ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մեկ ազգ` երեք պետությո՞ւն

Մեկ ազգ` երեք պետությո՞ւն
30.06.2018 | 11:08

Իբրև Թուրքիայի նախագահ` Ռեջեփ Թայիբ Էրդողանը առաջին այցը կկատարի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն և Ադրբեջան` պաշտոնակալության արարողությունից հետո` հուլիսին: Թեպետ պաշտոնակալության արարողության ժամկետ չի հաղորդվում: CNN Turk-ը ասել է, որ սեպտեմբերի 1-ին Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոս, 3-ին` Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 11-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո առաջին այցը կատարեց Թուրքիա: Էրդողանի այցերը Կիպրոս ու Ադրբեջան արտասահմանյան այցեր չեն լինելու: Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսով պայմանավորվել են ՆԱՏՕ-ի սամմիթում` Բրյուսելում, հուլիսի 11−12-ին, հանդիպել: Պաշտոնական հաղորդագրություններով` «կողմերը համագործակցության ուժեղացման պատրաստակամություն են հայտնել մի շարք ուղղություններով` այդ թվում պաշտպանական ու ռազմական ոլորտներում, հայտարարել են համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտության մասին ահաբեկչության դեմ պայքարում և սիրիական Մանբիջում ճանապարհային քարտեզի կիրառման հարցում»:

Թեպետ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով օգնական ՈՒես Միտչելը հայտարարեց, որ Վաշինգտոնը տրամադիր է աշխատել Թուրքիայի վերընտրված նախագահի հետ և ընդգծեց. «Անհրաժեշտ է լուծել երկկողմ հարաբերությունների խնդիրները»: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ «Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի երկրում ժողովրդավարության ամրապնդման համար, նաև նպաստի Վաշինգտոնի ու Անկարայի տարաձայնությունների հաղթահարմանը»: Սանդերսը նշել է, որ «Թուրքիան բախվում է արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների»: Ներքին մարտահրավերների հարցում որոշակի հստակություն կա: Թուրքիայի ընտրություններն անցել են երկրում ու երկրից դուրս բանակի ու անվտանգության ուժերի հակաահաբեկչական գործողությունների համապատկերում: Ընտրություններում Էրդողանի հենարանը պահպանողականներն էին: Նա հաղթեց ազգայնականների հետ դաշինքի շնորհիվ, որ օգնեց նրան պարտության մատնել ձախեր-լիբերալներ-քրդեր դաշինքին: Էրդողանը հազիվ թե հաղթեր ընտրություններում, եթե հույսը միայն «Արդարություն ու զարգացումը» լիներ: Ազգայնականների հետ դաշինքով նա հավաքեց միայն 52,5 %: Երկիրը մնում է սոցիալապես, էթնիկ ու քաղաքականապես տրոհված: Թուրք փորձագետների կարծիքով` «նախագահի պաշտոնում Էրդողանի հերթական 5-ամյակի սկիզբը նշանավորվում է ներքին քաղաքականության մեծ անորոշությամբ»:

Արտաքին մարտահրավերները ԱՄՆ-ը մեկ շարքում է շարում` ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերում, Հյուսիսային Սիրիայի իրավիճակ, ԻՊ-ի վերադարձի հնարավորություն: Կարո՞ղ են Թուրքիան ու ԱՄՆ-ը, ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը «տարաձայնությունները հաղթահարել դաշնակցային համերաշխության ոգով»: Բարդ է ասել, երբ Վաշինգտոնը սպառնում է Անկարային միակողմանի պատժամիջոցներով ու «երկկողմ հարաբերությունների որակական փոփոխություններով»: Նույն վերաբերմունքն ունի Թուրքիային ԵՄ-ն, թեպետ Բրյուսելը չի դադարում կրկնել, որ շարունակում է Անկարային իր ռազմավարական դաշնակիցը համարել: Էրդողանին պետք է ճեղքում, բայց նրա հորիզոններն ու հնարավորությունները խիստ նեղ են: Ահա ինչու Անդրկովկասում նրա նախագծերում առաջնայինը Ադրբեջանն է, որի վերաբերյալ բազում բազմանշանակ հայտարարություններ են արվել: Մայիսի 14-ին ելույթ ունենալով Լոնդանի Chatham House վերլուծական կենտրոնում` Էրդողանն ասաց. «Թուրքիան նպաստում է Կենտրոնական Ասիայում ու Կովկասում խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Հայաստանը միակ պետությունն է, որ դուրս է ընդհանուր պատկերից»: Թուրքիայի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի «Ընտրական հռչակագրում» ներառված է դրույթ Թուրքական խորհրդի վերականգնման մտադրության մասին, որի շնորհիվ Անկարան կարող է ընդլայնել ու ամրապնդել իր կապերը Կովկասի ու Թուրքեստանի պետությունների հետ: Թուրքական վերլուծական հանրությունը մանրամասն քննարկում է «Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնային պետության ստեղծման նախագիծը»: Հիմա հնարավոր է կառուցել ավելի լայն կամուրջ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության միջև: Բաքուն հաղորդել է, որ ՀԿԹՀ-ի 34-ամյակին այդ չճանաչված պետության (բացի Անկարայից ու Նախիջևանի Ինքնավարությունից) ղեկավար ՈՒֆուկ Թուրգաներն ասել է, որ դեռ 1997-ին Ադրբեջանում բացվել է ՀԿԹՀ-ի ներկայացուցչություն ու հաջողությամբ աշխատում է: Գաղտնիք չէ, որ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման կամ չճանաչման հարցը Բաքվի կողմից ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական շրջանակներում: Բաքուն զգուշանում է այդ քայլից, որովհետև ՀԿԹՀ-ի ճանաչմանը կարող է հաջորդել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Այդ զուգահեռները ինքնին են ծնվում, ինչպես Էրդողանի այցը ՀԿԹՀ ու Ադրբեջան, այնպես էլ Բաքվում անցկացվող միջազգային տարբեր միջոցառումներին ՀԿԹՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը հանգեցնում են այդ մտքին: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսն ինքնորոշման իրավունք ունի միջազգային իրավունքի շրջանակներում: ՀԿԹՀ-ն կապեր ունի շատ երկրների հետ, այնտեղ գործում է Թուրքիայի դեսպանատունը, ՀԿԹՀ-ի ներկայացուցչություններ կան Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, մշակութային ընկերություն կա Ֆրանսիայում, Աջակցության գրասենյակ` ԵՄ-ում: Այդպես կարող են վարվել և Հայաստանն ու Ռուսաստանը` բացելով իրենց ներկայացուցչությունները Ստեփանակերտում: Անդրկովկասյան մանևրների նկատմամբ Էրդողանը պետք է ուշադիր լինի: Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի համար բավականին զգայուն խնդիր է, ինչպես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի, Հայաստանի և, իհարկե, Ռուսաստանի համար:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Փաստացի` բավական է Անկարան հարաբերությունները սկսի բարելավել Վաշինգտոնի հետ, որ Մոսկվան ակնարկի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին, իբրև առաջին քայլ` ՌԴ ներկայացուցչություն բացելո՞վ: Լավ շրջադարձ է` ձեռքի հետ էլ շրխկոց Բաքվին, որ սկսել է զենք գնել Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Չեխիայից: Բացահայտորեն ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն այլևս չի վաճառում` Բաքուն որակի խնդիր է դնում: Իսկ ինչու՞ էր Մոսկվան Էրդողանի ամեն հայտարարություն ընդունում ճշմարտության կարգավիճակով ու ինչու՞ էր հավատում նրան` բազմիցս թիկունքից հարվածներ ստանալով` ինչպես ՌԴ նախագահը բնորոշեց ռուսական կործանիչին խփելը 2-3 րոպեով Թուրքիայի ու Սիրիայի օդային սահմանը հատելու պատճառով: Չգիտես ինչու` ռուսները վստահ էին, որ Էրդողանը անձնական վիրավորվածություն ունի Արևմուտքից` 2016-ի հեղաշրջման փորձի համար ու երբեք չի ների, որ ուզում էին իրեն պաշտոնանկել: Բայց նախ հարց է` հեղաշրջման փորձը ո՞վ էր կազմակերպել, և հետո` Էրդողանին ֆինանսներ են պետք, որ Ռուսաստանը չունի, իսկ Արևմուտքն ունի, բայց պայմաններ է դնում տալու համար: Եվ Ռուսաստանի հետ ամբողջ սիրախաղը այդ պայմանները հանելու համար էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ