Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Վախ»` ԱՄՆ-ում նոր գիրք է հրատարակվում Դոնալդ Թրամփի մասին

«Վախ»` ԱՄՆ-ում նոր գիրք է հրատարակվում Դոնալդ Թրամփի մասին
05.09.2018 | 09:39

75-ամյա Բոբ Վուդվորտը` The Washington Post-ի խմբագիրը, որ Կառլ Բեռնշտեյնի հետ հայտնի դարձավ ՈՒոտերգեյթի սկանդալի բացահայտմամբ, գիրք է հրատարակում Դոնալդ Թրամփի մասին, որը լույս կտեսնի սեպտեմբերի 11-ին, խորհրդավոր գրքի մասին առայսօր մամուլին ոչինչ հայտնի չէ: Le Figaro-ն գրքին անդրադարձել է մեծ հոդվածով:

Ամեն ինչ սկսվեց հարցազրույցից, որ Վուդվորտը Թրամփից վերցրել է 2016-ի ապրիլին, «երբ նյույորքցի միլիարդատերը դեռ Հանրապետական կուսակցության պրայմերիզի թեկնածու էր»` գրում է Le Figaro-ն: Լրագրողը հանգամանալից նախապատրաստվել էր հարցազրույցին, հարցերից մեկն էլ վերաբերում էր Թրամփի համար այդ ժամանակ ցավոտ թեմային` գործող նախագահ Բարաք Օբամային: «Համաձա՞յն եք Օբամայի պնդման հետ, որ իսկական իշխանությունը նպատակին հասնելն է` առանց բռնության դիմելու»` հարցրեց լրագրողը: Թրամփը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ որոշակի ճշմարտություն կա: Իսկական իշխանությունը հարգանք է», որոշ դադարից հետո Թրամփը հավելեց. «Իսկական իշխանությունը, ես նույնիսկ չեմ համարձակվում արտաբերել, վախն է»: Բոբ Վուդվորտի գիրքը այդպես էլ կոչվում է` «Վախ»: Գրքում նկարագրվում է նախագահի կյանքը Սպիտակ տանը, որի վրա երդմնակալության պահից կախված է իմպիչմենտի ստվերը: Սպասվում է, որ գիրքը պայթող ռումբի արձագանք է ունենալու` գրում է Le Figaro-ն: Նախ` Վուդվորտի յուրաքանչյուր գիրք արդեն իրադարձություն է: Գործընկերներից շատերն ընդունում են, որ Վուդվորտը ժամանակի լավագույն լրագրողն է: Երկրորդ` բոլորը նրա գրքում որոնում են անսպասելի ու ամենագլխավորը` հավաստի տեղեկություններ Դոնալդ Թրամփի մասին:


2014-ին ԿՀՎ նախկին տնօրեն Բոբ Գեյտսը հրապարակավ ասաց` չափազանց ափսոսում է, որ չկարողացավ Վուդվորտին հավաքագրել: «Նա անսովոր կարողություն ունի դրդելու չափահաս ու պատասխանատու մարդկանց խոստովանել ինչ պահում են հոգու խորքում, պատմել` ինչ երբեք ու ոչ մեկին չպիտի ասեին»` իր ցանկությունը հիմնավորել էր Բոբ Գեյտսը:
RFI


Հ.Գ. Եթե Գեյտսը իրավացի է ու Վուդվորտը իր անսովոր կարողությունը գործադրել է, «Վախը» նոր սկանդալ ու բեստսելլեր է դառնալու Դոնալդ Թրամփի համար: Գուցե այս անգամ դրական լույսի տակ: Ի վերջո` անկեղծությունը այնքան էլ սարսափելի չէ քաղաքականության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ