ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անավարտ Հայաստան

Անավարտ Հայաստան
22.01.2019 | 02:25

Կառավարման քրոնիկոն` բուռն խորհրդարանական շաբաթը եզրափակվեց կառավարության նշանակմամբ: Մի շաբաթում 7-րդ գումարման ԱԺ-ն տիտանական ջանքերով ոչ միայն նախագահ ու փոխնախագահներ ընտրեց, այլև 11 մշտական հանձնաժողովներ ձևավորեց ու նախագահներ ընտրեց: Նորընտիր խորհրդարանին մեղադրում էին մանկական հարցասիրության մեջ, իրականում պատգամավորները ժամանակ էին ձգում, որ կառավարությունը հասցնի իր կառուցվածքի նախագիծը Աժ ներկայացնել, հետո խնդիրը փոխվեց: 2019-ի հունվարի կեսից Հայաստանն ունի վարչապետ, խորհրդարան ու կառավարություն: Ճիշտ է` կառավարության կառուցվածքը հաստատված չէ, բայց երբ վարչապետը ասում է, որ կլինեն 12 նախարարներ, ու 12 նախարարներն արդեն նշանակված են, ի՞նչ 2/3-ի կամ 1/3-ի մասին է խոսքը: 2/3-ը այս դեպքում հենց 3/3 է` մեկ ամբողջական միավոր, իսկ 1/3-ը կանցնի պատմության էջեր:


Առաջարկելով նախարարների գրեթե անփոփոխ կազմ (միակ նորեկը Զարուհի Բաթոյանն է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը), վարչապետը հրապարակավ ստորագրեց տեսակետի տակ, որ որոշողը միայն ինքն է, հասարակության դժգոհությունը, ոլորտների մասնագետների վերաբերմունքը նշանակություն չունեն (այլապես չէին վերանշանակվի առողջապահության և կրթության ու գիտության նախարարները): Այլապես կառավարության կառուցվածքի նախագիծն այդքան աղքատիկ ու … անբովանդակ չէր լինի: Կամ` այդքան «բովանդակալից» բացատրություններ չէին տրվի: Լայվով բացատրվեց` նախարարությունների մեծ թիվը նշանակում է ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ 5 նախարարություն վերացնելով` 5 տոկոսո՞վ վերացավ կոռուպցիան, թե՞ 55: Այն կոռուպցիան, որի վերացումը անցյալ տարի էր զեկուցվել վարչապետի մակարդակով: Ապշեցուցիչ է նաև, որ կրթության ու գիտության և մշակույթի նախարարությունների միավորման պատճառն այն է, որ մշակույթը ունի գործնական նշանակություն, նաև` կրթական նպատակ։ Սա գերհանճարեղ բացատրություն է, որ ջնջում է համաշխարհային ու հայկական արվեստը: Օրինակ` ի՞նչ կրթական նպատակ ունի Մալևիչի «Սև քառակուսին», կամ` Միքելանջելոյի «Դավիթը»: Մինասի «Խաչելությունը»: Մաթևոսյանի «Մեծամորը»: Գործնական ի՞նչ նշանակություն ունի Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան»: Արամ Խաչատրյանի «Սպարտակը»: Բեթհովենի «Լուսնի սոնատը»: Նարեկացու «Մատյանը»: Ես չգիտեմ: Ես նույնիսկ չգիտեի, որ գործնական նշանակություն պիտի որոնեմ համաշխարհային մշակույթի մեջ: Իսկ սփյուռքի նախարարությու՞նը: Իսկ սփյուռքի նախարարության առանցքային աշխատակիցներին կտեղափոխեն վարչապետի աշխատակազմ, վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը կզբաղվի նրանց աշխատանքների համակարգմամբ։ Եվ ովքե՞ր են «առանցքային աշխատակիցները»: Ինչպե՞ս են որոշվելու: Նախարարությունը փակելու պատճառը շատ հիմնավոր է. «Սփյուռքի նախարարությունը զբաղվում է սփյուռքի կրթության հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև կրթության նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է սփյուռքի մշակութային հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև մշակույթի նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է սփյուռքի տնտեսական հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է սփյուռքին միջազգային հարցերում ներգրավելու հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև արտաքին գործերի նախարարությունը»: Եվ որովհետև որևէ այլ հարց սփյուռքի նախարարությունը չունի լուծելու (վարչապետի պատկերացմամբ), այդ հարցերով կզբաղվի դեսպանը: Իսկ ինչու՞ ոչ թվարկված նախարարությունները: Ո՞րն է տրամաբանությունը: Ո՞րն է նոր նախարարություն ստեղծելու տրամաբանությունը` բարձր տեխնոլոգիաների նախարարության կամ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության: «Որովհետև մենք հայտարարել ենք, որ մեր պատկերացումը Հայաստանի տնտեսության մասին հետևյալն է, որ մեր երկրի տնտեսական լոկոմոտիվը պետք է դառնա բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, և դա պետք է իր արտահայտությունը գտնի կառավարության կառուցվածքում»` ըստ վարչապետի:

Իսկ ի՞նչ է նշանակում բարձրտեխնոլոգիական արդյունաբերություն, մասնավորապես ի՞նչ կադրեր է պահանջում ու ինչքա՞ն փող: ՈՒ ինչքանո՞վ է ռեալ այսօրվա Հայաստանում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ մտնու՞մ է ատոմային էներգետիկայի զարգացման վարչությունը (ինչու՞ ոչ, եթե գյուղատնտեսությունը մտնում է տնտեսական զարգացման նախարարության մեջ, որովհետև …երկուսն էլ զբաղվում են ՝ արտահանման կազմակերպման հարցերով, հետաքրքիր է` ի՞նչ են արտահանելու, եթե ոչ ոք աճեցնելու խնդրով չի զբաղվելու): Կամ` ջրային տնտեսության կառավարումը (թե՞ ապրի Սևանը): Արտաքին գործերի նախարարության մեջ մտնու՞մ է օդագնացության վարչություն` իբրև կապ արտաքին աշխարհի հետ, թե՞ Հայաստանին ազգային ավիափոխադրող պետք չէ: Կամ` ինչու՞ այլևս Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում սուպերվարչապետական համակարգը, ինչու՞ է նա անհրաժեշտ համարում, որ վարչապետի ենթակայության տակ գործեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը: Իրենից բացի ոչ մեկին չի՞ վստահում: Նույնիսկ ԱԺ-ի՞ն, որտեղ 70 տոկոս ունի: Անավարտ չէ՞ Նիկոլ Փաշինյանի պատկերացումը կառավարման համակարգի մասին:


Քրեական քրոնիկոն` անցած շաբաթ իմացանք, որ ՀՔԾ-ն նախկին նախարար Արամ Հարությունյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու և փողերի լվացման համար և հայտարարել հետախուզում: Որ ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով ցուցում է տվել ՀՀ կառավարությանը շտապ ապահովել նրա առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ, որը Հայաստանում չկա:


Նաև Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքից իմացանք, որ «Սրանք պարզապես դատական վեճեր են, և քաղաքական դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ծիծաղելի են: Դրանք ուղղակի սովորական մանիպուլյացիա են»:
Իմացանք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին ԱԽ քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը, և Արմեն Գևորգյանը մամուլի տեղեկությունը չմեկնաբանելու սովորություն ունի` այդ թվում գաղտնի շտաբի անդամ լինելը, բայց կխոսի, երբ ժամանակը գա: Որ` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք» է համարում իրեն վերաբերող հրապարակումներն ու հերքում է: Որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով, իսկ նա չի ընդունում: Որ` դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին և մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան գրավով ազատ արձակել: Ոչինչ չիմացանք Յուրի Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի, մարտի 1-ի հետաքննության մասին: Անավարտ դատական քրոնիկոնը շարունակվում է: Շատ չի՞ երկարում:


Կուսակցական քրոնիկոն` ՀՅԴ-ն շարունակում է 33-րդ Ընդհանուր ժողովը Ստեփանակերտում: Հրանտ Մարգարյանի սկանդալային ելույթից իմացանք, որ իր թեկնածությունը չի առաջադրելու և հաջորդ ընտրություններում ՀՅԴ-ն տուն է ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու է երկրի ամբողջական ղեկավարման գործը: Չիմացանք` դա Հրանտ Մարգարյանի անձնակա՞ն ծրագիրն է, թե՞ դառնալու է ՀՅԴ-ի ծրագիրը: Չիմացանք` 100 երկրից եկած ՀՅԴ-ականները կիսու՞մ են նրա գնահատականները, թե՞ սկզբունքային տարաձայնություններ ունեն` թե ՀՅԴ-ի Հայաստանյան կառույցի գործունեության, թե անելիքների վերաբերյալ: Չիմացանք «չպարտված» Հրանտ Մարգարյանը անցնում է ստվերային կառավարման` պատասխանատու պաշտոնը Արմեն Ռուստամյանին հանձնելո՞վ, թե՞ կուսակցությունը, այնուամենայնիվ, ուզում է վերականգնել տեղն ու դերը Հայաստանում: ՈՒ` ինչպե՞ս:


Իմացանք, որ ՀՀԿ-ն 2019-ին ԳՄ առաջին նիստն արեց, որ վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ու նա, ի տարբերություն ԱԺ չանցած ՕԵԿ-ին հրաժեշտ տված Արթուր Բաղդասարյանի ու ՀՅԴ հայաստանյան կառույցը 20 տարի գլխավորած Հրանտ Մարգարյանի, հրաժարականի ցանկություն չունի, ՀՀԿ-ն քննարկվել է երկրում տիրող վիճակը: «Մենք ունենք մտահոգություններ արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված: Դա չի նշանակում, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ երկիրը տանի ձախողումների, պարզապես չենք կարող չնշել, որ մտահոգություններ կան, և կարծում եմ, որ ասողին լսող է պետք»` ձևակերպեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մյուսների ձայնը չեկավ: Այդպես էլ չիմացանք` ՀՀԿ-ն, երկրի համար խոր մտահոգությունից բացի, ինքն իր հարցով չի՞ մտահոգվում: Բայց իմացանք, որ 2020-ին կանի հերթական համագումարը ու արտահերթի անհրաժեշտություն չկա: Եվ` ՀՀԿ օրակարգում ընդհանրապես չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Ավելին` «Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականությունից չի հեռացել»: ՈՒ` չիմացանք` իսկ ի՞նչ է անում ակտիվ քաղաքականության մեջ, որ չգիտենք: Կուսակցական քրոնիկոնն էլ անավարտ է: ՈՒ նույնիսկ ցիկլ չեն փակում, ՀՅԴ-ն սպառնում է, ՀՀԿ-ն մտահոգվում, մյուսների ձայնը չի գալիս:


Փոխարենը իմացանք, որ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները և տեղի ունեցավ «մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը»: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»` ասաց ՀՀ ԱԳՆ-ն:


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ավանդական հայտարարությանը հաջորդեցին ԵՄ-ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները: Բոլորն ակնարկներ են անում ու ակնկալիքներ արձանագրում: Համանախագահները տեղեկացրին, որ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»: Ի՞նչ է նշանակում այդ խաղաղության նախապատրաստելը, Բաքուն դադարեցնու՞մ է հայատյաց քարոզչությունն ու սպառազինությունը: ՈՒ ինչի՞ դիմաց: Ի՞նչ փոխադարձություն է Հայաստանից սպասում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ ասում է, որ 2019-ին առաջընթաց է ակնկալվում արցախյան կարգավորման գործընթացում և հանգուցալուծում գտնելու Բաքվի պատրաստակամությանը պետք է աջակցել, ու հույս ունի, որ Երևանը փոխադարձությամբ կպատասխանի: Խաղաղություն տարածքների դիմա՞ց: Լու՞րջ: Վարչապետի սուպերլեգիտիմության հաշվի՞ն: ՌԴ ԱԳ նախարարը հավատում է հեքիաթի՞: Իր տարիքում ու իր փորձո՞վ: Թե՞ գիտի ավելին, որ ոչ ոք չգիտի: Ասենք` Իլհամ Ալիևի մասին, ումից հանկարծակի ի հայտ եկած ընդդիմությունը անցած շաբաթ հրաժարական էր պահանջում` իշխանության արտոնած հանրահավաքում, որ գերազանցել էր սպասելիքները` մարդկանց թվով ու պահանջների մասով: Ադրբեջանում ևս ցի՞կլ է փակվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Աշխարհում երբեք ոչինչ չի ավարտվում` ցանկացած վերջ նորի սկիզբ է, բայց կան ցիկլեր, որ ավարտվում են ու պիտի ամբողջանան, այլապես նորը վերածվում է հնի:

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ