Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայրենիքը ժամանակավոր ու անցումային չի լինում

Հայրենիքը ժամանակավոր ու անցումային չի լինում
08.06.2018 | 00:27

Շնորհավորում եմ` նոր կառավարությունն արդեն ունի ԱԺ-ում հաստատված ծրագիր: Ցավում եմ, բայց այսքանով շնորհավորանքներն ավարտվում են: Նույնիսկ այն պարագայում, որ նոր կառավարությունն ի սկզբանե իրեն հայտարարել է ժամանակավոր, անցումային ու ընդամենը ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար ստեղծված, պարտավոր էր ավելի լուրջ ու պատասխանատու վերաբերմունք ունենալ իր գործունեության ծրագրին: Բոլոր նրանք, որ կարդացել են կառավարության ծրագիրը, չեն կարող չընդունել` ծրագիր որպես այդպիսին գոյություն չունի: Կառավարությունը հայտարարագրել է իր մտադրությունները ու չի ամրագրել որևէ հաշվարկով, որևէ, թեկուզ մոտավոր թվով ու հայտարարագրված մտադրությունները կյանքի կոչելու մեխանիզմով: Կյանքի թելադրանքն է, որ ինչ-որ պահից հեղափոխությունն ավարտվում է ու սկսվում է պետականաշինությունը, այլապես հեղափոխությունն իմաստազրկվում է:


Երկիրը ֆեյսբուք չէ, իրական է, պահանջում է իրական մոտեցում, մոտավոր ու վիրտուալ կառավարում չի ստացվի: Նույնիսկ եթե ֆեյսբուքյան կոչերն ու ասուլիսները լուծում են մարդկանց փողոցներից տուն բերելու հարցերը, Ֆեյսբուքով հնարավոր չէ տնտեսություն պահել ու բարեփոխել:


Ի՞նչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ չի արել և, կարծես թե, չի էլ պատկերացնում, որ պարտավոր է անել.
1. Հնարավորինս արագ ու ճշգրիտ գույքագրել տնտեսական ներուժը, հասկանալ, թե տնտեսության որ ճյուղը իրականում ինչ վիճակում է:
2. Համադրել տնտեսական ու ֆինանսական ռեսուրսները` քաղաքական որոշումներով արդյունաբերության վերագործարկման համար. միայն այդպես կստեղծվեն աշխատատեղեր ու կփոխվի տնտեսության կառուցվածքը` պատրաստի արտադրանքի արտահանումն ու բյուջեի եկամուտները մեծացնելով:
3. Համակողմանի ուսումնասիրել Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրների փորձը, գտնել համընկնումները, որ կարող են աշխատել Հայաստանում: Միջազգային փորձը շտեմարան է, որտեղից պիտի քեզ անհրաժեշտը վերցնես:
4. Ստեղծել աշխատանքային խումբ` փորձագիտական ու մասնագիտական, կատարելու օրենսդրական փոփոխություններ, որ տնտեսությունը իրավական հիմքերով աշխատի ու շահույթ ապահովի` չխախտելով միջազգային պարտավորությունները:
5. Նորանշանակ նախարարները իրենց նշանակման պահից ոչ թե պիտի կոռուպցիայի դեմ պայքարեին, այլ տեղերում ուսումնասիրեին իրենց վստահված ոլորտների վիճակը, շրջեին մարզերում` հասկանալու ի՞նչ խնդիրներ կան ու ի՞նչ լուծումներ կարող են տրվել: Իրենք ծրագրեին ու հանդիպումներ ունենային մարդկանց հետ, ոչ թե սպասեին հերթական բողոքական խմբին` ընդունեին կամ չընդունեին ինչ-որ մակարդակով, բայց ոչ նախարարական, և լուծումներն էլ կապեին ժամանակի հետ:
6. Հեղափոխական էյֆորիան եթերի պես արագ ցնդում է, գալիս է աշխատանքի պահը, աշխատանքը պահանջում է ոչ միայն նվիրում ու փոփոխությունների ջերմ ցանկություն, այլև ունակություն ու հմտություն:
7. Բոլոր պաշտոններում ՀՀԿ-ականներին փոխարինելով ՔՊ-ականներով` պետական համակարգը ոչ թե բարեփոխվում, այլ հայտնվում է այս անգամ էլ չիմացության ու անփորձության քաոսում: Արդյունքի տեսակետից կարևոր չէ` ինչու՞ գործը չի ստացվում: Իսկ մարդկանց ռեալ փոփոխություններ են պետք:


Ժամանակը կարճ էր` այս խնդիրները լուծած լինելու համար, բայց կառավարության ծրագիրը պետք է ունենար ուղերձ, որում արձանագրվեին անելիքների մասին պատկերացումները, ու քայլերի հաջորդականությունը նշվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացրել է փաստաթուղթ, որ բաժանվում է մի քանի մասերի` քաղաքական մաս, իբր տնտեսական մաս: Հետո այդ մասերը ևս բաժանվում են մասերի, որ իրենց հավաքականության մեջ վկայեն` Հայաստանի նոր կառավարությունը չի ճանաչում երկիրը, որ հանձն է առել կառավարել: Այլապես ամբողջ ծրագիրը կազմված չէր լինի հեղափոխական ալիքի վրա, որ միայն հանրային ընթացիկ հնչեղություն ունեցող երևույթներին է ուշադրություն դարձնում, իսկ կյանքը մնում է հեղափոխությունից դուրս:

Չմնալու համար կառավարության ծրագրի առանցքում պիտի լինեին մարդն ու նրա աշխատանքը: Կենսաթոշակ ու նպաստ բարձրացնելու դատարկ խոստումի փոխարեն պետք է գոնե մի քանի ուղղություն նշվեր, թե ինչպես են նոր աշխատատեղեր ստեղծվելու: Ինչպե՞ս են լուծվելու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարցերը, որ տնտեսության բարեփոխման հիմքում են, մինչդեռ որևէ փոփոխություն ՀՀԿ-ի ծրագրից այս դեպքում չկա: Հանրահավաքներում ու Ֆեյսբուքի ուղերձներում Հայաստանի հպարտ քաղաքացիներին դիմելը քիչ է, հպարտության համար հիմքեր ստեղծել է պետք` աշխատանք ու արժանապատիվ առօրյայի հնարավորություն: Բարձր տեխնոլոգիաներով ու զբոսաշրջությամբ երկիր պահելը միամտություն է, որ նույնիսկ անփորձությամբ ու անտեղյակությամբ չի արդարացվում:

Եվ ընդհանրապես` ի՞նչ է նշանակում. «ՀՀ կառավարության առանցքային նպատակը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է` որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում` որպես մշտական քաղաքական իրողություն»: Մշտական քաղաքական իրողություն է դառնալու… հեղափոխությու՞նը, թե՞ հեղափոխության գաղափարներն են այնքան անիրականանալի, որ մշտական քաղաքական իրողություն դառնալու ճանապարհը չի ավարտվում: Հռչակված են 10 նպատակներ.
1. Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
2. Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
3. ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
4. Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:
5. Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
6. Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
7. Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:
8. Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
9. Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը:
10. Շրջակա միջավայրի պահպանությունը և բնության ռեսուրսների խելամիտ օգտագործումը:


Տասը նպատակներ, որոնցից ոչ մեկի իրագործման մեխանիզմ չկա: Հետաքրքիր է` ինչպե՞ս է աշխատելու կառավարությունը: Շտապօգնությա՞ն սկզբունքով, թե՞ ստացիոնար բուժման: Ինչու՞ ընդունվեց ծրագիրը: Ինչպես ՀՀԿ-ն հանձնեց իշխանությունը, այնպես էլ հաստատեց նոր կառավարության ծրագիրը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար «բնության գրկում» հավաքներ է կազմակերպում, բայց միևնույն է` խմբակցությունը նոսրանում է` գործարար հատվածը հեռանում է` Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան… Վահրամ Բաղդասարյանն ասում է` բիզնեսի ներկայացուցիչները ազատ են իրենց գործողություններում, և նրանց հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է: Իսկ ինչու՞ էր «ինքնակեղտոտվել»: ՀՀԿ խմբակցության պատգամավորներն արդեն 52-ն են: Արմեն Աշոտյանը բանաձևել է` պահպանելով մեծամասնությունը ԱԺ-ում, խմբակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը: Նոսրանում են նաև ՀՀԿ շարքերը: Իսկապես ինքնամաքրվում է` ազատվելով աշխատանքի տեղավորման գրասենյակի ու կարիերայի վերընթացի ապահովման գործակալության ցուցանակից: Հիմա այդ զանգվածը հերթ է կանգնել ՔՊ-ի դռների առաջ: Թերևս կառավարության ծրագրում արձանագրված հերթ կանգնելու մշակույթը սովորելու անհրաժեշտության դրույթը հենց նրանց համար է: Շատերը կանխատեսում են ՀՀԿ-ի վախճանը: Հազիվ թե: ՀՀԿ-ն դեռ պետք է:

Ո՞վ, եթե ոչ ՀՀԿ-ն է լինելու ՔՊ-ի իշխանության ամրապնդողը` առայժմ իբրև ընդդիմություն: ՀՀԿ-ն դեռ չի հասունացել, որ հասնի ինքնանույնականացման: Վերադառնա իր ակունքներին ու այն գաղափարներին, որոնց իրականացման համար հիմնադրվեց Աշոտ Նավասարդյանի ձեռամբ: Փաստացի ՀՀԿ-ն վերջին 10 տարիներին եղել է մարդ-կուսակցություն ու մնացել է` իշխանության հատվածական կորստից հետո: Միայն առաջին հայացքից է թվում, որ ՀՀԿ նախագահի շնորհիվ է կուսակցությունը դեռ մնում մեծամասնություն խորհրդարանում, թեկուզ նոսրացող ու չի կազմաքանդվում ընդհանրապես: Իրականում ճիշտ հակառակն է` այն պահից, երբ Սերժ Սարգսյանը կդադարի ՀՀԿ նախագահ լինել, կուսակցությունը կկարողանա վերադարձնել իր շարքեր սեփական կարծիք ունենալու երջանկությունն ու արտահայտելու խիզախությունը և գուցե ինչ-որ ժամանակ նաև դառնա մարտունակ ու գաղափարական քաղաքական ուժ, որ կարող է մրցակցել մյուս ուժերի հետ: Հիմա միայն ՀՀԿ-ի անվան հիշատակումը բավական է որևէ գաղափար, քայլ, նախաձեռնություն մերժելու համար: Այդպես է ստացվել, և մեղավորը գաղջ մթնոլորտն է ու կրկեսը, որ նրանք համարում էին հայրենիք: Իսկ ընդհանրապես գաղջ մթնոլորտի պատասխանատուն միայն ՀՀԿ-ն չէ, նաև այն կուսակցություններն են, որ հաճույքով խաղարկում էին նրա պասերն ու իշխանական ծածկի տակ բարգավաճում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի ամենահիմնավոր հատվածը արտահերթ խորհրդարանական ընտրություններին է վերաբերում ու այդ ընտրությունների նախապատրաստմանը: Գուցե արժեր այդ հատվածով էլ ավարտել` միևնույն է` խորհրդարանը կողմ էր քվեարկելու, եթե նույնիսկ կառավարությունը Ա4 ձևաչափի թուղթ ներկայացներ 5 բառով` «Նիկոլ Փաշինյանի անվան կառավարության ծրագիր»: Այլապես ստիպված էր լինելու լուծարվել: Գուցե հենց դա է պատճառը, որ կառավարությունը կցել-կցմցել ու հայերենի հերն անիծելով «Ծրագիր» է ներկայացրել, որ գործնական կիրառություն չի ունենալու: Միևնույն է` բոլոր նախարարները շարունակելու են սրբազան պայքարը կոռուպցիայի դեմ` այդպես էլ պատկերացում չկազմելով` ինչ պիտի անեն և ինչու:

Վարչապետն էլ շարունակելու է բոլորի փոխարեն միայնակ աշխատել: Ճիշտ ու ճիշտ նրա պես, ում մերժեց ու եկավ իշխանության, որ շարունակի քայլել նրա նվիրական ոտնահետքերով: Այս ընթացքով մի քանի ամսում ՔՊ-ն սպառելու է հեղափոխության ռեսուրսը ու դառնալու է թիրախ: Չի բացառվում, որ արտահերթ ընտրությունների պահին քաղաքական մյուս ուժերն ակտիվանան ու ՔՊ-ն չստանա 50+1 ձայն և չկարողանա ԱԺ-ում մեծամասնություն կազմել: Ի վերջո` հեղափոխությունը բոլորի համար է արվել, բայց հանգեցրել է միայնակ փրկչի ավանդական կարծրատիպին: Իսկ նա ձգտում է ամեն ինչ միայնակ անել` եթե ծառը դու ես տնկել ու խնամել, բերքը քոնն է: Նույնիսկ կուսակիցներիդ հետ չես ուզում կիսել` նրանց էլ մնում է նախարարությունների հին աշխատողներին հեռացնել, նորերին նշանակել և հայտարարել կարևոր քայլերի մասին` համարելով իրենց ժամանակավոր ու անցումային, բայց հայրենիքը ժամանակավոր ու անցումային չի լինում: ՈՒ այդ գիտակցության պակասն է, որ շտապող կառավարությանը թույլ չի տալիս իրենից դուրս տեսնել իրականությունը, իրենց իշխանության բերած մարդկանց: Նրանց ձեռքից բումերանգը ոչ ոք չի վերցրել:

Դիտվել է՝ 3189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ