Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքիայում փչում է փոփոխությունների քամին

Թուրքիայում փչում է փոփոխությունների քամին
28.05.2018 | 11:21

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կարևոր գործողություններից մեկը տնտեսության որոշակի կայունության հաստատումն էր: Դա գլխավոր կետն էր, չնայած բազում քայլերին, երբ և իրավունքը չի աշխատում, և մարդու իրավունքները հաշվի չեն առնվում: Սակայն այսօր անվիճելի իրականություն է տնտեսության ընթացքը դեպի ճգնաժամ: Վերջին մի քանի օրերին մենք հաճախ ենք լսում` նզովքը հանված է: Ընտրությունների ժամկետի հարկադիր տեղափոխումը (պետք է կայանային 2019-ի նոյեմբերին) 2018-ի հունիսի 24, ազդանշան է, որ իշխանության համար դժվար է մինչև այդ ժամկետը դիմանալ: Իրոք, նզովքը հանված է: ՈՒշադրություն դարձնելով սոցիալական ցանցերում թափ հավաքող «Էրդողանին` ԿՈՂՄ» լավային, նկատելի է, որ փչում է փոփոխությունների քամին: Կառավարող կուսակցության իշխանության պահպանումը շնորհիվ ընտրողների ձայների ավելացման 2002-ին իշխանության գալուց հետո, 2007-ի ապրիլի 27-ի ռազմական հուշագիրը, 2007-ին 367 պատգամավորների ճգնաժամը խորհրդարանում` այս բոլոր դրվագները կարող են հանգուցվել ԱԶԿ-ի փակման գործին:

Հասարակայնության աչքին և կուսակցությունը, և նրա նախագահը մշտապես ներկայանում էին իբրև զոհ: Այդպիսով կուսակցությունը ամրապնդվում էր` թաքնվելով «զոհի» կերպարանքում: Սակայն 2012-ից սկսած ԱԶԿ-ում կատարվեցին փոփոխություններ: Առաջին անգամ կորցնելով իշխանությունը 2015-ի հուլիսի 7-ի ընտրություններում` ԱԶԿ-ն սկսեց գիտակցաբար գերակայել պետական բոլոր կարևոր կառույցներում: Հետո շնորհիվ երկրում վախի մթնոլորտի լարման` կարողացավ խաղալ ազգային կամքի հետ ու 5 ամիս անց ընտրություններ նշանակելով` կարողացավ նոյեմբերի 1-ին հաղթել: 2016-ից Թուրքիայում հաստատվել է մի շրջան, որի կենտրոնում հուլիսի 15-ի հեղաշրջումն է, որի հանգամանքները մինչև այսօր պարզ չեն, հարյուրավոր անպատասխան հարցեր կան: Հուլիսի 20-ին հայտարարված ու 7 անգամ երկարացված արտակարգ դրության միջոցով երկրում հնարավոր դարձան լայնամասշտաբ ու ահավոր ողբերգություններ, որ ընդգրկեցին ամբողջ հասարակությանը: Արտակարգ դրության շրջանակներում կառավարությունը հեշտությամբ փոփոխություններ արեց բոլոր ոլորտներում: Մտացածին կամ սարքովի «ահաբեկչության» պատրվակով վերակազմավորվեցին բանակը, օրենսդրությունը, պետական ապարատը և ցանկացած կառույց: Այդ իրավիճակը ԱԶԿ-ի թույլ տեղն է, որ իր իշխանության ամրապնդման հետ կտրվում է հասարակությունից ու իր ընտրողներից: Բարձրահունչ ողբերգական իրադարձություններից ապրած շոկը թույլ տվեց դուրս գալ հիպնոսի վիճակից, որի մեջ է երկար տարիներ` միակողմանի քարոզչության ու ուղեղների լվացման հետևանքով: Միանձնյա ճնշումը հանգեցրեց խոր ճեղքերի նույնիսկ իշխող դաշինքում: Տեղական ու արտասահմանյան հազարավոր ներդրողներ դուրս բերեցին իրենց կապիտալը Թուրքիայից:

Վերջին 3 տարիներին այդ թիվը հասել է 148 միլիարդ դոլարի: Անվստահության մթնոլորտը և տգետ կառավարումը բացասաբար են ազդել տնտեսության վրա: Բոլոր ոլորտներում սկսվել է ճգնաժամ, լճացում, ակնհայտ է, որ անհնար է այս կերպ շարունակել: Հիմնական խնդիրը կառավարման ճգնաժամն է: Բոլոր ինդիկատորները կարմիր լույս են ցույց տալիս: Չափազանց շատ են ընտելացել կոռուպցիային: Իրավիճակը պահելու ու առաջ գնալու համար պետք է շարունակել ճնշումը: Ճնումը պետք է, որովհետև գիտեն, որ անպայման դատարանի առաջ են կանգնելու, երբ կորցնեն իշխանությունը: Վերջին իրադարձությունները, բացահայտ քննադատությունը, տնտեսական ցուցիչները բարոյական պարտություն են: Հեղինակությունը վարկաբեկված է: Կային պատրանքներ, որ միշտ հաղթում են: Այլևս չկան: Հիմա տեսան, որ կշեռքի նժարները այլևս այդ բեռին չեն դիմանում: Դա կարևոր բեկումնային պահ է: Եվ նավը շարունակվում է ջրով լցվել: Եթե ընդդիմությունը օգտվի իրավիճակից` կհաղթահարի այս իրավիճակը` ավելացնելով և աճը, և կշիռը: Դա ավելի կմեծացնի ճնշումը իշխանության վրա: Առանց այդ էլ սահմանափակված իրավունքները ամեն օր ավելի են նվազում: Մի՞թե դեռ ինչ-որ բան է պետք ընդդիմության աճի համար, երբ նա դեմ առ դեմ բախվել է վարչակարգին, որի օրոք այդքան ահաբեկչություններ են եղել: Որ ի զորու չէ որևէ խնդիր լուծել: Ստեղծված են ընդդիմության աճի բոլոր պայմանները: Իշխանությունը կարող է շարունակել իր հարձակումները, սակայն մյուս կողմը անվերջ «այո» չի պատասխանելու, ծայրահեղ դեպքում` ինչ-որ ժամանակ հետո «Ոչ» է ասելու: Ճնշման մեծացման հետ մեծանում է և ընդդիմությունը: Ինչ-որ ժամանակից` սկսելու է ազդել գործընթացի վրա: Հազիվ թե կառավարությունը կձգի մինչև 2019-ը` ինչպես ընդդիմության աճի տեսակետից, այնպես էլ տնտեսության ու արտաքին քաղաքականության: Հանրապետական Թուրքիայի ամբողջ պատմության մեջ ու մինչև հիմա չի եղել կառավարություն, որ այսքան ձախողվի իր արտաքին քաղաքականության մեջ:

Չմոռանանք, որ հավելվում է և անօրինական հանրաքվեն: Անօրինականությունը չափազանց ակնհայտ է դարձել։ Այդ պատճառով` Արևմուտքը չի կարող իրավիճակը պաշտպանել: Իշխանությունները ծանր դրության մեջ դրեցին ԵԱՀԿ-ի անդամներին` իրենց քննադատությունը հեղեղելով նրանց զեկույցների վրա: Այլ խոսքով` ոչ երկրի սահմաններից դուրս, ոչ ներս, ոչ մի տեղ ոչինչ չի ասվում հօգուտ իշխող էլիտայի: Այդպիսի անհետևողականություն ու այդքան անօրինականություն: Նրանք շանս չունեն աջակցություն ստանալ ոչ Արևմուտքում, ոչ որևէ տեղ: Տնտեսությունը, որտեղ դոլարն ու եվրոն աճում են օրական 3 %-ով, ճգնաժամի մեջ է: Առավոտյան դոլարն արժեր 4,59 թուրքական լիրա, երեկոյան` 4,88: Եվրոն, որ արժեր 5,37 թուրքական լիրա, դարձավ 5,67: Օրական 29 փլուզումը տնտեսության վրա 34 միլիարդ թուրքական լիրա նստեց: Դոլարի թռիչքը ծանր բեռ է մասնավոր հատվածի վրա` 236 միլիարդ դոլարի պարտքով, իսկ արտաքին պարտքը հասել 480 միլիարդ դոլարի: Պարտքեր ունեցող ընկերությունները շուտով սկսելու են փակել բիզնեսը: Նրանց մեջ մեծ ընկերություններ էլ կան: Տարադրամի կուրսի և տոկոսադրույքի աճը հանգեցնելու են ինֆլյացիայի աննախադեպ աճի: Վերջին երկու շաբաթում շուկան ընդհանրապես վերահսկողությունից դուրս է եկել, Կենտրոնական բանկը և Գանձապետարանը` կառույցներ, որ պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկեն, ձայն չեն հանում, այսինքն` ցանկացած պահի` դուռը ավելի լուրջ ճգնաժամ կարող է բախել: Արտասահմանցիները մինչև հիմա ուշքի չեն եկել շոկից Էրդողանի Մեծ Բրիտանիայում արած հայտարարությունից. «Ես կդառնամ ակտիվ նախագահ դրամական քաղաքականության տեսակետից: Եթե նվազեցվի տոկոսադրույքը, կնվազի և ինֆլյացիան»: Եթե անգամ նա հաղթի ընտրություններում, կանոններ ունեցող ազատ շուկային Էրդողանի վերադարձի հավանականությունը հավասար է զրոյի:

Ազատ շուկան 3 տարի կոմայի մեջ է, այս շաբաթից բետոնապատվեց: Շոտլանդացի տնտեսագետ Ռասել Նեյպիրն ասում է, որ Թուրքիան մերկ արքա է: Neue Zürcher Zeitung-ին տված հարցազրույցում նա նշել է, որ համաշխարհային շուկաները նորից 1980-ականների խնդիրներն ունեն և Թուրքիային սպասում է մեծ ճգնաժամ` «սկսվել է Թուրքիայի սնանկացումը»: Ընդգծելով, որ ընտրություններից հետո թուրքական լիրայի անկումը միայն կարագանա, Նեյպիրը կարծում է, որ ընկերությունները չեն կարող վճարել իրենց տարադրամային պարտքերը: Թուրքիան կարող է սնանկացնել և տեղական, և արտասանմանյան բանկերին, որ վարկեր են տվել: Նույնիսկ եթե Էրդողանը հաղթի ընտրություններում, լաբիրինթոսից կարող է դուրս գալ միայն առգրավման պետական որոշումով: Արդյունքում «տարադրամի վերահսկողության ռեժիմը», ինչպես անվանեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յիլմազը, կարող է առգրավել բանկերում եղած տարադրամային հաշիվները: Իսկ ծրագրված կործանման ասքը, որ հիմա ապրում ենք մենք, կարող է դառնալ Սխալների գրադարանի գլուխգործոցներից:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Եթե այս ամենը ճիշտ է ու հենց այս ընթացքն է ունենալու, հաճելի է կարդալ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի օրը միայն, իսկ վաղը կլինի վտանգավոր: Թուրքիայի տնտեսական ու քաղաքական փլուզումը, ընտրություններում կհաղթի, թե տանուլ կտա Էրդողանը, վատագույն սցենարն է տարածաշրջանում, որ կարող է Անկարան խաղարկել` առաջատարի դերը ստանձնելու ջանքերից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ