Եթե Ռուսաստանը, որին մեղադրում են ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններին միջամտելու մեջ` անկայունություն ստեղծելու համար, ցանկանար երկրում քաոս սերմանել, այն կոմպրոմատը, որ իբր Մոսկվան ունի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, վաղուց օգտագործած կլիներ: Եվ կարևոր չէ` Աստված ճիշտ է, թե ոչ` կարծում են ԿՀՎ-ի նախկին աշխատակիցները, որ մայիսի 22-ին մասնակցել են կլոր սեղանին Ազգային շահերի կենտրոնում` հաղորդում է The National Interest-ը:
«Կարևոր չէ` ինչ կա դոսիեում: Այս կամ այն պահին դոսիեից ինչ-որ հրապարակումը կբխեր Վլադիմիր Պուտինի շահերից»` ասել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Միլտոն Բերդենը, որ Պակիստանում ծառայության տարիներին վարժել ու զինել է աֆղան մոջահեդներին սովետական զորքերի դեմ: «Այդ տեղեկությունը կարող էր լինել ճիշտ և կարող էր լինել սուտ, կարող էր լինել ինչի ու ում մասին ասես, միայն նպաստեր Վաշինգտոնում քաոս սերմանելու նպատակին»` հավելել է նա: Նրա հետ համաձայն է Ջորջ Բիբը, որ նախկինում զբաղվել է Ռուսաստանի գործողությունների վերլուծությամբ: Նրա խոսքով` այս դոսիեն կարող էր դառնալ ԱՄՆ-ում իսկական քաոսի պատճառ և պետք է հարց տալ` ինչու՞ դա տեղի չի ունեցել: «Ամենայն հավանականությամբ` ռուսներն ունեն չշտապելու իրենց պատճառները»` կարծում է Բիբը: Կենտրոնի տնօրեն Դմիտրի Սայմսը համարում է, որ ռուսական հետախուզությունը, գուցե, փորձում է հակադրել ԱՄՆ-ի քաղաքական ասպարեզի մի հատվածը մյուսին: «Որտեղի՞ց գիտեք, որ նրանք դա չեն արել»` հարցրեց նա կլոր սեղանի մասնակիցներին:
2017-ի սկզբին Buzzfeed պորտալը հրապարակեց բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ստիլի դոսիեն, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կոմպրոմատ ունի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Մասնավորապես` Ստիլը հաստատում էր, որ Թրամփը անբարո կանանց հետ խրախճանք է կազմակերպել Մոսկվայի Ritz Carlton հյուրանոցի նախագահական համարում, որտեղ ժամանակին իջևանել են Բարաք ու Միշել Օբամաները:
National Interest
Հ.Գ. Եթե կոմպրոմատը կա, իսկ Դոնալդ Թրամփի անվան շուրջ սկանդալները հաստատում են, որ հավանական է նրա խրախճանքը Մոսկվայում, որտեղ, բնականաբար, նախագահական համարում տեսաձայնագրում է եղել` համենայն դեպս, մի օր պետք կգա սկզբունքով, Մոսկվան դա համարում է իր վերջին փամփուշտը, որ կկրակի, երբ այլևս ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնման ենթակա չեն համարվի: Գուցե նաև դոսիեն է պատճառը, որ փորձագիտական գնահատականով` Դոնալդ Թրամփը «հիանում է» Պուտինով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ