Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ժողովրդավարությունները դարձել են ճակատամարտի վայր, որտեղ բոլորն օգտագործում են բոլոր միջոցները, որ վար իջեցնեն վերևում գտնվողին

Ժողովրդավարությունները դարձել են ճակատամարտի վայր, որտեղ բոլորն օգտագործում են բոլոր միջոցները, որ վար իջեցնեն վերևում գտնվողին
26.03.2018 | 21:21

Նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինի համար վերածվեցին վստահության հանրաքվեի, նա ընտրվեց 76 % ձայներով: Նրա համար թունավորումների, տրոլների ու դոպինգների բոլոր պատմությունները հիմարություններ են: Նա ասում է, որ թքած ունի այդ ամենի վրա ու ժպտում է իր տագնապ սփռող ժպիտով: Նրա նախորդ Բորիս Ելցինը` հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահը, պատմություն մտավ իբրև կոռումպացված հարբեցող: Պուտինը 18 տարում դարձավ «Մեծ Ռուսաստանի» մունետիկը: «Մենք ձեզ հետ հաղթող ժողովուրդ ենք: Դա մեր գեների մեջ է»` ասում էր նա 2012-ի փետրվարին: Նա սիրում է ի ցույց դնել իր ֆիզիկական ուժը` միայն տաբատով սուրում է նժույգով, լողում է սառցաջրում, Սև ծովի հատակից սափոր է հանում, Սիբիրում ճախրում է կռունկների երամի հետ: Սպորտին ու սեփական մարմնին այդ հետաքրքրությունը պիոներական մանկությունից է գալիս: Նրա մեջ մինչև այսօր ապրում են «նոր մարդու» հետքերը: Պետդումայում 2005-ի ապրիլին Պուտինը պաշտոնապես հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն» էր ու ողբերգություն ժողովրդի համար: Հին ժողովրդավարությունները, նաև մոսկովյան ու պիտերյան էլիտան միայն ծիծաղեցին: Ի՞նչ անճաշակություն: Նա ի՞նչ է` չի՞ հասկացել, որ «պատմության ավարտն» է եկել` ինչպես հայտարարեց ժողովրդավարության ու ազատականության հաղթանակին վստահ Ֆրենսիս Ֆուկույաման: Պարտվածները հեռանում են:

Կարմիր կայսրության փլուզումից հետո ռուսական ՀՆԱ-ն 1991-1996-ին երկու անգամ կրճատվեց, իսկ 1998-ի ֆինանսական ճգնաժամը երկիրը հատակ գլորեց: Քանի դեռ օլիգարխների առաջին սերունդը, օգտվելով ավերից` երկրից կողոպտում էր արդյունաբերական հզորությունը (հաճախ` արտասահմանյան աջակցությամբ) նրանց գնի 1/10-րդ մասով, այգիներում թափառում էին ցնցոտիներով երիտասարդներ: Տների պատշգամբներում կարտոֆիլ էին աճեցնում, «ուղեղների» զանգվածային արտահոսք էր, իսկ հարուստները զվարճանում էին երկարոտն գեղեցկուհինների հետ մաֆիայի գիշերային ակումբներում, որոնցից ամենահայտնին այն ժամանակ կոչվում էր «Տիտանիկ»: Խորհրդանշական էր: Երբ Պուտինը եկավ իշխանության 1999-ին իբրև վարչապետ, իրավիճակը համարյա չփոխվեց: 2000-ին նա դարձավ նախագահ: Ի՞նչ կարող էր նա շտկել իր նախորդի համեմատ: Նավթի մեկ բարելն արժեր 20 դոլար և հույս չկար վերելքի վրա: 50 դոլարի բարելի գինը հասավ միայն 2005-ին: Այդ թռիչքը, որ բարձրացրեց ռուսաստանցիների կենսամակարդակը, ընդամենը մի քանի տարի տևեց: Եվ դա բավական չէ` բացատրելու Պուտինի վարկանիշը, որ ոչ մի անգամ 50 %-ից չի իջել: Բացգույն նոսր մազեր, միանգամայն սովորական դեմք, փնթփնթան չինովնիկի սեղմված շուրթեր` իսկական կոլխոզնիկի խարիզմա: Հենց դա սկզբում գրավեց Ռուսաստանի ծայրամասերը, իսկ հետո նաև ամբողջ հասարակությունը: Պուտինը սովորական, ոչ թե նոմենկլատուրային ընտանիքից է: Նա կարող էր լինել արտադրամասի կամ գրասենյակի ձեր գործընկերը: Նա ծաղրածու չէ, չի ծխում, չի խմում, ապրում է երկու դուստրերի մոր հետ (կնոջից անաղմուկ բաժանվեց 2013-ին): Ինչպես դուք` տանել չի կարողանում «նոր ռուսներին», որ արտասահմանյան մեքենաներով սավառնում են փողոցներում: Ինչպես դուք` ափսոսում է, որ երիտասարդները պելմենիի փոխարեն նախընտրում են Բիգ մակը: Ինչպես դուք` տխրում է, որ Ռուսաստանը այդպիսի անկում է ապրել: Նա կարդացել է եվրասիականության ջատագով Գումիլյովին և հավատում է ռուս ժողովրդի ներքին ուժին:

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի դասախոս Ֆյոդոր Լուկյանովի խոսքով` «2004-ից Պուտինը սկսեց խաղալ ռևանշի ձգտումների հետ, իսկ Ռուսաստանը խուճապային վախ ունի թուլությունից»: Նախկին հզորության նոստալգիան նրա ուղերձն է, զենքը: Կրեմլ մտնելով նա վերականգնեց սովետական հիմնը (թեկուզ առանց բառերի): Չեչնիայի երկրորդ պատերազմի սկզբին 1999-ի սեպտեմբերին խոստացավ ահաբեկիչներին «զուգարանում սպանել»: Այդ կոշտ ու գռեհիկ խոսքերը հասարակության ճաշակով էին, ասես, մաքրում էին արատավորված պատիվը: Իրավապաշտպանները կարող են ինչքան ցանկանում են տրտնջալ, բայց Պուտինը, ինչպես պարզվեց, կանխատեսում էր ջիհադական սպառնալիքը: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները հաստատեցին նրա ճիշտ լինելը: Նա սկսեց ազդեցություն ձեռք բերել միջազգային ասպարեզում: Երկրի ներսում Պուտինը սկսեց ուժայիններին աջակցությունից (նա ինքը նրանց ղեկավարն էր 1998-ին) և «մաքրություն» սկսեց միլիարդատերերի շրջանում` ակտիվորեն օգտագործելով կոռուպցիայի մեղադրանքները:

Բորիս Բերեզովսկին, որ նրան դարձրեց Ելցինի իրավահաջորդը, զրկվեց իր կարողությունից և 2001-ին փախավ Լոնդոն, իսկ 2013-ին նրան կախված գտան: Ինքնասպանությու՞ն: 2003-ին հասավ Միխայիլ Խոդորկովսկու հերթը` Ռուսաստանի ամենահարուստ մարդու: Հետխորհրդային քաոսի մեջ նա 300 միլիոն դոլարով գնել էր հին նավթային ընկերությունը, որ պատրաստվում էր 40 միլիարդով վաճառել: Նրան 14 տարով ազատազրկեցին (ազատություն ստացավ 2013-ին): ՄԻԵԴ-ը շոկի մեջ էր, ռուսները հանգիստ էին: Դիմե՞լ է Պուտինը լիֆտինգի օգնության: Նրա հարթ սափրած այտերը ասես մետաքսով են պատված: Նրա անհողդողդ դեմքին փայլում են պողպատե աչքերը: Նա գտել է իր դերը, չարագործի դերը: Սառը ու հաշվենկատ: Անթափանց: ժամանակն է լուրջ գործերով զբաղվելու` պատերազմելու:

Սահմաններից հեռու: Նրա նպատակն է անվտանգ դարձնել խորհրդային ազդեցության գոտին: Բարձր խաղադրույք է: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում 2007-ի փետրվարին նա ՆԱՏՕ-ին հայտարարեց, որ չի հաշտվի Լեհաստանում ու Չեխիայում ԱՄՆ հակահրթիռային համակարգերի տեղակայման հետ: Նույն տարվա գարնանը ռուսական բանակն իր մարտագլխիկները ուղղեց Եվրոպայի դեմ: Սկսեցին խոսել սառը պատերազմի վերադարձի մասին: 2008-ի օգոստոսին Մոսկվան օգնության գնաց վրացական նահանգների ռուսալեզու բնակչությանը, որ հայտնվել էր Թբիլիսիի արևմտամետ իշխանության հարվածի տակ: Քիչ զոհեր չեղան: Արևմուտքը փնթփնթաց, բայց ոչինչ չձեռնարկեց: 10 տարի անց մոսկովյան սեղաններին չկան վրացական գինիներ, որ այնքան լավ էին խմվում խորովածի հետ: Իրենց անկախ հայտարարած Աբխազիայում ու Հարավային Օսիայում արդեն շրջանառվում է ոչ թե լարին, այլ` ռուբլին: Հետագա իրադարձությունները լավ հայտնի են` ներխուժում ուկրաինական Ղրիմ ու միացում ՌԴ-ին: Ոչ այնքան թաքցրած աջակցություն Դոնբասի անջատականներին: 2015-ի սեպտեմբերին ռուսական Սու-երը հայտնվեցին Մերձավոր Արևելքի երկնքում: Մոսկվան սկսեց միջամտել Սիրիայի գործերին իբրև Բաշար Ասադի դաշնակից: ՌԴ ռազմական բյուջեն 10 անգամ քիչ է ԱՄՆ-ից, իսկ ՀՆԱ-ն զիջում է Իտալիային: Երրորդ Հռոմը մի քանի օրում նորից դարձավ առանցքային խաղացող միջազգային մակարդակով:


Աբու Դաբիի համաժողովում մարտի 3-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դիֆիրամբներ էր հղում Վլադիմիր Պուտինին: «Նա կանխատեսելի մարդ է, ում հետ կարելի է խոսել և ով հարգում է ուժը»: «Ո՞րն է ժողովրդավարությունների պրոբլեմը: Ժողովրդավարությունները խարխլում են առաջնորդությունը: Ժողովրդավարությունները դարձել են ճակատամարտի վայր, որտեղ բոլորն օգտագործում են բոլոր միջոցները` ներառյալ սոցիալական ցանցերը, որ վար իջեցնեն վերևում գտնվողին: Որտեղի՞ց երկարաժամկետ ծրագիր լինի երկրի ապագայի համար: Հենց այդ պատճառով այսօր համաշխարհային մեծ առաջնորդները հայտնվում են երկրներում, որոնք մեծ ժողովրդավարությունների թվում չեն»` ասում էր Սարկոզին: «Մոնդը» նրա ելույթի մասին գրեց. «Աբու Դաբիում Սարկոզին դիֆիրամբներ է ձոնում ուժեղ առաջնորդներին»: Նրանց բոլորին միավորում է, նվազագույնը, անվստահությունը Արևմուտքին ու նրա արժեքներին: 2017-ին սինգապուրցի քաղաքագետ Կիշոր Մահբուբանին «Նյու Յորք թայմսի» համար ցուցակ կազմեց` «Սինձո Աբեն Ճապոնիայում, Ռոդրիգո Դուարտեն Ֆիլիպիններում, Ռեջեփ Էրդողանը` Թուրքիայում, Նարենդրա Մոդին` Հնդկաստանում, և Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում: Նրանց կարելի է հավելել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին, որ կարողացավ իշխանության գագաթին հասնել կոմկուսի 80 միլիոն անդամների ուժեղագույն մրցակցության մթնոլորտում»:

Սի Ցզինպինը կարող է վերընտրվել ու փակում է Արևմուտքի քայքայիչ ներգործության ցանցը: Էրդողանն իրեն պատկերացնում է օսմանյան սուլթանների ժառանգորդ: Մոդին ինքն իրեն Շիվա է թվում, Պուտինը` Իվան Ահեղ: Աբեն երկիրը մղում է Սահմանադրության 9-րդ հոդվածը հանելուն, որ Ճապոնիային թույլ չի տալիս իսկական բանակ ունենալ: Թմրամոլներ սպանող Դուտերտեն թքած ունի իրեն հովանավորող ամերիկացիների վրա: Մահբուբանիի կարծիքով` այս ուժեղ առաջնորդներն անցել են ստորացումների միջով, որ դարձել է նրանց խուլ ու սարսափազդու չարացածության պատճառ: Չինաստանը չի մոռացել մեծ տերությունների հետ անարդար համաձայնագրերը 19-րդ դարում: Մոդին չի ներում բրիտանական տիրապետությունը, որի պատճառով հնդիկները մինչև այսօր անգլերեն են խոսում: Աթաթուրքի իշխանության գալուց ու Թուրքիայում աշխարհիկ իշխանության հաստատումից հետո Անկարան խաղարկում է եվրոպական խաղաքարտը: Իսկ Եվրոպան նրան «ոչ» է ասում 1987-ից: Աբեն չի հաշտվում, որ իր պապը 3 տարի բանտում է անցկացրել «խաղաղության դեմ հանցագործությունների համար»: Պուտինին խեղդում է չարությունը, երբ նրան հիշեցնում են ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերի մասին: Հելսինկիում «ազատ աշխարհը» խոստացավ ԽՍՀՄ-ի ծայրամասերը չխցկվել, բայց խոստումը չի պահում:
Պիեռ ԴԵԼԱՆՈՒԱ, Paris Match


Հ.Գ. Փաստորեն աշխարհը վերաֆորմատավորվում է` իր նախորդ համաձայնագրերն ու պայմանավորվածությունները վերանայելու միջոցով: Տեղ-տեղ դա դառնում է պատերազմ, իշխանափոխություն ընտրություններով ու հեղաշրջումներով, ֆինանսական ու տնտեսական կայսրությունների փլուզում, իսկ երկրների ղեկավարները այդ կառավարելի քաոսից փորձում են առավելագույնը պոկել երկրի ու իրենց համար: Ոմանք կարողանում են, ոմանք` ոչ: Եվ գործի են դրվում համաշխարհային սկանդալները` դոպինգներ, տրոլներ, թունավորումներ, օֆշորներ, կոռուպցիա, սեռական ոտնձգություններ, ամեն ինչ` բոլորի դեմ: Ֆրենսիս Ֆուկույաման, որ հետո հրաժարվեց «պատմության ավարտի» իր տեսությունից, իրականում ճիշտ էր` Հին աշխարհի պատմությունն ավարտվել է, Նոր աշխարհինը` չի սկսվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ