ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որտե՞ղ է պետությունը

Որտե՞ղ է պետությունը
13.01.2019 | 13:44

Վերջին 7-8 ամիսներին Հայաստանում ձևավորվել է ավանդույթ` պարբերաբար այս ու այնտեղ հայտնվում է մարդկանց մի խումբ, իրեն անվանում ժողովուրդ ու սկսում պահանջներ ներկայացնել: Պահանջները տարբեր են, ներկայացնելու ձևը նույնն է` ճանապարհ փակել: Այդ խումբը` մեծ, թե փոքր, խորապես համոզված է, որ ինքն իր պահանջները դնելիս ցանկացած անօրինականության իրավունք ունի, որովհետև պայքարում է օրինականության համար: Նրանք թքած ունեն ուրիշների իրավունքների վրա և վստահ են, որ որքան բարձր բղավեն` այնքան ճիշտ են: Իրենցից բացի` ոչ մեկին նրանք լսել չեն ուզում ու պատրաստ են բոլորին մեղադրել, որովհետև իրենք տնից-տեղից կտրված պայքարում են, իսկ մյուսներն իրենց խանգարում են: Թող պայքարեն, թող պահանջեն` իրենց իրավունքն է, բայց ոչ ճանապարհները փակելով: Ոչ տեղի-անտեղի վիրավորանքներ հեղելով մարդկանց վրա, որ կատարում են իրենց աշխատանքը: Փաստացի` պարբերաբար այս ու այնտեղ տարբեր խնդիրներով ձևավորվող խմբերը նաև համոզված են, որ իրենք ոչ միայն ժողովուրդն են, այլև` պետությունը և իրավասու են որոշել` ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, ու՞մ և ե՞րբ պատժել: Ու՞մ և ե՞րբ ներել: Նրանք պահանջատեր են ու վերջ: Մեղմ ասած` սա անարխիա է, որին ոստիկանություն փաստացի չի կարողանում համարժեք արձագանքել: Եվ` ոչ միայն ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի ոչ մի փակ ճանապարհ և ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել մյուսների ազատ տեղաշարժը: Ճանապարհ փակողները պիտի պատժվեն` օրենքը պիտի աշխատի: Ցանկացած բողոք ունի իր արտահայտման ձևն ու տեղը: Այս ընթացքով շուտով ոչ մի ճանապարհ բաց չի մնա:


Վերջին երկու օրերի իրադարձությունները Երևան-Էջմիածին ճանապարհին վկայում են, որ սիրո ու համերաշխության հեղափոխության հետևանքով Հայաստանում անհետացել է հանդուրժողականությունն ու խելամտությունը: Սկսվել է վիրտուալ մի ժամանակ, երբ ում մտքով ինչ անցնում է` անում է: Երեկ ցուցարարները օրավարտին համաձայնեցին բացել օդանավակայան տանող ճանապարհը ու հայտարարեցին, որ երկուշաբթի նորից են բողոքի ակցիա կազմակերպելու Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: Օդանավակայան տանող ճանապարհը: Պե՞տք է բացատրել, թե ինչ է նշանակում օդանավակայան տանող ճանապարհ: Պե՞տք է բացատրել, թե ինչ է նշանակում դատարանի վրա ճնշում գործադրել: Պե՞տք է բացատրել, որ փաստաբանն իրավունք ունի իր աշխատանքը կատարել: Պե՞տք է բացատրել, որ արդարադատությունը փողոցում բղավելով չի գործում: Թե՞ պետք է բացատրել, որ չարտոնված ցույցերն ու հանրահավաքները ոստիկանությունը պետք է տեղնուտեղը ցրի ու ապահովի մարդկանց ազատ տեղաշարժը հատկապես ավտոմայրուղիների վրա:


Ի՞նչ գործ ունեն պատգամավորները ցուցարար ցրելու հետ:
Ի՞նչ իրավունք ունեն ցուցարարները գործը քննող դատավորին անվստահություն հայտնելու: Դատավորը գործում է ոչ թե ցուցարարների կամքով, այլ` օրենքով:
Թե՞ սիրո ու համերաշխության հեղափոխությունը փոխել է օրենքը ու Հայաստանի հպարտ քաղաքացիներն են որոշում մեղավոր ու անմեղ: Կամ` տեղի-անտեղի հայտարարել ՙԴուք եք ձեր երկրի տերը» նշանակում է օրինականացնել անարխիա՞ն: Դատարանն է դատավճիռ կայացնում, ոչ թե իրենց երկրի տեր հայտարարող մարդկանց խումբը, որ մինչև դարավերջ կարող է բղավել «Մանվել, տուշոնկա», բայց դա չի նշանակում Մանվել Գրիգորյանի մեղքը կամ անմեղությունը ապացուցել: Երեկ իրենց անօգնականության ու անգործունակության տակ ստորագրեցին ոչ միայն ոստիկանները, այլև նորընտիր պատգամավորները: Թեև պահանջում էին, որ նրանք գան, բայց գալուց հետո էլ նրանց չլսեցին:
Ուրեմն` ի՞նչ են նրանք ուզում: Վստահաբար` Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելուց հետո էլ մի քանի տասնյակ ցուցարարները փակելու են ճանապարհները` պահանջելով նրան դատել: Մինչդեռ ոչ ոք երբեք չի ասել, որ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելը նշանակում է, որ նա անմեղ է ճանաչվել ու ազատ է արձակվել` առանց դատավարության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մանվել Գրիգորյանը պատճառ չէ, պատրվակ է, այս գործը չլինի, մի ուրիշ գործ է լինելու ու նորից մարդկանց մի խումբ նետվելու է փողոց ու ճանապարհ փակելու, որովհետև իր դիմաց տեսնում է իրեն հաճոյացող ու ճառեր արտասանող պոպուլիստների, ոչ թե պետության, որ նաև պատժիչ ֆունկցիաներ ունի օրենքները խախտողների համար:

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ