ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թրամփը բիզնես-հաջողություն է երազում Սիրիայում, բայց ԱՄՆ-ի ընդդիմախոսները անակնկալներ են պատրաստել

Թրամփը բիզնես-հաջողություն է երազում Սիրիայում, բայց ԱՄՆ-ի ընդդիմախոսները անակնկալներ են պատրաստել
27.04.2018 | 01:29

Դեռ երկար բոլորը կջանան հասկանալ, թե Ամերիկայի ինչին էր պետք Սիրիայի ռմբակոծությունը, և մանավանդ այդ գործում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներգրավումը: Այն, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարօրինակ հոգեկերտվածք ունի, անվիճելի է, իսկ դա նշանակում է, որ նրան, իբրև տարրական առևտրականի, որն ուրիշ ոչինչ չի կարողանում անել, բացի խարդախությունից ու «պայմանավորվելու» առաջարկությունից, նախնական շահաբաժին է պետք: Ընդ որում, ոչ միայն արտքաղաքական, այլև ներքաղաքական ասպարեզում: «Իսկ ինչու՞ հատկապես Սիրիան» հարցը նույնիսկ առաջադրված չէր. իսկ էլ որտե՞ղ պետք է ինչ-որ հարվածներ հասցներ հասիդ հրեայի փեսան, որը սերտորեն կապված է Իսրայելի հետ: Հենց այնտեղ, որտեղ ձախողվել էր որպես պետություններ Սիրիայի ու Իրաքի ոչնչացման իսրայելական ծրագիրը: Եկեք համաձայնենք. եթե հանկարծ այդ երկրների տարածքում հաղթեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը, և ահաբեկիչների հռչակած «խալիֆայությունը» իրողություն դառնար, Սիրիա-Իրաքի արաբների դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիվ գործողություն օրինական կհամարվեր: «Իսրայելը ստիպված է պաշտպանվել»,- այսպիսի մի կարգախոսով Արևմուտքը պաշտպանության տակ կառներ Իսրայելին, և ոչ ոք, անգամ Ռուսաստանն ու Իրանը, հիմքեր չէին ունենա կասկածի տակ առնելու այդ կարգախոսը:


Բանակցող առևտրականի տեսակետից, Սիրիայի պատերազմի ընթացքում Թրամփի դավանած ռազմավարությունն ակնհայտ է: Գրոհի փուլից առաջ ուժային բաղադրիչների մեծացում, որից հետո սկսվում է սակարկության փուլը, որը վերաճում է փոխզիջման փուլի, որի մեջ փաթեթավորված կլինի Ռուսաստանի և Իրանի կապիտուլյացիայի պայմանագիրը: Որպես պարտված կողմին հասցեագրված բարեխոսություն, մի կույտ ամեն տեսակի հաճոյախոսություններ կշռայլեն և կօգնեն պահպանելու դեմքը, բայց դա խնդրի էությունը չի փոխի: Ոչ մի նոր բան, որ անհայտ լիներ կորպորատիվ բանակցողներին, Թրամփը չի կիրառում: Դասական դիրքային սակարկություն բորսայում, որտեղ սկզբում կողմերի դիրքերը բազմակի մեծացվում են, իսկ հետո ձգտում են ամեն կերպ ճզմել նրանց: Խառը, ձեռնածուական-ուժային մոդել է: Ասենք, ոչ միայն բորսայում: Այսինքն, բանակցողի համար հասկանալի է բանակցությունների տեսակը, դրանց հայեցակարգը: Դա սովորական գործելակերպ է չարչի խարդախների համար: Բայց բանակցություններ սկսելու համար պետք է հասկանալ երկու կողմերի նպատակները: ԱՄՆ-ի թիմում կա շահերի թաքնված բախում, որը Ռուսաստանն օգտագործում է. այնտեղ ոչ բոլորն են բաց ընդհարում ուզում սակարկության նախապատրաստության փուլում: Պատերազմը պարտադրում է բանակցությունների իր ռազմավարությունը, իսկ դա ավելի հասարակ ռազմավարություն է, որը հակառակորդի համար, ի դեմս Ռուսաստանի, հեշտ է կանխատեսել ու չեզոքացնել: Բայց Թրամփն ընդամենը շոու բիզնեսի ոլորտի ամերիկացի հաջողակ շահախարդախ է և այն էլ հասիդ հրեայի փեսա: Նա չի հասկանում, որ Իրանը հաստատ Ռուսաստանի ենթակայության տակ չէ: Ավելին, Իրանը պահանջներ է առաջադրում Ռուսաստանին, ինչի լրիվ իրավունքն ունի. չէ՞ որ ժամանակին Իրանը չէ, որ խախտում էր կանխավճարված պայմանավորվածությունները Մոսկվայի հետ: Այդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ժամանակվա Մոսկվան էր, որ վախից փորլուծ ընկավ և իրեն արբիտրաժային տուգանային պատժամիջոցների տակ գցեց, «սառեցնելով» Իրանին C-300 կԾձ-2 «ՂՈՉՏՐՌՑ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումները: Իսկ Իրանի հետ այդպես չի կարելի վարվել. հաղթաթուղթ ստանալով ձեր դեմ, Իրանն անպայման ստացած հաղթաթղթով կճզմի ձեզ: Ինչը և, ըստ էության, մենք տեսնում ենք Ռուսաստան-Իրան հարաբերություններում այն բանից հետո, երբ Մեդվեդևին բարեհաջող կերպով թույլ չտվեցին ղեկավարել երկրորդ ժամկետն անընդմեջ: ՌԴ ներկա նախագահի համար Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հետ ջերմ հարաբերություններ ունենալը, պարզվում է, ավելի կարևոր էր, քան սիրահարված աչքերով նայելը, թե ինչպես է ԱՄՆ-ը շարունակում «կթել» Ռուսաստանին ու նրա քաղաքացիներին:


Սակայն վերադառնանք այն բանին, որ Արևմուտքն առնվազն երրորդ անգամ է պատերազմ հայտարարել փոքրիկ Սիրիային: Եվ այսպես, Սիրիայում գործողությունների ռազմավարության շրջանակներում Վաշինգտոնում բախվել է երկու կողմ. նրանք, ովքեր բանակցությունների լավագույն ռազմավարություն են համարում նախ ընդդիմախոսի «շլինքին հասցնելը», ապա նոր նրա հետ բանակցություններ վարելը, և նրանք, ովքեր կարծում են, որ նախ պետք է բանակցություններ սկսել, հետո նոր «շլինքին հասցնել»: Ինքնըստինքյան, հրթիռային հարվածը իմաստ չունի, եթե դրան ցամաքային հարձակում չհետևի: Բայց քանի որ ԱՄՆ-ը հարձակվել չի ուզում, նա իր սիրիական «պրոքսի»-դաշնակիցներին հրամայել է հարձակման անցնել հրթիռակոծությունից հետո: Դասական սխեմա է՝ ռմբակոծությունից ու հրետանային պատրաստությունից հետո հարձակման են անցնում տանկերն ու հետևակը: Ինչպե՞ս գործել նման դեպքում պաշտպանությունում. օրինակը ցույց է տվել խորհրդային բանակը դեռ Կուրսկի ճակատամարտում: ՈՒժգին հրետակոծության ժամանակ զորքերը պահվում են թաքստոցներում, ապա հակառակորդի հարձակումը դիմավորում են կրակով, նրան պատճառելով վնաս, այնուհետև անցնում են հակահարձակման և ավարտում են ջախջախումը: Նվազագույն նպատակն է պահպանել ԱՄՆ-ի վերջին և հույժ կարևոր ռազմահանգրվանը Սիրիայի արևելքում, այնտեղ, ուր Իրաքի հետ սահմանն է, և այնտեղ, ուր նավթի ամենախոշոր պաշարներն են: Սիրիայի հյուսիսը մասամբ Թուրքիայի ձեռքին է, մասամբ (հյուսիս-արևելքը)՝ ԱՄՆ-ի և ամերիկացիների կողմից կառավարվող տեղացի քրդերի, կենտրոնն ու հարավը՝ Ռուսաստանի ու Իրանի: Կորցնելով Սիրիայի արևելքը, Թրամփը կորցնում է ամբողջ Մերձավոր Արևելքը և կարող է իմփիչմենթ ստանալ: ՈՒստի արևելքի պաշտպանությունը պահանջում է ակտիվ փուլ և այլընտրանք չունի: Բայց քանի որ ԱՄՆ-ը հարձակումը մշտապես գործադրում է որպես պաշտպանություն (լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքով), ապա առավելագույն նպատակը ռազմահենակետի ընդլայնումն է և անցումը հարձակման կոալիցիոն ուժերով ու դաշնակիցների միջոցներով:


Թրամփն այլ ելք չունի և անպայման կգրոհի, «երբ» հարցի պատասխանն էլ ակնհայտ է. երբ հետախուզությունը կճշտի Սիրիայի բանակի կառավարման մարմինների գտնվելու վայրը: Դրանք հիմա թաքնված են անհայտ տեղում, գլխավոր ուժերը տարաբաշխված են, և հարվածն առանց դրանց ջախջախման անիմաստ կլինի: Իրոք, հո չե՞ս բռնի ու խփի իբր «քլորի արտադրության գործարաններին»: Թեև աշխարհն արդեն տեղյակ է, որ Արևմուտքն իրոք խփել է քաղցկեղի դեմ պայքարի դեղորայքի մշակման ու արտադրության հետազոտական կենտրոնին: Ամերիկան զբաղված է Ռուսաստանի և Իրանի հետախուզությունների նպատակների ուսումնասիրմամբ և դիմադրության հաղթահարմամբ: Ես չեմ բացառում, որ Չինաստանի հետախուզությունն էլ է ամերիկացիների տեսադաշտում, որովհետև դեռ 2017-ին լրատվամիջոցները հաղորդում էին, որ չինական հատուկ ծառայություններն էլ են Սիրիայում զբաղված տարատեսակ գործողություններով: Բանն այն է, որ ԻՊ-ի շարքերում եղել են առնվազն 2-3 հազար ույղուր սուննիներ ՉԺՀ-ից: Թուրքը մնում է թուրք, անգամ եթե դա «չինացի թուրք»- ույղուր է: Դա սպառնալիք է, իհարկե, նորմալ մարդկանց ու երկրների համար է սպառնալիք: Իսկ ես Չինաստանը համարում եմ միանգամայն նորմալ պետություն, որը Ռուսաստանի ու Իրանի նման նախընտրում է պաշտպանական գործողություններ սկսել իր տարածքից հեռու և չսպասել, որ ամերիկացի «պրոքսի»-մարտիկները, ի դեմս ույղուր ահաբեկիչների, պատերազմ սանձազերծեն ՉԺՀ-ի ներսում:


Բանակցությունների գծով որոշ փորձագետներ սիրում են օգտագործել շախմատային մեթոդաբանությունը բանակցային բարդ իրավիճակների վերլուծության համար: Աշխարհաքաղաքական հակամարտությունների առնչությամբ այդ մեթոդը կիրառվում է շատ արդյունավետ: Իսկ մենք Երևանում մեր «շախմատիստն» ունենք: Նրա շրջապատում որոշ անձինք, ասում են, նույնպես իրենց «արդիականության մեծ շախմատիստներ» են երևակայում: Եվ այսպես՝ սկզբնախաղ և խաղաքարերի տեղադրում: ԱՄՆ-ը շտապ նետվեց փոխելու ուժերի հարաբերակցությունը Սիրիայում, որը ոչ իր օգտին էր դասավորվել Ռուսաստանի և Իրանի ջանքերով: Թուրքիան հաշիվ չէ, աջակցելով Արևմուտքի ագրեսիային, Անկարան դեն նետեց դիմակը:


Տիպիկ նատօ-ական խամաճիկ երկիր: Թուրքիան Սիրիայում խափանման գործոն է Ռուսաստանի ու Իրանի համար և ոչ թե դաշնակից: Դա էլ հենց ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է բանակցություններին նախորդող փուլում: Շախմատային լեզվով ասած, գործ ունենք խաղաքարերի զարգացման հետ՝ մինչ հակառակորդի խաղաքարերը կդիպչեն դրանց: Պատերազմը, ինչպես և բանակցությունները, ընդդիմախոսի հետ երկխոսության տարատեսակ է: Մեր պարագայում, պատերազմի, որպես կառավարվող սոցիալական հաղորդակցության ձևի համար սկզբնախաղը թիմի ստեղծումն ու հակառակորդի «փորձարկումն» է: Կատարվում են նավատորմի համախմբում, դաշնակիցների հավաքագրում, հետախուզություն, պլանների ճշգրտում, ուժերի ու հարձակման միջոցների գործակցության մշակում: Ստեղծվում են պահեստազորեր, գրավվում ելման դիրքեր: Շախմատում սկզբնախաղը բաղկացած է մի քանի քայլից, մինչև ուժերը հանդիպում են խաղատախտակի կենտրոնում և իրենց հսկողության տակ առնում այն: Այստեղ սկզբնախաղն ավարտվում է, և գալիս է միջնախաղը:


Այն նաև կարելի է կոչել գրոհի, սակարկության ու փոխզիջման փուլ: Միջնախաղը պատերազմում միայն մարտական գործողություններ չեն: Դա նաև նախնական պահանջների առաջադրում է, քանի որ պատերազմը քաղաքականության մի մասն է միայն: Պատերազմի նպատակը հակառակորդին քեզ անհրաժեշտ համաձայնություն պարտադրելն է, ուստի քարոզչական ճակատը կռվում է համազորայինից ոչ պակաս կատաղի: Գրոհի փուլում հակառակորդին պայմաններ են առաջադրվում: Երկու կողմերն էլ գին են նշում, և հասկանալի է, որ դիմացինը համաձայն չէ: Դիմացի կողմը 3 կամ 5 անգամ էժան է ուզում: Գործադրվում է ծուղակների, շեղող մանևրների զինանոցը, որոնց նպատակն է երկրորդական կարգի պահանջները ներկայացնել իբրև առաջնակարգ ու հետո սեփական զիջումը փոխանակել իրավամբ ծանրակշիռ որևէ բանի հետ: Բայց եթե բանակցություններում սկսում է պարզվել իսկական գինը, ապա պատերազմում գինը հասկանալի է: Դա պարտությունն է՝ լիակատար կամ մասնակի: Քաղաքական դիրքի թուլացումը: ՈՒստի գինը պարզելու փոխարեն, սկսվում է ռազմական գործողությունների իրականացումը՝ ուժերի հարաբերակցությունը փոխելու համար: Դա էլ հենց իսկական գնի պարզումն է: Հաղթողը հայտարարում է գինը, իսկ պարտվողն ընդունում է այն: Սիրիայում տիրող իրավիճակը հիմա քարացած է հենց այդ փուլում: Բայց ի՞նչ է լինելու հետայդու:


Լինելու է այն, որ խաղաքարերը պետք է բախվեն: Դա սակարկության փուլն է: Մի կողմը գինը բարձրացնում է, մյուս կողմը՝ իջեցնում: Մեջտեղ են բերվում հիմնավորման փաստարկներ: Եթե բանակցություններում դրանք թվեր են, ապա պատերազմում մարտական գործողությունների արդյունքներն են: Մենք դա կտեսնենք մոտ ժամանակներս. սակայն կոնկրետ ժամկետներ նշելը սխալ կլինի: Հենց միջնախաղի փուլում են տեղի ունենում բոլոր մանևրները, փոխանակումները, նյութական կորուստներն ու շահումները:

«Հաղթաթղթերն» այստեղ օգտագործում են ծայրաստիճան զգուշորեն՝ դրանք պահպանելով ավելի ուշ ժամանակի համար: Կիրառվում են ծուղակներ, հնարքներ ու խորամանկություններ: Բլեֆներ են արվում, և «բանակցությունների սեղանի» սահմաններից դուրս լարվում են բոլոր կապերը, նույնիսկ եթե նման սեղան համարվի մարտական գործողությունների թատերաբեմը: Մեր դեպքում միջնախաղը մարտական գործողությունների փուլ է, և միայն կողմերի պաշարների սպառման պարագայում է, որ մոտենում է փոխզիջման փուլը: Ասենք, ամբողջ աշխարհը գիտե, որ դեռ մինչև ապրիլի 14-ը Միջերկրական ծով էին սլանում Ռուսաստանի և Չինաստանի ռազմանավերը, և իբր որոշում կար, որ անհրաժեշտության դեպքում չինական նավերը, որոնք մոտեցել էին Սիրիայի ափերին ռուս-չինական համատեղ ծովային զորավարժություններին մասնակցելու համար, կգործեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի միջերկրածովային խմբավորման հրամանատարության ներքո: Իրանում ասում էին, որ պատրաստ են վերստին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին տրամադրելու Համադանի օդանավակայանն ու Իրանի տարածքի մի շարք այլ հարմար վայրեր: Իրաքը հայտարարում էր, որ պատրաստ է բազմապատկելու Սիրիայում գործող իր քաղաքացի աշխարհազորայինների քանակը: ՈՒզում եմ, որ Հայաստանի քաղաքացիները մի քիչ պատկերացնեն, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ավազակային հարձակումը, եթե, ինչպես նախազգուշացրել էր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը, Ռուսաստանի թեկուզ մեկ քաղաքացի տուժեր: Չէ՞ որ հիմա ասում են, թե Թրամփի առջև դրված է եղել Սիրիային հարվածելու երեք տարբերակ, իսկ նա, իբր, հակված է եղել հենց Սիրիայում ռուսական որևէ բազայի խփելու տարբերակին: Բայց, իբր, գեներալները, որոնք երբեք չեն դադարեցնում անմիջական կապը ռուս զինվորականների հետ, կարողացել են համոզել խարդախ առևտրական «բանակցողին»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ