Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայաստանում փաստացի երկիշխանություն է

Հայաստանում փաստացի երկիշխանություն է
23.05.2018 | 10:00

Երևանը և Հայաստանը տարբեր երկրներ են: Օրինակ, եթե Երևանում մեքենան գազ լցնելիս ձեզ անպայման կտրոն կտան, Երևանից մի քանի կիլոմետր դուրս մտքներով էլ չի անցնի: Նույնիսկ չեն ժպտա` ի պատասխան ձեր շնորհակալության, բարի ճանապարհ էլ չեն ասի: Սա` ի դեպ: Եթե Երևանում ամեն ինչ շարժման մեջ է, մարզերում ոչինչ չի փոխվել: Չհաշված Գյումրիում Սամվել Բալասանյանի բեմադրած քաղաքական աբսուրդի թատրոնը հրաժարականի թեմայով ու մի քանի տեղերում գյուղապետերի հրաժարականի պահանջները: Սա ևս ի դեպ: Նոր պաշտոնյաները սկսում են ինքնարտահայտվել և որքան շատ են խոսում, այնքան հաստատում են չգիտեմ որ ժողովրդի իմաստուն խոսքը, որ լռությունը ոսկի է: Բայց նորերը ոչ միայն ոսկու հարգը չգիտեն, այլև` խոսքի:

Միանշանակ է, որ նրանք ունեն փոփոխությունների բուռն ձգտում և իրենց համարում են այդ փոփոխությունների առաքյալներ: Եվ այդ ձգտումը ճիշտ է ու արդարացի: Ամբողջ խնդիրը` ինչը ինչով փոխելն է: Սփյուռքի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, ԿԳ նախարարի հայտարարությունները լայն արձագանք գտան սոցցանցերում ու, իվերջո, այն տպավորությունն է, որ բոլորը մնացին իրենց կարծիքին: Այսինքն` հասարակության երկփեղկվածություն կա, որ կարող է ոչ միայն չվերանալ, այլև` խորանալ:
Կառավարության անդամների, հետո նաև ԱԺ նոր պատգամավորների երդումից հետո երեկ քաղաքական կյանքը վերադարձավ խորհրդարան` ԱԺ հերթական քառօրյան էր, որի ժամանակ հնչեցին քաղաքական հայտարարություններ: ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմադիրի դերում էր:


Իսկ քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ժամկետներ չի նշում: «Մենք ասել ենք, որ երկիրը պետք է պատրաստել արտահերթ ընտրությունների: Այո, մեր առաջնահերթությունը արտահերթ ընտրություններն են, առաջնահերթություններից մեկը: Բայց դրան պետք է պատրաստել, օրինակ, Ընտրական օրենսգիրքը, օրինակ, վարչարարական գործը՝ ֆունկցիոնալ առումով, հանձնաժողովները էն տեսքով, էն տեխնիկական հագեցածությամբ և պայմաններով, որ հիմա կան: Եթե մենք գնում ենք էդ Ընտրական օրենսգրքով, էդ ընտրական հանձնաժողովներով, դա՞ է մեր ուզածը, ՀՀ քաղաքացիները կարողանու՞մ են էդ մեխանիզմներով և էդ օրենքով իրենց կամքը ամրագրել արդյունքում: Ես չեմ կարծում: Մյուս կողմից, ես ուզում եմ վստահեցնել, որ մենք օր ու գիշեր աշխատում ենք, որ էդ պայմանները կարողանանք ապահովել օր առաջ, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ համակարգափոխության վերջին ակորդը պիտի լինի խորհրդարանական ընտրություններով նոր քաղաքական պատկեր խորհրդարանում ունենալը, և նոր դրանից հետո անցնելու ստեղծարար աշխատանքի»` սա է նրա կարծիքը: Եվ որպես հաստատում իր խոսքերի` նա տեղեկացրել է, որ արդեն բազմաթիվ մասնագետների հետ են խորհրդակցում, որ հասկանան, թե ե՞րբ կարող են պատրաստ լինել ընտրությունների: 6 ամսից մինչև 1 տարի ժամկետ է նշվում և արձանագրվում է` անվերջ ձգվել չի կարող:
Ինչո՞վ է պատասխանում ընդդիմադիր ՀՀԿ-ն: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմքեր չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին, նա ասել է.


«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մեր երկրում 5 ամիսը մեկ կարող է
քաղաքական իրավիճակ փոխվել, և մենք ստիպված լինենք ամեն անգամ արտահերթ ընտրություններանցկացնել: Կքննարկենք, կտեսնենք: Ամեն ինչի համար պետք է լինի քաղաքական և իրավական հիմնավորում: Ես այս պահին դա չեմ տեսնում»: Թեպետ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, գոտկատեղից ներքև հարվածներ չեն պատրաստվում հասցնել: Շարմազանովն ընդգծեց, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն. «Մենք գործելու ենք բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով»:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն՝ Շարմազանովն ասաց. «Ես այն մարդկանցից չեմ, ով էյֆորիկ ճնշումների տակ փոխում է իր կարծիքը: Բայց կարծիք փոխելը կախված է նաև շատ բաներից: Կտեսնենք, թե ինչ տեսքով կգա Ընտրական օրենսգիրքը, կքննարկենք, մենք պատրաստ ենք»: Պարզ է, որ ՀՀԿ-ն պաշտպանելու է ռեյտինգայինը: Մամուլում արձանագրվեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հորդորել է պահել միասնականությունը ու 2-3 ամիս սպասել, որից հետո «լավ է լինելու»: Ի՞նչն է լավ լինելու ու ինչպե՞ս, ու՞մ համար` հայտնի չէ: Առայժմ Հայաստանում բոլորը խոսում են, բայց գործնականում հասկանալի չէ` ի՞նչն է փոխվում ու փոխվու՞մ է իրոք: Միակ տեսանելին, որ ՀՀԿ-ին գալիս է փոխարինելու «Քաղաքացիական պայմանագիրը»` համարելով, որ հեղափոխությունն ինքն է արել, ինքն էլ պիտի որոշումներ կայացնի ու կատարի: Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հետո եկել է հետհեղափոխական տաղտուկը, որտեղ սերն ու համերաշխությունը անհետանում են ու ի հայտ են գալիս իշխանատենչությունը բոլոր մակարդակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում Հայաստանում երկիշխանություն է` ՀՀԿ-ն պահում է մեծամասնությունը ոչ միայն ԱԺ-ում, ՀՀԿ-ական են համայնքների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը: Ընտրովի մարմիններում` Գլխավոր դատախազություն, ԿԸՀ, ՀՀԿ-ի նշանակած մարդիկ են պաշտոնավարում: Գործադիր իշխանությունը քաղաքական փոքրամասնությանն է, օրենսդիրն ու ՏԻՄ-ը՝ մեծամասնության: Ու դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Փաստ, որ ՀՀԿ-ի օգտին է: Կասկած չկա, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի կառավարության ծրագրին և ոչ մի շանս չի տա ԱԺ-ն լուծարելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու: ՀՀԿ-ն դեմ է ոչ միայն արտահերթ ընտրություններին, այլև` Ընտրական օրենսգրքի փոփոխությանը ու ռեյտինգային ընտրակարգը հանելուն: Եթե ՀՀԿ-ի բախտը բերի այնքան, որ չլինեն արտահերթ ընտրություններ և 2022-ին լուծվի իշխանության հարցը, շանսերը կհավասարվեն: Թեպետ ԱԱԾ-ն բացահայտումներ ու ձերբակալություններ է խոստանում, բայց սկանդալները արագ են հնանում: Իվերջո հարցը լուծելու է տնտեսական վիճակը` կկարողանա՞ նոր կառավարությունը պահել տնտեսությունը և աշխատատեղեր ստեղծել, կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացնել` գոհացնել մարդկանց այստեղ ու հիմա, կհասնի հաջողության: Եթե ոչ, պերմանենտ իշխանափոխությունների վտանգը միշտ կա, երբ երկրում փաստացի երկիշխանություն է:

Դիտվել է՝ 2930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ