Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մշակույթի հոգեհանգիստը

Մշակույթի հոգեհանգիստը
29.05.2018 | 00:15

Կան թեմաներ, որ չեն գրվում: Զուտ մարդկայնորեն չես ուզում ավելացնել ողբ ու կականը: Չես ուզում, ու` վերջ: Մովսես Խորենացու «Ողբից» հետո ողբալը սովորական է, համարյա` մոդայիկ: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար` ես միշտ համարել եմ, որ բողոքելն անիմաստ զբաղմունք ու ժամանակի կորուստ է: Կարո՞ղ ես` իրավիճակ փոխիր, չե՞ս կարող` ի՞նչ է ավելացնում ևս մեկ նկարագրությունը, թե ինչ վատ է, ինչ անթույլատրելի, ինչ ահավոր: Այս անգամ չեմ ուզում լռել: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար: Բայց հաստատ` ցավով, ցավից ու ամոթով:


Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի գործիչների ու վարչապետի հանդիպումը շարունակվում էր, ես թողեցի ու դուրս եկա: Թեպետ ընտանեկան դաստիարակությունն ու պատշաճությունը արգելում էին, բայց ինչ-որ պահից զգացի, որ մնալն անհեթեթ է: Նախ` հանդիպման նպատակի մասին: Գաղափարը` հանդիպել մշակույթի մարդկանց ու լսել նրանց տեսակետները, ինքնին կարևոր ու տեղին է: Անհրաժեշտ: Կա ձևաչափի հարց` երբ տարբեր ոլորտներ մեկտեղում ես, ստացվում է խառնիճաղանջ, բովանդակային խոսակցությունը արգելակվում է: Արդյունավետության համար կա նաև օպտիմալ թիվ, որ հաստատ 1500-2000-ի չի հասնում: Բայց նույնիսկ լեփ-լեցուն համերգասրահում հնարավոր էր շահագրգիռ ու օգտակար խոսակցություն, եթե տոնական տեսքով հանդիպման ժամանած մշակույթի գործիչները մտածեին ոչ թե իրենց, այլ պետության ու մշակույթի մասին: Եթե հասկանային` ինչ է մշակույթը: Կուլտուրայի արմատը նրանց համար կուլտն է` պաշտամունքը: Ոմանց համար` սեփական անձի, ոմանց համար` օրվա ղեկավարի: ՈՒ նրանք դիմում էին վարչապետին` լուծելով մի քանի խնդիր.
1. Հիշեցնել, որ իրենք դեռ կան ու արժանի են ակնածանքի, պատվի ու նյութական աջակցության:
2. Հնարավորինս սիրաշահել կամ բացահայտ շողոքորթել իշխանության տիրոջը` համարելով սեփական խնդիրների լուծման ուղիղ ճանապարհ:
3. Բարձրաստիճան պաշտոնյային պատմել լալահառաչ պատմություններ իրենց աշխատանքի` իբրև սխրանքի մասին, հընթացս զգացնելով, որ ուրիշները ոչինչ են իրենց համեմատությամբ, մինչդեռ ունեն անուն-պատիվ-կոչում:
4. Հարց տալու փոխարեն 5-10-րոպեանոց ելույթ ունենալ, որը կարճ բնորոշվում է` դուք պարտավոր եք ինձ համար առանձնահատուկ պայմաններ ստեղծել` ես չգնահատված հանճար եմ:
5. Հույժ մտահոգ տեսքով ներկայացնել հարցեր, որոնց լուծումները վարչապետի մակարդակ չեն ակնկալում` հընթացս բողոքելով, որ մշակույթի նախարարությունը թքած ունի մշակույթի վրա ու ընդհանրապես ոչ ոք իր տեղում չէ, քանի իրենք պաշտոն չունեն:
6. Համառորեն բողոքել այլասերող սերիալ-ռաբիսից ու ոչինչ չառաջարկել փոխարենը` «Դուք արեք, մենք գնահատենք» սկզբունքով:
7. Վարչապետին հարց ուղղելով` ապահովել հետագա աշխատանքն ու պաշտոնավարումը` հարկ եղած պահին, հարկ եղած տեղում ասելու համար` վարչապետն ինձ անձամբ ասաց` ես անձեռնմխելի եմ:


Այն տպավորությունն էր, որ մարդիկ, որ պատիվ ունեն իրենց անվանել Հայաստանի Հանրապետության մտավորականներ, վերջին գիրքը կյանքում կարդացել են դպրոցում ու հիմնովին մոռացել: Նրանք չեն Խորենացու ու Նարեկացու ժառանգները: Տերյանը, Թումանյանը, Չարենցը նրանց համար դատարկ բառակապակցություններ են, ոչինչ չասող ազգանուններ կամ մայրաքաղաքում կանգնեցված արձաններ: Մաթևոսյանն ու Խեչոյանը չինական հիերոգլիֆներ են, որ պարտավոր չեն իմանալ: Անձամբ ճանաչել են` հերիք է: Ժանգը և թույնը միմյանց նկատմամբ ժպիտով ծածկած` նրանք պատրաստ էին իրար հրմշտել րոպե առաջ դահլիճում հայտնվելու ու առաջին շարքերը համալրելու համար, որ երևան վարչապետին, ում Աստծո տեղը դնելը պարտադիր է, իսկ երբ Աստված իրենց չի լսում` Աստծուն ուրանալն ու հայհոյելը պարտք է:

Ապշեցուցիչ էր, որ ստեղծագործական միությունների ղեկավարները վարչապետին էին առաջարկում լուծել ստեղծագործական միությունների օրենքի հարցը, նրանից էին պահանջում ապահովել Հայաստանի զինանշանի համապատասխանությունը օրենքով սահմանվածին, 80-90-ի միջակայքում գտնվողներն էլ պատանեկան ավյունով շնորհակալություն էին հայտնում վարչապետին` անհասկանալի է, թե ինչի համար: Աշխատանքի բերումով տասնյակ տարիներ շփումներ ունենալով իրենց անունը ժամանակին տված հայ գրողների, երաժիշտների, նկարիչների, փիլիսոփաների, գիտնականների հետ` ես խոստովանում եմ, որ ինտելեկտուալ ու մարդկային բոլորովին այլ որակների էի ընտելացել: Նրանցից շատերն արդեն հեռացել են: ՈՒ մարդաշատ դահլիճում նստած` ես ինձ միայնակ էի զգում ու մեղավոր, որ ժամուկեսից ավելի ստիպված եմ լսել աղմուկ, բայց ոչ ձայն, բառակույտ, բայց ոչ խոսք: Դարձյալ աշխատանքի բերումով մեկ տասնամյակ ներկա եմ եղել Հայաստանում ու արտասահմանում բազում հանդիպումների` մտավորականների ու բարձրաստիճան պաշտոնյաների, ու միշտ լսել եմ նույնը` պետությունը պիտի աջակցի, պետությունը պիտի իրենց պահի, իրենք արժանի են ամեն ինչի: Միով բանիվ` պետությունն ունի պարտականություն, իրենք ունեն` իրավունք: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար ակնկալում էի, որ ժամանակ է պետք ու ժամանակի մեջ այդ չաշխատող կարծրատիպերը իրենք-իրենց կկոտրվեն ու կփոխվեն, որ առաջին հերթին մտավորականը պիտի փոփոխության կարիքն զգա ու փոփոխությունը ձևակերպի: Ո՞վ, եթե ոչ մտածող մարդը: Բայց ստեղծված փակ շրջանակում առաջին կոտրվողը մտավորականները եղան: Պարզվեց` նրանք են թույլ օղակը, որ կայսրության փլուզումից հետո պետպատվերի ակնկալիքով մինչև այսօր սպասում են, որ պետությունը պիտի իրենց ասի` ինչ գրել, ինչ նկարել, ինչ քանդակել, ինչ մտածել, փողը լիուլի տա ու հետո էլ պարգևատրի: Իսկ պետություն ասելով` նրանք պատկերացնում են կոնկրետ պաշտոնյա` երեկ Սերժ Սարգսյանն էր, նրան էին շողոքորթում, այսօր Նիկոլ Փաշինյանն է` նրան կշողոքորթեն, վաղը Պողոս Պետրոսյանը կլինի կամ Պետրոս Պողոսյանը` ոչ մի տարբերություն:


Ես չգիտեմ` ի՞նչ է պետք մտածողության փոփոխության համար, թե՞ իսկապես ստրուկի երազանքը սեփական ստրուկ ունենալն է:
Հաստատապես` Հայաստանում կան ազնիվ ու փառահեղ մտավորականներ, մտածող մարդիկ, որ գուցե իրենց նույնիսկ մշակույթի գործիչ չեն էլ համարում, բայց իրականում երկրի աղն են ու անհրաժեշտ օղակը, որ մշակույթի երեկվա օրը վաղվա օրվան է կապում` առանց խզման ու առանց դադարի: Բայց նրանք, եզակի բացառություններով, մայիսի 25-ին վարչապետի հետ հանդիպմանը չէին մասնակցում: Եթե մասնակցում էին, մնացին լուռ: Կամ` գերադասեցին ոչ թե իրենց ցույց տալ, այլ լսել ու հասկանալ, թե ինչ է ասում ու ինչպես է պատկերացնում մշակույթի գործչի անելիքը վարչապետը: Կամ` կեսից հեռացան, որովհետև ակնհայտ էր, որ անձամբ վարչապետի համար այդ հանդիպման օգտակար գործողության գործակիցը 0 էր: Տունդարձի ճանապարհին ես փորձում էի պատկերացնել, թե այդ հանդիպումից հետո ի՞նչ պիտի մտածի մարդը, որ վարչապետ է դարձել, ձեռքում ունի Հայաստանի մասշտաբներով մեծ իշխանություն ու աշխատելու ցանկություն: Պիտի հերթով սկսի լուծել այս ու այն անձի մասնավոր հարցե՞րը, կանչի նախարարներին ու հանձնարարի զբաղվել այս թատրոնի, այն փառատոնի, այս սերիալի, այն դերասանի, այն գրողի հարցո՞վ: Թե՞ պիտի իրավացիորեն խաչ քաշի այդ կոնտինգենտի վրա ու հետագա հարաբերությունները կառուցի հնարավորինս հեռավորության սկզբունքով: Ես, օրինակ, համբերատար սպասում էի, որ իր պատասխաններից գոնե մեկում Նիկոլ Փաշինյանը չի դիմանա ու հանդիպակաց հարց կուղղի` իսկ դուք ի՞նչ եք արել, որ չլինի ձեր նկարագրած ողբերգական վիճակը: Կամ` գոնե կհարցնի` ձեզնից բացի ձեզ ուրիշ ոչինչ չի՞ հետաքրքրում:

Օրինակ, ո՞վ, եթե ոչ դուք այսօր ինձ պիտի հարցնեիք, պարտավոր էիք հարցնել`
1. Ինչպե՞ս եմ ես պատկերացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը, բանակը, սահմանը ձերը չե՞ն:
2. Ի՞նչ եմ մտածում արտագաղթը կանխելու ու ներգաղթի մասին:
3. Ինչպե՞ս եմ պատկերացնում արդյունաբերության վերագործարկումը ու նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ու կենսաթոշակի բարձրացումը:
4. Ինչպե՞ս եմ ես պատկերացնում Արցախի հարցի լուծումը, պատրա՞ստ եմ բանակցել Իլհամ Ալիևի հետ, ի՞նչ եմ նրան ասելու:
5. Ինչպե՞ս եմ պատկերացնում Հայաստանի ապագան, կոնկրետ` արտահերթ ընտրությունների կազմակերպումն ու արդյունքները:
6. Վարչապետի պաշտոնում որո՞նք են լինելու իմ հաջորդ քայլերը:
7. Ինչպե՞ս են կառուցվելու հարաբերությունները Ռուսաստանի հետ:
8. Ինչպե՞ս են կառուցվելու հարաբերությունները Եվրամիության հետ:
9. Ինչպե՞ս են կառուցվելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
10. Վերջապես` պետության կենսապահովման փող կա՞, թե՞ նորից պիտի պարտքեր վերցնենք, որ ապրենք:


ՈՒ` մի քանի տասնյակ հարցեր, որոնց հիմքում պետության ու մարդու` իրենց հայրենիքի ու իրենց հանդիսատեսի, ընթերցողի, ունկնդրի, երկրպագուի գոյությունն է, թվի ավելացումն ու գնողունակությունը: Նիկոլ Փաշինյանը մշակույթի գործիչներից միայն շնորհակալ էր` կամ շատ է քաղաքավարի, կամ` շատ է անփորձ, կամ` մտադիր չէր հանդիպումը լրջացնել: Բայց ո՞վ, եթե ոչ նրանք պիտի այդ հարցերը ձևակերպեն ու քաղաքական գործիչների առաջ պահանջ դնեն: Նրանք, որ թատրոնի հանդիսատես են ուզում, կինոյի նկարահանման փող, շենքի կառուցում ու բարեկարգում: ՈՒ՞մ համար: Բացարձակ կտրվածությունը երկրի ու ժողովրդի կյանքից, անտարբերությունը, կարծրատիպերի մեջ պարփակվածությունը նրանց սերնդի համար այլևս անբուժելի են: Ես դատավոր չեմ ու մեղադրյալներ չեմ որոնում: Սրտի խորին ցավով եմ արձանագրում, որ ժամանակը նրանց հետ չար խաղ խաղաց: Կամ Հայաստանից հեռացան` իրենց տաղանդի դրսևորման ուղիների հետևից ու օտար երկրներում հասան հաջողության ու մատնվեցին ձախողման, կամ մնացին ու խրվեցին ճահճի մեջ, որ թույլ չի տալիս տիղմից պոկվել ու կայանալ` մթնոլորտի բացակայության պատճառով: ՈՒ այնպես չէ, որ անցած տասնամյակներում պետությունը անելիք չուներ կամ անելիքն արել է` իրավիճակ փոխելու ու նրանց ճանապարհ տալու համար: Քծնողներն ու պաշտոնամոլները հասել են նպատակին` պաշտոն, մրցանակ, շքանշան, մեդալ, իշխանության առաջին դեմքերի հետ բաժակաճառեր, հետևաբար` բարեկեցություն ու փառք: Ասպարեզը հիմա էլ նրանցն է` կամ վաղուց սպառված ու անցյալի դափնեպսակի տերևներով օրվա մերկությունը կոծկող, կամ` իներցիայով կարիերայով վեր գլորվող: Դառն է: Անտանելի դառը: Նույնիսկ լացդ չի գալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Վարչապետի հետ հանդիպումը շատերին էր ստիպել շուտ գալ, անձրևն էլ քշել էր ներս: Վաղուց միմյանց չտեսած ազգընտիրները շարքից շարք ողջույններ ու օդային համբույրներ էին ուղարկում, հրճվում, որ առիթ եղավ միմյանց հանդիպելու: Այն տպավորությունն էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը միտքը փոխեր ու ճիշտ ժամանակին չգար` կնստեին, կբամբասեին միմյանց ու կցրվեին` վարչապետին բամբասելով: Ճիշտ նույն պատկերն է հոգեհանգստի արարողության ժամանակ, երբ հանգուցյալին մոռացած` իրար տեսնելու ուրախությանն են տրվում ու մոռանում` որտեղ են ու ինչու: Եվ հաստատապես շատ քչերը զգացին, որ մշակույթի հոգեհանգստին են ներկա ու անվայել են պահում իրենց: Ինչ-որ տեղ գուցե ծնվեց նա, որ ճիշտ ժամանակին կգա, ու այս ամենը այլևս ոչ ոք չի հիշի: Եկավ, չէ,՞ Չարենցը:

Դիտվել է՝ 2831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ