ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում

Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում
05.02.2019 | 08:40

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ չեն համարում լեգիտիմ, առաջարկել է այս տարի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Հերթական խորհրդարանական ընտրությունները 2020-ին են: Խորհրդարանի այս կազմում ընդդիմությունը մեծամասնություն է, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն հունվարի 23-ին երդվեց իբրև նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, երբ օրենսդիրները Մադուրոյին ճանաչեցին ոչլեգիտիմ նախագահ: Կարակասում իր կողմնակիցների հանրահավաքում ելույթ ունենալով` Մադուրոն հայտարարեց, որ աջակցում է Սահմանադրական ժողովում հնչած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչերին: Ի տարբերություն խորհրդարանի` Սահմանադրական ժողովում գերակայում են նախագահի կողմնակիցները: ԱՄՆ-ը, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը Գուայդոյին, ոչ թե Մադուրոյին են համարուն Վենեսուելայի օրինական նախագահ` մինչև նոր, ազնիվ ընտրույթունների անցկացումը: Կիրակի սպառվեց ԵՄ-ի Մադուրոյին տված ժամկետը` նոր նախագահական ընտրություններ հայտարարելու համար: Հակառակ դեպքում ԵՄ-ն խոստանում է ճանաչել Գուայդոյին: Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իտալիան աջակցություն են հայտնում Մադուրոյին: Վենեսուելայի բանակի բարձրագույն սպաները ևս աջակցում են Մադուրոյին, բայց կիրակի օրը ռազմաօդային ուժերի գեներալ Ֆրանսիսկո Էստեբան Յանես Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում տեղակայված տեսաուղերձով հայտարարեց, որ անցնում է ընդդիմության կողմը: Ռազմաօդային ուժերի պաշտոնական ակաունտում նրան հայտարարեցին դավաճան:


Հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս գալիս ի պաշտպանություն և Նիկոլաս Մադուրոյի, և Խուան Գուայդոյի: Դիմելով իր հազարավոր կողմնակիցներին Կարակասում` Գուայդոն ասաց, որ բողոքները շարունակվելու են մինչև իր կողմնակիցները հասնեն ազատության: Մադուրոն մեղադրեց միջազգային ԶԼՄ-ներին, որ «անտեսանելի են դարձնում» կառավարամետների ցույցերը: Մադուրոյի շատ կողմնակիցներ շաբաթ օրը ցույցի էին դուրս եկել դարչնագույն հագուստով` կառավարամետ աշխարհազորի:
BBC


Հ.Գ. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է ԵՄ արտահերթ նախագահական ընտրությունների առաջարկը և զգուշացրել, որ ճգնաժամը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի: Նախագահական վերջին ընտրությունները Վենեսուելայում 2018-ի մայիսին էին, ընդդիմությունը, արևմտյան և լատինամերիկյան մի քանի երկրներ չճանաչեցին ընտրությունների արդյունքները: Անցած շաբաթ Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Ավստրիան Մադուրոյին ուլտիմատուն ներկայացրին` կամ 8 օրում նշանակում է նոր ընտրություններ, կամ իրենք պաշտոնապես ճանաչում են ընդդիմադիր կառավարությունը: Կիրակի օրը Մադուրոն իսպանական La Sexta հեռուստաալիքին ասաց, որ չի պատրաստվում ճնշմանը տրվել ու արտահերթ ընտրություններ չի հայտարարի: «Մենք ուլտիմատումներ չենք ընդունում որևէ մեկից: Դա նույնն է, որ ես ԵՄ-ին ասեի.«Ձեզ 8 օր եմ տալիս Կատալոնիայի Հանրապետությունը ճանաչելու համար»: Ոչ, միջազգային քաղաքականությունը չի կարող ուլտիմատումների վրա հենվել: Դա մնացել է գաղութների ու կայսրությունների անցյալում»: Լրագրողի հարցին` կարո՞ղ է Վենեսուելայում ճգնաժամը քաղաքացիական պատերազմի վերաճել, Մադուրոն պատասխանել է. «Ոչ ոք այսօր չի կարող այդ հարցին ճշգրիտ պատասխանել: Ամեն ինչ կախված է հյուսիսային կայսրության ու նրա Արևմուտքի դաշնակիցների խելահեղության աստիճանից ու ագրեսիվությունից»: «Մենք պահանջում ենք, որ ոչ ոք չխառնվի մեր ներքին գործերին և մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»` հավելել է Նիկոլաս Մադուրոն: Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը Սի-Բի-Էս հեռուստաալիքին հարցազրույցում ռազմական միջամտությունը Վենեսուելայում համարեց «իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկը»: Ի պատասխան Մադուրոն Թրամփին զգուշացրեց, որ Վենեսուելան կդառնա երկրորդ Վիետնամ և հեղված արյունը կմնա նրա խղճին:


ԵՄ-ն իր խոստումը կատարեց` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Էստոնիան ճանաչել են Գուայդոյի իշխանությունը:
Նիկոլաս Մադուրոն դիմել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում: Մադուրոն իտալական Sky TG24 հեռուստաալիքին հարցազրույցում ասել է. «Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին: Հուսով եմ, որ այն ճանապարհին է կամ արդեն հասել է Հռոմ, Վատիկան: Նամակում ես ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին: Եվ այդ կապակցությամբ ես նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության դյուրացման և ուժեղացման գործընթացում»,-հայտարարել Է Մադուրոն: «Ես Հռոմի պապին խնդրում եմ օգտագործել իր բոլոր ուժերն ու կամքը՝ օգնելու մեզ երկխոսության ճանապարհին: Հույս ունենք դրական պատասխան ստանալ»,-ասել է նա: Ֆրանցիսկոս պապը առաքելական ուղևորությամբ գտնվում է ԱՄԷ-ում, Վատիկան կվերադառնա փետրվարի 5-ին:


Պապի հույսին չմնալով` նա փետրվարի 5-ին ստորագրահավաք կսկսի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ: Արագուա նահանգում զորահանդեսի ժամանակ, որը նվիրված Էր Ուգո Չավեսի գլխավորությամբ մի խումբ զինծառայողների ձեռնարկած հեղաշրջման փորձի 27-րդ տարեդարձին, Մադուրոն ասել է. «Ես կոչ եմ անում Վենեսուելայի ժողովրդին՝ միասին հանդես գալ ԱՄՆ-ի կառավարության կողմից ռազմական ուժի կիրառման սպառնալիքների դեմ: Չորեքշաբթի օրվանից երկրի ամբողջ տարածքում ստորագրություններ կհավաքվեն, որոնք կհանձնվեն Սպիտակ տուն, որպեսզի մերժվեն այդ սպառնալիքները: Ես հորդորում եմ Վենեսուելայի ժողովրդին՝ ստորագրել այդ փաստաթուղթը»: Ստորագրահավաքն անցկացվելու է Սիմոն Բոլիվարի յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր զորանոցում, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր ֆաբրիկայում: «Մենք ամերիկյան ինտերվենցիա չենք ցանկանում, մենք ցանկանում ենք խաղաղություն, խաղաղություն ու անկախություն, խաղաղություն ու արժանապատվություն, խաղաղություն ու ազգային ինքնիշխանություն, խաղաղություն ու ժողովրդավարություն՝ ազատության հետ միասին»,-հավելել է Մադուրոն:
Նախագահական ընտրությունների փոխարեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Մադուրոյի առաջարկը չափազանց ռիսկային է ու ճգնաժամից ելք ցույց չի տալիս, լավագույն դեպքում Մադուրոն ստանալու է օրինական երկիշխանություն, որ արդեն իսկ կա: Նա պարզապես ուզում է ժամանակ շահել և ճնշել ընդդիմությանը: Այս ընթացքով` ամեն ինչ կարող է հանգել արտաքին միջամտության և իսկապես քաղաքացիական պատերազմի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ