեն ամռանը պայմանագիրը կդադարի գործել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ նոր պայմանագիր կնքվի` միջուկային զենք ունեցող բոլոր երկրների ներգրավումով, թիրախում Չինաստանին ունենալով: Այս օրերին Պեկինից հրապարակային արձագանքներ չկան: Միանշանակ է, որ ԱՄՆ-ը ձգտելու է Չինաստանին բերել այդ դաշտ, պատրաստի պայմանագիր ունենալ ու շռնդալից ստորագրել 2020-ի նախագահական ընտրությունների նախօրեին` հայտարարելով, որ կատարել է իր նախընտրական բոլոր խոստումները` այդ թվում ազատվել է վատ պայմանագրերից: Իրականում Դոնալդ Թրամփի քայլը ոչ այնքան Ռուսաստանի դեմ է, որքան Չինաստանի ու ԵՄ-ի: Միջուկային մրցավազքը կանխելու միջազգային երաշխիքներ պայմանագրի տեսքով չունենալով` ՆԱՏՕ-ի Եվրոպայում գտնվող անդամները ստիպված են մտածել իրենց անվտանգության մասին` ստեղծելով սեփական համակարգը կամ վերստին ապավինել ՆԱՏՕ-ին` կատարելով ֆինանսական մասնաբաժինների մեծացման ԱՄՆ նախագահի պահանջը: Կա երրորդ ճանապարհն էլ` ձգել ժամանակը և սպասել 2020-ին` հույսով, որ Թրամփը չի վերընտրվի, իսկ ԱՄՆ հաջորդ նախագահը դեմոկրատ կլինի ու ճիշտ հակառակ քաղաքականությունը կվարի:
Բացի այդ` պայմանագրից դուրս գալը Թրամփին հնարավորություն է տալիս նոր պատվերներով հարստացնել ռազմարդյունաբերությանը` հընթացս նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության զարգացմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որ Մոսկվայում լավ հասկանում են Թրամփի բազմաքայլ խաղը, վկայում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք սառը պատերազմի մասին։ Նոր դարաշրջան է սկսվել, երբ ԱՄՆ-ը որոշել է քանդել սպառազինության վերահսկողության, հարձակողական սպառազինության կրճատման համակարգը։ Սա տխուր է»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին է վերապահվել հայտարարությունը, որ Մոսկվան մտադիր չէ հանդես գալ նոր նախաձեռնություններով սպառազինության վերահսկողության շուրջ նոր պայմանագրի հարցով: Եթե նախաձեռնությամբ հանդես գա Վաշինգտոնը, Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել: Այսինքն` խաղը շարունակվում է, կողմերը հիանալի հասկանում են միմյանց, միջուկային պատերազմ սկսելու մտադրություն ոչ ոք չունի, բոլորը պարզապես ցանկանում են պատերազմի սպառնալիքի հաշվին հարստանալ ու քաղաքական ազդեցությունը բազմապատկել:

Դիտվել է՝ 2664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ