ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփի քաղաքականությունը բոլոր կետերով համապատասխանում է Կրեմլի մարտավարությանը

Թրամփի քաղաքականությունը բոլոր կետերով համապատասխանում է Կրեմլի մարտավարությանը
26.01.2019 | 15:35

Ինչի մասին էլ խոսքը լինի` ՆԱՏՕ-ն թուլացնելու, եվրոպացիներին ԱՄՆ-ից հեռացնելու, ԵՄ-ում տարակարծություններ սերմանելու կամ Սիրիան Մոսկվային թողնելու, ԱՄՆ նախագահը սիրաշահում է Պուտինին` գրում է Ալեն Ֆրաշոնը Le Monde-ում: Կուլիսներում Դոնալդ Թրամփը բազմիցս հոլովել է ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից դուրս բերելու գաղափարը, այսինքն` ՆԱՏՕ-ն սպանելու: Նա բազմիցս ԵՄ-ն անկայունացնելու փորձեր է արել: Բայց դա ամենը չէ: 2018-ի դեկտեմբերի կեսին հրամայելով Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ԱՄՆ զորքերը դուրս բերել, նա ռիսկի դիմեց` ստեղծելով վակուում, որ Դամասկոսն ու նրա ռուս դաշնակիցները ուրախությամբ պատրաստ են լցնել` Իսրայելի ու ԱՄՆ եվրոպացի որոշ դաշնակիցների դժգոհությունը հարուցելով: Նվազագույնը երկու անգամ նա տետ ա տետ հանդիպել է Վլադիմիր Պուտինին և զրույցը հազիվ ավարտված` իր թարգմանչից վերցրել է գրառումները, աշխատակիցներից ոչ մեկին ցույց չտալով: Նա անտարբեր մնաց, որ Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի նավերը 2018-ի նոյեմբերին գրավեցին ուկրաինական երեք նավերը Կերչի նեղուցում և առանց տեսանելի պատճառների բանտարկեցին դժբախտ նավաստիներին, որ միջազգային իրավունքի խախտում էր Ռուսաստանի կողմից և իր ինքնիշխանության հաստատում Ազովի ծովում: Նա աջակցեց իր կուսակցության սենատորներին, որ սովորաբար ինքնաբերաբար դեմ են Կրեմլի քաղաքականությանը, երբ նրանք վերջերս քվեարկեցին Օլեգ Դերիպասկայի` Պուտինի մերձավորներից մեկի գլխավորած «Ռուսալ» ալյումինի ընկերության դեմ պատժամիջոցները մասնակի հանելու օգտին:
Համադրելով այդ փաստերը` ԱՄՆ մամուլը, երբեք հարցը հստակ չձևակերպելով, այս օրերին ընդհանուր գծերով տողատակերում անհավանական հիպոթեզ առաջադրեց` իսկ եթե Դոնալդ Թրամփը ռուսական գործակա՞լ է: Կամ գուցե «գտնվում է» Մոսկվայի ազդեցության տակ` այս կամ այն կերպ ենթարկվեկով ռուսական շանտաժի: Դեռ մինչև Սպիտակ տուն մտնելը նա քանիցս ասել է, որ Պուտինի մասին միայն լավն է մտածում: Նա երդվում էր, որ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը կվերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նույնպիսի էնտուզիազմ կար Մոսկվայում: «Արևմտյան լիբերալ համակարգի» թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտությունը և այդ համակարգի նկատմամբ քննադատաբար տրամադրված ազգայնականի հաղթանակը ընդունվեց հիացմունքով: Բայց Սպիտակ տանը Թրամփին չհաջողվեց փորձությունն անցնել, և` ոչ իր մեղքով: 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության օրեցօր շարունակվող հետաքննությունը միավորեց դեմոկրատներին ու հանրապետականներին Մոսկվայի դեմ զայրույթի մեջ: Այդ մթնոլորտը սահմանափակում է նախագահ Թրամփի ռուսական քաղաքականության անցկացման հնարավորությունները և խանգարում է Մոսկվայի հետ մերձեցմանը, որին նա ձգտում է:
Իսկ ճշմարտությունն այն է, որ Թրամփին բնավ էլ պետք չէ ինչ-որ մեկի ազդեցությանը ենթարկվել` ՆԱՏՕ-ի վրա հարձակումներ գործելու համար: Նա սկզբունքորեն չի սիրում ալյանսներ, որ «կապում են» ԱՄՆ-ին: ՆԱՏՕ-ն չափազանց թանկ ալյանս է: Թրամփը նախընտրում է երկկողմ համաձայնագրեր կնքել, որ ԱՄՆ-ին թույլ են տալիս բանակցել գլխավորապես ուժի դիրքերից` շնորհիվ տնտեսական ու ռազմավարական գերազանցության: Նույն պատճառով նա չի սիրում Եվրամիությանը: Որ այս ամենը հիանալի համապատասխանում է ռուսների շահերին, Թրամփին բնավ չի վշտացնում:
Ալեն Ֆրաշոն, Le Monde


Հ.Գ. ԱՄՆ նախագահը հասել է ժամկետի կեսին, բայց երկրում շարունակվում է հետաքննությունը` ազդե՞լ են ռուսները նրա ընտրության վրա: 2018-ի միջանկյալ ընտրություններում նա կորցրեց մեծամասնությունը Կոնգրեսի Համայնքների պալատում: Դեմոկրատները հնարավորն անելու են, որ Թրամփը 2020-ին նորից չառաջադրվի, իսկ առաջադրվելու դեպքում` պարտվի: Նրանց հաղթանակի դեպքում ԱՄՆ պատմության մեջ կփակվի ամենաանկանխատեսելի ու սկանդալային նախագահի էջը, բայց աշխարհում սկսված փոփոխությունները կշարունակվեն, ու դա է Թրամփի ֆենոմենը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ